Շոո՞ւ, թե՞ վրեժ․ փորձագետները՝ Վրաստանի նախագահին իմպիչմենտի ենթարկելու փորձի մասին
Զուրաբիշվիլիի իմպիչմենտի գնահատականները
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի իմպիչմենտի գործընթացի շուրջ վերջին շաբաթների քաղաքական էպոպեան մոտեցավ ավարտին։
Ինչպես և ակնկալվում էր, ընդդիմությունը չաջակցեց նախագահի իմպիչմենտին։ 86 կողմ, 1 դեմ՝ այսպիսին են քվեարկության արդյունքները։
Սեպտեմբերի 1-ին Զուրաբիշվիլիին իմպիչմենտի ենթարկելու նախաձեռնությամբ հանդես եկավ իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը և նախաձեռնեց համապատասխան ընթացակարգեր։ Որպես իմպիչմենտի հայտարարման պատճառ մատնանշվեց այն, որ նախագահը կոպտորեն խախտել է Սահմանադրությունը, երբ նա մի քանի անգամ այցելել է եվրոպական երկրներ՝ առանց կառավարության համաձայնության։ Նախագահի այցերը փաստացի չեն արտոնվել կառավարության կողմից։ Զուրաբիշվիլին պատասխանել է, որ իր սեփական միջոցներով է մեկնել արտերկիր և այնտեղ լոբբինգ է իրականացրել՝ Վրաստանին Եվրամիության անդամության թեկնածու երկրի կարգավիճակ շնորհելու համար։
Նախքան իմպիչմենտի հարցը խորհրդարանում քվեարկության կդրվեր, Սահմանադրական դատարանը պետք է որոշեր, թե արդյոք նախագահը խախտել է Սահմանադրությունը: Դատարանը որոշեց, որ խախտել է:
Զուրաբիշվիլիի իմպիչմենտի գնահատականները
- Ո՞վ է Սալոմե Զուրաբիշվիլին՝ Վրաստանի նոր նախագահը
- Վրաստանի նախագահը խախտել է Սահմանադրությունը․ ՍԴ եզրակացությունը
- «Վրացական երազանքի» իշխանության 10 տարին. վերլուծություն՝ ըստ ոլորտների
Այս ամբողջ գործընթացն ուղեկցվում էր իշխող թիմի կողմից նախագահի դեմ ուղղված կոշտ հայտարարություններով, ինչպես նաև Սալոմե Զուրաբիշվիլիի որոշ քայլերով, ինչը նշանակում էր բացահայտ առճակատում իշխանության հետ։ Օրինակ՝ խորհրդարանում իմպիչմենտի քվեարկությունից մեկ օր առաջ նախագահը վետո դրեց, այսպես կոչված, «Վրանների մասին» օրենքի վրա, ինչպես նաև Վրաստանի քաղաքացիությունից զրկեց երկրի նախկին գլխավոր դատախազ Օթար Պարցխալաձեին, որը գտնվում է ԱՄՆ պատժամիջոցների տակ և Իվանիշվիլիի մերձավոր շրջապատից է։
Այո, իմպիչմենտ տեղի չի ունեցել, բայց Սալոմե Զուրաբիշվիլիի համար ապագայում էլ դժվար կլինի արտասահմանյան այցեր կատարել։ «Վրացական երազանքի» նախագահ Իրակլի Կոբախիձեն արդեն սպառնացել է, որ եթե նախագահը շարունակի այցեր կատարել առանց կառավարության թույլտվության, նրա դեմ քրեական գործ կհարուցվի նախագահական ժամկետի ավարտից անմիջապես հետո։
Սալոմե Զուրաբիշվիլիի իմպիչմենտի շուրջ տեղի ունեցող իրադարձությունները երկրում տարբեր գնահատականների են արժանացել։ Ոմանք այս գործընթացը կրկես և շոու են անվանել՝ ասելով, որ Զուրաբիշվիլին երկրի ստվերային կառավարիչ Բիձինա Իվանիշվիլիի ցանկությամբ և օգնությամբ դարձավ նախագահ և խաղում էր օլիգարխի սկսած խաղը։ Մյուսները Իվանիշվիլիի և Զուրաբիշվիլիի դիմակայության մեջ տեսել են ռուսական գործոն ու անձնական վրեժ։
JAMnews-ը քաղաքական մեկնաբաններից հետաքրքրվել է, թե ինչ էր դա և ինչ արդյունքներ է բերել մասնակիցներին և առհասարակ քաղաքական գործընթացին։
Իվանիշվիլիի վրեժը
Գիա Նոդիա, քաղաքագետ
Այս ամենը, իմ կարծիքով, այնքան էլ լուրջ մտածված չէ և ինչ-որ առումով նման է Զուրաբիշվիլիի վրա զայրացած Իվանիշվիլիի քմահաճույքի։ Որևէ խորը քաղաքական միտք չեմ նկատել։
