Ո՞վ և ինչպե՞ս է նրանց հաշվում " />

Ադրբեջանի քաղբանտարկյալների ցուցակների պատմությունը

Ո՞վ և ինչպե՞ս է նրանց հաշվում

Քաղբանտարկյալներն ամենաարդիական և «ցավոտ» թեման են Ադրբեջանում: Եվ միջազգային իրավապաշտպան կազմակերպություններին, և տեղի ակտիվիստներին, և քաղաքացիական հասարակությանը միշտ հետաքրքրել է, թե քանի մարդ կա այդ ցուցացում: Սակայն ո՞վ և ինչպե՞ս է կազմում այդ ցուցակները:

«Քաղբանտարկյալ» հասկացության սահմանումը՝ ԵԽԽՎ բանաձի համաձայն

+

Մարդը քաղբանտարկյալ է համարվում, եթե.

• ձերբակալությունը տեղի է ունեցել ուղղակիորեն Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայում և դրան կից արձանագրություններում ամրագրված հիմնական երաշխիքներից մեկի խախտմամբ;

• եթե կալանքի տակ մնալու որոշումը կայացվել է զուտ քաղաքական պատճառներով առանց ցանկացած քրեական հանցագործության հետ կապի;

• եթե քաղաքական դրդապատճառներով կալանքի տակ մնալու տևողությունը կամ դրա պայմաններն ակնհայտորեն համաչափ չեն հանցագործությանը;

• եթե մարդը քաղաքական շարժառիթներով ձերբակալվել է այլ անձանց համեմատ խտրական հիմքերով;

• եթե ձերբակալությունը որոշակի գործընթացների արդյունք է, որոնք ակնհայտ անարդար են եղել, և դա, հնարավոր է, կապված է իշխանությունների քաղաքական շարժառիթների հետ:

Տեղի իրավապաշտպանների նախապատրաստած վերջին ցուցակում 119 անուն կա: Լրագրողներ են, երիտասարդական ակտիվիստներ, քաղաքական գործիչներ և ամենաշատը (86 մարդ)՝ կրոնական ակտիվիստներ: Եվս մեկ իրավապաշտպան կա:

Թվում է, թե այդ թեման Ադրբեջանին հետապնդում է նրա նորագույն պատմության ողջ ընթացքում՝ շահարկումներ և ենթադրություններ ծնելով: Ինչ-որ մեկն ասում է, որ այժմ ավելի հաճախ են նստեցնում, մյուսները՝ որ ընդհակառակը: Այդ իրավիճակը հստակեցնելու համար զանգահարում եմ մի քանի ծանոթ իրավապաշտպանների:

Նրանցից մեկը Ռասուլ Ջաֆարովն է, երիտասարդ իրավաբան, որն արդեն հասցրել է քաղբանտարկյալ լինել: Նա ասում է, որ եթե ինձ այս թեման հետաքրքրում է հենց ամենասկզբից, ապա նա չի կարող օգնել, քանի որ 1991թ-ին ցածր դասարաններում է սովորել: Խորհուրդ է տալիս կապվել իր գործընկեր Անար Մամեդլիի հետ: Մամեդլին ավելի մեծ է և իրավապաշտպանների շարժմանը միացել է 2000-ականներին: Եվ, այո, նրան նույնպես վերջերս են ազատ արձակել:

«Ակունքներում 3 հոգի էին՝ Լեյլա Յունուսը, Արզու Աբդուլաևան ու Էլդար Զեյնալովը», – ասում է նա:

Ովքե՞ր են այդ մարդիկ

+

Արզու Աբդուլաևան Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Ադրբեջանի կոմիտեի ղեկավարն է: Ղարաբաղյան պատերազմի ժամանակ զբաղվում էր ռազմագերիների և քաղաքացիական պատանդների իրավունքներով: Այնուհետև՝ փախստականների իրավունքներով: Ադրբեջանի ժողովրդական ճակատի կուսակցության անդամ է եղել և քաղբանտարկյալների՝ քաղաքական գործիչների, լրագրողների, զինվորականների ցուցակներ է կազմել:

