Անմահ թութակն ու այն ամենը, ինչը չի կարելի կիսել․ հայ-ադրբեջանական երաժշտական ժառանգությունը
Արդեն գրեթե 30 տարի Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող տեղեկատվական պատերազմը գրավում է նաև երաժշտության ասպարեզը: Երկու կողմերի սոցիալական ցանցերի օգտատերերն անվերջ կարող են վիճել այն հարցի շուրջ, թե ում է պատկանում այս կամ այն ստեղծագործությունը:
Բայց կա նաև այնպիսի երաժշտություն, որը հնարավոր չէ ո’չ կիսել, ո’չ էլ առգրավել միմյանցից, քանի որ ժամանակին այն ստեղծվել է համատեղ, ու մինչև օրս էլ «ընդհանուր գույք» է հանդիսանում:
Ժառանգաբար փոխանցվող թութակը
“Здравствуйте, товарищи,
Рад я видеть вас,
Там в горах кавказских,
Я барашек пас,
Теперь попугай мой,
Счастье вам несет,
Попугай гадает,
Попугай поет”.
Գործնականորեն իմաստազուրկ, ռուսաց լեզվի կանոններն անտեսող այս երգը ժամանակին Բաքվի կյանքի երաժշտական խորհրդանիշն էր հանդիսանում: Երգը կատարում էր բաքվեցի հայ, «ոչ պաշտոնական» երգիչ Բորիս Դավիդյանը, որ մեծ հեղինակություն էր վայելում Բաքվում 1970-80-ական թթ. (մահացել է Լոս Անջելեսում 2020 թվականի հուլիսի 20-ին): Հանդիսատեսին նա ավելի շատ հայտնի էր որպես «Բոկա»`այս կեղծանունով էր ելույթ ունենում ռեստորաններում և հարսանիքներին:
Բոկայի երգանացանկը յուրահատուկ էր. քրեական աշխարհին նվիրված «բալլադները» միահյուսվում էին հարազատ քաղաքին ուղղված սիրո խոստովանությունների ու կոպիտ հումորային դրվագների հետ: Խորհրդային «պաշտոնական» բեմից նման երաժշտություն չէր կարող հնչել, իսկ տարբեր հավաքույթների ու բակային կիթառով երեկոների համար՝ իսկականն էր:
Որոշ երգեր Բոկան ինքն է հեղինակել, երգել է նաև ուրիշների երգերը, դրա մասին մինչև հիմա վիճում են: Սակայն նրա գլխավոր հաղթաթուղթը երգելու եղանակն էր:
Բոկան հիմնականում երգում էր ռուսերեն` Բաքվին, կամ գուցե հայերենին բնորոշ առոգանությամբ, տեղական հատուկ բառեր ու արտահայտություններ էր օգտագործում. շատ կոլորիտային էր ստացվում:
«Գողական» աշխարհի մասին շատ հայտնի երգ` «Доля»: Աղբյուր` Բոկայի երկրպագուների ոչ պաշտոնական կայք
1980-ական թթ. վերջում, հայ-ադրբեջանական հակամարտության թեժ փուլում Բոկան ինքն իրեն մարմնավորեց էպիզոդային դերերում` Վագիֆ Մուստաֆաևի «Սրիկան» (1988թ.) և Ռասիմ Օջագովի «Օդի տաճարը» (1989թ.) ֆիլմերում: Թեև «Օդի տաճարում» նրա դերն այնքան էլ «կամեո» չէր, այսինքն նա այստեղ իրեն չէր կարող մարմնավորել, քանի որ ֆիլմի գործողությունները ծավալվում են այն ժամանակ, երբ Բորիս Դավիդյանը նույնիսկ չէր էլ ծնվել: Ավելի շուտ, Օջագովը նրան նկարել է իբրև ռեստորանային երգչի հավաքական կերպար: Ժամանակին Բոկան հենց այդպիսին էր: Ի դեպ, այդ ֆիլմում նա նույնպես երգում է «Мадам попугай» երգը:
***
1990-ական թթ., երբ Բոկան արդեն Բաքվից հեռու էր ապրում, ղարաբաղյան պատերազմն ավարտվել էր, իսկ համակարտությունը դեռ առկա էր, բոլոր տներում սկսեցին հայտնվել մագնիտոֆոնները, ու նորից հնչում էր այդ նույն` «Мадам попугай» երգը, բայց արդեն Էյուբ Յագուբովի կատարմամբ: Թեև նրա ձայնը տաբերվում էր Բոկայի ձայնից, Յագուբովին լիովին հաջողվեց փոխանցել հենց այն, Բաքվի առոգանությունը: Նա հայտնի դարձավ հենց այդ «գողական» աշխարհին վերաբերող երգերի շնորհիվ` համալրելով Բոկայի երգանացանկն արդեն նոր ստեղծագործություններով` նույն ոճով ու հոգով:
Հետագայում Յագուբովն սկսեց կատարել ավելի լուրջ, քնարերգական երաժշտություն: Բայց լրագրողները բազմիցս հիշեցնում էին, որ նա անուն է հանել «հայկական երգերի» շնորհիվ: Երգիչն էլ միշտ պատասխանում էր, որ այդ երգերը ոչ թե «հայկական» էին, այլ «Բաքվի», համարյա ֆոլկլորային, ու դրանք երգելն ամենևին էլ պախարակելի չէր:
Բորիս Դավիդյանն բնակվում էր Լոս-Անջելեսում, շրջագայում էր աշխարհով մեկ, ու իր հարցազրույցներում հաճախ խոսում Բաքվի` իր հարազատ քաղաքի մասին, որի հետ կապված ջերմ հիշողություններ ուներ:
Իսկ նրա բաքվեցի երկրպագուները փորձում են փոխզիջումների գնալ նրա ստեղծագործությունների հանդեպ սիրո ու հայրենասիրության միջև: Սովորաբար այդ զիջումներն արտահայտվում եմ հետևյալ կերպ. Բոկան թեև հայ է, բայց` յուրային, բաքվեցի: Այսինքն, նրան «կարելի է» սիրել:
“Еще одну песню,
Мы вам здесь споем,
Потом с попугаем,
Домой спать пойдем,
Ему болит сердце,
Ему надо спать,
Ему надо срочно лежать на кровать…”
Ստեղծագործական միությունները
Ավելի նրբաճաշակ հանդիսատեսն այն ժամանակ Բոկայի երգերը չէր լսում, ռեստորան չէր գնում`նախընտրելով Մուսլիմ Մագոմաևին, Ռաշիդ Բեյբութովին և Միրզա Բաբաևին: Երեքն էլ հանրահայտ երգիչներ էին, նրանց ճանաչում էին ամբողջ Խորհրդային Միությունում և նույնիսկ դրա սահմաններից դուրս, նրանց երգերը հնչում էին ռադիոյով և հեռուստատեսությամբ: Նրանց երգացանկը չէր կարող համեմատվել հարսանիքներին հնչող «շանսոնների» հետ… Օրինակ, «Թաջիկֆիլմ» կինոստուդիայի ֆիլմում Ռաուֆ Ատակիշիևի կատարմամբ հնչած «Ես հանդիպեցի մի աղջկա» երգն այնուհետև երգել է Ռաշիդ Բեյբութովը, ու այն երկար ժամանակ հիթ է եղել:
Երգի երաժշտության հեղինակը Ղարաբաղում ծնված հայ Անդրեյ Բաբաևն է: 1940-ական թթ. վերջում նա աշխատել է Բաքվի ֆիլհարմոնիայում, այնուհետև տեղափոխվել է Մոսկվա, բայց շարունակել է ակտիվ կերպով համագործակցել ադրբեջանցի կատարողների հետ: Մասնավորապես, աշխատել է Բեյբութովի հետ, որի համար բազմաթիվ երգեր է գրել, նաև իր անվանակցի`դերասան ու երգիչ Միրզա Բաբաևի հետ:
Այնուամենայնիվ, ամենավառ, ամենահայտնի ու «անկասկած» հայ-ադրբեջանական երաժշտական միությունը կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանի ու երգիչ Մուսլիմ Մագոմաևի տանդեմն է: Վերջինիս երգերի մեծ մասը գրել է Բաբաջանյանը, որոնց շնորհիվ էլ Մագոմաևը հայտնի է դարձել: Նա էլ, իր հերթին, «հանրաճանաչ» դարձրեց Բաբաջանյանի երգերից շատերը:
Մուսլիմ Մագոմաևը հիշում էր, թե ինչպես է 1988թ. Մոսկվայի «Ռոսիա» համերգային դահլիճում մենահամերգ ունեցել «Հուշեր Առնո Բաբաջանյանի մասին» խորագրով, իսկ ընդամենը մի քանի ամիս անց սկսվել է ղարաբաղյան հակամարտությունը: 2006թ. կոմպոզիտորի հիշատակին նվիրված համերգին նա արդեն որոշեց չմասնակցել, վախենալով, որ «մարդիկ չեն հասկանա»: Սակայն մեկ տարի անց Մոսկվայում թողարկվեց «Մուսլիմ Մագոմաև. Հուշեր Առնո Բաբաջանյանի մասին» երաժշտական ալբոմը:
30 տարի անց
Փաստորեն, ժամանակին Բոկան սկիզբ դրեց մի ժանրի, որը հետագայում անվանեցին «Բաքվի շանսոն»` Բաքվի կոլորիտով զավեշտալի ու քրեական աշխարհին նվիրված երգեր:Ադրբեջանի այսօրվա երիտասարդների շրջանում դրանք արդեն այնքան էլ հայտնի չեն, բայց հարսանիքներին դեռևս շարունակում են հնչել:
Ինչ վերաբերում է Բաբաևի և Բաբաջանյանի հեղինակած`Մագոմաևի և մյուս աստղերի երգերին, ապա դրանք դեռևս սիրված են, դրանք երգում են և հեռարձակում ռադիոյով ու հեռուստատեսությամբ: Ամեն դեպքում, դրանք ոսկե ֆոնդի մաս են կազմում: Ահա այսպիսին է համեմատաբար վերջերս գոյություն ունեցող հայ-ադրբեջանական բարեկամության ժառանգությունը, որը չկարողացան վերացնել նույնիսկ երեսուն տարվա կռիվները: