Կալանք է դրվել ադրբեջանցի լրագրող Խադիջա Իսմայիլի բանկային հաշվի վրա
Կիսվել
Կիսվել
Լրագրող Խադիջա Իսմայիլը չի կարողանում ստանալ Ադրբեջանի կառավարությունից իրեն հասանելիք փոխհատուցումը, քանի որ հարկերի նախարարությունը կալանք է դրել նրա բանկային հաշվի վրա։ Լրագրողի փաստաբանն ասում է, որ Եվրոպական դատարանի նշանակած փոխհատուցման ստացման բոլոր խոչընդոտներն ապօրինի են։ Հարկերի նախարարությունն ու Կենտրոնական բանկը մեկնաբանություններ չեն անում, գրում է Բի-Բի-Սին։
Ո՞վ է Խադիջա Իսմայիլը
Խադիջա Իսմայիլն ադրբեջանցի լրագրող է, որը հայտնի է իր աղմկահարույց հետաքննություններով և իշխանությունների հասցեին հնչեցվող քննադատությամբ։
2015թ-ին նրան դատապարտեցին 7.5 տարվա ազատազրկման հարկերից խուսափելու, հափշտակման, ապօրինի ձեռնարկատիրության և ծառայողական դիրքը չարաշահելու համար։ 2016թ-ին ազատազրկումը փոխարինեցին պայմանական պատժով։
Մինչ Խադիջա Իսմայիլը բանտում էր, միջազգային կազմակերպությունները պահանջում էին նրան ազատ արձակել՝ համարելով, որ նրա կալանքը քաղաքական ենթատեքստ ունի։
Դեռևս 2013թ-ի հունվարին Խադիջա Իսմայիլը ձերբակալվել էր բողոքի ակցիաներից մեկի ժամանակ և տուգանվել։ Նա հրաժարվել էր վճարել, այդ ժամանակ նրան դատապարտել էին հանրային աշխատանքների։ 2017 թ-ի ապրիլին Եվրոպական դատարանը դա ճանաչել էր որպես խախտում և Ադրբեջանի կառավարությանը պարտավորեցրել Իսմայիլին 6 հազար եվրո վճարել որպես փոխհատուցում և 2 հազար եվրո՝ դատական ծախսերի համար։
Ինչո՞ւ է կալանք դրվել հաշվի վրա
Խադիջա Իսմայիլի փաստաբան Ֆարիզ Նամազլին կարծում է, որ հաշվի վրա կալանք կարող էր դրվել հարկերի վճարումից խուսափելու մեղադրանքով։ Սակայն նույնիսկ դա չպետք է խոչընդոտ դառնա փոխհատուցման վճարման համար։
Նամազլին մտադիր է դիմել Եվրախորհրդի նախարարների կոմիտե։
Խադիջա Իսմայիլի խոսքով՝ հաշվի վրա կալանք է դրվել դեկտեմբերի 4-ին, իսկ դեկտեմբերի 11-ին այդ նույն հաշվին փոխանցվել է փոխհատուցման գումարը (մոտ 7 հազար դոլար)։
«Ստացվում է, որ ազգային բանկը, խախտելով գաղտնիությունն, իմ հաշվի մասին տեղեկություններ է տրամադրել հարկերի նախարարությա՞նը։ Թե՞ դրա հեղինակը նախագահի աշխատակազմն է», — ասում է լրագրողը։