Դատապարտելի՞ է «Շուշիի հռչակագիրը»․ քննարկումներ Հայաստանի խորհրդարանում
Հայաստանի խորհրդարանը չի ընդունել «Շուշիի հռչակագիրը» դատապարտող հայտարարության նախագիծը։ Ընդդիմադիրները իշխող ուժին մեղադրել են թրքամետ քաղաքականություն վարելու մեջ։
Իշխանական և ընդդիմադիր պատգամավորների կարծիքներն ու հայտարարության մանրամասները
Իշխանականները «ձեռնպահ» քվեարկեցին
Մեկ շաբաթ առաջ հայտնի դարձավ, որ փետրվարի 23-ին Ազգային ժողովը կգումարի արտահերթ նիստ, որի օրակարգում կլինի նաև «Շուշիի հռչակագրի» վավերացման կապակցությամբ հայտարարության նախագիծը։ Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության շրջանառած նախագիծը, սակայն, չի ընդունվել։
2021 թ․-ի հունիսի 15-ին Թուրքիայի և Ադրբեջանի ղեկավարներն այցելել էին Ֆիզուլի, ապա Շուշի, որտեղ էլ կնքել էին ռազմական համագործակցության մասին երկկողմ համաձայնագիր։ Այն առավել հայտնի է «Շուշիի հռչակագիր» անունով։ Հռչակագիրն արդեն իսկ վավերացվել է երկու երկրների խորհրդարանների կողմից։
Հռչակագրի տեքստում նշվում է, որ երրորդ պետության կողմից սպառնալիքի կամ ագրեսիայի դեպքում Թուրքիան ու Ադրբեջանը գործելու են համատեղ, բացի այդ՝ համատեղ ջանքեր են գործադրելու զինված ուժերի արդիականացման ուղղությամբ։
Նշվում է, որ Թուրքիան ու Ադրբեջանը միացնող «Զանգեզուրի միջանցքի» բացումը և Նախիջևան-Կարս երկաթուղին կնպաստեն հարաբերությունների առավել ակտիվացմանը: Փաստաթղթում ընդգծվում է, որ Թուրքիայի նկատմամբ Հայաստանի «անհիմն պնդումները», «պատմությունը խեղաթյուրելուն ուղղված նախաձեռնությունները» վնասում են տարածաշրջանի խաղաղությունն ու կայունությունը:
Փետրվարի 21-ին Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում հայտարարության շուրջ թեժ քննարկում է ծավալվել, ապա այն դրվել է քվեարկության։ Իշխող ուժի պատգամավորները, որոնք հանձնաժողովում մեծամասնություն են, ձեռնպահ են քվեարկել նախագծին, այն չի ընդունվել։
Իշխող ուժի համոզմամբ՝ հայտարարությունը կրկնում է դեռևս ամիսներ առաջ ՀՀ արտաքին գերատեսչության տարածած հայտարարության թեզերը։
Հենց այս հիմնավորմամբ էլ «Քաղաքացիական պայմանագրի» ներկայացուցիչները չեն միացել ընդդիմության հայտարարությանը։
Իշխանական պատգամավոր Գուրգեն Արսենյանը նիստի ընթացքում ընդգծել է, որ խորհրդարանական դիվանագիտության գործիքակազմը «չի սկսվում և ավարտվում հայտարարություններով»։
ՀՀ արտգործնախարարությունը «Շուշիի հռչակագիրը» որակել էր որպես դատապարտելի և սադրիչ փաստաթուղթ՝ նշելով, որ դրա «ողջ բովանդակությունը թիրախավորում է հայ ժողովրդին»։
Գերատեսչությունն ընդգծել էր, որ հռչակագրում տեղ գտած «Զանգեզուրի միջանցք» արտահայտությունը վկայում է այն մասին, Թուրքիան և Ադրբեջանը ձեռք են բերում հրապարակային պայմանավորվածություններ ՀՀ ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ։
ԱԳՆ-ն մտահոգիչ էր համարել նաև երկու պետությունների պայմանավորվածությունը՝ պայքարելու Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման դեմ՝ շեշտելով, որ դրանք «ամբողջովին հակասում են միջազգային իրավունքի հիմնական նորմերին»։
Պաշտոնական Երևանը շեշտել էր, որ Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների հրապարակային պայմանավորվածությունները ոչ միայն սպառնալիք են հայ ժողովրդի նկատմամբ, այլև լուրջ մարտահրավեր միջազգային և տարածաշրջանային խաղաղությամբ և անվտանգությամբ շահագրգիռ բոլոր երկրների համար։
Իշխանական պատգամավոր, «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի հայկական պատվիրակության ղեկավար Մարիա Կարապետյանի խոսքով՝ Թուրքիան և Ադրբեջանը ռազմավարական համագործակցության մասին համաձայնագիր են կնքել նաև տարիներ առաջ՝ 2010 թ․-ին։ Պատգամավորը ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ այդ ժամանակ «ԱԳՆ-ն որևէ պատասխանով հանդես չի եկել»։
