Իրավիճակը Հայաստանում. բոլոր նորությունները արտահերթ ընտրությունների մասին
-
Փաշինյանի կուսակցությունը մեծ առավելությամբ հաղթեց մրցակիցներին՝ նախկին նախագահներ Քոչարյանի և Սարգսյանի դաշինքներին
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտարարեց, որ հաշվել է ձայների 100%-ը, վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցւթյունը հաղթել է արտահերթ խորհրդարանական ընտրություններում:
Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հավաքել է ձայների 53.92%-ը,
Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի «Հայաստան» դաշինքը՝ 21.04%,
նախկին նախագահ Սերժ Սարգսյանի «Պատիվ ունեմ» դաշինքը՝ 5.23%։
Լուսանկարը՝ Photolure-ի
-
Ամփոփվել են ընտրությունների նախնական տվյալները 80 տեղամասերում, ՔՊ-ն հավաքել է 58%
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ներկայացրել է 80 ընտրատեղամասերից ստացված քվեարկության նախնական տվյալները։
«Քաղացիական պայմանագիր» կուսակցությունը, որի առաջնորդը Նիկոլ Փաշինյանն է, հավաքել է 6107 ձայն, դա կազմում է 58.04%։
Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի «Հանրապետական» և ԱԱԾ նախակին տնօրեն Արթուր Վանեցյանի «Հայրենիք» կուսակցություններից կազմված «Պատիվ ունեմ» դաշինքը ստացել է 596 ձայն՝ 5.66%։
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, որը ղեակավարում է Հայաստանի ամենահարուստ մարդկանցից մեկը, Գագիկ Ծառուկյանը, ստացել է 538 ձայն՝ 5.11%։
«Հայաստան» դաշինքը, որի առաջնորդն է նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ստացել է 2316 ձայն՝ 22.01%։
Քվեների հաշվարկը շարունակվում է։
-
Մասնակցության ընդհանուր ցուցանիշները
ԿԸՀ ղեկավար Տիգրան Մուկուչյանը հայտնեց, որ ընտրություններին մասնակցել է Հայաստանի 1 281 174 քաղաքացի, ինչը կազմում է 49,4%:
Երևանում ընտրողների մասնակցությունը կազմել է 51,55%: Մարզերում կրկին առավելագույն ցուցանիշն արձանագրվել է Սյունիքում՝ 60,38%։ Մյուս մարզերում պատկերը հետեւյալն է. Արագածոտն՝ 50%, Արարատ՝ 50,87%, Արմավիր՝ 44,47%, Գեղարքունիք՝ 45,47%, Լոռի՝ 46,73%, Կոտայք՝ 50,08%, Շիրակ՝ 41,24%, Վայոց Ձոր՝ 56,05%, Տավուշ՝ 53,48%։
2018թ. դեկտեմբերի 9-ին կայացած խորհրդարանական ընտրություններին մասնակցել էր 1 միլիոն 260 հազար 840 ընտրող, որը կազմում է ընտրողների ընդհանուր թվի 48,63%-ը:
-
Քվեարկությունն ավարտված է
Հանրապետության բոլոր ընտրատեղամասերում 20:00-ից քվերակությունն ավարտվել է, սկսվել է ձայների հաշվարկը։
-
17:00-ի դրությամբ քվեարկել է ընտրողների 38,17%-ը
ԿԸՀ-ից տեղեկացնում են, որ էլեկտրոնային եղանակով այս պահին ստացել են ընտրողների մասնակցության հետևյալ թվեըը․ արդեն քվեարկել է 989 972 քաղաքացի, ինչը կազմում է ընտրության իրավունք ունեցողների 38,17%-ը։
Երևանում քվեարկությանը մասնակցել է 344 868 մարդ, դա կազմում է երևանցի ընտրողների 40,15%:
Մայրաքաղաքից դուրս ամենաբարձր ցուցանիշը կրկին գրանցվել է Սյունիքում՝ 46,83%։ Մյուս մարզերում արձանագրվել է հետևյալ պատկերը. Արագածոտն՝ 37,89%, Արարատ՝ 37,5%, Արմավիր՝ 31,82%, Գեղարքունիք՝ 37,38%, Լոռի՝ 37,38%, Կոտայք՝ 38,77%, Շիրակ՝ 32,27%, Վայոց Ձոր ՝ 42,66%, Տավուշ ՝ 41,37%:
2018 թվականի դեկտեմբերի 9-ին տեղի ունեցած նախորդ խորհրդարանական ընտրությունների ընթացքում ժամը 17:00-ին քվեարկել էր 1,025,002 ընտրող, կամ 39,54% -ը:
-
«Պատիվ ունեմ» դաշինքը մեղադրում է իշխանություններին բռնաճնշումներ իրականացնելու մեջ
