Ինչպե՞ս տուն կառուցել կամ գնել․ ՀՀ կառավարությունը կաջակցի արցախցիներին
Բնակապահովման ծրագիր արցախցիների համար
Հայաստանի կառավարությունը Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին աջակցելու է բնակապահովման հարցում։ Ծրագիրը դեռևս հաստատված չէ, գտնվում է մշակման փուլում։ Այն ենթադրում է, որ արցախցիները կստանան բնակելի տուն կառուցելու կամ տուն/բնակարան գնելու հնարավորություն։
«Տարբեր մոդելներ ու մեթոդներ են քննարկվում։ Չի բացառվում, որ դրանք միաժամանակ կիրառվեն»,- տեղեկացրել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության փոխանցմամբ՝ մեկ անձի հաշվով աջակցության չափը կկազմի 3 միլիոն դրամ։ Այդ գումարն անհատույց է տրվելու անչափահասներին, մյուսները պետք է աջակցության գումարը պետությանը վերադարձնեն 10 տարում։ Խոցելի խմբերի համար սահմանվելու են որոշակի արտոնություններ։ Ծրագրից, սակայն, կկարողանան օգտվել միայն այն անձինք, ովքեր ունեն Հայաստանի քաղաքացիություն։
Այս պահին հայտնի բոլոր մանրամասները
«Մեծ ու կարևոր ծրագիր է»
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարը ծրագիրը կարևոր է համարում։ Միաժամանակ Գնել Սանոսյանը կարծում է՝ պետք են բավարար քննարկումներ, որպեսզի այն ոչ միայն իրականացվի, այլև արդյունք տա՝ «լուծի այն սոցիալական խնդիրները, որոնք մեր առջև ծառացած են»։
Տեղեկացրել է, որ ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակապահովման ծրագրի շուրջ քննարկումներում ներգրավված են ոչ միայն տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, այլ շահագրգիռ այլ գերատեսչությունների ներկայացուցիչներ։
Քննարկվում է արցախցիների բնակարանային ապահովման մի քանի տարբերակ։
«Ընդ որում՝ չի բացառվում, որ մենք մեկ ուղղությամբ չենք գնա։ Տարբեր ուղղություններով կգնանք. դրանք կլինեն և՛ առկա բնակարանների հետ կապված, և՛ նորերի կառուցման, և՛ վաուչերային որոշակի համակարգի»,- պարզաբանել է նախարարը։
Առաջին փուլում ծրագրից կօգտվեն 3 և ավելի երեխա ունեցողները
Այդ մասին Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը։ Նրա փոխանցմամբ՝ նման ընտանիքների թիվը մոտավորապես 4100 է։ Արդեն հաջորդ փուլերում աջակցություն կստանան երկու և մեկ անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքները, այնուհետև այլ խմբերի ներկայացուցիչներ։
Փոխվարչապետի խոսքով՝ պարտադիր չէ, որ այդ բնակարանները լինեն մայրաքաղաք Երևանում։ Խոսքը, մասնավորապես՝ 15-18 մլն գնային սահմանում գտնվող բնակարանների մասին է․
«Դրանք հասանելի են հիմնականում մյուս քաղաքային բնակավայրերում: Մեր դիտարկումները ցույց են տալիս, որ 4 քաղաք է եղել, որտեղ 1 քմ հաշվով արժեքը 200 հազարից գերազանցում էր՝ Աբովյան, Դիլիջան, Ծաղկաձոր, Էջմիածին»:
Մյուս բնակավայրարում, ըստ նրա, 1 քմ-ի արժեքը 200 հազար դրամից ցածր է, այսինքն՝ նշված գումարը բավարարելու է այդտեղ տուն կամ բնակարան ձեռք բերելու համար։
10 տարում կդառնան գույքի «լիիրավ սեփականատեր»
Աջակցության ծրագրի վերաբերյալ մանրամասներ է հայտնել նաև աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը։
«Նրանք բնակարանը ձեռք բերելուց հետո 10 տարի այնտեղ ապրելու իրավունք կունենան, իսկ այնուհետև կդառնան այդ գույքի լիիրավ սեփականատեր»,- ասել է նա։
Խաչատրյանի խոսքով՝ մեկ անձի հաշվով տրված աջակցությունը՝ 3 միլիոն դրամը, 10 տարվա ընթացքում աշխատունակության տարիքում գտնվող բոլոր անձինք պետք է վերադարձնեն։ Եվ դրանից հետո ամբողջությամբ ձեռք կբերեն այդ սեփականության իրավունքը։ Այս պայմանն, ըստ նրա, չի վերաբերում անչափահասներին։ Կենսաթոշակառուների և այլ խոցելի խմբերի համար էլ սահմանվելու են որոշակի արտոնություններ։
Չի բացառել, որ քննարկումների արդյունքում կձևավորվի քաղաքային և գյուղական բնակավայրերի ցանկ, որոնց դեպքում պետությունն ավելի մեծ աջակցություն կտրամադրի։
Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարարի խոսքով՝ սա մասշտաբային ծրագիր է, որի իրականացման գործընթացը կարող է տևել 5 տարի։
Շեշտել է՝ աջակցությունից օգտվելու հնարավորություն կունենան ԼՂ-ից բռնի տեղահանված բոլոր անձինք՝ անկախ նրանից, թե երբ են տեղահանվել՝ «բացառությամբ ԼՂ առանձին շրջաններից տեղահանված ընտանիքների, որոնց համար արդեն իրականացվում է բնակարանային ապահովման ծրագիր»։
Դավիթ Խաչատրյանը նաև հայտնել է, որ այն անձանց, որոնք «օբյեկտիվ պատճառներով» տուն կառուցելու կամ գնելու հնարավորություն չեն ունենա, կտրամադրվեն սոցիալական բնակարաններ։
Հետևեք մեզ — Facebook | Youtube | Telegram
Բնակապահովման ծրագիր արցախցիների համար