H1N1 գրիպի վարակը Հայաստանում նահանջում է, կրճատվել է նաև սուր շնչառական հիվանդություններ ունեցողների թիվը։ Այս մասին հայտարարել է առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը։
Նա հիշեցրել է, որ ամսվա սկզբին գրանցվել է մեկ հիվանդի մահացության դեպք H1N1 վարակից, այն մանրամասն կերպով հետաքննվում է։
Բժիշկները կարծում են, որ վարակների տարածման ռիսկերը դեռ մեծ են։ Եվ նախարարությունում որոշում է կայացվել, որ պոլիկլինիկաների բժիշկները հերթապահեն շաբաթ և կիրակի օրերին առավոտից մինչև 15:00-ն։
Աշակերտները վերադառնում են դպրոցներ
Սուր շնչառական հիվանդությունների ռիսկի խմբում են դպրոցականները։ Հունվարի 15-ի և 16-ի դրությամբ՝ բացակայող աշակերտների թիվը կրճատվել է մինչև աշակերտների ընդհանուր թվի 2,4%-ը։
Հիվանդանոցներ էլ են սեզոնային վարակներով վարակված ավելի քիչ հիվաններ դիմում։
«Այսօր Հայաստանում հոսպիտալացվել է մոտ հիսունով ավելի պակաս երեխա։ Եթե հունվարի 15-ին հոսպիտալացվել է սուր շնչառական վարակով 792 երեխա, ապա հունվարի 16-ին՝ 746 երեխա։ Նույնպիսի միտումն է նկատվում նաև մեծերի մոտ», — հաղորդել է առողջապահության նախարարի պաշտոնակատարը։
• Հայաստանում ավելի ու ավելի շատ մարդ է համաձայնում պատվաստվել գրիպի դեմ
• Հայաստանի կառավարությունն ընդունել է ծխելու դեմ պայքարի նոր, ավելի խիստ ռազմավարություն
Թոքաբորբով հիվանդների թիվն աճել է
Միաժամանակ, անցյալ տարվա համեմատ, այս տարի ավելի շատ են թոքաբորբ ախտորոշմամբ հիվանդները։ Եթե անցյալ տարի նրանց թիվը հասնում էր 254-ի, ապա այս տարի այդ ցուցանիշն աճել է մինչև 377։ Բժիշկները դա բացատրում են ցուրտ եղանակով»
«Մենք դպրոցներում և մանկապարտեզներում սենյակների ջերմության ապահովման դրական միտում ունենք։ Իհարկե, կան դպրոցներ, որոնք դեռ չեն կարողանում այն ապահովել։ Ես կզանգահարեմ մարզպետներին՝ հստակ դեպքերը լուծելու համար», — հայտարարել է նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը։