Ծխախոտի գինը թանկանալու է, իսկ հասարակական վայրերում ծխելն՝ արգելվելու" />

Հայաստանի կառավարությունը ծխելու դեմ պայքարի նոր ու ավելի խիստ ռազմավարություն է ընդունել

Ծխախոտի գինը թանկանալու է, իսկ հասարակական վայրերում ծխելն՝ արգելվելու

Հայաստանի իշխանությունները խստացնում են ծխելու դեմ պայքարը. այսօր կառավարությունն ընդունել է ծխելու դեմ պայքարի նոր ռազմավարությունը, որի նպատակը ծխողների թիվը 30-ից 40 տոկոս կրճատելն է:

Ծխողների թիվը նվազեցնելու համար առողջապահության նախարարությունն առաջարկում է թանկացնել ծխախոտի գինը, արգելել ծխել հասարակական վայրերում:

«Հայաստանում ծխում է չափահաս տղամարդկանց ավելի քան 55, իսկ կանանց՝ 3 տոկոսը: Դրա համար մենք առաջարկում ենք արգելել հանրային վայրերում ծխելը: Ռեստորաններում չեն լինելու առանձին խցիկներ չծխողների համար, քանի որ պայքարի նպատակը ոչ թե չծխողների մոտ չծխելն է, այլ՝ ընդհանրապես չծխելը», – ասել է առոջապահության նախարար Լևոն Ալթունյանը:

Իսկ նրանք, ովքեր կթույլատրեն հանրային վայրերում ծխելը, կտուգանվեն մինչև 10.000 դոլարով:

Ալթունյանը հայտնել է, որ ծխախոտի գինը թանկանալու է 3-ից 4 անգամ: Իսկ սա նշանակում է, որ միջին գնի՝ 350 ՀՀ դրամ, արժեցող ծխախոտը կդառնա 1000 ՀՀ դրամ: Օրվա մեջ ծխախոտի մեկ տուփ գնող մարդը (եթե նա ծխում է միջին՝ 350 ՀՀ դրամանոց ծխախոտ) այսուհետ ստիպված կլինի ամսական 30.000 դրամ ծախսել ծխելու վրա, նախկին՝ 10.500 դրամի փոխարեն:

Սակայն, ոչ բոլորն են կարծում, որ նոր սահմանափակումները կնվազեցնեն ծխողների թիվը: Սպառողների իրավունքների պաշտպան Արմեն Պողոսյանի կարծիքով, տարիներ շարունակ Հայաստանում պայքար չի տարվել ծխախոտի դեմ, այլ հակառակը՝ պրոպագանդվել է ծխելը: Նա ասել է, որ նոր խստացումները դժվար թե կյանքի կոչվեն, ինչպես դրանք կյանքի չեն կոչվել նախկինում:

Վերլուծաբան Բաբկեն Թունյանն էլ ասել է, որ հասարարակական վայրերում՝ մասնավորապես, սրճարաններում, ռեստորաններում ծխելն արգելելը դժվար թե մարդկանց համար դառնա չծխելու պատճառ, որովհետև այդ մարդիկ կարող են ծխել փողոցներում կամ իրենց տանը:

Առաջարկվող փոփոխությունները հիմնականում մեծ քննադատության են արժանացել հենց ծխողների կողմից: Նրանք փոփոխությունները որակել են որպես իրենց իրավունքների խախտում, մի մասը հայտարարել է, որ շարունակելու է ծխել, իսկ չծխողները ողջունել են տեղի ունեցածը՝ ասելով, որ այսքան տարի իրենց առողջությանը վնաս է հասցվել և ժամանակն է դադարեցնել դա:

Սոցիալական ցանցերում մարդիկ գրում են.

«Ծխախոտի մասին ՀՀ կառավարության նոր մոտեցումները ոչ մի կապ չունեն հանրային առողջապահության բարելավման և առողջ ապրելակերպի ջատագովման հետ, այլ նպատակ են հետապնդում սոսկ բյուջեն լցնելու և ծխախոտի (թմրանյութի) վաճառականների ու արտադրողների օգուտները բազմապատկելու»,

«Եվրոպական երկիր, եվրոպական երկիր… բոլորը դրա մասին են խոսում: Հերիք ա դրանց օրինակով շարժվեք, հայը ինչքան էլ ուզի, փորձի, եվրոպացի չի դառնա: Ականջողներով օրենք թելադրողները ի՞նչ պիտի լինեն, որ մենք էլ իրենց հետևենք»,

«Ծխողները վնաս են հասցնում ոչ միայն իրենց առողջությանը, այլ նաև իրենց ընտանիքի անդամներին, հարազատներին, ընկերներին, ովքեր չեն ծխում: Վնաս են հասցնում իրենց ընտանեկան բյուջեին ու վատ օրինակ են ծառայում իրենց երեխաների համար»,

«Ռուսաստանը պարտադրել է Հայաստանին գինը բարձրացնեն, սրանք էլ ձևը գտել են։ Մենակ անգրագետ ձևով են անում։ Փոխանակ գովազդներով մարդկանց համոզեն, որ դա վնասակար ա, ափալ-թափալ գինն են բարձրացնում, որ իրանց ախպորը չնեղացնեն»,

«Խանութներում կսկսվեն գողությունները ծխախոտի բաժիններից… Չափից ավել թանկացումը չարիքներ կծնի այն մարդկանց կողմից, որոնք չեն կարող թողնել ծխելը , բայց և գնել էլ չկարողանան»:

Facebook Comments

Կարդալ ավելին JAMnews-ում