«Բանավոր խոստումնե՞ր, թե՞ ծրագիր». ի՞նչ է առաջարկում Հայաստանի ընդդիմությունը
Ընդդիմության ծրագիրն ու առաջարկները
Պետք է ձևավորվի իշխանություն, որը կապահովի թուրք-ադրբեջանական ագրեսիայի զսպումը՝ արդիականացնելով Հայաստանի ու Արցախի միասնական անվտանգության համակարգը: Մայիսի 9-ին կազմակերպված հանրահավաքի ժամանակ նման հայտարարություն է արել Հայաստանի խորհրդարանի ընդդիմադիր փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը, որը Երևանում մեկնարկած շարժման առաջնորդներից մեկն է:
Հանրահավաքի ընթացքում ընդդիմությունն անդրադարձել է նաև ապագա պլաններին՝ ներկայացնելով գործողությունների ծրագիր:
Փողոցային պայքարի ընթացքի, ընդդիմության խոստումների մասին, ինչպես նաև փորձագիտական կարծիք
Փողոցային պայքարի ընթացքի մասին
Ընդդիմությունը շարունակում է ապրիլի վերջից մեկնարկած բողոքի ակցիաներն ինչպես մայրաքաղաք Երևանում, այնպես էլ մարզային քաղաքներում: Երևանի Ֆրանսիայի հրապարակը դեռևս փակ է, այդ հատվածով անցնող տրանսպորտային միջոցները շրջանցում են ճանապարհը: Քաղաքի մյուս հատվածներում, սակայն, բնականոն երթևեկությունը խախտվում է միայն ժամանակ առ ժամանակ՝ ընդդիմադիրների փողոց փակելու հետևանքով: Ոստիկանությունը կարճ ժամանակ անց բացում է տվյալ փողոցը՝ օրինական պահանջին չենթարկվողներին բերման ենթարկելով:
Նախորդ շաբաթվա վերջին ընդդիմադիրները նախաձեռնել էին նաև ավտոերթեր՝ դեպի Վանաձոր և Գյումրի: Վանաձորյան հանրահավաքի ընթացքում շարժման առաջնորդները խոստացել էին ոչ միայն անվտանգ երկիր ու արժանապատիվ կյանք, այլև Արցախի վերադարձ՝ իրենց իշխանության գալու դեպքում: Ելույթի ընթացքում ԱԺ ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը վստահեցրել էր՝ «աա պայքար է հանուն հայրենիքի, պայքարի չի հանուն իշխանության, ոնց որ փորձում են ներկայացնել գործող իշխանությունները»: Հանրահավաքի վայրից քիչ հեռու մի խումբ քաղաքացիներ ընդդիմադիրներին կոչ էին արել հեռանալ Վանաձորից: Ընդդիմադիրներն իրենց ելույթներում նրանց բնորոշել էին որպես սադրիչներ:
Հայաստանի խորհրդարանական ընդդիմությունը բողոքի ակցիաներ է իրականացնում ապրիլի վերջից: Պահանջը մեկն է՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը:
Ընդդիմադիր գործիչները պնդում են, թե Փաշինյանի գլխավորած իշխանությունը մտադիր է Արցախը թողնել Ադրբեջանի կազմում: ԱԺ ընդդիմադիր պատգամավորները որպես հիմք են ընդունել Հայաստանի վարչապետի այն հայտարարությունը, թե «միջազգային հանրությունը Հայաստանից ակնկալում է իջեցնել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի նշաձողը»:
Գյումրի տանող ճանապարհն ընդդիմադիրների առջև փակել էին Ադրբեջանում պահվող շիրակցի գերիների հարազատները: Նրանք հիշեցրել էին ԱԱԾ նախկին տնօրենի՝ գերիներին վերադարձնելու խոստումն ու հարցրել, թե «ինչո՞ւ չի բերել ոչ մի գերի»: Ըստ նրանց՝ գերիներին ազատ արձակելու փոխարեն ընդդիմությունը զբաղված է փողոցային պայքարով:
Ի տարբերություն Վանաձորի՝ Գյումրու պարագայում արձանագրվել էին նաև ընդհարումների դեպքեր: Միջադեպերից մեկը գրավեց շատերի ուշադրությունը: Վեճ էր տեղի ունեցել շարժման անդամ մի խումբ երիտասարդների և գյումրեցի տարեցների միջև: Երիտասարդները տարեցներին ծեծի էին ենթարկել:
Քննչական կոմիտեում հարուցվել է քրեական գործ, նախաքննություն է ընթանում: Երիտասարդներից երեքի ինքնությունն արդեն պարզվել է: Երկուսը ձերբակալվել են, մեկը ներգրավվել է որպես մեղադրյալ:
Ընդդիմությունը խոստանում է
ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը մայիսի 9-ին Ֆրանսիայի հրապարակում կազմակերպված հանրահավաքի ընթացքում անդրադարձել է նաև շարժման ապագա պլաններին՝ ներկայացնելով իրենց գործողությունների ծրագիրը:
Ընդդիմության ծրագրի համաձայն՝ իշխանափոխությունից հետո՝
- պետք է ձևավորվի իշխանություն, որը կապահովի թուրք-ադրբեջանական ագրեսիայի զսպումը՝ արդիականացնելով Հայաստանի ու Արցախի միասնական անվտանգության համակարգը,
- այդ իշխանությունը պետք է վերահաստատի Արցախի ժողովրդի անվտանգության և ինքնորոշման իրավունքի երաշխավոր լինելու ՀՀ հանձնառությունը՝ բացառելով Արցախի որևէ կարգավիճակ Ադրբեջանի կազմում,
- նոր իշխանությունը կբացառի Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հաշվին հաղորդակցության ուղիների ապաշրջափակման անվան տակ միջանցքի տրամադրում թշնամի երկրին,
- Ադրբեջանի կողմից ուժի կիրառման և ուժի կիրառման սպառնալիքի ներքո չի իրականացնի սահմանագծում և սահմանազատում,
- նոր իշխանությունը կբացառի Հայաստան-Թուրքիա հարաբերություններում որևէ համաձայնություն, որը հարցականի տակ կդնի հայ ժողովրդի «հայրենազրկման և Ցեղասպանության իրողությունը»:
- կարևորագույն խնդիր կդիտարկի հայ ռազմագերիների, պատանդառվածների ու պահվող այլ անձանց վերադարձը:
Իշխանությունների հեռացումից հետ, ըստ ընդդիմության, պետք է ձևավորվի ազգային համաձայնության կառավարություն, որտեղ չեն լինի «մարդիկ, որոնց հասարակությունը չի ընդունում»:
Գործող իշխանության հրաժարականից հետո ընդդիմադիրները պատրաստ են հրապարակել այն 250 պրոֆեսիոնալների անունները, որոնք կօգնեն «Հայաստանը դուրս բերել ճգնաժամից»:
Շարժման առաջնորդներից Իշխան Սաղաթելյանի խոսքով՝ ժամանակավոր կառավարությունը կձևավորի նաև պրոֆեսիոնալների խումբ Ադրբեջանի և Թուրքիայի հետ բանակցությունների համար: Նախատեսում են, որ անցումային կառավարությունը գործունեություն կծավալի 1.5 տարի, ինչից հետո կկազմակերպվեն խորհրդարանական ազատ և անկախ ընտրություններ:
Փորձագիտական կարծիք
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի խոսքով՝ ընդդիմության ներկայացրածն ավելի շուտ ցանկությունների ամբողջություն էր, քան ծրագիր: Որպես օրինակ է բերում Ադրբեջանի կազմում Արցախի որևէ կարգավիճակ բացառելու կետը:
«Շատ գեղեցիկ է ասված, բայց կազմողներն ակնհայտորեն մոռացել են 44-օրյա պատերազմի և դրա հետևանքների, նոյեմբերի 9-ի հայտարարության մասին: «Բացառելով Արցախի որևէ կարգավիճակ Ադրբեջանի կազմում» իմպերատիվը անհնար է դարձնելու հայ-ադրբեջանական որևէ բանակցություն, որովհետև քննարկելու որևէ թեմա այլևս չի մնում»:
Սուրենյանցն ընդդիմությանը շատ հարցեր ունի, օրինակ՝ ինչպե՞ս են հասնելու իրենց սահմանած անիրատեսական նշաձողին, ո՞ր միջազգային գործընկերն է աջակցելու նման օրակարգին:
«Ընդդիմությունն իրեն նեղություն չի տվել անդրադառնալ նման հարցերի կամ հասարակությանն այնքան պրիմիտիվ է պատկերացրել, որ կարծել է՝ նրան կարելի է կերակրել այն թեզով, թե Փաշինյանի հեռացումը բավարար է Արցախի անկախությանը հասնելու համար»,- JAMnews-ի հետ զրույցում նշել է Սուրեն Սուրենյանցը:
Քաղաքագետի գնահատմամբ՝ ընդդիմության կողմից շրջանառվող թեզերի հիմքում իրատեսական օրակարգեր չկան.
«Քաղաքական գործիչը ռոմանտիկներից տարբերվում է նրանով, որ ցանկացած ասելիքի հիմքում պետք է դնի մեխանիզմ: Ես այդ մեխանիզմները չտեսա»:
Անդրադառնալով շարժման առաջնորդներից Իշխան Սաղաթելյանի կողմից մատնանշված 250 պրոֆեսիոնալներին՝ Սուրենյանցը նկատում է՝ նրանց անունները չհրապարակելը հասարակությանը ծաղրելու նման մի բան է:
«Կա երկու տարբերակ: Կամ այդ ցուցակում կան մերժված կերպարներ և իրենք վախենում են անուններ հնչեցնելով հրապարակում հավաքված մարդկանց թիվը պակասեցնել, կամ, ինչը շատ հավանական եմ համարում, ընդդիմության էլիտայում այնպիսի գզվռտոց է, որ ոչ մի կոնսենսուս չեն կարողանում ձևակերպել»,- ընդգծում է քաղաքագետը:
Ընդդիմության ծրագիրն ու առաջարկները