Ղարաբաղի նախագահի երդմնակալության արարողությունն ուղեկցվում էր բողոքի խաղաղ ակցիայով, սակայն կտրուկ հայտարարություններով
Մայիսի 22–ին Ղարաբաղի Շուշի քաղաքում կայացել է Արցախի Հանրապետության նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանի երդմնակալության արարողությունը։
Արարողությանը ներկա էր նաև Հայաստանի բարձրագույն ղեկավարությունը վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։
Մարտի 31–ին ԼՂՀ–ում միաժամանակ անցկացվել էին խորհրդարանական և նախագահական ընտրություններ։ Սակայն նախագահի 14 թեկնածուներից որ մեկը չէր հավաքել ձայների անհրաժեշտ 50 և ավելի տոկոսը վերջնական հաղթանակի համար։ Ապրիլի 14–ին կայացել էր երկրորդ փուլ, որի արդյունքում Արայիկ Հարությունյանը նախագահ էր ընտրվել։
Երդմնակալության արարողությունը փակ էր, ինչը կապված էր, նախևառաջ, կորոնավիրուսի համավարակի հետ։ Սակայն նորընտիր նախագահի՝ ժողովրդավարության գաղափարներին հավատարիմ լինելուն երդմանը զուգահեռ, շենքից դուրս բողոքի ակցիա էր ընթանում, որին մասնակցում էր մոտ երկու տասնյակ մարդ։
- Լեռնային Ղարաբաղը նոր նախագահ ունի։ Ի՞նչ սպասել նրանից
- Կորոնավիրուսն ու քաղաքականությունը Ղարաբաղում։ Ընտրությունները կայացել են։ Ի՞նչ է լինելու
- Ղարաբաղյան հակամարտության մասին
Facebook–ի «Գիտակից ընտրություն» էջում նախաձեռնության ակտիվիստները տեղադրել են լուսանկարներ և տեսանյութեր բողոքի ակցիայից, որին նույնիսկ լրագրողներին չէին թույլ տվել ներկա լինել։ Պաստառների վրա գրված էր «Մի՛ երդվիր, չենք հվատում», «Ոչ կոռուպցիային», «Կեղծված ընտրություններ», «Ոչ ռեժիմին», «Օլիգարխնե՛ր, հեռու իշխանությունից», «Մերժում ենք»։
Կենտրոնի շենքը, որտեղ տեղի էր ունենում արարողությունը, շղթայված էր ոստիկաններով 500 մետր շառավղով։ Ցուցարարները կանգնել էին ոստիկանական շղթայի մոտ՝ մեկ ժամի չափ։
Ցուցարարների թվում էին Արցախի «Հեղափոխական կուսակցության» անդամները, որը մասնակցել էր մարտի 31–ին կայացած խորհրդարանական ընտրություններին։ Սակայն այն խորհրդարան չէր անցել, հավաքել էր ընդամենը 2,26% ձայն։
Ցուցարարներին միացել էին «Վաղվա Արցախ» կուսակցության անդամները, որը նույնպես խորհրդարան չէր անցել։ Այդ կուսակցությունն ընտրություններին սատարում էր նախագահի մեկ այլ թեկնածուի, որը երկրորդ փուլ էր անցել։ Խոսքն արտգործնախարար Մասիս Մայիլյանի մասին է։
Բողոքի ցույցի ընթացքում «Հեղափոխական կուսակցության» առաջնորդ Արթուր Օսիպյանն ուղիղ եթերում զանգահարել էր ոստիկանություն և զգուշացրել դրա խաղաղ բնույթի մասին։ Նա հայտարարել էր, որ ցուցարարները մտադիր չեն խախտել հասարակական կարգը, միաժամանակ խնդրել էր ոստիկանությանը պաշտպանել ցուցարարներին հնարավոր սադրանքներից։
«Վաղվա Արցախ» կուսակցության նախագահ Տիգրան Պետրոսյանը հայտարարել էր, որ իրենք չեն ճանաչում ընտրությունների արդյունքներն, օլիգարխիկ իշխանությունն ու կոռուպցիոն համակարգի վերակենդանացումը․
«Ընտրությունները կրկես էին հիշեցնում, քանի որ բոլոր նախընտրական և ընտրական գործընթացների ժամանակ բազմաթիվ խախտումներ և զեղծարարություններ են գրանցվել»։
«Արցախի հեղափոխական կուսակցության» բողոքի նախորդ ակցիան կայացել էր ապրիլի 5–ին։ Ակցիայի մասնակիցները պահանջում էին չեղարկել ապրիլի 14–ին նախատեսված երկրորդ փուլը։
Ըստ փորձագետների՝ բողոքային տրամադրվածուություններ Ղարաբաղում կան։ Դա, նախևառաջ, արտահայտվել է ընտրություններին մասնակցության տեսքով։ Ըստ ԿԸՀ տվյալների՝ ընտրությունների երկրորդ փուլին մասնակցել է 47 165 մարդ, կամ ընտրողների ընդհանուր թվի 44,9%–ը։
Առաջին փուլին մասնակցել էր ընտրողների շուրջ 76%–ը։ Ըստ դիտորդների՝ հենց առաջին փուլից հետո տեղի ունեցած հիասթափությունն էր բերել նրան, որ ընտրողների կեսը որոշել էր ընտրատեղամասեր չգնալ։ Իր դերն էր խաղացել նաև կորոնավիրուսը․ երկրորդ փուլի ժամանակ Ղարաբաղում արդեն խիստ կարանտին էր հայտարարվել։
Այնուամենայնիվ, Արցախի նախկին վարչապետի օգտին էր քվեարկել 39 860 մարդ։ Մյուս թեկնածու, արտգործնախարար Մասիս Մայիլյանի օգտին՝ 5 428 մարդ։
Արդյոք «Հեղափոխական կուսակցությունն» ու «Գիտակից ընտրությունն» ավելի շատ մարդ իրենց կողմը գրավելու ներուժ ունեն, դեռ պարզ չէ։ Սակայն արդեն կազմակերպված բողոքի ցույցերն ու հանրահավաքները ուշադրություն են գրավում և վկայում են այն մասին, որ երկրում բողոքի ռեսուրս կա։ Այժմ ակցիաների մասին տեղեկությունները փոխանցվում են Artsakh1 ալիքով։
Հատկանշական է, որ ցուցարարները դժգոհ են նաև Հայաստանի ղեկավարության քաղաքականությունից, որն, ըստ նրանց, ոչինչ չձեռնարկեց՝ հեղափոխությունը Ղարաբաղում «տարածելու» և նախկին օլիգարխիկ իշխանության վերարտադրություն թույլ չտալու համար։
Այդ ընթացքում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը երդմնակալությունից հետո իր ելույթում ասել էր, որ չէր ցանկանա Արցախում լինի ոչ հեղափոխություն, որ հակահեղափոխություն։ Նա Ղարաբաղի ընտրություններն անվանել էր Հայաստանի ոչ բռնի հեղափոխության բնական շարունակություն, իսկ Արայիկ Հարությունյանին՝ հեղափոխության կողմնակից։
Մայիսի 21–ին՝ Ղարաբաղ մեկնելուց առաջ Նիկոլ Փաշինյանը սոցցանցերի իր էջում հրապարակել էր ԼՂՀ նորընտիր նախագահի ավտոմեքենայի լուսանկարը և գրել․
«Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանը այս էլեկտրոմոբիլով է աշխատանքի գնալու»։
Մարդիկ կարծում են, որ դա Հայաստանի ղեկավարության նվերն էր։