Հայաստանում ընդդիմադիր համայնքապետ է սպանվել․ հաշվեհարդա՞ր, թե՞ քաղաքական պատվեր
Ընդդիմադիր համայնքապետի սպանություն ՀՀ-ում
Հայաստանում շարունակում են քննարկել Փարաքարի ընդդիմադիր համայնքապետի սպանությունը։ 42-ամյա Վալոդյա Գրիգորյանը սպանվել էր սեպտեմբերի 23-ի ուշ երեկոյան։ Դիմակավորված անձը Գրիգորյանի ու նրա կողքին գտնվող ընկերների ուղղությամբ կրակահերթ էր արձակել։
Համայնքապետի ընկերը՝ քրեական ոստիկան Կարեն Աբրահամյանը սպանվել է, քաղաքացիական անձ Արծրուն Գալստյանը՝ ծանր վիրավորվել։ Նախօրեին հայտնի դարձավ, որ Գալստյանը գիտակցության գալուց հետո հարցաքննվել է։ Այլ մանրամասներ, սակայն, հայտնի չեն։
Ընդդիմադիր «Ապրելու երկիր» կուսակցության ներկայացուցիչ Վալոդյա Գրիգորյանը Փարաքար համայնքի ղեկավարի պաշտոնը ստանձնել էր 2025 թ․-ի մարտին: Դրանից մեկ ամիս առաջ էլ էին համայնքում կրակոցներ հնչել։ Սպանվել էր նախկին վարչական ղեկավարի ազգականը։ Այդ գործով տնային կալանքի տակ է սպանված Վալոդյա Գրիգորյանի եղբայրը:
Ոստիկանությունը դեռևս չի հաղորդել սպանությունն իրականացրած անձին գտնելու մասին։ Քննիչ Արտակ Հովհաննիսյանը լրագրողների հետ զրույցում նշել է՝ քննվում են տարբեր վարկածներ, այդ թվում՝ վենդետայի վարկածը։
Իշխող ուժի ներկայացուցիչները դատապարտել են տեղի ունեցածը, խոսել հանցագործությունը արագ բացահայտելու և հանցագործներին պատժելու մասին։ Ընդդիմադիրները, սակայն, սլաքներն ուղղում են նաև իրավապահ համակարգի վրա՝ շեշտելով, որ «իրավապահներն իրենց գործը չեն արել, հանցագործությունը չեն կանխել»։
Փետրվարին Փարաքար համայնքի Մերձավան գյուղի ղեկավար Մհեր Ախտոյանի տան դիմաց կրակոցներ էին հնչել։ Իշխող ուժի անդամ Ախտոյանի տան մոտ սպանվել էր նրա ազգականը՝ 29-ամյա Գրիգոր Օհանյանը։ Այդ գործով մեղադրյալներից է նաև օրերս սպանված Վալոդյա Գրիգորյանի եղբայրը։ Նա տնային կալանքի տակ է։
MediaHub-ի աղբյուրների փոխանցմամբ՝ Վալոդյա Գրիգորյանին սպանելու մեջ կասկածվողը հայտնաբերվել է, նա փետրվարին սպանված Գրիգոր Օհանյանի եղբայրն է: Այս տեղեկությունը, սակայն, պաշտոնապես հաստատված չէ։
Բոլոր մանրամասները՝ հակիրճ
- Շիրակի թեմի առաջնորդը մեղավոր ճանաչվեց իշխանազավթման կոչ հնչեցնելու մեջ
- Փողերի լվացման դեպք Վրաստանում. ընդդիմությունը ռուսական հետք է փնտրում
- ՀՀ-ում ձերբակալվել է Ուկրաինայում պատերազմի մասնակցած Վրաստանի քաղաքացի․ կարտահանձնվի՞ ՌԴ
Ի՞նչ է հայտնի այս պահին

Նախնական տեղեկությունների համաձայն՝
- Զինված հարձակումը տեղի է ունեցել Գրիգորյանի Մերձավանի տան մոտ։ Նա այնտեղ չի ապրում, սակայն հարազատների խոսքով՝ ընկերների հետ հաճախ է տարածքում լինում,
- մեկ դիմակավորված մարդ մոտեցել է տեղում կանգնած երեք անձանց, իր մոտ գտնվող ինքնաձիգից կրակահերթ է արձակել,
- դեպքի վայրից իրավապահները 18 պարկուճ են գտել,
- քրեական վարույթ է նախաձեռնվել սպանության, սպանության փորձի դեպքի առթիվ, ինչպես նաև ապօրինի կերպով զենք/հրազեն ձեռք բերելու, կրելու հոդվածով,
- տարածքի բոլոր տեսախցիկների ձայնագրությունները վերցվել են քննության համար,
- ուսումնասիրվում են բոլոր վարկածները, այդ թվում՝ կապը տարեսկզբին Մերձավանում տեղի ունեցած արյունալի միջադեպի հետ:
Ներկա պահի դրությամբ կասկածյալը դեռևս չի հայտնաբերվել, ընթանում են օպերատիվ-հետախուզական և քննչական գործողություններ։
«Վարույթը Վաղարշապատի քննչական բաժնից տեղափոխվել է հատկապես կարևոր գործերի քննության վարչություն»,- տեղեկացրել է քննիչ Արտակ Հովհաննիսյանը։
Պաշտոնանկություններ Քննչական կոմիտեում և Ոստիկանությունում
Աղմկահարույց այս դեպքի ֆոնին ասօր աշխատանքից ազատվել են Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության պետ Հրաչյա Ղազարյանն ու Ոստիկանության քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արթուր Բդոյանը։
Լրագրողները ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանից հետաքրքրվել են՝ ոստիկանության գնդապետի պաշտոնանկությունը կապ ունի՞ Փարաքարի համայնքապետի սպանության գործի հետ։
«Այս պահին որևէ նորություն չունենք հայտնելու: Միջոցառումները շարունակվում են»,- ասել է Սարգսյանը։
«Թող իրավապահ համակարգը գործի դնի»․ վարչապետի գրառման հետքերով
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը խստորեն դատապարտել է տեղի ունեցած «լկտի զինված հարձակումը»։
«ՀՀ իրավապահները պարտավոր են շուտափույթ բացահայտել հանցագործության մեջ ներգրավված բոլոր անձանց»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է նա։
Վարչապետի կարծիքով՝ պետք է մանրամասն վերլուծության ենթարկվի հարցը, թե կանխարգելիչ ինչպիսի՞ գործողություններ պետք է կատարվեին Փարաքարում բռնությունների շարք թույլ չտալու համար, ովքեր պիտի կատարեին այդ գործողությունները և ինչու չեն կատարել։ Վստահեցրել է՝ այդ վերլուծությունից կարվեն անհրաժեշտ հետևություններ։
Փաշինյանի գրառմանն արձագանքել է ընդդիմադիր գործիչ, «Ապրելու երկիր» կուսակցության ղեկավար Մանե Թանդիլյանը։ Կառավարության ղեկավարին հորդորել է «դադարեցնել համար առաջին ընդդիմադիրի պահվածքը», ստատուս գրելու փոխարեն իրավապահ համակարգը գործի դնել։
«Ո՞ւմ է ասում, ո՞ւմ հետ է խոսում։ Ես հասկանում եմ, որ ինքն էլ է հասկանում, որ ինքը իր տեղում չէ, բայց բավարար է ստատուսագրի նման… առավոտ մարդիկ արթնանում են, տեսնեն՝ Փաշինյանն ինչ ստատուս է գրել։ Սա խայտառակություն չի՞: Թող իրավապահ համակարգին գործի դնի, որովհետև հասկանում ենք, որ մեկ մարդու իշխանություն է: Եվ օր առաջ այս սպանությունը բացահայտվի»,- շեշտել է Թանդիլյանը։
Նրա դիտարկմամբ՝ «փողոցում վխտում են ապօրինի զենքով մարդիկ, ինչն այս իշխանության ստեղծած իրավապահ համակարգի անգործության հետևանք է»։
