«Ամենայն հայոց կաթողիկոսի հեռանալուն այլընտրանք չկա»․ կարծիք
Գարեգին Բ-ի հեռանալն այլընտրանք չունի
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 2-ին կրկին պատարագի կմասնակցի Հովհաննավանքում։ Նախորդ կիրակի վարչապետը մասնակցել էր Մայր Աթոռի կողմից կարգալույծ հռչակված Տեր Արամ քահանա Ասատրյանի մատուցած պատարագին և հայտարարել Սուրբ Էջմիածնի ազատագրման գործնական փուլի մեկնարկի մասին։
Մի քանի ամիս է, ինչ Փաշինյանը պնդում է՝ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն դրժել է կուսակրոնության ուխտը, ուստի պետք է հրաժարվի գահից։ Նա նաև հայտարարել է, որ ուխտը դրժելու բերումով հայրապետն արդեն իսկ «կարգալույծ» է, ուստի չի կարող կարգալույծ անել որևէ հոգևորականի, այդ թվում՝ Հովհաննավանքի հոգևոր սպասավորին։
«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը Freenews-ի եթերում շեշտել է՝ եկեղեցու առողջացման գործընթացը պետք է տեղի ունենա Մայր Աթոռում, այն պետք է առաջնորդեն եպիսկոպոսները։ Բաբաջանյանը տեղեկություններ ունի, որ բարձրաստիճան հոգևորականները արդեն իսկ հանդիպել են կաթողիկոսին։
«Հանդիպման ընթացքում ասել են, որ իր՝ Լուսավորչի գահին մնալն այլևս անհնար է, և իրենց պատրաստվում են այդ օրակարգով հանդիպել երկրի ղեկավարի հետ՝ քննարկելու այդ օրակարգն առաջ մղելու հնարավոր անցնցում եղանակները»,- նկատել է նա։
Քաղաքական գործիչն ասում է՝ Վեհափառի պաշտոնավարման, գահակալության շարունակականության հարց չկա։ Ակնկալում է, որ Մայր Աթոռից դրական նորություններ կլինեն առաջիկա օրերին, մասնավորապես՝ նոյեմբերի 4-ին նախանշված Գերագույն հոգևոր խորհրդի նիստից հետո։
- Քահանայի հարցազրույցի հետքերով․ ՀՀ-ում հոգևորականներ են բերման ենթարկվել
- Հոգևորականի օրագիրն ու ՀՀ-ում հեղաշրջման փորձը․ մանրամասնում է ՔԿ-ի նախագահը
- Կոմպրոմատային շանտա՞ժ, թե՞ ուղերձ կաթողիկոսին. Փաշինյանի գրառումների հետքերով
Ի՞նչ է հայտարարել վարչապետ Փաշինյանը
Հայաստանի ղեկավարը ֆեյսբուքյան էջում վերահաստատել է նոյեմբերի 2-ին Հովհաննավանքում պատարագի մասնակցելու մասին իր հայտարարությունն ու նշել․
«Ըստ էության, սենսացիոն նորություն Կտրիճ Ներսիսյանից։ Նա հիշել է, որ Հայ Առաքելական եկեղեցին ունի կոնանագիրք։ Եվ կանոնագրքին հղում անելով՝ փորձում է հիմնավորել, որ Տեր Արամ Ասատրյանը չի կարող պատարագ մատուցել Հովհաննավանքում այն հիմնավորմամբ, որ կարգալույծ է հռչակված։
Հենց այստեղ է խնդիրը, որ Կանոնագիրք հայոցի համաձայն՝ Կտրիճ Ներսիսյանը չի կարող լինել Ամենայն Հայոց Կաթողիկոս, որովհետև դրժել է կուսակրոնության ուխտը, և այդ փաստի բերումով կարգալույծ է։
Հետևաբար, կարգալույծը չի կարող կարգալույծ անել, հետևաբար, Տեր Արամը կարող է պատարագ մատուցել Հովհաննավանքում»։
Փաշինյանը հոկտեմբերի 26-ի երեկոյան նշել էր, որ Մայր Աթոռի ազատագրման օրակարգը, առաջին հերթին, «եկեղեցու հոգևոր նորոգման» օրակարգ է։ Հավելել էր, որ Հովհաննավանքում մատուցված պատարագն իր հոգու և հոգևոր կյանքի նորոգման կարևոր մեկնարկ է։ Հույս էր հայտնել, որ ազատագրման օրակարգի կողմնակիցները նույնպես գործընթացը կսկսեն իրենց հոգու և հոգևոր կյանքի նորոգումից։
«Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ազատագրման և Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու նորոգման ճանապարհին պետք է արժանի լինենք մեր Սրբության սրբոցին»,- շեշտել էր Փաշինյանն ու տեղեկացրել, որ հաջորդ կիրակի նույնպես պատարագի է մասնակցելու Հովհաննավանքում։
Մեկնաբանություն
«Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը հիշեցնում է՝ Գարեգին Բ-ն Ազգային-եկեղեցական ժողովի կողմից Ամենայն հայոց կաթողիկոս ընտրվեց 1999 թվականի հոկտեմբերի 27-ին։ Դա այն օրն էր, երբ ՀՀ Ազգային ժողովում ահաբեկչական գործողություն տեղի ունեցավ։ Գործողությանը զոհ դարձան 8 պաշտոնյաներ, այդ թվում՝ ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանն ու վարչապետ Վազգեն Սարգսյանը։
«Այդ օրվա բերումով կաթողիկոսն իր ամբողջ գործունեությունը կապեց այն համակարգերի հետ, որոնք ՀՀ-ն վասալացրին, վերածեցին քրեաօլիգարխիկ համակարգի։ Քաղաքական հետապնդումների ու սպանությունների մի ամբողջ շրջափուլ եղավ, և մենք չտեսանք եկեղեցու կողմից որևէ ընդվզում»,- նկատել է նա։
Բաբաջանյանի խոսքով՝ Վեհափառն իր լեգիտիմությունը փնտրեց նրանց մեջ, ովքեր պետությունը ենթարկեցնում էին Ռուսաստանին։ Նրա դիտարկմամբ՝ պատահական չէ, որ ռուսական կողմից անթաքույց հայտարարում են, թե «նախկին իշխանությունների վերջին հենման կետը եկեղեցին է», իսկ եկեղեցին չի էլ հակադարձում։
«Ժողովուրդը պիտի որոշի՝ եկեղեցին պիտի լինի իր հոգևոր կյանքն առաջնորդող՞ը, թե՞՝ կյանքն անցյալի արատավոր տարիներին վերադարձնողը»,- արձանագրել է նա։
Քաղաքական գործչի գնահատմամբ՝ կաթողիկոսի հեռանալուն այլընտրանք չի մնացել, հիմա պետք է քննարկել տարբերակները․
«Շատ ուրախ եմ, որ այդպիսի տրամադրությունները կարծես ավելի ու ավելի ընդգծվում են, այդ շարժերը նկատելի են դառնում։ Մի քանի եպիսկոպոսներ առաջիկայում պատրաստվում են հանդիպել Վեհափառի հետ։ Հույս ունեմ՝ նաև հնարավոր կլինի կազմակերպել նրանց հանդիպումը երկրի վարչապետի հետ, քննարկել հետագա անելիքների ճանապարհային քարտեզը»։
Ասում է՝ թեև եկեղեցու ներքին խնդիրները հասարակական-քաղաքական հնչեղության են ստացել, բայց դրանք պետք է լուծվեն Մայր Աթոռում՝ եկեղեցու ներսում։ Շեշտում է՝ բարձրաստիճան հոգևորականները՝ եպիսկոպոսներն ու արքեպիսկոպոսները պետք է պատասխանատվություն ստանձնեն ու հանդիպեն հայրապետին։
«Գիտեմ, որ այդ խոսակցությունն արդեն ծավալվում է։ Եղել է Գերագույն հոգևոր խորհրդի նիստ, որտեղ հստակ ասվել է՝ այսպես այլևս հնարավոր չէ շարունակել։ Նոյեմբերի 4-ին կլինի հոգևոր խորհրդի նոր նիստ, որտեղ հրավիրված են նաև մեր արտերկրյա [թեմերի] եպիսկոպոսներ, որոնք ևս հասկանում են՝ սահմանն այլևս հատված է։ Եվ մենք առաջիկա օրերին կտեսնենք շատ գործնական դրսևորումներ»,- արձանագրել է նա։
Խոսելով Տեր Արամ քահանայի կարգալուծության մասին՝ Բաբաջանյանը նշել է՝ կարգապահական հանձնախմբի անդամներից մեկը դեմ է եղել և ներկայացրել է հիմնավորումներ։ Կայացված որոշումն, ըստ նրա, «կամայական է ու անհիմն», ուստի պետք է չեղարկվի։
«Հույս ունեմ՝ առաջիկա կիրակի օրը եպիսկոպոսները Հովհաննավանքում իրենց մասնակցությամբ ցույց կտան, թե այդ պատարագը որքանով է կանոնական կամ պարականոն [անկանոն]։ Կարծում եմ՝ իրենց մասնակցությամբ կլեգիտիմացնեն այդ պատարագը»,- ամփոփել է նա։
Հետևեք մեզ — Facebook | Youtube
Գարեգին Բ-ի հեռանալն այլընտրանք չունի