Լավրովի այցը Երևան. ավանդական ծրագիր և ոչ ավանդական ընդունելություն
Լավրովի այցը Երևան․ ոչ ավանդական ընդունելություն
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մայիսի 20-ին երկօրյա այցով ժամանեց Հայաստան։ Նրա նախորդ այցը տեղի էր ունեցել համարյա 3 տարի առաջ՝ 2022 թվականի հունիսին։ Հաղորդվում է, որ նա մայիսի 21-ին կհանդիպի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, նախագահ Վահագն Խաչատուրյանի և արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ։
Նախապես հայտարարվել է, որ քննարկվելու է
- փոխգործակցությունը եվրասիական միությունների շրջանակներում, այսինքն՝ Ռուսաստանի գովանու տակ գործող կառույցներում,
- դիրքորոշումների համակարգումը միջազգային հարթակներում, առաջին հերթին, ՄԱԿ-ում,
- հայ-ադրբեջանական և հայ-թուրքական կարգավորման հեռանկարները։
Բացի այդ, Լավրովը կհանդիպի ռուսական համալսարանների մասնաճյուղերի դասախոսների և ուսանողների, ինչպես նաև ռուսական համայնքի ներկայացուցիչների հետ։ Այցի ժամանակացույցում ներառված է նաև այցելություն Անհայտ զինվորի գերեզման և Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր։
Այցի ծրագիրը կազմված է ավանդական ոճով, սակայն վերջին շրջանում երկու երկրների հարաբերությունները հեռացել են ավանդական դաշնակցային բնույթից։ Եվ այս անգամ Երևանում մթնոլորտը սովորականի պես բարյացակամ չէր։
Մինչև Ռուսաստանի ԱԳ նախարարի ժամանելը, Երևանի կամուրջներից մեկի վրա հայտնվեց հսկայական պաստառ, որի վրա պատկերված էր ՌԴ նախագահի դեմքը «Մարդասպան» մակագրությամբ։ «Հանուն Հանրապետության» կուսակցության անդամները նմանատիպ ակցիա կազմակերպեցին նաև Ռուսաստանի դեսպանատան դիմաց և օդանավակայան տանող ճանապարհին՝ նույն գրությամբ պաստառով։ Այս նույն բովանդակությամբ ֆլեշմոբ տեղի ունեցավ նաև սոցիալական ցանցերում։

- «ՌԴ-ից Հայաստանի ունեցած կախվածությունները դարձել են սպառնալիք»․ հետազոտություն
- «Հայաստանի վարչապետը ՌԴ պետք է գնա միայն կնճռոտ հարցեր բարձրացնելու նպատակով»․ կարծիք
- «Կփորձենք բալանսավորել հարաբերությունները Եվրամիության և ՌԴ հետ»․ Փաշինյան
Լավրովի այցը տագնապ է առաջացրել
Վերջին շրջանում Հայաստանը բացահայտ հեռանում էր Ռուսաստանի ուղեծրից։ Եվ այդ ֆոնին ՌԴ արտգործնախարարի այցը մարդկանց մոտ որոշակի տագնապ է առաջացրել։ Շատերը մտահոգ են, որ Հայաստանի իշխանություններին ինչ-որ բան կպարտադրվի, ճնշում կգործադրվի։
Սոցիալական ցանցերում նախօրեին քննարկվում էր, թե
- ինչու է Լավրովը ժամանել,
- ինչու վաղուց պլանավորված, բայց հետաձգվող այցը հնարավոր դարձավ հենց հիմա։
Երկրորդ հարցի ամենատարածված պատասխանն այն էր, որ Նիկոլ Փաշինյանի այցը Մոսկվա՝ Հաղթանակի շքերթի կապակցությամբ, «ոգևորել է ռուսական կողմին շարունակել ճնշումը Հայաստանի վրա»։
Մեկնաբանություն
Քաղաքագետ Դավիթ Ստեփանյանը կարծում է, որ սա միանգամայն հնարավոր է տարբերակ է.