Լեյլա Յունուսը «Խաղաղության և ժողովրդավարության ինստիտուտի» տնօրենն է: 1989թ-ին Ադրբեջանի ժողովրդական ճակատ կուսակցության հիմնադիրներից էր: Այնուհետև զբաղվել է իրավապաշտպան գործունեությամբ, պաշտպանել է քաղբանտարկյալների և կանանց իրավունքները: 2014թ-ին ամուսնու՝ Արիֆ Յունուսի հետ միասին կալանավորվել է Հայաստանի օգտին լրտեսություն անելու մեղադրանքով: 8,5 տարվա ազատազրկման է դատապարտվել, ամուսինը՝ 7 տարվա: 2015թ-ի դեկտեմբերին ծանր առողջական վիճակի պատճառով դատարանը պատիժը փոխարինել է պայմանականով: 2016թ-ին Յունուսներին թույլ են տվել Նիդերլանդներ մեկնել բուժվելու:

Էլդար Զեյնալովն Ադրբեջանի իրավապաշտպան կենտրոնի տնօրենն է: Մասնագիտանում է բանտարկյալների իրավունքների պաշտպանության վրա: 90-ականների սկզբից բանտերի վիճակի և պահպանման պայմանների մոնիթորինգով է զբաղվում:

Арзу Абдуллаева

Արզու Աբդուլաևա

Ինչպես էր ամեն ինչ սկսվում

Էլդար Զեյնալովի գրասենյակը մեծ ու դատարկ է: Ժամանակին այստեղ ասեղ գցելու տեղ չկար և աղմկոտ էր, ակտիվ աշխատում էին: Այժմ պատերի մոտ փոշոտ թղթապանակներով և հին թերթերով լի պահարաններ են տեղադրված: Վերջին տարիներին շատ բան է փոխվել (օրինակ, ավելի դժվար է դարձել գրանտներ շահելը), աշխատելն է դժվար, գրեթե անհնարին: Այլ բան էր նախկինում, այն դժվար 90-ականներին, որոնց մասին պատրաստակամությամբ հիշում է իրավապաշտպանը:

Զեյնալովը բացում է գրառումներով, նամակներով, լուսանկարներով ու հին թերթերով լի թղթապանակները: Դրանցից մեկում կարծես թույլ ֆլոմաստերով գրված նամակ կա: Դա ֆլոմաստեր չէ, բանտարկյալն արյամբ է գրել:

«Քաղբանտարկյա՞լ է», – հարցնում եմ: «Ոչ, պարզապես բանտարկյալ, հին պատմություն է 90-ականներից, վատ վերաբերմունքի վերաբերյալ բողոք»:

Эльдар Зейналов

Էլդար Զեյնալով

Առաջին հետխորհրդային տարիներին նրանք, ում կարելի է քաղբանտարկյալ անվանել, քիչ էին: Նրանք հայտնվեցին 1992թ-ին. դա նախկին նախագահ Մութալիբովի մի քանի կողմնակիցներն են, նրա նախագահության ժամանակ Պետանվտանգության կոմիտեն գլխավորող Վահիդ Հուսեյնովն ու Պետանվտանգության կոմիտեի բաժիններից մեկի պետ Սադիհ Ալիևը:

Բռնաճնշումների հաջորդ և ամենամեծ ալիքը քաղաքական ընդդիմադիրների հանդեպ սկսվեց 1993թ-ին, երբ իշխանության վերադարձավ Հեյդար Ալիևը: Բանտ էին ընկնում այն ժամանակ իշխանությունում եղած մարդիկ, երբ իշխող կոււսակցությունը Ժողովրդական ճակատն էր (համենայն դեպս, նրանցից ոմանք): Նրանց թվում են պաշտպանության նախկին նախարար Ռահիմ Գազիևը, որին մեղադրեցին ղարաբաղյան հակամարտության ժամանակ Շուշի քաղաքը հայերին հանձնելու համար:
Սակայն այն ժամանակ (1993թ-ին) քաղբանտարկյալներն այնքան շատ չէին ցուցակներ կազմելու համար: Բացի այդ, իրավապաշտպան շարժումն ինքնին նոր էր ծնվում:

Էլդար Զեյնալով.

«Այն տարիներին թերևս կազմավորվեց ադրբեջանական իրավապաշտպան շարժման ժամանակակից ավանդույթը, որի գլխավոր առանձնահատկությունը հենց քաղաքական զոհերին պաշտպանելու հակումն է: Հասարակ մարդկանց խնդիրները, գենդերային հարցը, հոմոֆոբիան և այլ երևույթները երկար ժամանակ կադրից դուրս էին մնում: Եվ դա զարմանալի չէ, քանի որ իրավապաշտպաններն այն ժամանակ առաջինն անդամագրվեցին Ժողովրդական ճակատ կուսակցությանը: Այսինքն՝ իրավապաշտպան շարժումը հայտնվեց որպես ընդդիմության ինքնապաշտպանության միջոց»:

Իրավապաշտպան և նախկին քաղբանտարկյալ Անար Մամեդլի.

«Քաղբանտարկյալների առաջին ցուցակները հայտնվեցին 90-ականների երկրորդ կեսին, երբ խոսքը գնաց Ադրբեջանի ԵԽԽՎ անդամակցության մասին: Դրանցում տարբեր ժամանակներում 50-70 մարդ էր ներառված: Ցուցակներ էին կազմում ինչպես քաղաքական շարժումներն, այնպես էլ իրավապաշտպանները: Չնայած որ այդ ցուցակները գոյություն ունեն արդեն 15 տարուց ավել, ոչ այն ժամանակ, ոչ այժմ կառավարությունը չէր խոստովանում, որ երկրում ընդհանրապես այդպիսի դատապարտյալներ կան».

IMG_1454

Այսպիսով, ցուցակները հայտնվեցին 1995թ-ին և կազմվել են Ժողովրդական ճակատ կուսակցության անդամների կողմից, որոնց համախոհները բանտում էին: Այդ ցուցակներում 50-ից ավել մարդ կար, և դրանք հիմնականում այդ կուսակցության կողմնակիցներն ու անկուսակցական ընդդիմադիրներն էին:

Սակայն իրականում քաղբանտարկյալներն այն ժամանակ արդեն (Էլդար Զեյնալովի խոսքով) զգալիորեն ավելի շատ էին, եթե հաշվի առնենք զինված խռովությունների մասնակցիներին: Օրինակ, Ալիքրամ Գումբաթովն ու ևս 20 հոգի, որոնք Ադրբեջանի հարավում փորձում էին Թալիշ-Մուղանյան Ինքնավար Հանրապետություն ստեղծել:

Այնուհետև 1994թ-ին բանտում հայտնվեց վարչապետ Սուրեթ Հուսեյնովն ու նրա 250 համախոհները, որոնք պետական հեղաշրջման փորձ էին արել: Իսկ 1995թ-ին հատուկ նշանակության խումբը ներքին գործերի փոխնախարար Ռովշան Ջավադովի գլխավորությամբ չցանկացավ համակերպվել Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցման հետ, ինչը Բաքվում զինված բախման բերեց, որի ժամանակ էլ Ջավադովը սպանվեց, իսկ նրա 576 համախոհները կալանավորվեցին: Բացի այդ, 1996թ-ին առաջին գործն է սկսվել, որը կապված էր Իսլամական կուսակցության հետ (հենց այն կուսակցության, որի անդամներն ու առաջնորդներն այժմ բանտում են «Մուսուլմանական միասնություն» շարժման անդամների հետ միասին):

Էլդար Զեյնալով.

