Ղարաբաղյան հակամարտությունը անհնար է լուծել առանց Ղարաբաղի մասնակցության․ նորընտիր նախագահի հայտարարությունը
Ղարաբաղյան հակամարտության կարգավորումն առանց բանակցային գործընթացում պաշտոնական Ստեփանակերտի լիարժեք ու լիիրավ ընդգրկվածության, արդյունավետ չի կարող լինել: Այսպիսի հայտարարությամբ է հանդես եկել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում։
Իր հայտարարությունում նա 7 կետ է նշել, որոնց հիման վրա են Ղարաբաղի նոր իշխանությունները տեսնում ղարաբաղյան հակամարտության կարգավորումը։
Նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը Լեռնային Ղարաբաղի նախագահ է ընտրվել նախագահական ընտրությունների երկրորդ փուլի արդյունքում, որոնք անցկացվել են 2020 թ–ի ապրիլի 14–ին։ Այստեղ նախագահական ընտրությունները տեղի ունեցան՝ չնայած կորոնավիրուսի տարածման վտանգին և դրանց հետաձգման մասին կոչերին՝ անգամ մասնակիցների կողմից։
Այս ընտրություններն առանձնահատուկ նշանակություն ունեին Լեռնային Ղարաբաղի համար, քանի որ 2017 թ–ին այստեղ նոր սահմանադրություն է ընդունվել, որի համաձայն՝ անցում է կատարվում կիսանախագահական կառավարման համակարգից՝ նախագահականի։ Հետևաբար, նոր նախագահն այժմ զգալիորեն ավելի շատ լիազորություններ է ունենալու, քան նախորդները։
Իր հայտարարությունը դեռևս ոչ մի երկրի կողմից չճանաչված հանրապետության նորընտիր նախագահը հրապարակել է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների առցանց բանակցությունների հաջորդ օրը։
Լեռնային Ղարաբաղը նոր նախագահ ունի։ Ի՞նչ սպասել նրանից
Ղարաբաղի մոտեցումը
Նոր նախագահն անհրաժեշտ է համարել հենց այս պահին ելույթ ունենալ և իր անունից ներկայացնել ԼՂ իշխանությունների մոտեցումը։ Իշխանությունների, որոնք բոլորովին վերջերս են վստահության մանդատ ստացել բնակիչներից․
«Մենք բարձր ենք գնահատում Հայաստանի Հանրապետության իշխանությունների բացառիկ դերակատարումն այս հարցում, բայց պետք է ընդունել, որ բանակցային սեղանին ներկայացված ցանկացած առաջարկի կամ փաստաթղթի շուրջ Արցախի ժողովրդի անունից բանակցելու համար առաջնային մանդատը ստացել են Արցախի Հանրապետության իշխանությունները»։
Արայիկ Հարությունյանի կարծիքով՝ Ադրբեջանի իշխանությունները շարունակում են խուսափել հակամարտության իրական կողմի հետ ուղիղ բանակցություններ վարելուց․
«Դա, առաջնագծում պարբերաբար կրկնվող սադրանքների և հայատյաց քաղաքականության հետ համատեղ, մեծապես նվազեցնում է պաշտոնական Բաքվի ցուցադրած ձգտումների ազնվության ու վստահելիության մակարդակը»։
Հայտարարությունում ասվում է, որ Ղարաբաղում «շահագրգռված են խնդրի խաղաղ ու վերջնական կարգավորմամբ»․
«Մենք գերազանցապես գիտակցում ենք, որ այն իր վճռական ազդեցությունն է ունենալու տարածաշրջանում կայուն և երկարատև խաղաղություն հաստատելու վրա, սակայն ակնկալում ենք նույն գիտակցումը ու պատասխանատվությունը նաև Ադրբեջանի կողմից»։
7 կետ՝ Ղարաբաղի նախագահից
Սա կարգավորմանն Արայիկ Հարությունյանի մոտեցման ամբողջական տեքստն է․
- «Արցախի Հանրապետության իշխանությունները պետք է լիիրավ ու լիարժեք հիմունքներով մասնակցեն հակամարտության խաղաղ և վերջնական կարգավորմանն ուղղված գործընթացի բոլոր փուլերին։
- Արցախի ժողովրդի անվտանգությունը որևէ պարագայում չի կարող վտանգի տակ դրվել կամ սակարկության ենթարկվել։
- Առանց Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի առաջնահերթ ճանաչման հակամարտության կարգավորման որևէ տարբերակ չի կարող կողմերի միջև բովանդակային քննարկման առարկա դառնալ։
- Պետք է հստակ երաշխիքներով բացառվեն հակամարտության կարգավորման գործընթացում ուժի ու դրա սպառնալիքի կիրառման փորձերը, քանի որ հայ և ադրբեջանցի ժողովուրդներն արժանի են խաղաղության մեջ ապրելու. այլապես Արցախի Հանրապետությունը պատրաստ է անհամաչափ հակահարված տալու նախահարձակ Ադրբեջանին՝ ռազմական գործողությունները նաև տեղափոխելով նրա տարածք։
- Հակամարտության կարգավորման ցանկացած տարբերակում բացառվում են Արցախի իշխանությունների կողմից միակողմանի զիջումներ կամ անհամաչափ ու անհամարժեք փոխզիջումներ։