Դաշինքի հայտարարության մեջ ասվում է, որ վերջին 48 ժամվա ընթացքում «ժամանակավոր իշխանությունները լծվել են առաջատար քաղաքական ուժերի, անվանական՝ «Պատիվ ունեմ» դաշինքի թեկնածուների և աջակիցների դեմ բռնաճնշումներ իրականացնելու անպատվաբեր գործին»։
Մասնավորապես, հաղորդվում է խուզարկություններ և ձերբակալություններ իրականացնելու մասին, «որոնց մեծ մասը դատական ատյանները արդեն չեղարկել են»: Հայտարարությունում ասվում է նաև, որ մարզային ընտրատեղամասերից ստացվում են ահազանգեր «տեղերում պաշտոնատար անձանց կողմից ուղղորդումների ու ճնշումների վերաբերյալ»։
Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի «Հանրապետական» և ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի «Հայրենիք» կուսակցություններից կազմված դաշինքը միջազգային և տեղական դիտորդական առաքելությունների ուշադրությունն է հրավիրում նշված հանգամանքների վրա և պատրաստակամություն հայտնում տրամադրել անհրաժեշտ աջակցություն:
-
Ժամը 14:00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է ընտրողների 26,82%-ը
ԿԸՀ-ից հայտնում են, որ ընտրություններին արդեն մասնակցել է քվեարկելու իրավունք ունեցող 695 626 մարդ, կամ ընտրողների 26,82%-ը:
Երևանում ընտրողների ակտիվությունը կազմել է 29,28% (251 504 ընտրող):
Հայաստանի մարզերում բոլորից ակտիվ են Սյունիքի բնակիչները՝ 33,37%, ամենացածր մասնակցութփյան ցուցանիշը գրանցվել է Շիրակում՝ 21,15%։ Մյուս մարզերում պատկերը հետևյալն է. Արագածոտն ՝ 24,68%, Արարատ ՝ 26,31%, Արմավիր ՝ 21,85%, Գեղարքունիք ՝ 24,41%, Լոռի ՝ 26,15%, Կոտայք ՝ 27,54%, Վայոց Ձոր ՝ 29,1%, Տավուշ ՝ 29,79%:
-
Խոստացված պարզաբանում․ վարկած Արման Բաբաջանյանի մեքենայի վրա կրակոցի վերաբերյալ
«Շիրինյան-Բաբաջանյան» դաշինքի ցուցակը գլխավորող Արման Բաբաջանյանն՝ իր մեքենայի վրա կրակելու առնչությամբ սեփական վարկածն է առաջ քաշել: Լրագրողների հետ զրույցում նա ասել է․
«Նախօրեին Լևոն Շիրինյանը զանգ է ստացել արտերկրից, որի ժամանակ նշել են, որ այստեղ ձևավորվել է զինված մի խմբավորում, որը թիրախավորել է մեր դաշինքի առաջին եռյակին: Չի բացառվում, որ այդ կրակոցը նախազգուշական է: Մենք աննկուն ենք, մեր կամքը հնարավոր չի որևէ կերպ բեկել: Շարունակում ենք մեր աշխատանքը, հորդորում ենք մեր քաղաքացիներին, որպեսզի նրանք անվարան կերպով մասնակցեն ընտրություններին»:
-
Խուզարկություններ Սիսիանում՝ ահազանգ «Հայաստան» դաշինքի կենտրոնական շտաբից
«Հայաստան» դաշինքի պաշտոնական ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը հայտարարել է, որ
Սիսիանում իրենց շտաբների խուզարկություն է իրականացվել իրավապահների կողմից․
«Խուզարկության հիմքը, ըստ դատարանի որոշման, հանդիսացել է քվեաթերթիկ տպելու սարքի որոնումը: Նշվածի վերաբերյալ աբսուրդը կայանում է նրանում, որ նման սարք գոյություն ունենալ չի կարող, քանի որ քվեաթերթիկները տպագրվում են բացառապես հատուկ տպարանների կողմից, որոնցից և ոչ մեկը չի կարող շտաբում տեղակայված լինել: […]
Շտաբի պատասխանատուներին առանց որևէ պատճառի ընտրությունների օրը տեղափոխում են Սյունիքի մարզից Երևան, իբր բացատրություն վերցնելու նպատակով: Հորդորում ենք իրավապահ մարմիններին վերադառնալ օրինականության դաշտ: Դիմում ենք Կենտրոնական ընտրական հանձնաժողովին՝ ձեռնարկել անհրաժեշտ բոլոր օրինական միջոցները «Հայաստան» դաշինքի բնականոն գործունեության և քվեարկության գործընթացը անհապաղ վերականգնելու նպատակով: Դիմում ենք նաև Մարդու իրավունքների պաշտպանին՝ ստեղծված իրավիճակը խիստ վերահսկողության տակ պահելու նպատակով»:
Ոստիկանությունից ևս հանդես են եկել հայտարարությամբ, որում ասվում է.
«Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում հարուցված քրեական գործի շրջանակներում ոստիկանները Սիսիան քաղաքի «Հայաստան» դաշինքի մեկ գրասենյակում, դաշինքի ներկայացուցիչների բնակարաններում ու ավտոմեքենաներում իրականացրել են խուզարկություններ։ Այս պահի դրությամբ բերման ենթարկվածներ չկան»։
-
Առավոտյան ժամը 11:00-ի դրությամբ Հայաստանում մասնակցությունը կազմել է 12,2%
Այս մասին հաղորդել է ԿԸՀ նախագահի տեղակալ Լաուրա Գալստյանը։ 12,2% -ը կազմում է 316,291 մարդ:
Երևանում մասնակցությունը կազմել է 13.9%, այսինքն ավելի քան 120 հազար մարդ է արդեն քվեարկել։ Ընդհանուր առմամբ, Երևանում քվեարկելու իրավունք ունի 859 հազար մարդ։
-
Երևանում կրակել են վարչապետի թեկնածուի մեքենայի վրա
«Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինքի» վարչապետի թեկնածու Արման Բաբաջանյանը հաղորդել է, որ կրակել են իր մեքենայի վրա։
«Կրակել են ավտոմեքենայիս վրա։ Երբ մարդասպանը, գողը, մաֆիոզը ազատության մեջ է, այն էլ մասնակցում է ընտրության, այսպիսի պատահարներից չենք խուսափելու», — գրել է Բաբաջանյանը Ֆեյսբուքում:
Թե ում նկատի ունի, Բաբաջանյանը չի նշել։
Քաղաքական գործիչը կրակոցի հետքով իր մեքենայի մի քանի լուսանկարներ է հրապարակել և խոստացել ավելի ուշ մանրամասներ հաղորդել։
-
«Հանուն արժանապատիվ խաղաղության և տնտեսական աճի»․ Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյան
«Հայաստան» դաշինքի առաջնորդը մասնակցել է ընտրություններին, նախկին նախագահն ընտրատեղամաս էր եկել տիկնոջ հետ։
Ընտրատեղամասից դուրս գալիս այն հարցին, թե արդյո՞ք հավատում է իր գլխավորած դաշինքի հաղթանակին՝ Քոչարյանը հարցով է հատասխանել․
«Իսկ դուք կասկածո՞ւմ եք»։
Նախկին նախագահը մեկնաբանել է նաև այն, որ Երևանի փողոցներում իր դեմ թռուցիկներ են տարածել՝ «Հայերի մարդասպան» գրառմամբ։
Այս միջադեպը Քոչարյանն համարում է օրենքի կոպիտ խախտում․
«Կա մեծ կասկած, որ դա արվել է իշխանությունների կողմից կամ վերջինիս հրահանգով: Եթե իրավապահները առաջիկա ժամերի ընթացքում չբացահայտեն դրա հեղինակներին, մենք հանդես կգանք հայտարարությամբ այն մասին, որ դա արվել է իշխանության կողմից»։
-
Հայաստանի ընտրատեղամասերից մեկում կրակոցներ են հնչել
Արարատի մարզի Ազատաշեն գյուղում տեղի ունեցած միջադեպի մասին հաղորդագրություն է ստացվել ոստիկանությունում 08:30՝ քվեարկության մեկնակից կես ժամ անց։ Պարզվել է՝ այստեղ վեճ է տեղի ունեցել «Բարգավաճ Հայաստան» և «Վերելք» կուսակցությունների ներկայացուցիչների միջև։
Միջադեպի մասնակիցներից մեկը մի քանի անգամ կրակել է գազային ատրճանակով։ Նախաքննություն է ընթանում։
-
Քվեարկությունից առաջ ընտրական գործընթացի խախտման համար կալանավորվել է 6 մարդ
Հայաստանի գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը հաղորդում է, որ նախընտրական քարոզարշավի ընթացքում ստացվել է ընտրական գործընթացի խախտումների մասին 388 ահազանգ։
Դրանցից․
123-ը ԶԼՄ հրապարակումներ են,
91-ը՝ երկրի բնակիչների կողմից տրված հաղորդումներ, այդ թվում՝ նաև ստացված դատախազության թեժ գծի միջոցով,
- 2-ը՝ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից ստացված գրություններ,
- 65-ը՝ սոցիալական ցանցերում օգտատերերի կողմից կատարված գրառումներ,
- 57-ը՝ ոստիկանության կողմից ստացված օպերատիվ տվյալներ:
Ստացված բողոքների մեծ մասը վերաբերել է ընտրակաշառք բաժանելուն։
Արդյունքում՝ 338 հաղորդումներից 126-ն ուղարկվել է քննչական մարմիններ՝ նյութեր նախապատրաստելու նպատակով: 26 դեպքի առթիվ հարուցվել են քրեական գործեր, 14 անձի մեղադրանք է առաջադրվել։ 7 մարդ ունի կասկածյալի կարգավիճակ։ 6 մարդ կալանավորվել է։