«Ինքնասպանների ջոկատ». ի՞նչն այնպես չէ
«Ինքնասպանների ջոկատը» դատապարտված էր կոմերցիոն հաջողության: Ջոկերի նոր կերպարը, Ուիլ Սմիթի վերադարձը բլոքբասթերների ոլորտ, բացի այդ, հիասքանչ Մարգո Ռոբբին Ջոկերի սիրեցյալ Հարլի Քուինի դերում: Առաջին իսկ թրեյլերն, ինչպես այժմ ասում են, «պայթեցրեց» ինտերնետը: Սակայն պրեմիերայից հետո շատերն էին իրենց հարց տալիս՝ ի՞նչն այնպես չէ:
Առաջին հերթին, ֆիլմի սինոփսիսն է: Հանրության առջև Սուպերմենի հայտնվելուց հետո կառավարությունն անհանգստացած է իր նմանների «ստվերից դուրս գալով», ովքեր ուժով իրենց հավասար են, սակայն արմատապես հակառակ մտադրություններ ունեն: Դաշնային գործակալ Ամանդա Ուոլլերը (Վիոլա Դևիս) սուպերչարագործների թիմ է հավաքում այն նպատակով, որ դիմակայի բոլորովին ոչ աբստրակտ սպառնալիքի: Իսկ եթե ինչ-որ մեկն անգամ զոհվի առաքելության ժամանակ, ապա կորստի համար ոչ ոք չի փոշմանի: Աշխարհին անհապաղ օգնություն է անհրաժեշտ, այդ պատճառով էլ բանտարկյալների առումով ձևականությունների հետևից չեն ընկնում:
Ամբողջ ֆիլմը պայմանականորեն կարելի է երկու մասի բաժանել՝ հերոսներին ներկայացնելն ու սուիցիդալ առաքելությունը: Եվ արդեն հենց սկզբից ուշադիր հանդիսատեսը կարող է ֆիլմի հիմնական խնդիրը հասկանալ՝ տեսարանների ապաշնորհ մոնտաժը: Չարագործների նախապատմությունը խցկել էին ֆլեշբեքերի տեսքով, իսկ անցումները վառ ու կոմիքսանման են դարձրել: Ինչ-որ մեկին դա կարող է դուր գալ, սակայն նման մոտեցումը վատ է համադրվում ֆիլմի մռայլ ոճաբանության հետ: Երևի ռեժիսորին վերևից հրաման են տվել այն ավելի ուրախ դարձնել: Երկու կրակոցով մի նապաստակ…
Երկրորդ խնդիրը հերոսների էկրանային ժամանակի անհամաչափությունն է: «Ինքնասպանների ջոկատում» գերազանց ներկայացված է վարձու մարդասպանի, որը երբեք չի վրիպում, Դեդշոթի (Ուիլլ Սմիթ), Ջոկերի հանդեպ տարօրինակ թուլություն ունեցող խենթ Հարլիի, ինչպես նաև ավազկ Էլ Դիաբլոյի (Ջեյ Էրնանդես) կերպարներն, ով հավատացեք բավականաչափ համուհոտ կտա ֆլիմին: Սակայն թե ինչու են Մարդասպան Քրոքն ու Կապիտան Բումերանգն այնքան վտանգավոր, որ նրանց նետել են աշխարհի ամենագաղտնի բանտը, մենք այդպես էլ չենք իմանա:
Հետո ավելի վատ է: Մեկ խարիզմատիկ չարագործին ուշադրություն դարձնելու փոխարեն ռեժիսոր Դևիդ Էյերը հանդիսատեսին է ներկայացնում միանգամից երեքին: Ամենակարող Հրաշագործը (Կառա Դելևին), ով զբաղվում է միայն նրանով, որ մարդկանց է համբուրում՝ նրանց զոմբիների վերածելով և պարում է «մեծ սարսափելի ճառագայթի» շուրջ, նրա եղբայրը՝ պարզապես հաղթանդամ ու ձանձրալի ջարդարարը, և Ջոկերը:
Ես անկեղծորեն նախանձում եմ Ջարեդ Լետոյին: Նա լավ դերասան է: Սակայն օսկարակիր Հիթ Լեջերից հետո դա անհավանական սթրես է, ինչպես նաև կոմիքսների երկրպագուների ահռելի բանակի կողմից անիծված լինելու ռիսկ: Իմ կարծիքով, նրա մարմնավորած Ջոկերը միանշանակ չէ: Ավելի քիչ կատակներ, ավելի քիչ փիլիսոփայություն և ավելի շատ ագրեսիա: Նա խելագար գանգստեր է, ով սարսափի մեջ է պահում ամբողջ քաղաքը: Ինչ-որ մեկը կարող ասել. «Ախր խաղի առումով նա չափն անցնում է»: Ես կպատասխանեմ, որ նա Ջոկերն է, և պարտավոր է չափն անցնել: Հարցազրույցներից մեկում Ջարեդ Լետոն խոստովանել է, որ նրա մասակցությամբ տեսարաններն ավելի շատ են նկարահանվել, քան ներառվել է ֆիլմի վերջնական տարբերակում: Հենց դա է հանդիսատեսի հանդեպ ամենաիսկական հանցագործությունը:
Մնացածն ամբողջը շտամպի համաձայն է արված: Հերոսները երբեմն սրամտում են, շատ են կրակում, ընկերանում են, և պարտադիր հեփի էնդ է լինում: Եվ սա բոլորովին էլ սփոյլյեր չէ. այն բանի գիտակցումը, թե ինչով կավարտվի ֆիլմը, հանդիսատեսի մոտ ուրվագծվում է առաջին կես ժամից հետո արդեն:
Հիմա ի՞նչ, արդյո՞ք արժե նայել այս ֆիլմը: Արժե: Հանուն ամենահմայիչ Հարլի Քուինի և Ջոկերի վերերկրային սադոմազոխիստական սիրո: Հանուն Ուիլ Սմիթի, ով հանրության ռասիստական տրամադրություններին հակառակ (Դեդշոթը կոմիքսներում աֆրոամերիկացի չէր) իսկական վարպետաց դաս տվեց: Եվ, գրողը տանի, հանուն կրակոտ Էլ-Դիաբլոյի:
Եվ միայն մի հարց դաժան վեճերի առարկա կդառնա: Ո՞վ է ավելի սեքսուալ՝ Կառա Դելևի՞նը, թե՞ Մարգո Ռոբբին:
Հրապարակվել է 04.09.2016