Երևանն ու Բաքուն նոր փաստաթղթե՞ր կստորագրեն։ Լուրեր, հայտարարություններ և հերքումներ
Արցախյան հակամարտության հարցերի փորձագետ Թաթուլ Հակոբյանը Ֆեյսբուքի իր էջում հայտարարել է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների կողմից փաստաթղթերի հնարավոր ստորագրման մասին, որոնք վերաբերում են սահմանազատմանն ու սահմանագծմանը, ինչպես նաև տարածաշրջանում ճանապարհների բացմանը։ Այդ հաղորդագրությունը հրապարակվել է նաև հայկական պարբերականների կողմից և մեծ արձագանք ստացել Հայաստաում, որտեղ մեծ մասն անընդունելի է համարում այս փուլում Ադրբեջանի հետ որևէ փաստաթղթի ստորագրումը։
- Հայաստան-Ադրբեջան բանակցություններ․ նոր մանրամասներ Հայաստանի նախկին արտգործնախարարից
- Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետները քննարկել են ճանապարհների ապաարգելափակումը տարածաշրջանում
- Բաքվի ռազմավարի պուրակից անհետացել են մուլյաժներն ու սաղավարտները, բայց ոչ բոլորը․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
Ընդ որում, խոսքը գնում է հենց նոյեմբերի 9-ին փաստաթղթերի ստորագրման մասին, որն Արցախյան երկրորդ պատերազմի ավարտի օրն է։ Ավելի ճիշտ՝ այն օրը, երբ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի առաջնորդները ստորագրել են հրադադարի մասին հայտարարություն, որը մեկ տարի առաջ Հայաստանում ընկալվել է որպես «խայտառակ փաստաթուղթ կապիտուլյացիայի մասին»։
Ի՞նչ է փոխանցում Թաթուլ Հակոբյանը նոր եռակողմ համաձայնագրերի հնարավոր ստորագրման մասին, ի՞նչ են խոսում Բաքվում, հայտարարություն Մոսկվայից, ինչպես նաև փորձագետների մեկաբանությունները Հայաստանից և Ադրբեջանից։
Տեղեկություններ Երևանից
Տեղեկություններ «դիվանագիտական վստահելի աղբյուրներից»
Թաթուլ Հակոբյանի հայտարարությունում նշվում էր, որ «դիվանագիտական վստահելի աղբյուրներից» հայտնի է դարձել Մոսկվայում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպման մասին․
«Երկու փաստաթղթերը, որոնք գրեթե ավարտական տեսք են ստացել, կստորագրեն Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը՝ Վլադիմիր Պուտինի միջնորդությամբ և մասնակցությամբ, եթե վերջին պահին չլինեն ֆորս-մաժորային իրավիճակներ: Առաջին փաստաթուղթը վերաբերում է Հայաստան-Ադրբեջան պետական սահմանների սահմանազատմանը և սահմանագծմանը։
Երկրորդ փաստաթուղթը՝ տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակմանը, մասնավորապես ճանապարհ-միջանցքների, այդ թվում՝ Ադրբեջանի և [դրա էքսկլավ] Նախիջևանի միջև հաղորդակցության հաստատման մանրամասներին»:
Այս հաղորդագրույթունը տարածել է նաև «Aliq Media» հայկական պարբերականը, որը ներկայանում է որպես տեղեկատվական-վերլուծական «կայք, որը փոխանցում է օպերատիվ տեղեկություններ և աշխատում է ստուգված աղբյուրների հետ»։
Այստեղ նշվում է նաև, որ «Երևանն ու Բաքուն ճանաչելու են միմյանց սահմաններն ու տարածքային ամբողջականությունը՝ հիմք ընդունելով 1920-ական թվականների Խորհրդային Միության պաշտպանական գերատեսչության Գլխավոր շտաբի քարտեզները», որոնց մասին հոկտեմբերի 22-ին, ոչ պատահական կերպով, հիշեցրել է Վլադիմիր Պուտինը։
Այս լուրն արտատպվել է նաև Հայաստանի մյուս մեդիառեսուրսների կողմից և ակտիվորեն տարածվել սոցցանցերում։
Իրավիճակն այնքան է սրվել, որ Թաթուլ Հակոբյանը սոցցանցում երկրորդ գրառումն է կատարել՝ կրկին պնդելով, որ տեղեկության աղբյուրը վստահելի է, ավելին՝ այն հայկական է։ Լրագրողը գրել է, որ իրեն շատերն են հարցրել, այդ թվում՝ մոտ ընկերները, այդ պատճառով էլ որոշել է բոլորին միանգամից պատասխանել։
«Փաստաթղթերի սևագրերը՝ draft, մեր ձեռքի տակ չկան, այլապես կհրապարակեինք։
Հնարավո՞ր է այս փաստաթղթերը չստորագրվեն: Աստված տա, թեև այս պարտությունից հետո մեզ Աստված էլ չի օգնի:
Հնարավո՞ր է Փաշինյանը հրաժարական տա: Արդեն ուշ է, թեև լավ է ուշ, քան երբեք:
Ի՞նչ քարտեզների մասին է խոսքը՝ 1927-1928 թվականների և ոչ միայն:
Շարունակելի…», — խոստացել է լրագրողը։
Շարունակությունը՝ Մոսկվայից
Այնուհետև լրատվամիջոցները, այդ թվում՝ «Aliq Media»-ն վերատպել են ռուսական «ՌԻԱ Նովոստի» գործակալության հաղորդագրությունը, որը, հղում անելով Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակի հայտարարությանը, գրել է․ «Եթե ՌԴ-Հայաստան-Ադրբեջան գագաթնաժողովի անցկացման շուրջ պայմանավորվածություն ձեռք բերվի, Կրեմլը կհայտնի, երբ ժամանակը գա»։
Այդպես է Դմիտրի Պեսկովը պատասխանել այն հարցին, թե «իրո՞ք Մոսկվայում մինչև նոյեմբերի տասը պլանավորվում է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպումը»։
Այս հրապարակումը չի ցրել Հայաստանում տարածվող լուրերը, այլ միայն թեժացրել է դրանք։ Հատկապես, որ նույն հրապարակման մեջ ռուսական գործակալությունը հաղորդում էր․
«Ավելի վաղ, իրավիճակին ծանոթ աղբյուրը ՌԻԱ Նովոստիին հայտնել էր, որ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդների հանդիպումը […] կարող է կայանալ Մոսկվայում նոյեմբերի առաջին տասնօրյակում, ակնկալվում է, որ կողմերը եռակողմ հայտարարություններ կստորագրեն»։
«Հանդիպում չի պլանավորվում»
Այնուհետև հայ-ադրբեջանական համատեղ փաստաթղթերի ստորագրման մասին լուրը հերքել է Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը։ Նա հավաստիացրել է, որ ներկա պահին Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի միջև որևէ հանդիպում նախատեսված չէ, թեև կան տարբեր ֆորմատներով տարբեր հանդիպումների առաջարկներ, որոնք քննարկման փուլում են»։
Նա հայտարարել է նաև, որ այս թեմայի շուրջ տարածվող լուրերը «ակնհայտ սադրիչ բնույթ ունեն և իրականությանը չեն համապատասխանում»:
«Իրավիճակի մեջ ճիշտ կողմնորոշվելու համար խորհուրդ կտայի ուսումնասիրել 2021 թվականի հունվարի 11-ի մոսկովյան եռակողմ հանդիպմանը նախորդած լուրերը, պնդումները, «բացահայտումները», ծանոթանալ հանդիպման արդյունքներին ու բովանդակությանը և հետահայաց վերլուծել, թե որքանով էին համապատասխանում հանդիպումից առաջ տարածվող լուրերը իրականությանը»։