- Հակամարտության կարգավորման և դրա հարակից գործընթացներում հայ փախստականներն ու ներքին տեղահանված անձինք պետք է իրավահավասար ներգրավվածություն ունենան ադրբեջանցի փախստականների ու ներքին տեղահանված անձանց հետ միասին, իսկ նրանց հիմնախնդիրները՝ միանման ու միաժամանակյա լուծումներ ստանան։
- Միջազգային հանրությունը (առաջնահերթորեն՝ ԵԱՀԿ-ն և համանախագահ երկրները) պետք է բացառի Արցախի բնակիչների իրավունքների՝ հակամարտությամբ ու ԱՀ միջազգային կարգավիճակով պայմանավորված խախտումներն ու սահմանափակումները, ներառյալ՝ մարդու իրավունքներին առնչվող ու մարդասիրական միջազգային ծրագրերից փաստացի մեկուսացումը, որոնք Ադրբեջանը փորձում է կիրառել առնվազն որպես ճնշման միջոց՝ ի հեճուկս միջազգային իրավունքի հանրահայտ սկզբունքների»:
Իր ուղերձը Հարությունյանն ավարտել է նրանով, որ Լեռնային Ղարաբաղի իշխանությունները «ինչպես նախկինում, այնպես էլ ապագայում պատրաստակամ են գործադրել առավելագույն ջանքեր փոխադարձ հարգանքի մթնոլորտում կողմերի միջև վստահության ամրապնդման համար»։
Նախագահի հայտարարությանը նախորդած իրադարձությունների մասին
Ապրիլի 21–ին Հայաստանի և Ադրբեջանի արտործնախարարներ Զոհրաբ Մնացականյանն ու Էլմար Մամեդյարովը գրեթե երկու ժամ քննարկել են հրադադարի ռեժիմի պահպանման ու սադրանքներից հրաժարվելու կարևորությունը կորոնավիրուսի պանդեմիայի և գլոբալ ճգնաժամի պայմաններում։ Նրանք պայմանավորվել են շարունակել բանակցային գործընթացը մոտ ապագայում։
Հայաստանի և Ադրբեջանի արտործնախարարների մասնակցության տեսակոնֆերանսից մի քանի ժամ առաջ ղարաբաղյան հակամարտության թեմային էր անդրադարձել նաև Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ Նա, մասնավորապես, հայտարարել էր, որ ղարաբաղյան կարգավորման բանակցությունների ընթացքում քննարկվում է ղարաբաղյան խնդրի փուլային կարգավորման նախագիծ, որը հակամարտության երկու հայկական կողմերն էլ հակամարտության լուծման համար անընդունելի մոտեցում են համարում։
Հայաստանի նախարարը հերքել էր ՌԴ նախարարի տրամադրած տեղեկատվությունը․
«Այս երկու տարիների ընթացքում մեր կառավարությունը, մենք, վարչապետ Փաշինյանը եղել ենք առավել քան թափանցիկ և մեր դիրքորոշումներն ու մոտեցումներն արտահայտել ենք շատ պարզ ձևով․․․ 2014թ. քննարկված տարբերակն այսօր բանակցային սեղանի փաստաթուղթ չէ»։
Փուլային կարգավորումը մասնավորապես ենթադրում է, ինչպես կրկին նշել է Լավրովը, «Լեռնային Ղարաբաղի հարակից մի շարք շրջանների ազատում և տրանսպորտային, տնտեսական և այլ հաղորդակցությունների ապաարգելափակում»։
Զոհրաբ Մնացականյանը ռուսաստանցի իր գործընկերոջը հիշեցրել է, որ այդ տարածքները ամենից առաջ անվտանգության գոտի են և պաշտպանական գծեր:
«Որևէ կերպ անհնար է ենթադրել, որ հայկական կողմերից որևէ մեկը կարող է գնալ զիջումների, որոնք կարող են վտանգի տակ դնել Արցախի բնակչության անվտանգությունը», — ասել է Հայաստանի արտգործնախարարը։
Նա ընդգծել է, որ խաղաղ կարգավորում հնարավոր է փոխադարձ, այլ ոչ թե միակողմանի զիջումների արդյունքում։
Հայերովբնակեցված Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը դե ֆակտո անկախ պետություն է, սակայն չի ճանաչվել աշխարհի ոչ մի պետության կողմից, այդ թվում նաև՝ Հայաստանի:
Ադրբեջանը Ղարաբաղն ու պատերազմի ընթացքում գրավված հարակից տարածքները համարում է օկուպացված և պահանջում է վերադարձնել դրանք: Հակամարտության կողմերը պարբերաբար հաղորդում են շփման գծում բախումների մասին և միմյանց մեղադրում սադրանքների համար:
Հայաստանի և Ադրբեջանի միջև զինված հակամարտությունը Լեռնային Ղարաբաղի շուրջ տեղի է ունեցել 1991–1994 թթ.: Այն ավարտվել է զինադադարի ստորագրմամբ, սակայն փոխհրաձգությունը ժամանակ առ ժամանակ շարունակվում է։ Հակամարտության ռազմական փուլից հետո էթնիկ ադրբեջանցիները լքեցին Ղարաբաղը։ Ադրբեջանը Ղարաբաղն ու պատերազմի ընթացքում գրավված հարակից տարածքները համարում է «օկուպացված» և պահանջում է վերադարձնել դրանք:
Հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունները միջազգային միջնորդությամբ մինչև հիմա արդյունք չեն տվել։ Լայնամասշտաբ մարտական գործողությունների վերջին բռնկումը՝ այսպես կոչված «ապրիլյան», կամ «քառօրյա պատերազմը» , տեղի է ունեցել 2016–ի ապրիլին։ Դրա հետևանքով երկու կողմից տասնյակ մարդիկ են զոհվել։