«Այսպիսով, քաղբանտարկյալների իմ անձնական ցուցակում 2000թ-ին արդեն 900 մարդ կար: Ճիշտ է, ամբողջ հարցն այն էր, թե ում քաղբանտարկյալ համարել: Amnesty International-ի ձևակերպումը բավականին լայն է, և, դրա համաձայն, քաղբանտարկյալ կարող են լինել շատերն, այդ թվում և նրանք, ովքեր զինված քաղաքական անհնազանդություն են կազմակերպել»:

Այնուամենայնիվ, 1998թ-ին Ժողովրդական ճակատ կուսակցության ցուցակներում նախկինի պես քաղբանտարկյալ համարվող 50 մարդ կար:

Իսկ ինչպե՞ս հաշվել

Բազմաթիվ ձևակերպումներ կան, թե ում համարել քաղբանտարկյալ: Բացի այդ, թվերի հետ կապված խնդիրն այն է, որ մինչ որոշ քաղբանտարկյալներ ազատ են արձակվում, մյուսները բանետում են հայտնվում: Այսպիսով, քաղբանտարկյալներն Ադրբեջանում մի երևույթ են, որն անընդհատ շարժման մեջ է գտնվում:

Այսպիսով, չափանիշների մասին: Դրանց բացակայության վրա Եվրոպայի խորհրդում ադրբեջանական պաշտոնական կողմը հաճախ էր ուշադրություն հրավիրում՝ պնդելով, որ երկրում ընդհանրապես քաղբանտարկյալներ չկան:

Էլդար Զեյնալով.

Միայն 2012թ-ին Եվրախորհուրդը քաղբանտարկյալ հասկացության ձևակերպմանը նվիրված բանաձև ընդունեց, և դա տեղի ունեցավ, որքան էլ տարօրինակ լինի, մեր պետության հետևողականության շնորհիվ, որը պնդում էր, որ չափանիշներ է պետք ստեղծել:

Անար Մամեդլի.

Ամենահեղինակավորներից մեկն այն չափանիշներն են համարվում, որոնք սահմանվել են Amnesty International կազմակերպության կողմից, այդ չափանիշներն արդեն 60-ից ավել տարեկան են, շատ իրավապաշտպաններ են հիմնվում դրանց վրա: Ծանրակշիռ են նաև Human Rights Watch-ի չափանիշները, իրենց գնահատականներն են ձևակերպում նաև ՄԱԿ դիտորդները:

Amnesty International-ի՝ քաղբանտարկյալի ձևակերպումը բավականին լայն է: Դրա համաձայն՝ «քաղաքական բանտարկյալ է համարվում ցանկացած բանտարկյալ, որի գործում ծանրակշիռ քաղաքական տարր կա: Այդպիսիք կարող են լինել բանտարկյալի գործողությունների շարժառիթը, հենց գործողությունները կամ պատճառները, որոնք իշխանություններին դրդել են նրան բանտ գցել»:

Էլդար Զեյնալովի խոսքով, այդ ցուցանիշին համապատասխանում են այդ թվում նաև նրանք, ովքեր զինված խռովության փորձ են արել, իսկ նրանք 400-ն են և մինչ այժմ նստած են:

Իսկ Եվրախորհրդի չափանիշները շատ ավելի խիստ են: 5 հոդված կա, և չորրորդն ասում է, որ «ահաբեկչական գործողությունների համար անձնական ազատություններում սահմանափակված անձինք չեն կարող քաղբանտարկյալ համարվել, եթե մեղադրվել և դատապարտվել են այդ հանցագործությունների համար պետական օրենսդրության և Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի համաձայն»:

Պատուհան դեպի Եվրոպա

Զեյնալովը ևս մեկ թղթապանակ է բացում, այս անգամ՝ հին թերթերով լի: «Զերկալո», «Բակինսկիե վեդոմոստի», «Իրական Ադրբեջան». դրանք բոլորը վաղուց չկան: Համարները 2000-ականների սկզբի և կեսերի են: Այստեղ նույնպես հիշելու բան կա:

Երկուհազարականները կարելի է նոր փուլ համարել: Այն ժամանակ դատական բարեփոխումներ էին անցկացվում, բազմաստիճան դատարան էր ստեղծվում, որտեղ գործը մի քանի ատյան էր անցնում: Բացի այդ, երկիրը պատրաստվում էր Եվրախորհրդին անդամակցել, հետևաբար քաղաքական գործերը մյուս ենթադրաբար անարդար որոշումների հետ միասին հնարավորություն ստացան Մարդու իրավունքների եվրոպական դատարան հասնել:

Ընդհանուր առմամբ ամեն տարի 1995-2000թթ-ին երկրում քաղբանտարկյալների թիվը նվազում էր: Շատերը համաներմամբ են ազատ արձակվել, ինչպես խաղաղ ցուցարարներն, այնպես էլ կրտսեր կոչման նախկին զինված խռովարարները: ԱՄՆ Պետդեպարտամենտն իր ամենամյա հաշվետվությունում գրում էր, որ Ադրբեջանում քաղբանտարկյալների թիվը կրճատվել է, և դա «հերթական քայլն է դեպի ժողովրդավարություն»:

Իսկ 2001թ-ին Եվրախորհրդին անդամակցելու նախաշեմին երկրում առաջին համաներումը կայացավ: Քաղբանտարկյալների ցուցակները նոսրանում էին:

Դրանք ավելի շատ սկսեցին նոսրանալ մեկ այլ պատճառով: Բանն այն է, որ այն գործերը, որոնք անցել են բոլոր ատյանները նախքան ՄԻԵԴ-ին Ադրբեջանի անդամակցումը, Եվրոպական դատարանը չի քննում: Այդ պատճառով էլ այդ բոլոր մարդիկ ժամանակի ընթացքում սկսել են ցուցակներում չներառվել:

Օրինակ, Ադրբեջանի իրավապաշտպան կազմակերպությունների ֆեդերացիայի տվյալներով, 2002թ-ին կազմված ցուցակում 107 մարդ կար, ընդ որում, նրանք բոլորը դատապարտվել են վերջին 2 տարիների ընթացքում: 2011թ-ին նրանք գրեթե բոլորն արդեն ազատության մեջ էին:

Նորագյուն ժամանակներ

Այդ նույն ժամանակահատվածում՝ 2000-ականներին, խորհրդարանական և նախագահական ընտրությունների ժամանակ կալանավորման մեզ այսօր հայտնի ավանդույթը ձևավորվեց: Հին քաղբանտարկյալներին բաց էին թողնում, նստեցնում նորերին:

Նախագահական ընտրությունների ժամանակ Իրավապաշտպան կազմակերպությունների ֆեդերացիան արդեն 51 մարդ էր հաշվել: 2011թ-ին, նույն այդ կազմակերպության տվյալներով, նրանք արդեն 60-ն էին:

Բնության մեջ քաղբանտարկյալների շրջանառության նոր ալիք դարձավ 2014թ-ի հայտնի ամառը, երբ ճաղերի ետևում հայտնվեցին ցուցակ կազմող իրավապաշտպանները՝ Լեյլա Յունուսը, Ռասուլ Ջաֆարովը, Ինթիգամ Ալիևն, Անար Մամեդլին:

Ինքը Յունուսը որպես Իրավապաշտպան կազմակերպությունների ֆեդերացիայի կառավարման անդամ հուլիսին իր կալանավորումից առաջ 108 հոգուց բաղկացած ցուցակ հրապարակեց:

Лейла

Լեյլա Յունուսն ամուսնու և դստեր հետ: Լուսանկարները՝ Ազատություն ռադիոկայանի

Վերջին ցուցակը

Այսօր Ադրբեջանում 119 քաղբանտարկյալ կա, սակայն այդ ցուցակը նույնես նոմինալ է: Մի կողմից, դրանում ներկայացված են «Մուսուլմանական միասնության» ներակայացուցիչները, որոնք անցյալ տարի Նարդարան ավանում ոստիկանությանը զինված դիմադրություն են ցուցաբերել, որոնք ավան էին եկել հատուկ գործողություն իրականացնելու համար: Արդյունքում զոհվել էր 6 մարդ, նրանցից երկուսը ոստիկաններ էին: «Մուսուլմանական միասնության» առաջնորդ Թալեհ Բագիրովը հայտնի է իր արտահայտություններով, թե կրոնն իզուր են տարանջատել պետությունից և որ կառավարման լավագույն ձևը շարիաթն է:

Ընդհանուր առմամբ այդ ցուցակում կրոնական գործիչները մեծամասնություն են կազմում (88 մարդ):

Մյուս կողմից, դրանում չկան նրանք, ովքեր նստած են 90-ականներից և չեն կարող հույս կապել ՄԻԵԴ որոշման հետ:

Էլդար Զեյնալով.