Միաժամանակ մամուլի քարտուղարը հիշեցրել է, որ․
- Նիկոլ Փաշինյանը մի քանի անգամ հայտարարել է, որ Հայաստանը պատրաստ է բարձր և բարձրագույն մակարդակով վերսկսել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման շուրջ բանակցություններն Ադրբեջանի հետ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում,
- 2021 թվականի հունվարի 11-ի հայտարարության հիման վրա՝ Հայաստանը ներգրավված է եռակողմ քննարկումներում, որոնք վերաբերում են տարածաշրջանի տրանսպորտային կոմունիկացիաների ապաշրջափակմանը,
- 2021 թվականի մայիսից ի վեր եռակողմ ֆորմատով քննարկվել է նաև ՀՀ տարածքից ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումների դուրսբերումը ու Հայաստանի և Ադրբեջանի սահմանների դելիմիտացիայի և դեմարկացիայի գործընթացի հնարավոր մեկնարկի գաղափարը։
Հունանյանի խոսքով՝ սահմանների դելիմիտացիայի և դեմարկացիայի, ինչպես նաև տարածաշրջանային կոմունիկացիաների բացման հարցում խորհրդատվական օժանդակություն ցուցաբերելու պատրաստակամություն են հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս երկու համանախագահող երկրները՝ ԱՄՆ-ն և Ֆրանսիան, ինչպես նաև Եվրամիությունը:
Մեկնաբանություն Երևանից
Երևանի մամուլի ակումբի ղեկավար Բորիս Նավասարդյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․
«Եթե նոյեմբերի 9-ին Ռուսաստանի միջնորդությամբ հայ-ադբեջանական պայմանագրերի ստորագրման մասին լուրը համապատասխանում է իրականությանը, ապա դրանց բովանդակությունը էապես պայմանավորված է լինելու Մոսկվայի վրա ազդեցության այն լծակներով, որոնց տիրապետում են Բաքուն ու Երևանը։
Բաքվի ձեռքերում (հաշվի առնելով, նաև Անկարայի գործոնը) այդպիսի լծակներ միանշանակ կան։ Երևանը, նույնիսկ եթե ունի [լծակներ], ամենայն հավանականությամբ, չի կարողանում դրանք արդյունավետորեն օգտագործել։ Դրա մասին վկայում է արդեն ստորագրման օրվա ընտրությունը, որը անկասկած Բաքվի նախաձեռնությունն էր [քանի որ դա Բաքվի համար հաղթանակի օրն է]։
Այդ իմաստով սահմանագծման հարցում (հաղորդակցությումների ապաշրջափակման թեման դեռ թողնենք մի կողմ) ինչ-ինչ քարտեզների կիրառման շուրջ բուռն քննարկումներն անիմաստ են, արհեստական օրակարգ են ձևավորում։
Մեծ հաշվով, արխիվներում պահվող տարբեր ժամանակահատվածների քարտեզները ոչ մի էական դերակատարություն չունեն։ Ադրբեջանը ներկայացրեց Ռուսատանի ղեկավարությանը իր տարածքային պահանջները, չի բացառվում, որ վերջինս Բաքվի ախորժակները որոշ չափով համեստ շրջանակների մեջ տեղավորեց, սակայն գոհ մնալու բոլոր հիմքերը թողեց։
Իսկ համապատասխան քարտեզներ, որոնք ֆորմալ առումով դրվելու են պայմանավորվածությունների տակ, ՌԴ գենշտաբում անշուշտ կգտնվեն։
