Բոյկոտ՝ առաջին իսկ օրը․ ընդդիմությունը լքել է Հայաստանի խորհրդարանի դահլիճն առաջին նիստին
Հայաստանում օգոստոսի 2-ին կայացել է նոր խորհրդարանի առաջին նիստը։ Արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքում, որոնք տեղի ունեցան հունիսի 20-ին, խորհրդարան է անցել երեք քաղաքական ուժ, որոնցից երկուսն ընդդիմադիր են։ Ընդ որում, դա անհաշտ ընդդիմություն է, որը պահանջում էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը խորհրդարանական ընտրություններից առաջ՝ Արցախյան երկրորդ պատերազմում կրած պարտությունից անմիջապես հետո։
Եվ այժմ ընդդիմության պատգամավորները հայտարարել են, որ շարունակելու են պայքարը վարչապետի պաշտոնանկության համար։
«Ազգային ժողով գալով մենք չենք հրաժարվել մեր հիմնական պահանջից․ այս իշխանությունը պետք է հեռանա։ Խորհրդարանը լրացուցիչ գործիք է, որը մենք օգտագործում ենք՝ մեր նպատակին հասնելու համար», — հայտարարել է «Պատիվ ունեմ» դաշինքի առաջնորդ Արթուր Վանեցյանը։
Խորհրդարանի նիստն անցել է լարված միջավայրում․ մերթընդմերթ լեզվակռիվ էր առաջանում իշխող ուժի և ընդդիմության ներկայացուցիչների միջև։
Ընդդիմադիր «Հայաստան» դաշինքի պատգամավորները քաղաքական ֆլեշմոբ էին կազմակերպել՝ ի աջակցություն իրենց գործընկերներ Մխիթար Զաքարյանի և Արթուր Սարգսյանի, որոնք կալանավորվել են ընտրություններից հետո։ Դաշինքի պատգամավորները խորհրդարանի նիստին էին ներկայացել ճերմակ շապիկներով, որոնց վրա կալանավորված գործընկերների լուսանկարներն էին։ Չնայած պատգամավորական մանդատի առկայությանը՝ կալանքի տակ գտնվողները չէին կարող մասնակցել խորհրդարանի նիստին։
Երկուսն էլ մեղադրվում են պետական միջոցների վատնման և պաշտոնեական լիազորությունների չարաշահման մեջ, սակայն ընդդիմադիրները նրանց կալանքն անվանում են քաղաքական հետապնդում։
Հայաստանի խորհրդարանի խոսնակի երեք թեկնածու էր ներկայացվել, որոնցից երկուսը կալանքի տակ գտնվող պատգամավորներն էին։ Ալեն Սիմոնյանին որպես իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության խոսնակի թեկնածու ներկայացնելու ժամանակ ընդդիմադիր դաշինքների բոլոր անդամները, որպես բողոքի նշան, լքեցին նիստերի դահլիճը։
Այդ ընթացքում նախագահն արդեն ստորագրել էր վարչապետի նշանակման մասին հրամանագիրը։ Սահմանադրության համաձայն՝ նշանակումը պետք է տեղի ունենա նորընտիր Ազգային ժողովի լիազորությունների մեկնարկից անմիջապես հետո։ Վարչապետ է դառնում խորհրդարանական մեծամասնության, այս դեպքում՝ «Քաղաքացիական պայմանագրի» թեկնածուն։ Ինչպես և սպասվում էր, վարչապետի պաշտոնում առաջադրվել էր կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը։
Ութերորդ գումարման խորհրդարան է անցել 107 պատգամավոր։ Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է 71 մանդատ, նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի «Հայաստան» դաշինքը՝ 29, նախկին նախագահ Սերժ Սարգսյանի և ԱԱԾ նախկին ղեկավար Արթուր Վանեցյանի «Պատիվ ունեմ» դաշինքը՝ 7 մանդատ։
- Ընդդիմադիրների «ո՞րս»։ Ի՞նչ է կատարվում Հայաստանում
- Նոր ընտրություններ, արցախյան հարց, գերիների վերադարձ․ քաղաքագետը՝ Հայաստանի ապագայի մասին
Ինչպե՞ս է անցել նիստը
Նիստի սկզբում պատգամավորները մեկ րոպե լռությամբ հարգել են Արցախյան երկրորդ պատերազմի զոհերի հիշատակը։ Այնուհետև ելույթ են ունեցել Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդն ու Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը։
Կանոնադրության համաձայն՝ հայ խորհրդարանականները երդվել են։ Նիստը վարում էր իշխող ուժի պատգամավոր, Հայաստանի քրդական համայնքի ներկայացուցիչ Կնյազ Հասանովը, որն ընթերցել է բոլոր խմբակցությունների պատգամավորների անունները։
Երբ նա հասավ կալանավորված պատգամավորների անուններին, ընդդիմության ներկայացուցիչները ոտքի կանգնեցին և բարձր ծափահարեցին։
