Բաքվի ռազմավարի պուրակից հանվել են հայերի մուլյաժներն ու սաղավարտները, բայց ոչ բոլորը։ Լուսանկարներ
Ռազմավարի այգում, որը Բաքվում ստեղծվել է Արցախյան երկրորդ պատերազմից հետո, փոփոխություններ են տեղի ունեցել։ Այժմ այնտեղ չկան հայ զինվորների մուլյաժներ, ոչ էլ՝ «թշնամու սաղավարտների» ցուցադրություն։ Ճիշտ է, JAMnews-ի աշխատակիցը պուրակում գտել է մի քանի «մոռացված» սաղավարտ։ Փորձագետն այս փոփոխություններն անվանել է կուլիսային բանակցությունների արդյունք։
2021 թ․ ապրիլի 12-ին Բաքվում պաշտոնապես բացվել է ռազմավարի պուրակ, որտեղ ցուցադրված է հայ զինծառայողների ռազմական տեխնիկան՝ որպես ռազմավար 2020 թ․ Արցախյան երկրորդ պատերազմից։
Սակայն պուրակում հայ զինվորների մուլյաժների առկայությունն, ինչպես նաև ցուցադրված սաղավարտները, որոնք հավաքվել էին մարտի դաշտից, ոչ միանշանակ արձագանք էին առաջացրել երկրի ներսում և դրանից դուրս։
- Հինգ հայ ռազմագերի է հայրենիք վերադարձել Ադրբեջանից
- Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի՝ ՄԱԿ Միջազգային դատարանում։ Ի՞նչ էր կատարվում Հաագայում
- «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի»․ լսումներ ՄԱԿ Միջազգային դատարանում
Վերջերս տեղական մեդիայում լուրեր են հայտնվել, որ ռազմավարի պուրակից անհետացել են զինվորների սաղավարտներն ու մուլյաժները։ Պուրակի աշխատակիցները դա բացատրել են մոմե մուլյաժների վերանորոգման անհրաժեշտությամբ։ Սաղավարտների վերաբերյալ ոչ մի բացատրություն չի եղել։
Այսօր JAMnews-ի աշխատակիցը գնացել է պուրակ, որպեսզի իր աչքերով տեսնի այնտեղ կատարված փոփոխությունները։ Պուրակում մուլյաժներ չկան, դա երևում է նաև լուսանկարներից։ «Սաղավարտների այգին» նույնպես չկա։
Սակայն «հայկական զինված ուժերի իմպրովիզացված խրամատում» մեր աշխատակիցը հայտնաբերել է երկու «մոռացված» սաղավարտ «կրակակետերում»։
Փորձագետի կարծիքը
Վերջին ժամանակներս իրադարձություններ են կատարվում, որոնց մասին կողմերը նախընտրում են չտարածվել, ասում է քաղաքական վերլուծաբան Ազեր Գասիմովը։
«Այն մասին, որ ռազմավարի պուրակից անհետացել են զինվորների մուլյաժներն ու սաղավարտները, հայտնի է դարձել հոկտեմբերի սկզբին։ Հայկական մեդիան դա բացատրել է ՄԱԿ Միջազգային դատարանում ընթացող դատավարությամբ, բայց դա բնավ այդպես չէ։ Դատարանում լսումները սկսվել են վերջերս, իսկ հայցերի վերաբերյալ որոշումներ դեռ չեն կայացվել»։
Պուրակում փոփոխությունները կարելի է բացատրել կուլիսային բանակցությունների արդյունքներով, որոնք, անկասկած, ակտիվ վարվում են։ Վերցնենք թեկուզ երեկ հինգ դիվերսանտների վերադարձը հայկական կողմին, որոնց Հայաստանում ռազմագերի են անվանում։ Առաջին անգամ հետպատերազմյան փուլում նման իրադարձություն է տեղի ունենում ոչ թե որպես փոխանակում, այլ որպես միակողմանի քայլ։ Սակայն դա այսբերգի միայն տեսանելի մասն է։ Մենք դեռ չգիտենք, թե ինչ զիջումների է գնացել հայկական կողմն այդ զինծառայողներին վերադարձնելու համար։
Այսօր Մոսկվայում եռակողմ հանձնաժողովի հանդիպումն է ընթանում։ Այդ հանդիպման մասին դեռևս ոչինչ հատնի չէ։ Սակայն հուսով եմ, որ այն դրական կլինի, և մոտ ապագայում ականատես կլինենք հայկական և ադրբեջանական կողմերի դիրքորոշումների մերձեցմանը որոշ շատ կարևոր հարցերում», — հայտարարել է փորձագետը։