«ԵՄ-ն Հայաստանից երաշխիք է ուզում, որը չկարողացավ տալ Վրաստանը»․ կարծիք
ԵՄ-ն Երևանից երաշխիք է ուզում
Նախորդ տարեվերջին խորհրդարան ներկայացվեց Հայաստանի՝ ԵՄ-ին անդամակցելու հարցով հանրաքվե անցկացնելու մասին նախագիծը։ Այն 4 արտախորհրդարանական ուժերի նախաձեռնությունն է, որին հավանություն է տվել շուրջ 60 հազար քաղաքացի։ 52 հազարի ձայները Կենտրոնական ընտրական հանձնաժողովը վավեր է ճանաչել։
Քաղաքական վերլուծաբան Հովսեփ Խուրշուդյանը կարծում է՝ Ազգային ժողովը կողմ կքվեարկի նախագծին։ Ասում է՝ ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակում, մասնավորապես՝ ՌԴ ճնշումների և ՀՀ տարածքով անցնող «միջանցքի» վերահսկման պահանջի ֆոնին եվրոպամետ ուղղությունն ու դրան ժողովրդի սատարումը երկրի իշխանությունների համար «փրկօղակ էր, առանց որի ավելի դժվար կլիներ դիմադրել»։ Factor TV-ի եթերում վերլուծաբանը նշել է, որ նախագիծը հավանության կարժանանա խորհրդարանում, սակայն գործնական քայլերի իրականացումն ավելի բարդ կլինի։
«Մի բան է պարտավորվել և արտաքին քաղաքական կուրս դարձնել Եվրամիությանն անդամակցության գործընթացը, մեկ այլ բան է՝ ինչպես մեկնաբանել այդ գործընթացը և ինչ արագությամբ, ինչ քայլերով դա իրականացնել»,- նկատել է Հովսեփ Խուրշուդյանը։
ԵՄ-ն ընդլայնվում է, բայց չի ուզում բոլորին «գրկաբաց ընդունել»
Քաղաքական վերլուծաբանի խոսքով՝ Եվրամիությունն ունի ընդլանվելու ցանկություն։ Դա պաշտոնական քաղաքականություն է, որն արտացոլված է ԵՄ փաստաթղթերում։ Հիշեցնում է՝ Ուկրաինան, Մոլդովան և Վրաստանը թեկնածու երկրներ են, ՀՀ-ից շատ առաջ են։ Այդ թվում նրանով, որ 10 տարի առաջ ասոցացման համաձայնագիր են ստորագրել։ Սակայն նույնիսկ այս երկրների դեպքում ԵՄ-ն դեռևս չի ստացել իր բոլոր հարցերի պատասխանները։
Ասում է՝ միության համար խնդիրներ են ստեղծում նաև արդեն իսկ անդամ երկրները, օրինակ՝ Հունգարիան, որի ղեկավար Վիկտոր Օրբանը պարբերաբար սաբոտաժի է ենթարկում կառույցը։ Խուրշուդյանի խոսքով՝ Վրաստանը՝ որպես ԵՄ անդամ այդպիսի երկիր է պատկերացնում նաև Բիձինա Իվանիշվիլին․
«ԵՄ-ն չի ուզում շալակել այդպիսի երկրներ՝ իրենց խնդիրներով, կամակորություններով և հակաեվրոպական նարատիվներով, որ վաղը կամ մյուս օրն էլ ՌԴ-ին աջակցեն տարբեր ագրեսիվ քաղաքական հարցերում»։
Վերլուծաբանն ասում է՝ ԵՄ-ն ընդլայնվում է, բայց չի ուզում «ծափ տալով, գրկաբաց» ընդունել բոլորին, կան հստակ չափորոշիչներ։ Նրա համոզմամբ՝ կառույցում ուզում են վստահ լինել, որ օրինակ՝ Հայաստանն ունի օրակարգ, երաշխիքներ, որ հետդարձի ճամփա չի բռնի, «նոր օրբաններ» չի ծնի։
«Մենք այդ երաշխիքը կարո՞ղ ենք տալ։ Ոչ, նույնիսկ Վրաստանը չկարողացավ տալ, որ տարածաշրջանում հակառուսականության բաստիոնն էր»,- նշում է նա և հավելում, որ Եվրամիությունը նման անդամների կարիք չունի։
Շեշտում է՝ Հայաստանին նույնպես պետք է ճանապարհ անցնել անդամակցության համար։ Պետք է պատրաստ լինել իրականացնել օրենսդրական և մի շարք այլ բարեփոխումներ, բարելավել մարդու իրավունքների իրավիճակը, դուրս գալ Ռուսաստանի հովանու ներքո գործող կառույցներից, այդ թվում՝ ՀԱՊԿ ռազմական դաշինքից։
Խուրշուդյանի դիտարկմամբ՝ ՀՀ-ին կհաջողվի Վրաստանի 10-ամյա ճանապարհն անցել 1-2 տարում, կա պոտենցիալ։ Նկատում է՝ կլինեն նաև դժվարություններ, մասնավորապես՝ Հայաստանի տնտեսությունը ԵՄ չափանիշներին համապատասխանեցնելու, արտադրողականությունը բարձրացնելու և մի շարք այլ հարցերում։ Ասում է՝ այդ խնդիրները հնարավոր է լուծել, եթե կառավարությունն աջակցի ձեռներեցներին, իսկ պետական համակարգը ճիշտ աշխատի։
ՌԴ հետ հարաբերությունները սրելու նպատակ չկա
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը չմասնակցեց ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովին, որը տեղի ունեցավ դեկտեմբերի 23-ին Սանկտ Պետերբուրգում։ Հայտնեց, որ վարակվել է կորոնավիրուսով։ Հովսեփ Խուրշուդյանի խոսքով՝ Փաշինյանի ՌԴ չայցելելը հարաբերությունների սրման նշան է․
«Կան մարդիկ, որոնք ասում են՝ որքան սրվեն հայ-ռուսական հարաբերությունները, այնքան լավ։ Ոչ, դրա իմաստը չկա և չկա նպատակ՝ սրելու հարաբերությունները։ Կա նպատակ սեփական ինքնիշխանությունը, անվտանգությունն ամրապնդելու»։
Վերլուծաբանի գնահատմամբ՝ հայ-ռուսական հարաբերությունների սրման նշաններ նկատելիս պետք է հաշվի առնել, որ ՀՀ-ն չէ, որ նախաձեռնում է դրանք։
«Նշանակում է՝ եթե մինչ այս հնարավոր էր լինում ոչ ասելով ՌԴ հետ հարաբերությունների բարձր մակարդակ պահպանել, ապա հիմա Ռուսաստանը կարծես թե ցույց է տալիս, որ ոչ ասելը, օրինակ՝ Մեղրիում ռուսական ներկայության հարցում, կարող է բերել ՀՀ համար ավելի վատ հետևանքների»,- մանրամասնել է նա։
Ըստ Խուրշուդյանի՝ պատահական չէ, որ նման հետևանքներից առաջ Մոսկվան փորձում է փչացնել Երևանի հետ հարաբերությունները։ Մասնավորապես՝ Պեսկովի շուրթերով հայտարարում՝ եթե նույնիսկ Փաշինյանը գա, Պուտինի հետ հանդիպում նախատեսված չէ։ Կարծում է՝ դա ՀՀ վարչապետի համար ուղերձ էր՝ «կարող ես չգալ»։
Ադրբեջանին զսպելու համար պետք է գործակցել Արևմուտքի հետ
Վերլուծաբանի գնահատմամբ՝ ոչ ոք ՀՀ-ին Ռուսաստանի հետ հարաբերությունները փչացնելու կոչ չի անում։ Պարզապես հնարավոր չէ պահպանել դրանք և զուգահեռ ապահովել երկրի անվտանգությունը։ Ասում է՝ Մոսկվան ուզում է, որ Երևանն իրականացնի իր բոլոր ցանկությունները, այդ թվում՝ չունենա Արևմուտքի հետ հարաբերություններ, զենք չգնի այլ երկրներից։ Միաժամանակ ինքը զենք չի վաճառում, որպես լծակ է օգտագործում նաև Ադրբեջանի հարձակումները Հայաստանի տարածքի վրա․
«Ակնհայտ է, որ Ադրբեջանին հակադրվելու, զսպելու համար պետք է համագործակցենք Արևմուտքի, ոչ թե Ռուսաստանի հետ։ ՌԴ-ն անում է լրիվ հակառակը՝ անընդհատ մեզ վրա քսի է տալիս Ադրբեջանին»։
Խուրշուդյանի կարծիքով՝ բալանսավորված քաղաքականությունն ավելի կոմֆորտ գոտի է։ Բայց այդ դեպքում չկա տեսլական, ինչը, իր հերթին, ռազմավարական առումով վտանգավոր է։
Կանաչ լույս. Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունների մասին
Անդրադառնալով ՀՀ անվտանգության ապահովմանը՝ քաղաքական վերլուծաբանը նկատել է՝ անվտանգությունն ունի տարբեր բաղադրիչներ՝ տեղեկատվական, առողջապահական, տնտեսական և այլն։ Խոսելով ռազմական բաղադրիչի մասին՝ Խուրշուդյանն ընդգծել է՝ այն ունի երկու ուղղություն՝
- սեփական ռազմարդյունաբերության զարգացում,
- զենքի գնումներ։
«Ռազմարդյունաբերությունն ավելի երկարաժամկետ է․ չես կարող մի տարվա մեջ արտադրել այն ամենն, ինչ քեզ պետք է։ Իսկ զինվել պետք է շտապ, որպեսզի բալանսը վերականգնվի»,- պարզաբանել է նա։
Ասում է՝ Ֆրանսիայից Հայաստան զենքի մատակարարումներն անհանգստացնում են Բաքվին։ Չի բացառում, որ ՀՀ-ն պաշտպանական զենքեր է ստանում նաև ԱՄՆ-ից։ Խուրշուդյանի փոխանցմամբ՝ այդ հարցում ավելի մեղմ դիրքորոշում ունի նաև Իրանը, քանի որ «հակված է Արևմուտքի հետ հաշտեցման»։
«Սա նշանակում է՝ կանաչ լույս է վառվում նույնիսկ ՆԱՏՕ-ին ՀՀ անդամակցության մասով։ Միակ խոչընդոտը մնում է Ռուսաստանը»,- շեշտում է նա։
Փորձագետի խոսքով՝ դեռ պարզ չէ, թե ինչ կլինի ՌԴ-ում։ Բայց մինչ այդ Հայաստանը կարող է ունենալ անհատական գործընկերություն և ռազմական համագործակցություն ՆԱՏՕ անդամ երկրների հետ։ Խոսքն, ըստ նրա, ոչ միայն ռազմական բաղադրիչի մասին է, այլև օրինակ՝ հետախուզության։
Հետևեք մեզ — Facebook | Youtube | Telegram
ԵՄ-ն Երևանից երաշխիք է ուզում