Գործադուլ պղնձամոլիբդենային կոմբինատում․ ՀՀ թիվ մեկ հարկատուն չի աշխատում
Գործադուլ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում
Հայաստանում գործող Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատակիցներ արդեն 6 օր է, ինչ գործադուլ են անում։ Պահանջում են աշխատավարձի 50 տոկոս բարձրացում և աշխատանքային պայմանների բարելավում։ Աշխատակիցները նույնիսկ փակ, գաղտնի քվերարկություն են կազմակերպել, ձևակերպված պահանջներին «այո» է ասել ավելի քան 4600 աշխատակիցներից 2448-ը։
Կոմբինատում արտադրական գործընթացը կանգ է առել։ ԶՊՄԿ լրատվության բաժնի ղեկավար Արայիկ Մարգարյանի փոխանցմամբ՝ աշխատանքների դադարեցումը «կարող է առաջացնել տնտեսական, անվտանգային, նաև բնապահպանական հետևանքներ»։
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը երկրի թիվ մեկ հարկատուն է։ 2024 թվականին ընկերությունը պետբյուջե է վճարել 101.967.620 հազար դրամ հարկեր և մաքսատուրքեր՝ զբաղեցնելով 1000 խոշոր հարկատուների ցանկի առաջին հորիզոնականը։
2021 թվականի վերջից կոմբինատի կառավարմանը մասնակցում է նաև ՀՀ կառավարությունը, քանի որ ձեռք է բերել 21,8 տոկոս բաժնեմաս։ Ուշագրավ է, որ որևէ պաշտոնյա անցնող օրերին չի անդրադարձել գործադուլին և աշխատակիցների պահանջին։ Մեկնաբանությամբ հանդես չի եկել նաև Պետական գույքի կառավարման կոմիտեն, ում հանձնված է կոմբինատի՝ պետությանը պատկանող բաժնեմասի կառավարումը։
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի մյուս բաժնետոմսերի մեծամասնությունը պատկանում է ռուս միլիարդատեր Ռոման Տրոցենկոյի հետ փոխկապակցված ընկերություններին ու անձանց:
- «ՀՀ-ն չի մտածում ԵԱՏՄ-ն փոխարինել այլ բանով, ուզում է լինել անկախ»․ էկոնոմիկայի նախարար
- «Մրցունակ աշխատուժի ձևավորում և զբաղվածության աճ»․ մինչև 2031 թ․-ի նպատակները ՀՀ-ում
- «Չհաշվարկված առաջարկ է»․ տնտեսագետը՝ ՀՀ-ում 7-ժամյա աշխատանքային ռեժիմի անցնելու մասին
«Չնչին բարձրացում են առաջարկում, հանրային ավելի մեծ ճնշման կդիմենք»
Նախօրեին աշխատավարձի բարձրացման հարցով հանդիպում է կայացել կոմբինատի ղեկավարության և գործադուլի դուրս եկած աշխատակիցների միջև։ Համաձայնություն, սակայն, ձեռք չի բերվել։
«Դիրքորոշումը չի փոխվել ո՛չ գործատուի մոտ, ո՛չ գործադուլավորների մոտ, եթե հակիրճ ասենք: Ամեն դեպքում, տենդենցը շատ դրական եմ գնահատում: Բավականին կառուցողական մթնոլորտում տեղի ունեցավ երկխոսությունը», — «Ազատությանը» տեղեկացրել է գործադուլը համակարգող խորհրդի անդամ Վահե Մխիթարյանը:
Նրա փոխանցմամբ՝ պահանջում են աշխատավարձի՝ եթե ոչ 50 տոկոս, ապա առնվազն «արժանապատիվ բարձրացում»։
Ասում է՝ գործադուլ սկսելուց առաջ էլ, հիմա էլ ստացել են ըստ հաստիքների աշխատավարձը 2-32 տոկոսով բարձրացնելու առաջարկ, որը «չի լուծում բարձրացված խնդիրը»․
«Երբ այդ տոկոսները վերածում ենք դրամի, հասկանում ենք, որ այդ դրամը չի լուծում խնդիրը։ Չնչին բարձրացում է ստացվում: Եվ նաև հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերջին անգամ վերանայում տեղի է ունեցել 7 տարի առաջ, ինձ թվում է՝ մեր պահանջը ավելի քան իրատեսական է»։
Մխիթարյանի խոսքով՝ ղեկավարության հետ հանդիպումներ կլինեն։ Եթե նախնական առաջարկը չվերանայվի, տեղի կունենա դիրքորոշման փոփոխություն։