Հիմնական խնդիրն այն է, որ Զուրաբիշվիլին չի ենթարկվում Իվանիշվիլիին։ Իվանիշվիլին կարծում է (և այդ կարծիքին էր նաև Մարգվելաշվիլիի [Վրաստանի նախկին նախագահ] առնչությամբ), որ եթե նա ինչ-որ մեկին նախագահ է նշանակում, իսկ թեկնածուի առաջադրումն ու աջակցությունը հիմնված են հենց Իվանիշվիլիի որոշման վրա, ապա նախագահը պետք է ենթարկվի իրեն։ Իսկ եթե չի ենթարկվում, ուրեմն նա արդեն թշնամի է։
Առիթ դարձան Եվրոպա կատարած այցերը։ Հավանաբար, Կոբախիձեն կամ ինչ-որ փաստաբան Իվանիշվիլիին ասել են, որ նախագահի գործողությունները հակասում են Սահմանադրությանը։ Իվանիշվիլին էլ ուրախացել է և ասել՝ եկեք նրան պատժենք։
▇ Հիմնական խնդիրն այն է, որ Զուրաբիշվիլին չի ենթարկվում Իվանիշվիլիին։
Հասկանալի է, որ իշխանությունները նախապես գիտեին, որ չեն կարողանալու խորհրդարանում ավարտին հասցնել իմպիչմենտի գործընթացը, սակայն ՍԴ-ն որոշեց, որ նախագահը խախտել է Սահմանադրությունը, և նրանք որոշեցին, որ նախագահն այդպիսով պատժվեց։ Ես ավել ոչինչ չեմ տեսնում։
Ինչ վերաբերում է Զուրաբիշվիլիի և Իվանիշվիլիի առճակատմանը, ապա դա միայն Նիկա Գվարամիային [նախկին ընդդիմադիր «Ռուսթավի 2» հեռուստաալիքի նախկին տնօրեն] ներում շնորհելը չէ։ Արտասահման մեկնելիս նախագահը քննադատում էր «Վրացական երազանքը»։ Սա դուր չի եկել Իվանիշվիլիին, և նա դա դավաճանություն է համարել։ Զուրաբիշվիլին նաև հրապարակային ելույթներում է քննադատում «Վրացական երազանքը»։ Ոչ անձամբ Իվանիշվիլիին, բայց դա ի՞նչ նշանակություն ունի։ Նա ակնհայտորեն գործում է ռիսկի դիմելով, բայց չպետք է դա աներ:
Ռուսական գործոն կամ ուղղակի հիմարություն
Գիա Խուխաշվիլի, քաղաքագետ
Տեղի ունեցածը ձեռնտու էր քաղաքական գործընթացին, քանի որ որոշ չափով աշխուժացրեց իրավիճակը։ Սա շատ հազվագյուտ փաստ է, երբ իշխանությունը պարտվեց պայքարում, իսկ ընդդիմությունը դրսևորեց սկզբունքային դիրքորոշում, և քվեարկության հետ կապված անակնկալներ չունեցանք։ Ամենակարևորն այն է, որ քաղաքական դաշտում հայտնվել է շատ լուրջ խաղացող՝ ի դեմս Սալոմե Զուրաբիշվիլիի։ Այնպես որ, ամեն բան կարգին է:
Ինչո՞ւ էր սա պետք «Վրացական երազանքին»։ Դա ուղղակի հիմարություն էր, նրանց սխալ հաշվարկը։ Չի բացառվում, որ այս գործընթացով հետաքրքրված էր միայն Կոբախիձեն։ Առանց Իվանիշվիլիի, իհարկե, նման բաներ չեն արվում, և, բնականաբար, դա համաձայնեցվել է Բիձինայի հետ։ Նա հիմարությունը հիմարության հետևից է անում:
▇ Քաղաքական դաշտում հայտնվել է շատ լուրջ խաղացող՝ ի դեմս Սալոմե Զուրաբիշվիլիի։
Եթե ամեն դեպքում ուզում ենք քաղաքական տրամաբանություն տեսնել, ապա այստեղ միայն ռուսական գործոնն է տեսանելի։
Այսինքն՝ իշխանություններն ինչ-որ չափով ալիբի են ստեղծել՝ Ռուսաստանին ասելու, որ եթե Վրաստանին տրվի ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ, դա մենք չէինք ուզում, Սալոմեն է մեղավոր, և տեսեք՝ մենք նույնիսկ պատժեցինք նրան դրա համար։ Այսքանը, ոչ ավելին:
JAMnews. Ազգային շարժումը հայտարարեց, որ Իվանիշվիլին և Զուրաբիշվիլին նույն խաղն են խաղում։ Ի՞նչ եք կարծում այս տարբերակի մասին։
Սա լուրջ հայտարարություն չէ։ Եվ ես վստահ եմ, որ իրենք էլ չեն հավատում այդ անհեթեթությանը։ Նրանք պարզապես սուր նախանձի նոպա ունեցան Սալոմե Զուրաբիշվիլիի հանդեպ, հիմնվելով այն բանի վրա, որ նա հանդես է եկել որպես Արևմուտքի կողքին կանգնած ծանրքաշային առաջնորդ, և նրանք նյարդայնանում են, քանի որ իրենք են ուզում ամրապնդվել այդ դիրքերում։ Ըստ այդմ, նրանք ամեն կերպ փորձելու են վարկաբեկել նրան արևմտամետ ընտրողների աչքերում։
Հետևեք մեզ — Facebook | Youtube | Telegram
Զուրաբիշվիլիի իմպիչմենտի գնահատականները