«Սա շատ տրամաբանական է Ռուսաստանի դեպքում։ ՌԴ-ն ապրում է Ծուռ հայելիների թագավորությունում։ Իրենց մոտ լրիվ այլ իրականություն է։ Իրենք այսպես են ընկալում․ եթե ինչ-որ երկրի ղեկավար եկել է մայիսի 9-ին՝ իրենց հարգելով, և մասնակցել է այդ միջոցառմանը, ուրեմն ինքը թույլ է։ Դա փողոցային բանդիտների մտածելակերպ է։ Եթե թույլ է, ուրեմն կարելի է սեղմել։ Իսկ Ալիևը չեկավ, ուրեմն նա ուժեղ է։ Նրա հետ պետք է լավ խոսել, բարեհաճել, հաճոյանալ, կնոջը պարգևատրել։ Ալիևը չի գնացել և լավ է արել։ Նիկոլ Փաշինյանը գնացել է, և սա Մոսկավոյւմ միանշանակ ընկալվել է որպես թուլության նշան»։
Քաղաքագետը ենթադրում է, որ Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարը եկել է հստակ պլաններով՝ ստանալ այն ամենը, ինչ հնարավոր կլինի։ Մասնավորապես, կարծում է, որ Ռուսաստանը մտադիր է համոզել Հայաստանի իշխանություններին տրամադրել Ադրբեջանին այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը»։ Իսկ հենց իր՝ Ռուսաստանի համար, հատկապես կարևոր է ստանալ այս ճանապարհի վերահսկողությունը։
Ադրբեջանի իշխանությունները «Զանգեզուրի միջանցք» են անվանում Նախիջևանի հետ կապող ճանապարհը։ Հայաստանի իշխանությունները հայտարարում են, որ պատրաստ են տրամադրել ճանապարհ, բայց ոչ «միջանցք», քանի որ այս եզրույթը ենթադրում է սեփական տարածքի նկատմամբ վերահսկողության կորուստ։ Բաքուն շարունակում է պահանջել անվերահսկելի հաղորդակցություն։ Իսկ Ռուսաստանը ցանկանում է, որ այն վերահսկվի իր ԱԴԾ սահմանապահ ծառայության կողմից։ Հայաստանի ղեկավարությունը կտրականապես մերժում է այս մոտեցումը։
Դավիթ Ստեփանյանն ասում է, որ «Զանգեզուրի միջանցքը» Մոսկվայի` հայկական պետականությունը վերացնելու հեռահար ծրագիրն է, որը կսկսվի երկրի տարածքի մասնատմամբ.
«Միջանցքից հետո լինելու է Սյունիքի սեցեսիա [երկրի կազմից տարածքային որևէ մասի դուրս գալը]: Դրանից հետո լինելու է Հայաստանի մասնատում։ Էս մարդը Հայաստանին ի՞նչ ունի առաջարկելու։ Ես որևէ դրական բան չեմ սպասում, եթե մենք խոսում ենք ռազմաքաղաքական հարաբերությունների մասին։ Ես ձեզ հավաստիացնում եմ, որ երևանյան բանակցությունների ժամանակ Լավրովը այս հարցը նորից բարձրացնելու է։ Նա գիտի, որ մենք դա չենք անելու, բայց նորից խոսելու է այս մասին։ Այդպիսին է ռուսական դիվանագիտությունը։ Այդպիսին է լավրովյան դիվանագիտությունը»։
Քաղաքագետը կոչ է անում իշխանություններին խոսակցություններից անցնել կոնկրետ քայլերի։ Նկատի ունի Ռուսաստանի հետ անվանական դաշնակցային հարաբերությունների դադարեցումը և նոր դաշնակիցների հետ գործընկերության հաստատումը․
«Հաշվի առնելով, որ Ռուսաստանը նշանակել է Հայաստանին և հայ ժողովրդին թշնամի՝ իրենք են մեզ նշանակել թշնամի, գործել է մեր նկատմամբ թշնամաբար, այլևս որևէ դաշնակցային պարտավորվածություն ռազմաքաղաքական չի իրականացնում, մենք պետք է մեր անվտանգության մասին մտածենք։ Անվտանգությունը միայն զենք գնել չի։ Ես ողջունում եմ, որ զենք ենք գնում։ Բայց եթե դու ուզում ես քո անվտանգությունը ապահովել, դու պետք է ոչ միայն զենք գնես:
Երկու կոմպոնենտ կա՝ ներքին կարողություն և արտաքին։ Պայմանական 50/50 հարաբերակցությամբ։ Ներքին կարողությունը զինվաժ ուժերը բարեփոխումն է։ Արտաքինը դա մեր ռազմաքաղաքական և դաշնակցային հարաբերություններն են պոտենցիալ դաշնակիցների հետ։ Էս պահւին մենք ունենք միայն պոտենցիալ դաշնակիցներ, մենք չունենք ռեալ դաշնակիցներ։ Միայն Ռուսաստանի հետ ունենք դանակցային հարաբերություններ թղթի վրա, որի հետ դաշնակից չենք»։
Ռուսաստանի արտգործնախարարի այցը համընկավ մեկ այլ միջոցառման հետ
Լավրովի այցը համընկավ Երևանում անցկացվող ԵՄ Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի դեսպանների տարածաշրջանային հավաքի հետ։
Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանն այս միջոցառման ժամանակ խոսել է այն քայլերի մասին, որոնք իրականացվել են հանուն գործընկերային հարաբերությունների դիվերսիֆիկացման։ Մասնավորապես, նա հայտնել է, որ Հայաստանը
- ամրապնդում է իր ռազմավարական հարաբերությունները ԱՄՆ-ի և Միացյալ Թագավորության հետ,
- ակտիվ քայլեր է ձեռնարկում ԵՄ անդամ պետությունների հետ ռազմավարական գործընկերությունն ընդլայնելու ուղղությամբ,
- ավարտին է հասցնում ԵՄ հետ գործընկերության նոր օրակարգը։
Եվ այս համատեքստում նախարարը թվարկել է նաև այն քայլերը, որոնք երկիրը ձեռնարկել է Ռուսաստանից կախվածությունը նվազեցնելու համար․
«Հայաստանը մինչև 95% նվազեցրել է պաշտպանական ներկրումների կախվածությունը մեկ աղբյուրից: Զուգահեռաբար, մեր կառավարությունը կարողացել է ավելի ինքնուրույն իրականացնել սահմանային վերահսկողություն, ինչպես նաև դիտարկել էներգետիկ անկախությունն ապահովող այլընտրանքային ուղիներ՝ ներառյալ ատոմային և վերականգնվող էներգիայի ոլորտներում»։
Արարատ Միրզոյանը շեշտել է, որ երկիրը կանգնած է իր ապագան որոշելու վճռական պահի առջև․
«Հայաստանը կատարել է անշրջելի ընտրություն՝ դեպի ժողովրդավարություն, դեպի խաղաղություն, դեպի Եվրոպա։ Մենք վստահ ենք, որ այս վճռական քայլերին մեր եվրոպացի գործընկերները կպատասխանեն նույնքան համարձակ և ռազմավարական ներգրավվածությամբ՝ ամրապնդելով իսկապես փոխադարձ և վերափոխող գործընկերությունը։ Այդպիսով, մենք ձգտում ենք ոչ միայն աջակցության, այլև գործընկերության, ոչ միայն խրախուսանքի, այլև կայուն ներգրավվածության: […] Եկեք կառուցենք մեր համագործակցությունը համատեղ արժեքների հիման վրա և ձեռնարկենք համարձակ ու ստեղծարար քայլեր՝ մեր տարածաշրջանի և դրանից անդին կայունության, դիմացկունության և բարօրության համար»։
Հետևեք մեզ — Facebook | Youtube | Telegram
Լավրովի այցը Երևան․ ոչ ավանդական ընդունելություն