«Երևի թե գնանք մեր պլանավորած հաջորդ քայլին՝ հանրային ավելի մեծ ճնշմանը: Երբ որ որոշումը կայացվի, մենք կասենք»,- նշել է նա՝ առանց մանրամասներ հայտնելու։
«Փակուղային իրավիճակ չէ»
Կոմբինատի լրատվության բաժնի ղեկավար Արայիկ Մարգարյանն Ազատության հետ զրույցում հստակ պատասխան չի տվել հարցին, թե արդյոք ընկերությունը ձեռնարկում է քայլեր, որպեսզի երկխոսություն տեղի ունենա գործադուլավորների հետ և իրավիճակը հանգուցալուծվի։ Նշել է, որ այդ հարցի պատասխանը կարող է տալ արհիմությունը․
«Գործընթաց տեղի է ունենում, կանգնած չէ, փակուղային իրավիճակ չէ, որքան գիտեմ»:
Միևնույն ժաժամանակ լրատվության բաժնի ղեկավարը հաստատել է՝ մի քանի օր է, ինչ «հիմնական արտադրական հատվածները կանգնած են, արտադրություն չկա»։
Ավելի վաղ կոմբինատի աշխատակից, գործադուլը համակարգող խորհրդի անդամ Վահե Մխիթարյանն էր հայտնել՝ գործադուլի հետևանքով չեն գործում բաց հանքի, փականագործների, վերանորոգման, հանքաքարի ջարդման և տեղափոխման արտադրամասերը։ Բացի այդ, չի աշխատում նաև հարստացուցիչ ֆաբրիկան, որտեղ ստացվում է վերջնական արտադրանքը:
Կոմբինատն աշխատակիցների գործողությունները «ոչ իրավաչափ» է որակում
Դեռևս փետրվարի 1-ին Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն ու ընկերության արհիմությունը հրապարակել էին համատեղ հայտարարություն։ Նշել էին, որ աշխատակիցների գործողությունները գործադուլ չեն համարում և չեն աջակցում դրանց՝ համարելով ոչ իրավաչափ։
Ընդգծել էին, որ մի խումբ աշխատակիցներ «վերջնագրային կերպով պահանջում են աշխատավարձի անիրատեսական բարձրացում, ինչը սաբոտաժի է ենթարկել ընկերությունում աշխատանքային գործընթացը»:
«Աշխատակիցների անօրինական գործողությունների պատճառով ընկերության արտադրական ցիկլը խաթարվել է, ընկերությունը և մնացած աշխատակիցները կրում են զգալի նյութական վնաս»,- նշել էին կոմբինատից։
Նաև հայտնել էին, որ եթե «անօրինական գործողությունները» շարունակվեն, ընկերությունը ստիպված կլինի իր աշխատակիցների զգալի թվին ուղարկել հարկադիր պարապուրդի։
Մեկ օր անց կառույցը հրապարակել էր երկրորդ հաղորդագրությունը՝ ներկայացնելով ընկերության որոշ հաստիքների աշխատավարձերի վերաբերյալ տեղեկատվություն (ներառյալ հարկերը), մասնավորապես՝
Հարստացուցիչ ֆաբրիկա
- Ֆլոտատոր- 399,470-594,099
- Փականագործ- 329,918-580,003
- Էլեկտրագազաեռակցող- 359,856-609,491
Հանքանյութի մանրացման և փոխադրման արտադրամաս
- Կոնվեյերավար- 450,090-480,060
- Էլեկտրագազաեռակցող- 362,789-614,809
Ծանր բեռնատարների վարորդների վարձատրությունը կատարվում է գործարքային համակարգով (կմ/երթ)
Միջին ամսական աշխատավարձ (ոչ ընթացիկ, ինչպես նախորդ երկուսը)
- 90 տոննա — 1,140,151
- 130 տոննա- 1,372,247
- 180 տոննա- 1,672,215
«Անհրաժեշտ ենք համարում նշել, որ այս պահին էլ ԶՊՄԿ-ի միջին աշխատավարձը գերազանցում է ոլորտի բոլոր ցուցանիշները»,- տեղեյացրել էին կոմբինատից։
Կառույցի փոխանցմամբ՝ 2024 թ․-ի սեպտեմբերից ընկերությունը սկսել է աշխատավարձերի վերանայման գործընթաց՝ նպատակ ունենալով «ներդնել աշխատանքի վարձատրության ինստիտուցիոնալ սկզբունքներ, վերացնել սոցիալական անհավասարությունները և ապահովել ոլորտի ստանդարտների ու օբյեկտիվ չափանիշների վրա հիմնված վարձատրության թափանցիկ համակարգ»։ Փոփոխությունների արդյունքում՝ բեռնատարների օպերատորների և նրանց օգնականների վարձատրության գործարքային բաղադրիչը զգալիորեն աճել է։
