«Նրանք ուզում են մոռանա՞լ Բեսլանը․ ինչո՞ւ է Մոսկվան Երկրորդ աշխարհամարտի ավարտի տոնը նշանակել դպրոցի ահաբեկչության ողբերգական օրը
Հյուսիսային Օսիայում բուռն արձագանք է առաջացրել Ռուսաստանի Պետդումայի որոշումը, որի համաձայն՝ Երկրորդ աշխարհամարտի ավարտի տոնը սեպտեմբերի 2–ի փոխարեն նշվելու է սեպտեմբերի 3–ին։
Մարդիկ դա ընկալել են որպես վիրավորանք, որովհետև սեպտեմբերի 3–ը այն օրն է, երբ ոգեկոչվում է Հյուսիսային Օսիայի Բեսլան քաղաքում 2004 թ–ին տեղի ունեցած ողբերգության զոհերի հիշատակը։
Մի խումբ ահաբեկիչներ գրավել էին դպրոցը 2004 թ–ի սեպտեմբերի 1–ի տոնական արարողության ժամանակ, այնտեղ 1,128 մարդ կար։ Այնուհետև նրանց բոլորին դպրոցում են պահել առանց սննդի և ջրի երեք օր, որից հետո ռուսական հատուկ ծառայությունները գրոհ են սկսել։
Դրա հետևանքով՝ 334 մարդ է զոհվել, այդ թվում՝ 186 երեխա։ 783 մարդ վիրավորվել է։
2005 թ–ին Բեսլանի ողբերգությունը սեպտեմբերի երեքն Ահաբեկչության դեմ պայքարում համերաշխության օր հայտարարելու հիմք է դարձել։
Այդ օրվանից յուրաքանչյուր տարի Բեսլանի ահաբեկչության զոհերի հիշատակի միջոցառումներ են անցկացվում ողջ ՌԴ տարածքում։
15 տարի է անցել Բեսլանի դպրոցի ահաբեկչությունից, սակայն հետաքննությունը չի ավարտվել։ Այս տեսանյութում այն հիմնական հարցերն են, որոնց պատասխաններին են սպասում կենդանի մնացածներն ու զոհվածների հարազատները։ Տեսանյութի հեղինակ՝ Թամարա Ագկացևա /JAMnews
Այդ որոշմանը դեմ էր նաև Ռուսաստանի նախագահին կից Մարդու իրավունքների հարցերով խորհուրդը։
Հանրային գործիչ Բադրի Գազատին ասում է, որ «Պետդումայի որոշումը Հյուսիսային Օսիայի, հատկապես՝ Բեսլանի բնակիչների մոտ տարակուսանք, շոկ և մերժում է առաջացրել»․
«Սեպտեմբերի 3–ը սգո օր է Օսիայի և Ռուսաստանի համար։ Չեմ կարծում, որ Պետդումայի պատգամավորներն այդ որոշումը միտումնավոր են ընդունել։ Սակայն այդպիսի կարծիք է ստեղծվում, որովհետև 15 տարի դաշնային իշխանություներն արել են ամեն ինչ՝ Բեսլանի թեման մոռանալու համար։ Կարծում եմ, որ սեպտեմբերի 3–ը տոնական օր դարձնելն անթույլատրելի է Ռուսաստանի համար»։
Ինչո՞ւ են Մոսկվայում որոշել տեղափոխել Երկրորդ աշխարհամարտի ավարտի միջազգայնորեն ընդունված օրը՝ սեպտեմբերի 2–ը
1945 թ–ի սեպտեմբերի 2–ին ամերիկյան «Միսուրի» ռազմանավի վրա ստորագրվել է Ճապոնիայի անվերապահ կապիտուլյացիայի ակտը։ Այդ իրադարձությունը միջազգայնորեն համարվում է Երկրորդ աշխարհամարտի ավարտի օր։
1995 թ–ի փետրվարին Ռուսաստանում դաշնային օրենք է ընդունվել «Ռուսաստանում ռազմական փառքի (հաղթական օրերի) մասին»։ Դրանում ամրագրված էր նաև այդ ամսաթիվը։
Սակայն ներկայիս փոփոխության հեղինակերը կարծում են, որ մեկնարկային կետ պետք է համարվեն Խորհրդային Միությունում ընդունված փաստաթղթերը, քանի որ, ըստ նրանց, հենց Ճապոնիայի նկատմամբ 1945 թ–ին Խորհրդային Միության հաղթանակն է վճռորոշ ավանդ ունեցել Երկրորդ աշխարհամարտի ավարտի գործում։
Իսկ Խորհրդային Միությունում համաժողովրդական տոն էր հենց սեպտեմբերի 3–ը, հաղորդել են պատգամավորները։
