«Իմ կյանքում ամեն ինչ փոխվեց ոչ թե պատերազմի ժամանակ, այլ զինադադարից մեկ շաբաթ անց»
Այս պատմությունը մեկն է այն բազմաթիվ դեպքերից, որոնք պատմում են Արցախից վերաբնակեցված անձինք Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո: Կարինե Մելքոնյանի ընտանիքի չորս երեխաները ծնվել են Ղարաբաղի Վազգենաշեն գյուղի իրենց տանը [Ադրբեջանում այս գյուղը կոչվում է Գյուլաբլի և գտնվում է Աղդամի շրջանում — Հետագծեր]:
2020 թվականի աշնանը՝ ռազմական գործողությունների ավարտից հետո, գյուղը, ի թիվս այլ տարածքների, վերադարձավ Ադրբեջանի վերահսկողության տակ՝ համաձայն նոյեմբերի 10-ին Մոսկվայում ստորագրված եռակողմ համաձայնագրի (Հայաստան, Ադրբեջան, Ռուսաստան):
Պատերազմից հետո այս ընտանիքը, ի թիվս այլոց, լքեց սեփական տունը և գնաց Հայաստան: Կարինեն պատմում է, թե ինչպես են ինքն ու իր ընտանիքը նոր կյանք սկսել Գյումրի քաղաքում:
«Ես գյումրեցի եմ, բայց կյանքիս մեծ մասն ապրել եմ Արցախում՝ Վազգենաշենում։ Վազգենաշենում ապրել եմ թուրքի տանը։ Մեզանից առաջ այդտեղ թուրքեր են ապրել, տան դիմաց նաև թուրքական աղոթատեղի ունեինք, բայց տարածքը փակել էինք, չէինք մտնում առհասարակ։
Վազգենաշենը փոքր համայնք է, մի քանի ընտանիք էր ապրում։ Խմելու ջուր չունեինք, ամեն օր գյուղամեջից էինք բերում։ Երեխաներիս համար շատ դժվար է եղել այդ պայմաններում մեծանալը։ Չորս երեխա ունեմ, 24 և 11 տարեկան տղաներ և 9 տարեկան երկվորյակ աղջիկներ։
Աղջիկներս խոսքի խնդիր ունեն, մինչև հիմա չեն կարողանում նորմալ խոսել։ Մասնագետներ չկային, որոնց կարողանայինք դիմել։ Չնայած համայնքում դպրոց կար, բայց խոսքի խնդրով պայմանավորված՝ նաև դպրոց չեն հաճախել։
Պատերազմը մեզ համար շատ ծանր հետևանքներ ունեցավ։ Նոյմբերի 18-ին՝ հրադադարից մոտ 7 օր անց, Վազգենաշենը «նվիրեցին» ադրբեջանցիներին։ Այդ պահից սկսած՝ մեր կյանքը գլխիվայր փոխվեց։ Գյուղից վերջին ընտանիքն ենք եղել, որ դուրս ենք եկել։
Արդեն չորս ամիս է, ինչ ապրում ենք Գյումրիի հանրակացարանում։ Այստեղ մեզ լավ են վերաբերվում, անվճար սենյակ են տրամադրել, սնունդ են տալիս, կոմունալ հարմարությունները կան։
Շատ շնորհակալ ենք, բայց միևնույն ժամանակ շատ վատ ենք մեզ զգում։ Եկանք Գյումրի, ու մեզ տվեցին բոլոր հարմարությունները, բայց քաղաքում մինչև հիմա տեսնում ենք, որ մարդիկ 88-ի երկրաշարժից հետո՝ 33 տարի անց, տուն չունեն՝ անտուն են և անմարդկային պայմաններում են ապրում։ Շատ ծանր են այդ մտորումները։
Կարոտում ենք Արցախը, մեր տունը։ Երեխաներս անընդհատ հարցնում են, թե երբ ենք գնալու մեր տուն։ Բայց չգիտեն, որ չենք գնալու։ Դժվար է այդ ամենի մասին իրենց պատմելը, բացատրելը։
Մնալու ենք Գյումրիում, միանշանակ։ Այստեղ ավելի ապահով է։ Ես իմ երեխաների ապագայի համար եմ մտածում։ Այստեղ երեխաներս կրթություն են ստանում, իրենց տարեկիցների հետ են հաղորդակցվում, աղջիկներս՝ Լարիսան ու Արաքսին լոգոպեդի են հաճախում։ Քիչ-քիչ աչքիս առաջ վերականգնվում են։
Այն, ինչը չենք կարողացել անել և հնարավորությունը չենք ունեցել դրա համար Արցախում, այստեղ կա։ Սա շանս է նոր կյանք սկսելու համար։
Ամուսնուս մայրը՝ Լարիսան, ասում է, որ ուզում է վերադառնալ Արցախ, բայց առանց մեզ չի գնա։ Ամբողջ օրը գուլպաներ է գործում, փորձում է մի բանով զբաղվել, որ ծանր մտքերը վրա չհասնեն։ Գործելը իր համար միայն զբաղմունք կամ օգտակար գործ չէ, գործելն իրեն օգնում է հանգստանալ ու կտրվել իրականությունից։
Հիմա միայն մտածում եմ իմ երեխաների ապագայի, կրթության մասին, բոլոր այն հնարավորությունների մասին, որոնք Հայաստանում կան և հասանելի են մեզ համար։ Ճիշտ է, պատերազմը վատագույն բանն էր, որ կարող էր պատահել մեզ հետ այս կյանքում, բայց ինչ արած, կյանքը շարունակվում է, և մենք ենք որոշում՝ ինչպես այն ապրել։ Որոշել ենք՝ ապրել, լավ ապրել»։