Թբիլիսիում կարող է սողանք լինել
Թբիլիսիում կարող է սողանք լինել։ Քաղաքի երկու թաղամասերի՝ Վաշլիջվրիի և Նուցուբիձեի վրա կարող են հողի հսկայական զանգվածներ լցվել։ Հենց այդ հատվածում ճանապարհային աշխատանքներ են ընթանում ծանր տեխնիկայի կիրառմամբ, սակայն, ըստ քաղաքապետարանի հայտարարության, դրանք լանջի համար վտանգ չեն ներայացնում։
Վտանգավոր գոտու լուսանկարը հայտնվել է մարտի 17-ին, forum.ge-ում։ Կադրերում երևում է, որ սողանքային գործընթացը լանջին ակտիվանում է։
Տեղաշարժվել է կես միլիոն խորանարդ մետր հող։ «Հողը կարող է վաղը սողալ, մյուս օրը, կամ մեկ տարուց, բայց անպայման սողալու է։ Թե ուր և ինչպես՝ մոդելավորման հարց է, դա պետք է գնահատել», — ասել է սեյսմաբանական մոնիթորինգի ազգային կենտրոնի երկրաբան Թեա Գոդոլաձեն։
Նրա խոսքով՝ երկրաբաններն ու գեոդեզիստները, որոնք արդեն նախնական գնահատում են արել, այն եզրակացության են եկել, որ լանջի ճաքերը շրջակա միջավայրին սխալ միջամտության հետևանք է։ Եվ, ըստ ամենայնի, սողանքից խուսափել հնարավոր չէ։
Վտանգ կա ինչպես սողանքի անմիջական մերձակայքում, այնպես էլ մյուս հատվածներում, քանի որ այնտեղ նույնպես խախտվել է հիմնային համակարգը, ասել է գեոմորֆոլոգ Լաշա Սուխիշվիլին։
«Սողանքի շարժի արագությունը դեռ պարզ չէ։ Դրա վրա կարող են տարիներ ծախսվել։ Սակայն, օրինակ, ուժեղ անձրևի կամ ինչ-որ վիբրացիաների պատճառով գործընթացը կարող է մի փոքր արագանալ», — ասել է Սուխիշվիլին։
«Գործընթացը տարիներ է տևում, և այն կապ չունի ճանապարհային աշխատանքների հետ»․ Թբիլիսիի քաղաքապետարան
Սողանքային գործընթացը տարիներ է տևում և կապված չէ ճանապարհային աշխատանքների հետ, հայտարարել է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Քալաձեն։
Նա ասել է, որ քաղաքապետարանն այդ հարցի ուսումնասիրման համար արդեն գերմանացի մասնագետների է հրավիրել․
«Պատճառները դեռևս պարզ չեն։ Դա այսօր չի սկսվել։ Եվ դա անդադար գործընթաց է, արդեն երկար տարիներ դա տեղի է ունենում։ Հենց մենք հասկացանք, որ վտանգ է առաջացել, կանխարգելիչ միջոցներ ձեռնարկեցինք։ Մաճավարիանիի փողոցը փակ է, երթևեկությունն՝ արգելված»։
Սողանքային գործընթացներ են նկատվում Մաճավարիանի փողոցի վերին հատվածում, իսկ աշխատանքները տարվում են ներքին հատվածում, հայտարարել է փոխքաղաքապետ Իրակլի Բենդելիանին։
Նրա խոսքով՝ մեղավորներին գտնելու համար անհրաժեշտ է հարյուր տոկոսով պարզել սողանքի հստակ պատճառը։
Տեսանյութը՝ Ֆորմուլա TV