Երկու իրարամերժ պատասխան Երևանից Պուտինի հայտարարությանը. ի՞նչ է կատարվում
Պուտինի հայտարարությունը և երկու պատասխան Հայաստանից
Ռուսաստանն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրմանը, «սակայն չի պատրաստվում Երևանին որևէ բան պարտադրել, լուծման ընտրությունը հայ ժողովրդի և ղեկավարության գործն է»։ Հոկտեմբերի 27-ի երեկոյան Պուտինը նման հայտարարություն է արել միջազգային քննարկումների «Վալդայ» ակումբի նիստում։ Ընդ որում, նա փաստացի հակադրել է հարցերի լուծման երկու տարբերակ՝ ռուսական և «վաշինգտոնյան», որը «ապահովում է Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի ինքնիշխանության ճանաչումը»։
Հայաստանից արդեն երկու արձագանք կա։ Հայաստանի վարչապետի պաշտոնական պատասխանը հրապարակվեց առավոտյան։ Նիկոլ Փաշինյանը Twitter-ի իր միկրոբլոգում գրել է. «Սեպտեմբերի սկզբին Հայաստանը համաձայնել է Ադրբեջանի հետ միջպետական հարաբերությունների հաստատման ուղղությամբ աշխատել Ռուսաստանի Դաշնության կողմից ներկայացված հիմնական սկզբունքների և պարամետրերի հիման վրա, և պատրաստ է դա հաստատել Սոչիում։ Հուսով ենք, որ Ռուսաստանը կսատարի իր առաջարկները»։
Բայց նախորդ գիշեր՝ Պուտինի ելույթից անմիջապես հետո, վարչապետի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակ» թերթը հոդված էր հրապարակել՝ պատասխանելով ՌԴ նախագահին։ Սա իրականում Ռուսաստանին ուղղված հարցերի և փաստերի ցանկ էր, որտեղից կարելի է եզրակացնել՝
- Հայաստանը չի կարող որևէ հարցում ապավինել Ռուսաստանի աջակցությանը,
- նույնիսկ Մոսկվայի միջնորդությամբ արդեն իսկ ընդունված որոշումների կատարման հարցում։
Պուտինի ելույթի մանրամասներն ու պատասխաններ Երևանից, ինչպես նաև իրավիճակի մեկնաբանություն՝ ի՞նչ է նշանակում այս ամենը։
- «Կրեմլը որոշել է Հայաստանին զրկել անկախությունից». կարծիք Երևանից
- Ռուսաստանցի գործիչները՝ անցանկալի անձ Հայաստանում. ինչո՞ւ
- Ի՞նչ է քննարկվելու Փաշինյան-Ալիև հանդիպմանը Սոչիում. կարծիքներ
Պուտին. «Մենք կաջակցենք ցանկացած ընտրության»
«Այսպես կոչված վաշինգտոնյան տարբերակը, որքան ես հասկանում եմ, նախատեսում է Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի ինքնիշխանության ճանաչում։ Եթե Հայաստանն այդպես է մտածում, ապա խնդրեմ, մենք կաջակցենք հայ ժողովրդի ցանկացած ընտրության։
Եթե հայ ժողովուրդը և Հայաստանի ղեկավարությունը կարծում են, որ Ղարաբաղն ունի իր առանձնահատկությունները, և այդ առանձնահատկությունները պետք է հաշվի առնվեն ապագա խաղաղության պայմանագրում, դա նույնպես հնարավոր է։
Բայց, իհարկե, պետք է բանակցել Ադրբեջանի հետ։ Անհրաժեշտ է, որ այդ պայմանավորվածություններն ընդունելի լինեն նաև Ադրբեջանի համար։ Սա դժվար, բարդ հարց է։ Հայաստանը մեր ռազմավարական գործընկերն է, դաշնակիցը, և մենք, իհարկե, զգալի չափով, նկատի ունենալով Ադրբեջանի շահերը, կենտրոնանալու ենք հենց Հայաստանի առաջարկի վրա»,- հայտարարել է ՌԴ նախագահը։