Այստեղից հարց է առաջանում, պե՞տք է արդյոք ՀՀ ղեկավարությունը համաձայնի կամ, ավելի ճիշտ, համաձայներ մեզ պարտադրվող տարբերակի հետ։ Չգիտեմ… Քանի որ տեղյակ չեմ, որքանով են ուսումնասիրվել այլընտրանքային հնարավորությունները, վստահ չեմ այդ հնարավորությունները օգտագործելու դիվանագիտական և այլ ներուժի, ինչպես նաև քաղաքական կամքի առկայության մեջ։ Իսկ չստորագրելու հետ կապված ռիսկերը աչքերիս առաջ են։ Ամենադաժանը այն է, որ այս տխուր իրականությունից խուսափելու ճանապարհը տեսնողներից, գոնե 2021-ի նոյեմբերի 9-ի պահով (եթե տարածված տեղեկությունը հաստատվում են), արդեն ոչ մի բան կախված չէ…»։
Մեկնաբանություն Բաքվից
Քաղաքական վերլուծաբան Աղշին Քերիմովը JAMnews-ի համար մեկնաբանել է երեք երկրների ղեկավարների կայանալիք հանդիպման մասին լուրը, ինչպես նաև իրադարձությունները, որոնք նախորդել են այս լուրի տարածմանը․
«Հանդիպման ամսաթվի և տեղի մասին ասվածը դեռ խոսակցությունների մակարդակում են, սակայն տեղեկությունների պաշտոնական լինելու հարցում կասկածներ չկան։ Բանն այն է, որ հանդիպման մասին լուրը հրապարակել է նաև ՌԻԱ Նովոստին, որը մոտ է ռուսական իշխանությանը։
Տեղեկությունը արտահայտում է դեռ հայեցակարգային հայացքներ փաստաթղթերին, որոնց ստորագրումն ակնկալվում է, իսկ որևէ բան կանխատեսելու համար պետք է ուշադրություն դարձնել որոշ նրբությունների։
Սրանից առաջ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն առաջարկել էր օգտագործել ԽՍՀՄ ժամանակների քարտեզները՝ որպես երկու կողմերի սահմանների հարցի լուծման բաղադրատոմս։ Սակայն հավելել էր, որ դա հնարավոր է իրականացնել միայն փոխզիջումների հիման վրա։
Սակայն փոխզիջմանն ընդառաջ որոշ քայլեր արդեն արվել են։ Կարելի է մտածել, որ առանց Երևանից նոր զիջումների վստահելի երաշխիքների՝ Բաքուն չէր վերադարձնի պահվող հինգ հայ զինվորականներին։ Հայաստանը դեռևս չի հրապարակում իր զիջումները, սակայն այս լուրերի առնչությամբ Հայաստանից տարածված որոշ տեղեկությունները և հայտարարությունները դրանք ակնհայտ են դարձնում։
Եռակողմ հանդիպումը սպասելի էր, սակայն դժվար է ենթադրել, թե որոնք են կողմերի փոխզիջումները։
Եթե հանդիպումն, այնուամենայնիվ, կայանա, դրա ընթացքում համաձայնություն ձեռք կբերվի այդ փոխզիջումների հիման վրա «ճանապահային քարտեզի» մշակման վերաբերյալ։
Դեռևս բաց են հարցերը, որոնք վերաբերում են Ադրբեջանի Ղազախի շրջանի յոթ գյուղերին և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Քյարքի գյուղին, որոնք դեռ օկուպացված են։ Սակայն հիմքեր կան ենթադրելու, որ Իլհամ Ալիևն այդ հարցերը դնելու է բանակցությունների սեղանին։
Հայաստանը ստիպված է զիջումների գնալ, սակայն Բաքուն նույնպես պետք է փոխադարձություն ցուցաբերի։ Ներկա պահին Բաքվի ամենաուժեղ հաղթաթուղթը կալանավորված հայ զինվորականներն են։
Հայաստանն այդպիսի հաղթաթուղթ չունի, եթե նախկինում անգամ հիշատակում էին Ղարաբաղի ինչ-որ կարգավիճակի մասին, ապա վերջին ժամանակներս այս առումով հայտարարությունները սկսել են նվազել։