Անդրադառնալով աշխատանքային պայմանների վերաբերյալ գործադուլավորների բողոքներին՝ ԶՊՄԿ-ից հայտնել էին, որ աշխատակիցներին տրամադրվում է անվճար տրասնպորտ և մեկանգամյա սնունդ։ Բացի դրանից, նրանք օգտվում են արհնմիության սահմանած արտոնյալ և անվճար ուղեգրերից և հանգստանում ՀՀ ու տարածաշրջանի հանգստյան տներում, կառույցը փոխհատուցում է աշխատակիցների և նրանց երեխաների ուսման ծախսերը, կոմբինատի աշխատողների և նրանց ընտանիքի անդամների համար գործում է առողջապահության ապահովագրություն, բուժօգնություն ստանալու հարցում աջակցում է նաև ընկերության բարեգործական հիմնադրամը։
«Հանքարդյունաբերության ոլորտը շարունակում է ապահովել ամենաբարձր աշխատավարձերը»
Նման արձանագրում են արել Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության անդամ կազմակերպությունները։ Պնդել են՝ այս ոլորտի աշխատակիցների վարձատրությունը համադրելի է միայն բարձր տեխնոլոգիաների և բանկային ոլորտներում աշխատողների վարձատրության հետ․
«Ավելին՝ ոլորտի ընկերությունները հաճախ անտեսելով սեփական տնտեսական շահը՝ պահում են ուռճացված աշխատակազմեր, լուծելով հեռավոր մարզերում աշխատատեղերի պահպանման և արտագաղթի կանխման խնդիրը։ Սյունիքի դեպքում սա ոչ միայն սոցիալական, այլև ռազմավարական խնդիր է»։
Միության անդամ կառույցները նշել են՝ երկրի թիվ մեկ հարկատուի բնականոն աշխատանքի ապահովումը ոչ միայն կոմբինատի և հանքարդյունաբերության ոլորտի, այլև ՀՀ տնտեսական կայունության և հեղինակության խնդիրն է։
«Չվիճարկելով աշխատանքային պայմանների բարելավման նպատակով պայքարի որևէ մեկի իրավունքը, բողոքի ակցիայի մասնակիցներին կոչ ենք անում իրենց պահանջները ներկայացնել օրինական ճանապարհով, չխաթարելով ընկերության բնականոն աշխատանքը»,- ասված է հայտարարությունում։
Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության անդամ կառույցների գնահատմամբ՝ փորձը ցույց է տվել, որ գործադուլի ճանապարհով ոչ միայն խնդիրները չեն լուծվում, այլև առաջանում են ահռելի տնտեսական և սոցիալական խնդիրներ համայնքի և տարածաշրջանի համար։
2024 թ․-ին պետբյուջեն 33 մլրդ դրամ շահաբաժին է ստացել կոմբինատից
Օրեր առաջ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի մասին խոսել էր Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Շեշտել էր՝ 2021 թ․-ից ՀՀ կառավարությունը, այսինքն` ժողովուրդը, կոմբինատի սեփականատերն է, այդ բաժնեմասն արժե «մի քանի տասնյակ միլիարդ դրամ»։
«ԶՊՄԿ-ն ոչ միայն ՀՀ ամենամեծ հարկատուն է, այլև առաջին անգամ ՀՀ պետական բյուջեն որպես սեփականատեր 33 մլրդ դրամի շահաբաժին է ստացել»,- խոսելով 2024 թ․-ի մասին՝ արձանագրել էր նա։
Վարչապետը թեմային անդրադարձել էր նաև նախորդ տարեվերջին և նշել, որ կոմբինատից շահաբաժին ստանալը «մի իրադարձություն է, որն արժի ընդգծել, որովհետև, ըստ էության, նման բան ավելի քան 20 տարի տեղի չի ունեցել Հայաստանի Հանրապետությունում»։
Փաշինյանն օրերս նաև հիշեցրել էր, որ կառավարության բաժնեմաս ձեռք բերելու հաջորդ տարում՝ 2022 թվականին կոմբինատը 7 մլրդ դրամով ավելի շատ հարկ է վճարել պետական բյուջե, քան 2012-2017 թվականներին միասին վերցրած։
Հետևեք մեզ — Facebook | Youtube | Telegram
Գործադուլ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում