Ի՞նչ է կատարվում Ղազախստանում․ ցույցեր, բախումներ, հրաժարականներ։ Լուսանկարներ, տեսանյութեր
Ցույցեր Ղազախստանում
Ղազախստանը համակված է զագվածային ցույցերի աննախադեպ ալիքով։ Երկրում կատարվող իրադարձությունների մասին արժանահավատ տեղեկություններ ստանալը դժվար է․ հունվարի 5-ին երկրով մեկ անջատվել է համացանցը։ Հայտնի է, որ ցույցը, որը տարածվել է մի քանի խոշոր քաղաքներում, սկսվել է գազի գների բարձրացումից։ Սակայն անգամ գներն իջեցնելուն իշխանության համաձայնելն ու կառավարության հրաժարականը չեն հանդարտեցրել իրավիճակը։ Ուժայինների հետ ցուցարարների բախումները շարունակվում են։ Միաժամանակ երկրի իշխանությունում կարևոր փոփոխություններ են տեղի ունենում։
Հունվարի 5-ի երեկոյի դրությամբ հայտնի է, որ երկրի շատ քաղաքներում զանգվածային ցույցեր են անցկացվել, ինչպես նաև բախումներ են եղել ցուցարարների և ուժայինների միջև։ Որքան հայտնի է, բախումներից առավել տուժել է նախկին մայրաքաղաք Ալմաթին․ այստեղ ցուցարարները ներխուժել են աքիմաթի (քաղաքապետարանի) շենք և հրդեհել այն, նրանք փորձել են նաև գրավել երկրի նախագահի տեղի նստավայրը։
Ալմաթիի պարետի խոսքով՝ հունվարի լույս 5-ի գիշերը քաղաքում այրվել է 120 ավտոմեքենա, այդ թվում՝ ոստիկանության և շտապօգնության մեքենաներ, ավերվել է 120 խանութ և կրպակ, հանրային սննդի 180 հաստատություն, տուժել է 500 քաղաքացիական անձ։
Համացանցում տեսանյութ է հայտնվել այն մասին, թե ինչպես են ցուցարարները զինաթափում ոստիկաններին և զինվորներին։
«Նաստոյաշչեե վրեմյա» հեռուստաալիքը հաղորդում է, որ ցուցարարները գրավել են Ալմաթիի օդանավակայանը, դրա աշխատակիցները տարհանվում են։
- Քաղաքական ճգնաժամ և ռուսամետ տրամադրություններ։ Իրավճակը Վրաստանում՝ ուկրաինացի լրագրողների աչքերով
- Ստամբուլ-Երևան. «Տրանսպորտային և տնտեսական կապերը բացվում են»
- Բայդենի և Պուտինի բանակցությունները․ պատժամիջոցների սպառնալիք և Կրեմլի պահանջները
Ալմաթիում և մի շարք այլ քաղաքներում իշխանությունն արտակարգ դրություն և պարետային ժամ է մտցրել։ Երկրում համացանցը չի աշխատում, որոշ հեռուստաալիքներ դադարեցրել են հեռարձակումը։ Ղազախստանի անկախ լրատվամիջոցների կայքերն անհասանելի են։
Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևը հունվարի 5-ին ուղերձով դիմել է ժողովրդին, հաղորդում է ղրղզական Kloop անկախ պարբերականը։ Այն հաղորդել է, որ երկրի Անվտանգության խորհուրդը, որն ավելի վաղ գլխավորում էր Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, այսուհետ նա չի գլխավորում։ Սա վկայում է կարևոր քաղաքական փոփոխությունների մասին։
Նազարբաևը, որը երկիրը գլխավորում էր գրեթե 30 տարի, հրաժարական է տվել 2019 թ-ին։ Սակայն պահպանել էր «ելբասիի»՝ «ազգի հայր» տիտղոսը, բազմաթիվ պաշտոններում իրեն հավատարիմ անձանց և քաղաքական մեծ ազդեցությունը։ Անվտանգության խորհրդի ղեկավարը միակ ֆորմալ պաշտոնն է, որը մինչ այս պահը զբաղեցնում էր առաջին նախագահն իշխող մարմիններում։
Իր որոշման մասին խոսելիս Ղազախստանի գործող նախագահը հայտարարել է, որ «պարտավոր է պահպանել քաղաքացիների անվտանգությունն ու հանգստությունը, հոգ տանել Ղազախստանի ամբողջականության մասին»։
Նա ցուցարարներին անվանել է «դավադիրներ», որոնք կազմակերպված են գործում՝ նախապես մտածված պլանի համաձայն։
«Այդ պատճառով էլ, որպես պետության ղեկավար և այսօրվանից նաև Անվտանգության խորհրդի նախագահ, ես մտադիր եմ գործել առավելագույնս կոշտ», — հայտարարել է նա։
Նա նաև խոստացել է մոտ օրերս նոր առաջարկներ ներկայացնել Ղազախստանի քաղաքական վերափոխման ուղղությամբ։
«Ինչ էլ լինի, ես մայրաքաղաքում եմ լինելու։ Ժողովրդի կողքին լինելն իմ սահմանադրական պարտականությունն է։ Միասին մենք կհաղթահարենք Ղազախստանի պատմության այս սև օրերը։ Դրանցից դուրս կգանք ավելի ուժեղացած», — հայտարարել է Տոկաևը։
Պատճառ ունեցող ցույցեր
Զանգվածային ցույցերի առիթը հեղուկ գազի գնի բարձրացման զուտ կենցաղային հարցն էր։
Վերջին մի քանի տարում Ղազախստանի բնակիչները սրընթաց կերպով աղքատանում էին, սակայն երկրի արևմուտքում, հատկապես Ժանաոզենում, դա ավելի ցայտուն էր արտահայտվում։ Նավթագործների և գազագործների քաղաքն ապրելու համար ծայրահեղ անհարմար է (կամ սարսափելի շոգ է, կամ սարսափելի ցուրտ և միշտ ուժեղ քամի է), այն անվանվում է բարեկեցիկ վիճակագրորեն բարձր միջին աշխատավարձերի պատճառով, գրում է ռուսական անկախ «Նովայա գազետան»։
Սակայն փաստացի՝ բնակիչների մեծ մասի աշխատավարձերը ոչ միշտ են հասնում անգամ 300 դոլարի (մոտ 130 հազար տենգե)։ Եվ գրեթե բոլոր մեքենա ունեցողները դրանք լիցքավորում են գազով․ դա համեմատաբար ավելի էժան է։ Էժան էր։ Մինչև որ ինչ-որ պահի որոշում կայացվեց գները 60 տենգեից (14 ցենտ) բարձրացնել մինչև 120 տենգե մեկ լիտրի դիմաց։ Ժանաոզենն առաջինը փողոց դուրս եկավ, բայց հունվարի 2-ի երեկոյան արդեն ցույց էր անում ողջ Մանգիստաուի շրջանը։
Ցուցարարների պահանջները, որոնք ի սկզբանե այնքան էլ շատ չէին՝ ողջ շրջանում մոտ 2‒3 հազար մարդ, բացառապես տնտեսական էին, և բավական էր միանգամից արձագանքել դրանց, որպեսզի ցույցն առավելագույնս տեղայնացվեր։
Սակայն շրջանային իշխանությունը մինչև վերջին պահն անտեսում էր իրավիճակը, իսկ նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևն արձագանքեց ուշ գիշերին Թվիթերում․ «Կառավարությանը հանձնարարել եմ շտապ քննարկել իրավիճակը Ժանաոզենում՝ իրավական դաշտում տնտեսական նպատաահարմարության տեսանկյունից։ Ցուցարարները չպետք է խախտեն հասարակական կարգը»։
Սեփական ժողովրդի հետ շփման թվիթերյան դիվանագիտությունը ձախողվեց․ հաջորդ օրը ցուցարարների թիվն աճեց մի քանի անգամ։