1945 թ–ի սեպտեմբերի 30–ին հիմնվել է «Ճապոնիայի նկատմամբ հաղթանակի համար» խորհրդային մեդալը, որով պարգևատրվել է գրեթե երկու միլիոն մարդ։ Դրա հակառակ կողմում փորագրված է՝ «1945 թ–ի սեպտեմբերի 3»։
Նաև ԽՍՀՄ Գերագույն Խորհրդի պրեզիդիումը 1945 թ–ին հրաման է ընդունել «Սեպտեմբերի 3–ը Ճապոնիայի նկատմամբ հաղթանակի տոնի օր հայտարարելու մասին»։
Խորհրդային, այլ ոչ թե միջազգային ավանդույթ պահանջելու իր որոշումը Պետդուման բացատրել է «պատմական հիմքերն ու հայրենասիրական ավանդույթներն ամրապնդելու և Երկրորդ աշխարհամարտում հաղթողների նկատմամբ պատմական արդարությունը պահպանելու» ցանկությամբ։
«Սա ուրիշ մոտեցում է, այն ընդգծում է նացիստական Գերմանիայի, միլիտարիստական Ճապոնիայի և Երկրորդ աշխարհամարտում նրանց դանշակիցների ջախջախման գործում Խորհրդային Միության դերը», — լրագրողներին ասել է Պետդումայի պաշտպանության հարցերի կոմիտեի փոխնախագահ Յուրի Շվիտկինը։
Տոն՝ սգո օրը
Հյուսիսային Օսիայի վրդովված ձայներին է միացել նաև Ռուսաստանի նախագահին կից Քաղաքացիական հասարակության զարգացման և մարդու իրավունքների հարցերով խորհրդի նախագահ Վալերի Ֆադեևը։
«Հիշատակի օրեր սահմանելու մասին որոշումները պետք է միավորեն մարդկանց, ալյ ոչ թե գժտեցնեն։ Ռազմական փառքի օրը սեպտեմբերի 2–ից 3–ը տեղափոխելը չի ընկալվի այդ հրեշավոր ահաբեկչության հետևանքով զոհվածների հարազատների և ազգականների կողմից։ Այդ ողբերգական օրն ընդմիշտ կմնա ռուսաստանցիների սրտերում որպես սարսափելի ահաբեկչության օր», — գրել է նա ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյին հասցեագրված իր դիմումի մեջ։
Մատվիենկոն պատասխանել է, որ «ավելորդ է համարում Երկրորդ աշխարհամարտի ավարտի օրը սեպտեմբերի 3–ին տեղափոխելու շուրջ աղմուկը»։
«Այս գումարման Պետդուման որոշել է ծայրահեղ ցածրանալ, երբ համաձայնել է սգո օրը տոն նշանակել», – ասել է լրագրող և «Էխո Մոսկվի» ռադիոկայանի գլխավոր խմբագիր Ալեքսեյ Վենեդիկտովը՝ մեկնաբանելով խորհրդարանականների որոշումը։
Քաղաքագետ Ալան Մամիևը կարծում է, որ սեպտեմբերի 3–ին տոնը նշանակելը հնարավոր է եղել, որովհետև «Բեսլանը Ռուսաստանում դուրս է մնացել տեղեկատվական օրակարգից»։
«Բեսլանը միայն օսական ցավ է դարձել։ Ռուսաստանում երիտասարդներն այդ ողբերգության մասին իմացել են Դուդի ֆիլմից [հայտնի ռուս բլոգերը 2019 թ–ի սեպտեմբերին թողարկել էր «Բեսլան։ Հիշիր» ֆիլմը]։ Նման որոշում կայացրած մարդիկ քաղաքական գործիչներ են, որոնց նպատակը Ռուսաստանի շահերն են միջազգային հարթակում։ Չեմ զարմանա, եթե պարզվի, որ նրանք ընդհանրապես մոռացել են, որ սեպտեմբերի 3–ը մեզ համար ողբերգական օր է»։
«Բեսլանի մայրեր» կոմիտեի համանախագահ Անետա Գադիևան ասել է, որ Պետդումայի որոշումը «կամ պատգամավորների ոչ պրոֆեսիոնալիզմի նշան է, կամ միտումնավոր գործողության»։ Նրա խոսքով՝ ահաբեկչության զոհերի հարազատներն ու նախկին պատանդները մտադիր են դիմել Պետդումայի պատգամավորներին, որոնք խորհրդարանում ներկայացնում են Հյուսիսային Օսիան։
Սակայն Ալան Մամիևը դա անօգուտ է համարում․ չէ՞ որ նրանք արդեն սատարել են այդ նախաձեռնությունը։ Ինչն, ըստ նրա, իրավիճակն «էլ ավելի տխուր է դարձնում»։