Այնուհետև Պուտինն ասել է, որ Ռուսաստանը «երկար տարիներ» առաջարկել է Լեռնային Ղարաբաղի հետ շփման համար վերահսկողություն պահպանել յոթ շրջաններից երկուսի վրա և տալ հինգը, որոնք հայկական կողմն անվանում էր «անվտանգության գոտի»։
«Ինչո՞ւ դրանք պահել, իմաստ չկա։ Իսկ Ղարաբաղի հետ հաղորդակցության համար երկու հսկայական շրջանները լիովին բավարար էին, և մենք կարծում էինք, որ արդարացի կլինի փախստականներին վերադարձնել և այլն։ Դա լավ քայլ կլիներ տարածաշրջանում իրավիճակի կարգավորման ուղղությամբ։ Բայց Հայաստանի ղեկավարությունը գնաց իր ճանապարհով։ Սա բերեց այն իրավիճակին, որն այսօր ստեղծվել է»։
Հարցադրումներով պատասխան Հայաստանի վարչապետի թերթում
«Պուտինի ելույթից հետո ծագում է առնվազն 2 հարց․
1) Իսկ ի՞նչ է առաջարկում Ռուսաստանը։
Եթե Պուտինը բաց խոսում է Վաշինգտոնի առաջարկի մասին, ինչո՞ւ չի ներկայացնում Ռուսաստանի առաջարկը, եթե այն իսկապես շատ ավելի հաջող է, քան ԱՄՆ-ի առաջարկը։
2) Իսկ ի՞նչ կլինի, եթե Հայաստանը Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքի Ռուսաստանի առաջարկով։
44-օրյա պատերազմից հետո Հայաստանը գնաց Ռուսաստանի առաջարկած տարբերակով, արդյունքում եղավ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը։ Բայց Ռուսաստանի առաջարկով և միջնորդությամբ եռակողմ հայտարարությունից հետո Ադրբեջանն այդպես էլ չհետևեց Ալիևի ու Վլադիմիր Պուտինի ստորագրած հայտարարության կետերին․
1) Ադրբեջանը մինչ օրս չի վերադարձրել հայ ռազմագերիներին։
2) Փառուխում, Խծաբերդում, Հին Թաղերում նոյեմբերի 9-ից հետո ադրբեջանական զինուժը գրոհեց հայկական դիրքերն ու առաջ տեղաշարժվեց։ Ի դեպ, այս ամենը կատարվեց ռուս խաղաղապահների հսկողության գոտում։ Այնինչ, համաձայն նոյեմբերի 9-ի համատեղ հայտարարության, կողմերը պետք է կանգնեին այն դիրքերում, որտեղ այդ պահին էին։
3) Նոյեմբերի 9-ի համատեղ հայտարարությունից ամիսներ անց Ադրբեջանի զինուժը Սև լճի շրջանում ներխուժեց ՀՀ սուվերեն տարածք, իսկ սույն թվականի սեպտեմբերի 13-ին ռազմական էսկալացիայի արդյունքում Ջերմուկի կողմից կրկին օկուպացրեց ՀՀ սուվերեն տարածք։
4) Ադրբեջանն անընդհատ խոսում է ինչ-որ միջանցքից, որի մասին բառ անգամ չկա նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունում։ Ավելին՝ «միջանցքի» մասին Ալիևի խոսույթը կրկնում է ՌԴ Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը։ Ի հավելումն այս ամենի, շեշտենք, որ մինչ օրս ՀԱՊԿ-ը դեռ լուծում չի առաջարկել օկուպացված ՀՀ տարածքի ազատագրման համար, իսկ Ռուսաստանը տեղի ունեցածը համարում է զուտ սահմանային խնդիր։
Արդյոք այս նույն ճակատագի՞րն է սպասվում Հայաստանին, եթե Ռուսաստանի առաջարկով գնա Ադրբեջանի հետ խաղաղության։ Որո՞նք են այն երաշխիքները, որ ռուսական առաջարկով Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելուց հետո Ադրբեջանն անգամ ռուսական զորախմբի ներկայությամբ չի դիմի սադրանքների կամ էսկալացիայի»։
Հետևեք մեզ — Facebook | Youtube | Telegram
Քաղաքագետ Արմեն Բաղդասարյանի մեկնաբանությունը
Պուտինի հայտարարության մասին
«Ես կարծում եմ՝ Պուտինը որևէ նոր բան չասաց։ Եվ ՌԴ դիրքորոշումը մոտավորապես նույնն է, ավելին, այնպես չէ, որ ռուսական տարբերակում Արցախը չի ճանաչվում Ադրբեջանի մաս։ Ռուսական տարբերակում նույնպես դա է։
Խնդիրն այն է, որ ՀՀ-ին շատ պարզ առաջարկվում է տարբերակ, որ եթե Հայաստանն արևմտյան միջնորդության վրա ընդհանրապես խաչ է քաշում, Արևմուտքին վերջնականապես հեռու է պահում մեր տարածաշրջանից, Ռուսաստանը խոստանում է դրա փոխարեն Արցախի կարգավիճակի հետաձգված ինչ-որ քննարկումներ և այդ ընթացքում Արցախը հայաբնակ պահելու խոստում։ Սա է։
Ընդ որում, Ռուսաստանը ոչ միայն որևէ երաշխիք չի տալիս, այլև շատ պարզ հայտարարում է, որ շատ բարդ է լինելու Ադրբեջանին համոզելը։ Միայն Հայաստանի համաձայնությունից կախված չէ։
Ռուսաստանը ցույց է տալիս այն խայծը, որի դիմաց Հայաստանը պիտի ընդհանրապես հրաժարվի արևմտյան միջնորդական առաքելությունից և համաձայնի խնդիրը կարգավորել Հայաստան-Ադրբեջան-Ռուսաստան եռանկյունում, ավելի ճիշտ քառանկյունում․ այստեղ անուղղակիորեն նաև Թուրքիան է ներգրավված»։
Երկու իրարամերժ պատասխան՝ Փաշինյանից և նրա թերթից
«Կարծում եմ՝ Նիկոլ Փաշինյանը դրանով ցանկանում է ասել, որ ինքը համաձայն է, բայց ավելի ամուր երաշխիքներ է ակնկալում։ Չմոռանանք, որ նա ասում է. սեպտեմբերի սկզբին Հայաստանը համաձայնել է Ռուսաստանի առաջարկին, բայց տասներեքին Ադրբեջանը նոր ագրեսիա սկսեց, որի արդյունքում երկու հարյուրից ավելի զոհ և տարածքային կորուստներ ունեցանք։
Նաև այդ ակնարկը կա, որ միայն խոստումները բավարար չեն, և պետք է շատ ավելի կոնկրետ, ավելի գործուն երաշխիքներ տրամադրի Ռուսաստանը, հակառակ դեպքում անիմաստ է դառնում ՌԴ միջնորդական առաքելությունը, ներկայացված առաջարկները՝ նույնպես, որովհետև դրանք գետնի վրա երաշխավորված չեն ոչնչով»։
Սոչիում Պուտինի և Ալիևի հետ առաջիկա հանդիպման մասին
«ՌԴ հիմնական գործիքը սահմանային լարվածության աճն է, որը ռուսական կողմի պատկերացմամբ պիտի իրականացվի Ադրբեջանի միջոցով և պիտի լրացուցիչ ճնշման լծակ լինի Հայաստանի վրա արևմտյան մասնակցությունից մեկընդմիշտ հրաժարվելու համար։
Սոչիի հանդիպումը շատ կարևոր է լինելու։ Հանդիպումից հետո է ակնհայտ դառնալու՝ մենք կունենա՞նք լարվածության նոր աճ, թե՞ կունենանք բանակցային գործընթացի ակտիվացում։ Առանցքայինը հենց Սոչիի հանդիպումն է լինելու, որտեղ հիմնական խոսակցությունն ընթանալու է Ռուսաստանի և Ադրբեջանի միջև։
ՌԴ-ն փորձելու է Ադրբեջանին համոզել, որ Արևմուտքի ներթափանցումը տարածաշրջան կանխելու համար Ադրբեջանը պետք է փոքր-ինչ ավելի զիջողական լինի։ Չգիտեմ՝ կհաջողվի, թե ոչ։ Ամեն դեպքում Ռուսաստանին մնում է միայն Ադրբեջանին համոզելը, որովհետև ազդեցության իրական այլ լծակներ մեծ հաշվով չկան»։
Պուտինի հայտարարությունը և երկու պատասխան Հայաստանից