«Այդ ցուցակը վիճելի է և մեծ մասամբ կոնսենսուսային: Հանրաքվեից առաջ շատերը վրդովվում էին սահմանադրության հոդվածներից մեկում արվելիք փոփոխության վերաբերյալ, որը կապված էր «իրավունքների չարաշահման» հետ, սակայն իրականում նույնպիսի հոդված կա Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների և հիմնական ազատությունների պաշտպանության կոնվենցիայում: Կրոնական գործիչների դեպքում այդ սկզբունքը նշանակում է, որ մարդիկ իրենց ազատությունն օգտագործում են այլոց ազատությունը խախտելու համար, ինչն էլ հենց Ադրբեջանի տարածքում կրոնական պետություն ստեղծելու ցանկությունն է»:

Իրավապաշտպանների մոտ մեկ այլ տեսանկյուն էլ է տարածված. ոչ ոք չի ապացուցել «Մուսուլմանական միասնության»՝ պետական հեղաշրջում կատարելու մտադրությունը: Այդ գործով դատական նիստերը փակ են ընթացել, այնպես որ դժվար է պնդել, որ «Միասնության» ակտիվիստները անցել են այն սահմանը, որը տարանջատում է կրոնական համայնքն ահաբեկչական խմբավորումից:

Այժմ Քաղբանտարկյալների հարցերով աշխատանքային խմբում են հայտնի իրավապաշտպաններ Սամիր Քազիմլին, Խալիդ Բագիրովը, Անար Մամեդլին, Ռասուլ Ջաֆարովն ու այլք:

Ինչպես պատմել է Ռասուլ Ջաֆարովը, ցուցակները կազմվում են տարին մի քանի անգամ, մինչ ազատ են արձակվում հին և հայտնվում են նոր քաղբանտարկյալներ:

«Մեր գլխավոր խնդիրը տեղեկատվություն հավաքելն ու մեզ տրամադրված յուրաքանչյուր գործն ուսումնասիրելն է, – ասում է Ռասուլ Ջաֆարովը, – պետք է պարզել, թե որքանով են այդ դեպքերը համապատասխանում քաղբանտարկյալի սահմանման չափանիշներին: Հաճախ այնպես է լինում, որ հստակ մարդու դեմ դատական որոշումը հիմնավորված չէ, կամ մարդու իրավունքներն այլ կերպ են խախտվել, սակայն այդ գործն ինքնին քաղաքական չէ, այդ ժամանակ մենք պարզապես փորձում ենք լավ փաստաբան գտնել կամ գործն իր ընթացքի մեջ լուսաբանել: Ընդհանուր ռամամբ, գործերը մեզ մոտ են ուղարկվում վստահելի իրավաբանների, ընկերների և ազգականների կողմից, որոնք պատմում են, որ այդ մարդն, օրինակ, քաղաքական ակտիվիստ է, և կալանավորվել է: Մենք ձգտում ենք հավաքել փաստաթղթերի առավելագույն քանակ այդ գործով և ուսումնասիրում ենք դրանք»:

Ջաֆարովի խոսքով՝ հաջորդ ցուցակն ավարտին կհասցվի և կհրապարակվի փետրվարի վերջին կամ մարտի սկզբին: «Այդ առթիվ դեռևս միասնական որոշում չկա: Բանն այն է, որ մարտին՝ Նովրուզին, հերթական համաներումն է սպասվում, և մենք հույս ունենք, որ ներվածների շարքերում քաբանտարկյալներ էլ կլինեն»:

1004008_10151696528621764_1971399570_n

Արխիվային լուսանկար: Էլդար Զեյնալով (աջից), և մահապարտների կորպուսի «վետերան» Ֆազիլ Թագիև («Ֆեդեյ»): Թագիևը գնդակահարության հերթում 7 տարի է անցկացրել:


Կարդալ ավելին JAMnews-ում