ՀՀ-ում մտադիր են քրեականացնել բուժաշխատողների գործունեությունը խոչընդոտելը
Բուժաշխատողների հանդեպ բռնության քրեականացում ՀՀ-ում
Հայաստանի խորհրդարանի իշխող ուժի պատգամավորներն առաջարկում են քրեականացնել բուժաշխատողների մասնագիտական գործունեությունը խոչընդոտելը։ «Քաղաքացիական պայմանագրի» անդամները ներկայացրել են նախագիծ, ըստ որի՝ խոչընդոտման համար կարող է սահմանվել առավելագույնը 1 ամիս ազատազրկում։ Եթե նույն արարքը կատարվի բռնության գործադրման սպառնալիքով, ազատազրկումը կարող է լինել նաև երկարաժամկետ՝ առավելագույնը 2 տարով։
Նրանց գնահատմամբ՝ թեև գործող Քրեական օրենսգրքում կան ընդհանուր բնույթի հոդվածներ, սակայն դրանք «չեն ընդգծում բուժաշխատողների՝ որպես հասարակության համար կարևոր խմբի, պաշտպանության անհրաժեշտությունը»։
«Որպես հանրություն պետք է փոխվենք, հասկանանք, որ չի կարելի խոչընդոտել, սպառնալ կամ բռնություն գործադրել իրենց մասնագիտական պարտքը կատարող բուժաշխատողների նկատմամբ, ինչպես օրինակ՝ ոստիկանի կամ փրկարարի նկատմամբ»,- ասում է ԱԺ պատգամավոր, Առողջապահության հարցերի հանձնաժողովի նախագահ Արսեն Թորոսյանը։
Թորոսյանի հետ միասին նախագծի մշակմամբ զբաղվել են նաև իշխող ուժից Արեն Մկրտչյանն ու Հասմիկ Հակոբյանը։ Խորհրդարանականները շեշտում են՝ բուժաշխատողի նկատմամբ իրականացվող ցանկացած ոտնձգություն կարող է ազդել նրա մասնագիտական պարտականությունների կատարման, ժամանակին օգնություն ցուցաբերելու վրա՝ մինչև անգամ ստեղծելով «հիվանդի կյանքին սպառնացող վտանգավոր իրավիճակներ»։
Ակնկալում են, որ այս փոփոխությունը կնպաստի բուժաշխատողների նկատմամբ իրականացվող ոտնձգությունների կանխմանը, նրանց անվտանգության ապահովմանը։
- Սելեկտիվ աբորտների թիվը Հայաստանում կրճատվել է ծնելիությանը զուգահեռ
- Պատվաստե՞լ երեխաներին վիրուսների դեմ, թե՞ ոչ․ ծնողների վերաբերմունքը Հայաստանում
- Երեխաների շրջանում քաղցրավենիք օգտագործելու ցուցանիշով ՀՀ-ն առաջատար է
- «Դեմենցիան հնարավոր է կանխարգելել»․ նոր ծրագիր Հայաստանում
Բռնության 27 դեպք երկու տարում
«2023-2025 թթ․ ընթացքում արձանագրվել է բուժաշխատողներին բռնության ենթարկելու 27 դեպք, որոնցից 4-ը՝ 2025 թ․-ի առաջին երկու ամսում»,- ասված է նախագծի հիմնավորման մեջ։
Այս տարի գրանցված դեպքերից երկուսը տեղի են ունեցել Երևանում, մեկը՝ Շիրակի, մյուսը՝ Վայոց Ձորի մարզում։ Պացիենտների հարազատների թիրախում են հայտնվել հիվանդանոցի աշխատակիցները, շտապօգնության բուժաշխատողները՝ 4-ից 3-ի դեպքում։
2023 թ․-ին և 2024 թ․-ին նույնպես գրանցվել են բուժաշխատողների հանդեպ ագրեսիվ պահվածքի, նրանց հայհոյելու և հարվածելու դեպքեր։ Բժիշկները մինչև անգամ մարմնական վնասվածքներ են ստացել։
Նախագծի հիմնավորման համաձայն՝ դեպքերի հաճախականությունը վկայում է բռնության զգալի և տագնապալի աճի միտման մասին։
Ի՞նչ են առաջարկում պատգամավորները
Իշխող «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավորներն առաջարկում են փոփոխություններ կատարել Քրեական օրենսգրքում։ Մասնավորապես՝ «Կյանքը և առողջությունը վտանգող հանցագործությունները» գլխում ավելացնել 187․1 հոդվածն ու սահմանել․