Իրականում սահմանի Լաչինի, Քելբաջարի և Նախիջևանի հատվածներում հրադադարի ռեժիմի խախտման փաստերը 2021 թ․ մայիսից ոչ այլ ինչ են, քան գործողությունների իրականացում, որոնք հավելում են գործոնները, որոնք ապահովում են Բաքվի գերակշռությունը։
Խաղաղության պարտադրման համար Ադրբեջանը տեղակայվել է ռազմավարական կետերում և բարձունքներում, հետևաբար, հակառակորդը պետք է դրան պատասխանի գոնե բնազդի մակարդակում։ Սակայն ժամանակի ընթացքում այս բնազդները Հայաստանի բանակի մոտ նույնպես անհետացել են։
Մի խոսքով, Ադրբեջանը հանդիպմանը գնում է ուժի դիրքերից, սակայն դժվար է որոշել Երևանի համար Բաքվի հեռանկարային զիջումների սցենարը։
Հնարավոր է, որ այդ փոխզիջումները վերաբերեն տնտեսական հարցերին։ Չի կարելի որպես փոխզիջում ենթադրել Ղազախի շրջանի յոթ գյուղերն ու Նախիջևանի Քյարքի գյուղը։ Հնարավոր է, որ կայանալիք հանդիպմանն այդ գյուղերի հարցը չներառվի պաշտոնական հայտարարությունում, սակայն լիովին հավանական է այդ հարցերի շուրջ համաձայնության գալը փակ դռների հետևում, բանավոր կերպով։
Գլխավորը համարում եմ սահմանազատման և սահմանագծման հարցը և այն, թե որ կետում կավարտվի այդ գործընթացը, քանի որ դա բարդ ընթացակարգ է։
Հինգ հայ դիվերսանտների վերադարձը, ինչպես նաև Հայաստանի Կապանի շրջանի Աղդաղ [հայերեն՝ Փելա — JAMnews] սարի բարձունքներից մեկն ադրբեջանական կողմին հանձնելու մասին տեղեկության տարածումն, ինչպես նաև այդ ֆոնին Պուտինի հայտարարությունն ուշագրավ են։
Պուտինը հայտարարել է, որ Ադրբեջանն ու Հայաստանը կարող են լուծել սահմանների որոշման հարցը խորհրդային ժամանակների քարտեզների օգնությամբ, սակայն այդ գործընթացը փոխադարձ զիջումներ է պահանջում։ Մենք արդեն տեսնում ենք կողմերի որոշ զիջումներ, մոտակա օրերին այլ զիջումներ են ակնկալվում։ Սակայն, թե ինչ զիջումներ, կանխատեսելը դժվար է։
Ի սկզբանե Ռուսաստանն իր վրա է վերցրել սահմանների հարցերի նախաձեռնությունը, և Կրեմլը դեմ չէր Ադրբջանի դիրքերի ուժեղացմանը Հայաստանի հետ սահմանի ռազմավարական կետերում։ Այս հարցում համաձայնություն է եղել նաև Թուրքիայի հետ, դրանում կասկած չկա։
Սակայն Արևմուտքն էլ է ուզում իր ներդրումն ունենալ սահմանազատման հարցում, այդ պատճառով էլ ցանկացնում էր գոնե ինչ-որ կերպ չեզոքացնել Ռուսաստանի ազդեցությունը։
Այս համատեքստի ֆոնին ելույթ ունենալիս Պուտինը մեսիջ է հղել Արևմուտքին, որն անհնար է չնկատել․
«Այստեղ, իհարկե, առանց Ռուսաստանի մասնակցության, հնարավոր չէ ոչինչ անել։ Այստեղ մեզ, թերևս, ոչ ոք էլ պետք չէ, միայն երկու կողմերն ու Ռուսաստանը։ Կան շատ պարզ և պրագմատիկ բաներ․ այո, քարտեզները, որոնք գտնվում են Ռուսաստանի բանակի Գլխավոր շտաբում և ցույց են տալիս, թե ինչպես էին անցնում միութենական հանրապետությունների սահմանները խորհրդային տարիներին»։
Պուտինի հայտարարությունը ևս մեկ անգամ ցույց է տալիս գլոբալ մրցակցությունը Հայաստանի և Ադրբեջանի սահմանի հարցում։ Եվ այդ մրցակցությունը, նախևառաջ, ուղղված է խաղաղության պայմանագրում միջազգային ուժերի շահերի ապահովմանը»։