Խոսելով հաշվեհարդարի վարկածի մասին՝ Թանդիլյանն ասել է, որ չի ցանկանում ենթադրություններ անել և հավելել՝ բոլոր վարկածները պետք է ուսումնասիրվեն:
ՀՀԿ-ն արձանագրել է՝ «ՀՀ-ում ձևավորվել է քաղաքական հաշվեհարդարի մթնոլորտ»
«Հայաստանում ձևավորվել է ահաբեկման, ճնշման, քաղաքական հաշվեհարդարի, «ընտրյալների» անպատժելիության և այդպիսով՝ օրինազանցության խրախուսման մթնոլորտ, ինչը ծնում է նորանոր հանցագործություններ»,- ասված է երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած ուժի՝ Հանրապետականի գերագույն մարմնի հայտարարության մեջ։
Նշվում է, որ Վալոդյա Գրիգորյանի սպանությունը ընդդիմադիր հայացքներով մարդկանց անպաշտպանության ապացույց է և «կրակոցներով ուղարկված» ուղերձ․
«Նպատակը մեկն է՝ վախեցնել, լռեցնել, վերացնել առկա բարոյազրկված և ապազգային իշխանական համակարգից դուրս մտածող ցանկացած անհատի և ուժի, երկրում չսանձելով նաև հանցավորության շեշտակի աճը»։
Գերագույն մարմնից հայտարարել են՝ չեն լռելու և չեն նահանջելու, քանի դեռ «կապիտուլյանտ և բարոյազուրկ իշխանություններին չեն հեռացրել»։
Մեկնաբանություններ
Քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը կարծում է․
«Մերձավանի մոտ տեղի ունեցած ահաբեկչությունը անկախ դրա դրդապատճառներից կրակոց է ՀՀ պետականության և ներկա իշխանությունների ուղղությամբ:
Իշխող կուսակցության ներկայացուցչին հաղթած ընդդիմադիր պաշտոնյայի և ոստիկանության օպերլիազորի սպանությունը չի կարող քաղաքական ենթատեքստ չստանալ: Եթե կտրուկ միջոցներ չձեռնարկվեն, մարդիկ կարող են կորցնել հավատը պետության և նրա հնարավորությունների նկատմամբ:
Հետևաբար, հանցագործությունը պետք է բացահայտվի ամենակարճ ժամկետում, իսկ մեղավորները պետք է պատժվեն ամենախիստ, բայց անպայման` թափանցիկ ձևով: Սա, առաջին հերթին, մարտահրավեր է ՀՀ իրավապահ մարմիններին»։
«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը նկատում է․
«Դեպքի շուրջ արդեն իսկ շրջանառվում են տարբեր վարկածներ․ ոմանք այն կապում են իշխանական շրջանակների հետ, մյուսները՝ վենդետայի կամ Մերձավանում փետրվարի 5-ին տեղի ունեցած արյունալի միջադեպի շարունակության հետ։
Բայց անկախ բոլոր վարկածներից մի բան ակնհայտ է․ քաղաքական պատասխանատվությունն անխուսափելիորեն կրում է Նիկոլ Փաշինյանի իշխանությունը։ Իշխանությունը պարտավոր է ապահովել յուրաքանչյուր քաղաքացու անվտանգությունը։ Իսկ երբ զոհ դառնում է համայնքի ընդդիմադիր ղեկավար, հարցը դուրս է գալիս զուտ քրեական դաշտից և ստանում հստակ քաղաքական երանգ։
Սա վկայում է պետական ինստիտուտների անկարողության մասին։ Եթե տեղի ունեցածը չստանա արագ, թափանցիկ և համոզիչ բացահայտում, ապա հասարակական կարծիքում մեղքի ստվերը շարունակելու է մնալ իշխանության վրա՝ անկախ իրական մեղավորներից»։
Հետևեք մեզ — Facebook | Youtube
Ընդդիմադիր համայնքապետի սպանություն ՀՀ-ում