- «Բուժաշխատողի մասնագիտական օրինական գործունեությունը խոչընդոտելը պատժվում է տուգանքով` առավելագույնը [նվազագույն աշխատավարձի] տասնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով` առավելագույնը հարյուր ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ` առավելագույնը մեկ տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` առավելագույնը մեկ ամիս ժամկետով:
- Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է բուժաշխատողի նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքով՝ պատժվում է տուգանքով` առավելագույնը [նվազագույն աշխատավարձի] քսանապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով` հարյուրից երկու հարյուր ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով»:
Ո՞ր երկրների փորձն է ուսումնասիրվել
Պատգամավորներն ուսումնասիրել են տարբեր զեկույցներ և կոնվենցիաներ, ինչպես նաև բուժաշխատողների նկատմամբ բռնության քրեականացման միջազգային փորձը։ Մատնանշվում են օրինակներ ԱՄՆ-ի օրենսդրությունից․
«2025 թ․-ի հունվարի 1-ից ուժի մեջ է մտել Կալիֆորնիայի ասամբլեայի 977 օրինագիծը։ Այն նախատեսում է ազատազրկում՝ մինչև 1 տարի ժամկետով կամ տուգանք՝ 2000 ԱՄՆ դոլարի չափով, կամ երկուսը միասին»։
Իսկ Ավստրալիայում գործող Նոր Հարավային Ուելսի օրենքի համաձայն՝ բուժաշխատողի նկատմամբ կիրառված իրախախտման համար կարող է սահմանվել 12 ամսից մինչև 14 տարվա ազատազրկում՝ կախված «հարձակման ծանրությունից կամ խոչընդոտից»։
Բուժքույրերի ազգային միավորման՝ 2023 թ․-ի զեկույցի համաձայն՝ «բռնության կանխարգելմանն ուղղված արդյունավետ ռազմավարությունների ձախողումը խորացնում է կադրային ճգնաժամը և 10-ից 6-ը փոխում են, թողնում են իրենց աշխատանքը կամ մտածում են այն թողնելու մասին»։
Մեկնաբանություններ սոցցանցերից
«Օրենքի նախաձեռնությունը կարևոր է՝ պաշտպանելու բուժաշխատողներին անօրինական ճնշումներից։ Սակայն անհրաժեշտ է նաև հստակեցնել «օրինական մասնագիտական գործունեություն» հասկացությունը, որպեսզի այն չդառնա խոչընդոտ քաղաքացիների՝ հնարավոր բժշկական սխալների կամ անփութության վերաբերյալ բարձրաձայնելու և հիմնավորված դժգոհություններ ներկայացնելու իրավունքի համար»։
«Գովելի է, կարևորը օրենքը գործի։ Մասնագիտությունը վահան չէ, բայց բուժաշխատողները այդ պահին կատարում են իրենց մասնագիտական պարտականությունները, շնորհակալության փոխարեն մի ծեծեք մարդկանց»։
«Խնդրում եմ մի հատ էլ օրենքի նախագիծ ներկայացրեք մանկավարժների նկատմամբ բռնություն կիրառելու մասին»։
«Իսկ տվյալ բուժաշխատողների պահվածքի համար ոչ մի բան չի նախատեսվո՞ւմ։ Ասենք, երբ գալիս են ու իրանց մասնագիտական պարտքը կատարելու փոխարեն մուննաթ են գալիս ու գործը չավարտած գնում են, հիվանդին թողնում օդի մեջ»։
«Հիասքանչ և երկար սպասված որոշում։ Արդյո՞ք հնարավոր է ինքնապաշտպանության միջոցներ տրամադրել, հատկապես շտապօգնության բուժանձնակազմին»։
«Անկախությունից սկսած համակարգի թերությունները քողարկելու նպատակով դեմոնիզացվել է բուժաշխատողը: Օրենքը աննշան արդյունք է տալու: Պետք է ակտիվ աշխատել բուժաշխատողների մասին կարծիքը փոխելու ուղղությամբ: Ի դեպ, դրա մեջ շատ մեծ տեղ ունի այն, որ բժշկի ուսերին է թողնված վճարումների մասին խոսելը»։
Հետևեք մեզ — Facebook | Youtube | Telegram
Բուժաշխատողների հանդեպ բռնության քրեականացում ՀՀ-ում