«Ամոթալի քաղաքական որոշում»․ ընդդիմության արձագանքը
Ընդդիմությունը կարծում է, որ «Շուշիի հռչակագիրն» ուղղված է Հայաստանի և Արցախի դեմ, ուստի պետք է դրան գնահատական տալ։
ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանի խոսքով՝ կարելի է եզրակացնել, որ ՔՊ–ն, ըստ էության, կողմ է «Շուշիի հռչակագրին»։
«Եթե ՔՊ-ն չի ուզում միանալ Շուշիի հռչակագիրը դատապարտող հայտարարությանը, ապա կողմ է այն բանին, որ Արցախը մնա Ադրբեջանի կազմում, կողմ է, որ «Զանգեզուրյան միջանցքն» իրականություն դառնա, և ՀՀ–ն հետ կանգնի Ցեղասպանության ճանաչման պահանջից»,- շեշտել է Գրիգորյանը։
Խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանն այս եզրակացությունը բնորոշել է որպես մանիպուլյացիա։ Պատգամավորի փոխանցմամբ՝ Ազգային ժողովի անունից հայտարարություն «տարածել-չտարածելու հարցը կրում է մարտավարական բնույթ»։
Լրագրողների հետ զրույցում ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը նշել է, որ իշխանականների քվեարկությունն ուղերձ էր Թուրքիային և Ադրբեջանին, որ «պատրաստ են խաղաղության»։ Թևանյանը կարծում է՝ սա հանգեցնելու է ոչ թե խաղաղության, այլ «թուրքական ախորժակի և ադրբեջանական նկրտումների մեծացման»՝ բերելով նոր ողբերգություն։
Ընդդիմադիր պատգամավորն իշխող ուժի քվեարկությունը որակել է որպես «ամոթալի քաղաքական որոշում»․
«Որ ասեմ` անսպասելի էր, սուտ կլինի, սակայն որ թուրքամետ քաղաքականությունը կողջունի իշխող խմբակցությունը, չէի պատկերացնում»,- նշել է Թևանյանը։
Ի՞նչ է ասված հայտարարությունում
Հայտարարության նախագծով պատգամավորներն իրենց մտահոգությունն են հայտնել «օկուպացված Շուշիում 2021 թ. հունիսի 15-ին Թուրքիայի ու Ադրբեջանի նախագահների ստորագրած հռչակագրի»՝ Ադրբեջանի և Թուրքիայի խորհրդարանների կողմից վավերացման կապակցությամբ:
Նախագիծն ուսումնասիրելու ընթացքում պարզեցինք, որ այն իսկապես կրկնում է ՀՀ արտաքին գերատեսչության հայտարարության թեզերը, մասնավորապես՝ նշվում է, որ փաստաթղթի «ողջ բովանդակությունն ուղղված է Հայաստանի ու Արցախի Հանրապետությունների, հայ ժողովրդի դեմ», միաժամանակ արձանագրվում է, որ Թուրքիայի և Ադրբեջանի քայլերն ուղղված են «ընդդեմ Արցախի ժողովրդի ինքնորոշման, ՀՀ ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և ցեղասպանություն վերապրած աշխարհասփյուռ հայ ժողովրդի իրավունքների»․
«Հռչակագրում տեղ գտած «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ ձևակերպումները վկայում են, որ Թուրքիան և Ադրբեջանը ձեռք են բերում հրապարակային պայմանավորվածություններ համատեղ ծավալապաշտական ծրագրեր իրականացնելու համար»։
Նախագծի հեղինակները դատապարտելի են համարել նաև Բաքվի և Անկարայի պայմանավորվածությունը՝ պայքարելու Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման դեմ։
Ինչպես ԱԳՆ հայտարարությունում, այնպես էլ «Հայաստան» խմբակցության շրջանառած նախագծում շեշտվում է այն հանգամանքը, որ «Շուշիի հռչակագրի» հիմքում ընկած է «ցեղային անվտանգության» մոտեցումը, այն հակասում է միջազգային իրավունքի հիմնական նորմերին։
ԱԺ ընդդիմադիր պատգամավորներն ընդգծել են՝ «Շուշիի հռչակագիրն»՝ իր սադրիչ ու ապակառուցողական բնույթով անընդունելի է Հայաստանի համար:
«Այն լրջագույն մարտահրավեր է տարածաշրջանային ու գլոբալ անվտանգությանը, չի նպաստում մեր տարածաշրջանի խաղաղ զարգացմանը, հակասում է «առանց նախապայմանների» սկզբունքի հիման վրա հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը ու լուրջ կասկածներ առաջացնում պաշտոնական Անկարայի իրական վարքագծի ու մտադրությունների առումով»,- ասված է նախագծում։