Նոյեմբերի 1-ից Հայաստանում դիմակի կրումը պարտադիր է նաև հանրային բաց տարածքներում։ Առողջապահական ոլորտի պատասխանատուները նախատեսում են գործարկել հակահամաճարակային նոր կարգավորումներ երկրորդ դեղաչափը ստանալն ուշացնողների, ինչպես նաև ժամանցի սիրահարների համար։
ՀՀ կառավարության «Հրապարակում» հաղորդման շրջանակներումՀիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի (ՀՎԿԱԿ) Վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանը հայտարարել է․
«Այն քաղաքացիները, որոնք աշխատում են և պատվաստվել են առաջին դեղաչափով, եթե խախտեն առաջին և երկրորդ դեղաչափի միջև պատվաստման ժամկետները, ապա գործատուին պետք է ներկայացնեն ՊՇՌ հետազոտման բացասական արդյունք»։
Աբովյանը նաև հայտնել է, որ քննարկվում է պատվաստման QR կոդով կամ ՊՇՌ թեստի բացասական պատասխանով ժամանցի վայրեր մուտք գործելու հարցը։
Կորոնավիրուսային իրավիճակը երկրում շարունակում է մնալ ծայրահեղ լարված։ Վերջին 1 օրվա ընթացքում գրանցվել է 51 մահ։ Ռոմելլա Աբովյանի խոսքով՝ ԵՄ չափանիշների համաձայն՝ Հայաստանը մուգ կարմիր գոտում է․
«Հայաստանում հիվանդացության ցուցանիշը 888 է՝ սահմանային 500-ի փոխարեն»։
Խոսելով սպասվող նոր սահմանափակումների մասին՝ Աբովյանը նշել է, որ նախագիծը պատրաստ է, առաջիկայում կդրվի շրջանառության մեջ։
Վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանը չի բացառել, որ դեկտեմբերի 1-ից չպատվաստված և կորոնավիրուսով վարակված պացիենտները սկսեն բուժում ստանալ իրենց միջոցների հաշվին։
Նման տեղեկություններ մամուլում սկսեցին շրջանառվել հոկտեմբերի սկզբից։ Առողջապահության նախարարի խոսնակը չհերքեց դրանք՝ ասելով, որ փոփոխությունը դեռևս քննարկման փուլում է, ընդունվելու դեպքում ուժի մեջ կմտնի դեկտեմբերի 1-ից։
«Քովիդով հիվանդի ստացիոնար բուժման միջին արժեքը մինչև 800.000 դրամ է, բայց կախված հիվանդի վիճակից՝ թեթև կամ ծանր ու ծայրահեղ ծանր, բնականաբար նշված գումարն ավելանում է՝ անցնելով մեկ միլիոնը», — tert․am-ի հետ զրույցում ասել էր ԱՆ խոսնակ Հռիփսիմե Խաչատրյանը։
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության՝ հոկտեմբերի 28-ի նիստում նշել էր, որ չի բացառում բաց տարածքներում դիմակի կրումը նորից պարտադիր դառնա։ Պահանջը հանվել էր այս տարվա հունիսից։
Հակահամաճարակային միջոցառումների շրջանակում գործադիրի որոշմամբ հայաստանյան բուհերն անցել են հեռավար ուսուցման, մեկ շաբաթով երկարաձգվել են դպրոցական արձակուրդները։ Ոլորտի պատասխանատուները քննարկում են արձակուրդները ևս մեկ շաբաթով երկարաձգելու հարցը։