Պաշտոնական մասի ավարտից հետո «Հայաստան» դաշինքի ընդդիմադիրները պահանջեցին իրենց կալանավորված գործընկերներին խորհրդարան բերել։ Նրանք հայտարարեցին, որ չեն կարող Ազգային ժողովի ղեկավար ընտրել պայմաններում, երբ երկու պատգամավոր կալանքի տակ է և ներկա չէ։ «Պատիվ ունեմ» դաշինքը սատարեց այս պահանջը։
Մինչ Կնյազ Հասանովն ապարդյուն փորձում էր շարունակել նիստը, ընդդիմադիրները ձեռքով հարվածում էին սեղանին։
Խոսնակի թեկնածուները
Ըստ կանոնադրության՝ խոսնակի բոլոր երեք թեկնածուները պետք է ելույթ ունենային խորհրդարանում, այդ թվում՝ կալանքի տակ գտնվող ընդդիմադիրները։
Թեկնածություններին առաջադրելուց հետո ընդդիմադիր դաշինքները Կնյազ Հասանովից պահանջեցին ապահովել Մխիթար Զաքարյանի և Արթուր Սարգսյանի ներկայությունը նիստին՝ հղում անելով կանոնադրությանը։ Հակառակ դեպքում, ինչպես պնդում էին ընդդիմադիր պատգամավորները, թեկնածուներն անհավասար պայմաններում կհայտնվեն։
Սակայն նիստը վարող պատգամավորը հայտարարեց, որ դա իր լիազորություններից վեր է։
Արդյունքում՝ ընդդդիմադիր դաշինքների բոլոր անդամները ցուցադրաբար լքեցին նիստերի դահլիճը։
Գլխավոր դատախազության մեկնաբանությունը կալանավորվածների մասին
Մխիթար Զաքարյանը Հայաստանի Սյունիքի մարզի Մեղրի քաղաքի նախկին ղեկավարն է։ Երկրորդ կալանավորված պատգամավոր Արթուր Սարգսյանը նույն մարզի Սիսիանի նախկին քաղաքապետն է։ Երկուսին էլ մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական լիազորությունների չարաշահման և պաշտոնեական կեղծիքի համար։
Սակայն Հայաստանում շատերն են համարում, որ երկուսին էլ հետապնդում են ընդդիմադիր հայացքների համար։ Նախընտրական արշավի փուլում նրանք բացահայտ և կոշտ քննադատում էին վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին և նրա գլխավորած կուսակցությանը։
Ընդհանուր առմամբ, Սյունիքի մարզում շատերն են դժգոհ իշխանության քաղաքականությունից։ Իրավիճակը սրվել է 2020 թ-ի աշնանը։ Արցախյան պատերազմից հետո տարածքները, որոնք վերահսկվում էին Հայաստանի կողմից, անցել են Ադրբեջանի վերահսկողության տակ։ Շատ գյուղեր այստեղ սահմանամերձ են դարձել, ինչպես ԽՍՀՄ տարիներին։
Որոշ գյուղեր նույնիսկ երկու մասի են բաժանվել՝ հայկական և ադրբեջանական։ Այս առնչությամբ մարզում բազմամարդ բողոքի ակցիաներ էին տեղի ունենում։ Տեղի բնակիչներն անգամ դեմ էին Նիկոլ Փաշինյանի այցին մարզ։
Այստեղ համարում են, որ սահմանամերձ մարզի պաշտպանությունն ապահովում էին հենց տեղական համայնքների ղեկավարները, որոնք այժմ մեղադրվում են տարբեր խախտումների համար և բանտում հայտնվում։ Այս իրավիճակն ընդդիմադիրները գնահատում են որպես քաղաքական հետապնդում։
«Հայաստան» դաշինքի անդամները նշել են, որ, ըստ Սահմանադրության, պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդումը հնարավոր էր նախաձեռնել միայն խորհրդարանի համաձայնությամբ և անձեռնմխելիությունից նրան զրկելու դեպքում։
Իսկ գլխավոր դատախազությունը հայտնել է, որ պատգամավորների համաձայնությունը չի պահանջվում այն դեպքում, երբ քրեական գործը հարուցվել է դեռևս նրանց ընտրվելուց առաջ։ ԱԺ պատգամավորների թեկնածուներն ազատազրկվել են ԿԸՀ համաձայնությամբ։ Ազգային ժողովի համաձայնությունը նույն հարցի վերաբերյալ պետք չէ։
Սակայն ընդդիմությունն, ինչպես նաև փորձագետները կարծում են, որ, ըստ Սահմանադրության, գլխավոր դատախազը պետք է ստանա ԱԺ համաձայնությունը արդեն ընտրված պատգամավորների նկատմամբ քրեական հետապնդման շարունակման համար։
Ի վերջո, խոսնակ է ընտրվել իշխող կուսակցության ներկայացուցիչը։ Ընդդիմադիրների քվեարկությունը չէր կարող փոխել իրավիճակը, քանի որ իշխող կուսակցությունն ունի անհրաժեշտ քանակությամբ մանդատներ որոշումներ կայացնելու համար։