Որպես շտապ միջոց՝ գները Մանգիստաուի շրջանի համար, այնուամենայնիվ, իջեցրին մինչև 85 տենգե մեկ լիտրի դիմաց՝ «ՂազՄունայԳազ» ընկերության հաշվին «բիզնեսի սոցիալական պատասխանատվության» շրջանակում։ Բայց արդեն ուշ էր․ նման զիջումը մարդիկ ընկալեցին որպես ծաղր և բորբոքվեցին։ Ավելին, բորբոքվեցին նաև մյուս շրջանները․ չէ՞ որ գներն իջեցրել էին միայն Մանգիստաուի համար։
Արդեն հունվարի 4-ին Մանգիստաուի շրջանին զուգահեռ ցույցեր սկսվեցին հարևան Աթիրաուի շրջանում։ Նույն օրը՝ նաև Ուրալսկում և Աքթոբեում։
Գլխավորն այն է, որ փոխվեցին կարգախոսները․ բոլոր շրջանները կտրուկ բարձրացրին խաղադրույքները և սկսեցին պահանջել կառավարության, նախագահ Տոկաևի հրաժարականը և, ամենակարևորը, առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի՝ քաղաքականությունից ամբողջությամբ հեռանալը, որի ընտանիքն, ըստ ցուցարարների, նախկինի պես առանցքային ազդեցություն ունի երկրի քաղաքականության և տնտեսության վրա։
«Շա՛լ, քեթ» («Ծերո՛ւկ, հեռացի՛ր») կարգախոսն արագությամբ փոխարինեց սկզբնական «Գազ ելու»-ին («Գազը՝ 50-ով»)։
Իշխանությունը հունվարի 4-ի երեկոյան արդեն համաձայնեց գազը 50 տենգե դարձնել, բայց կրկին՝ Մանգիստաուի շրջանի բնակիչների համար։ Եվ այդ պահից սկսած՝ նրա ցանկացած գործողություն կամ հայտարարություն սկսեց ընկալվել բացառապես որպես պատրվակ, իսկ ցույցն ամբողջությամբ դադարեց տնտեսական լինել։
«Այժմ մարդիկ հասկանում են, որ հարցը միայն գազի գինը չէ (դա արդեն հետևանքն է), նրանք հարցն այնպես են բարձրացնում, որ Ղազախստանում տեղի ունենա քաղաքական ռեժիմի փոփոխություն․ որպեսզի Նուրսուլթան Նազարբաևը հեռացվի իշխանությունից, իսկ նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևն ինքնակամ լքի իր պաշտոնը, — «Նովայա գազետային» ասել է լրագրող և ակտիվիստ Լուկպան Ահմեդյարովը, որը մասնակցում է Ուրալսկի ցույցերին։ — Եվ որպեսզի Ղազախստանում անցումային կառավարություն ձևավորվի, որը կապահովի տեղական ինքնակառավարման մարմինների, խորհրդարանի և, համապատասխանաբար, երկրի ղեկավարության նորմալ արդար ընտրությունները։ Ահա այսպիսի պահանջներ ունեն հիմա ցուցարարները»։
Մինչդեռ ցույցն ընդլայնվել է, և նույնպիսի պահանջներով փողոց են դուրս եկել նաև հարավային շրջանների բնակիչները։ Ալմաթիում ցուցարարների մեծ խումբ է ձևավորվել, և հենց այնտեղ է ցույցն առավելագույնս ծայրահեղացվել։ Երթն արագ վերածվել է ավերածությունների։ Ուժայիններն արցունքաբեր գազ և խլացուցիչ նռնակներ են կիրառել, ի պատասխան՝ ցուցարարներն այրել են մի քանի ոստիկանական մեքենա, գրավել աքիմաթը (այն արագ հետ էին գրավել)։
Այդ պահին երկրի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը ցուցարարներին հասցեագրված տեսաուղերձ է հրապարակել։
«Իշխանությունը չի տապալվելու», — չարագուժորեն հայտարարել է նա՝ կոչ անելով դրսևորել «խելամտություն» և խոստանալով, որ ցուցարարների ցանկությունները «հաշվի կառնվեն»։
Հունվարի 5-ի գիշերվանից Մանգիստաուի և Ալմաթիի շրջաններում երկու շաբաթով արտակարգ դրություն է սահմանվել՝ աննախադեպ միջոց առաջին Ժանաոզենից հետո։ Ալմաթիի կենտրոնական հրապարակ նույնիսկ ռազմական տեխնիկա է բերվել, քաղաքում կապի հետ մեծ խնդիրներ կան։ Հունվարի հինգի առավոտյան մարդկանց հավաքները նույն կերպ ցրվել են նաև Ուրալսկում՝ նույնպես խլացուցիչ նռնակներով և մեծ թվով ձերբակալվածներով։
Հունվարի 5-ի առավոտյան Տոկաևն արտակարգ խորհրդակցություն է հրավիրել՝ հասկանալու, թե ինչ անել։ Նախագահը ցուցադրաբար քննադատել և պաշտոնանկ է արել կառավարությունն ամբողջությամբ, ինչպես նաև փոխարինել է Ազգային անվտանգության կոմիտեի պետքարտուղար և ղեկավարի առաջին տեղակալին (իսկ նա Նազարբաևի զարմիկն էր՝ Սամաթ Աբիշը․ ժամանակին նրան կոչում էին ելբասիի ապագա փոխարինողներից մեկը)։ Վառելիքի և կենսական կարևորություն ունեցող ապրանքների գների պետական կարգավորում է սահմանվել, արգելված է բարձրացնել կոմունալ ծառայությունների սակագները։
Բայց, կարծես, ցուցարարներին դա էլ չի գոհացնում․ մի շարք քաղաքներում ցույցերը շարունակվում են, իսկ իշխանության և հասարակության միջև հարաբերություններն ամբողջությամբ փչացել են։ Առավոտից Ալմաթիում շարունակվել են քաղաքացիների և ուժայինների միջև խոշոր բախումները՝ նոր մեքենաների հրդեհմաբ և ռազմական տեխնիկայի գրավմամբ։ Իսկ Աքթոբայում ոստիկանությունն, ընդհակառակը, հրաժարվել է ուժ կիրառել ցուցարարների նկատմամբ, որից հետո նրանք սկսել են գրոհել աքիմաթը։ Համակարգը սկսում է քանդվել։
Ինչո՞ւ ապստամբեց Ղազախստանը
«Ղազախստանի իշխանությունը «կյանքը ոչինչ չի սովորեցրել» արտահայտության կենդանի մարմնավորումն է», — գրում է «Նովայա գազետան»։
«2011 թ-ին նախագահ Նազարբաևը գիտակցաբար անտեսեց նավթագործների ցույցը Ժանաոզենում ցածր աշխատավարձերի պատճառով, իսկ հետո նրա ուժայինները պարզապես գնդակահարեցին ցուցարարներին։
2016 թ-ին ողջ երկիրը համակած հողային ցույցերը հանգեցրին օտարերկրացիների կողմից հողի վարձակալության մասին ոչ պոպուլյար օրենքի մորատորիումի։
Երեք տարի անց բազմազավակ մայրերի ցույցը հանգեցրեց կառավարության հրաժարականին»։
Բոլոր դեպքերում խոսքը տնտեսական պահանջների մասին էր, սակայն իշխանությունները մեկը մյուսի հետևից սխալներ էին գործում սոցիալական քաղաքականությունում՝ իրավիճակը ծայրահեղության հասցնելով։ 2022 թ-ին տնտեսական ցույցը կրկին սկսվեց երկրի ամենաանհնազանդ քաղաքում, իսկ դրան ճիշտ արձագանքելու անկարողությունը հանգեցրեց իշխանական էլիտայի հրաժարականի պահանջին, հիշեցնում է պարբերականը։
«Ղազախստանը Բելառուս չէ, որտեղ ռեժիմը սպանելու է և խոշտանգելու՝ իշխանությունը չկորցնելու համար, ոչ էլ Ղրղզստան է, որտեղ իշխանությունը փլվում է մեկ ակնթարթում, և ոչ էլ Ուկրաինա, որտեղ ուժեղ է քաղաքացիական հասարակությունը։ Ղազախստանը հենց այս պահին իրականացնում է սեփական վերափոխումը, ցավոտ հրաժարումը խորհրդային ժառանգությունից և նոր երկրի վերածվելը», — գրում է Կենտրոնական Ասիայի հետխորհրդային երկրների հարցերով փորձագետ Էրիկա Մարատը ամերիկյան Միջազգային անվտանգության հարցերի քոլեջից։
Ղազախները փողոց են դուրս եկել, որովհետև, նախ, դժգոհ են տնտեսության վիճակից, երկրորդ հերթին՝ նոր նախագահից բարեփոխումներ էին ակնկալում, բայց չտեսան։ Այսպես է կարծում Բի-Բի-Սիի թղթակից և Կենտրոնական Ասիայի մասնագետ Աբդուժալիլ Աբդուրասուլովը։
«Այն բանից հետո, երբ 2019 թ-ին հրաժարական տվեց Նուրսուլթան Նազարբաևը, որը երկիրը գլխավորում էր երեսուն տարի շարունակ, շատերը փոփոխությունների հույս ունեին։ Հավատում էին, որ նոր դեմքեր կգան, որ ավելի շատ ազատություն կլինի», — պարզաբանում է Աբդուժալիլ Աբդուրասուլովը Բի-Բի-Սիի ուկրաինական ծառայությանը։
Սակայն նոր նախագահ դարձավ Նազարբաևի շրջապատից մեկը, Սենատի այն ժամանակվա խոսնակ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը։ Նրա առաջին քայլերից մեկը մայրաքաղաք Աստանան Նուր-Սուլթան վերանվանելը եղավ՝ ի պատիվ նախկին նախագահի։
«Դա ազդակ էր, որ ողջ այն համակարգը, որը կառուցել է Նազարբաևը, շարունակելու է ապրել։ Տոկաևի կառավարման երեք տարիների ընթացքում ոչ մի բարեփոխում չի իրականացել։ Եվ մարդիկ շատ հիասթափված են դրանից», — կարծում է Բի-Բի-Սիի թղթակիցը։
Ինչպես էլ ավարտվի այս ցույցը, որն ամենամասշտաբայինն էր անկախ Ղազախստանի ողջ պատմության մեջ, ակնհայտ է, որ սա մեծ հարված է իշխող ռեժիմի լեգիտիմությանը։
«Հասարակության զգալի հատվածն իրոք շատ աղքատ է։ Այդ պատճառով էլ լուրջ բարեփոխումներ են անհրաժեշտ ինչպես քաղաքականությունում, այնպես էլ տնտեսությունում։ Արդյո՞ք իշխանությունն ու ցուցարարները կգան դրան։ Վստահ չեմ։ Ըստ ամենայնի, Ղազախստանը շարժվելու է մշտական կոնֆլիկտների և ճգնաժամերի ուղիով, աստիճանաբար գնալու է դեպի քաղաքական ղեկավարության պաշտոնանկություն և լուրջ քաղաքական բարեփոխումների», — «Նովայա գազետային» ասել է ղազախ քաղաքագետ Դիմաշ Ալժանովը։
«Ավտորիտար երկրում քաղաքական բարեփոխումներ գրեթե անհնար է վերևից անել, քանի որ քաղաքական ղեկավարությունը շահագրգռված չէ, և, որպես կանոն, քաղաքական համակարգն ինչ-որ պահի ճգնաժամի մեջ է հայտնվում։ Եթե նայենք, թե ինչ էր տեղի ունենում կառավարման համանման ավտորիտար մոդելով մյուս հետխորհրդային երկրներում՝ Ուկրաինայում, Մոլդովայում, Վրաստանում, Ղրղզստանում, հետագիծը պարզ է․ ավտորիտար մոդելը չի կարողանում ինքն իրեն բարեփոխել, երկրում որոշակի հուզումներ են լինում, հետո իշխանափոխություն է տեղի ունենում, և հասարակությունն առաջ շարժվելու հնարավորություն է ստանում։ Ահա մոտավորապես այսպիսի փակ շրջանում է նաև Ղազախստանը», — կարծում է Ալժանովը։