«Բաքվի և Երևանի ներկայացուցիչները կբանակցեն Արցախի վերաբերյալ»․ Հայաստանի արտգործնախարար
Հայաստանի արտգործնախարար Արա Այվազյանը, որն աշխատանքային այցով Ռուսաստանում է, հանդիպել է իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովին։ Բանակցությունների առանցքային թեման Արցախի վերաբերյալ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի՝ նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրի իրականացումն էր։ Քննարկվել են նաև գերիների և զոհերի մարմիների փոխանակման, անհետ կորածների որոնման հարցերը։
Սա Լավրովի արդեն երկրորդ անձնական հանդիպումն էր Հայաստանի արտգործնախարար Արա Այվազյանի հետ վերջին մեկ ամսում։ Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարների նախորդ բանակցությունները կայացել են նոյեմբերի 21-ին, ռուսական միջգերատեսչական պատվիրակության երևանյան այցի ընթացքում։
Ի՞նչ է ասել Հայաստանի արտգործնախարարը
Նախարարների հանդիպման հիմնական թեմաներից մեկը գերիների փոխանակումն էր։ Ըստ Արա Այվազյանի՝ այն շուտափույթ լուծում է պահանջում․
«Այն հատկապես արդիական է՝ հաշվի առնելով ռազմագերիների և ոչ միայն նրանց նկատմամբ բառի բուն իմաստով բարբարոսական վերաբերմունքի բազմաթիվ և հաստատված փաստերի մասին ստացվող տեղեկատվությունը»:
Լավրովի հետ հանդիպման ավարտին կայացած ասուլիսին Հայաստանի արտգործնախարարը շարունակել է այս թեման․
«Մենք պատրաստակամություն ենք հայտնել «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով փոխանակում իրականացնելու և ակնկալում ենք, որ ադրբեջանական կողմից գործընթացը ձախողելու ոչ մի փորձ չի լինի։
Միաժամանակ, ադրբեջանական կողմից չեն դադարում ռազմագերիների և որպես պատանդ պահվող խաղաղ բնակիչների նկատմամբ անմարդկային վերաբերմունքի դեպքերը։ Մեր ռազմագերիներն ու խաղաղ բնակիչները, որոնք չեն հասցրել լքել իրենց տները, դաժան կտտանքների են ենթարկվում և գլխատվում։ Այնպես, ինչպես Մերձավոր Արևելքում ԻԼԻՊ-ն էր վերաբերվում պատանդներին»։
Պատասխանելով լրագրողների հարցերին՝ Արա Այվազյանը հայտարարել է, որ «Բաքվի և Երևանի ներկայացուցիչները» կհանդիպեն և կքննարկեն իրավիճակի կարգավորումը Լեռնային Ղարաբաղում «այն բանից հետո, երբ իրավիճակը հակամարտության գոտում կայունանա»։
Հայաստանի արտգործնախարարը կարծում է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմքում Արցախի ժողովրդի ինքնորոշման հարցն է․
«Հայաստանը […] հանդես է եկել և շարունակում է հանդես գալ Արցախի ժողովրդի ինքնորոշման և անվտանգության իրավունքի ճանաչման դիրքորոշմամբ»։
Արա Այվազյանը խոսել է նաև այս պատերազմի բռնկման և ռազմական գործողությունների ընթացքում Ադրբեջանին օգնելու հարցում Անկարայի առանցքային դերի մասին, այդ թվում՝ հակամարտության գոտի վարձկաններ մտցնելով․
«Թուրքիան պետք է դուրս բերի իր զինված ուժերի անձնակազմը և նրա հետ փոխկապակցված զինյալ ահաբեկչական խմբավորումները Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտուց և ընդհանրապես Հարավային Կովկասից: Դեռևս չկան օտարերկրյա զինյալ ահաբեկիչների դուրսբերման հստակ ազդակներ»։
Հայաստանի արտգործնախարարն ընդգծել է, որ ակնկալում է շարունակել ռուսական կողմի հետ ղարաբաղյան իրավիճակի կարգավորման ուղղությամբ քննարկումները։ Խոսքը ռուս խաղաղապահների գործունեությանն առնչվող հարցերի, փախստականների վերադարձի, բնակչությանը մարդասիրական օգնության տրամադրման, պատերազմի ընթացքում վնասված ենթակառուցվածքների վերականգնման մասին է։
Ի՞նչ է ասել Լավրովը
Լրագրողների համար իր ելույթը Սերգեյ Լավրովը սկսել է այն հայտարարությունից, որ Երևան է այցելելու․
«Մենք օգտակար, լիարժեք առաջին շփումն ենք ունեցել Հայաստանի նոր արտգործնախարարի հետ։ Արա Այվազյանն ինձ հրավիրել է հերթական անգամ Երևան այցելել։ Ես հաճույքով կայցելեմ, ժամկետների առումով լրացուցիչ կպայմանավորվենք»։
Մինչդեռ, ըստ Լավրովի, վերջերս Երևան է այցելել ռուսական միջգերատեսչական հանձնաժողովը, որը Հայաստանի վարչապետի, ԱԳՆ, ՊՆ և էկոնոմիկայի նախարարության գործընկերների հետ քննարկել է իրավիճակը, որը ստեղծվել է Արցախյան հարցի շուրջ եռակողմ փաստաթղթի ստորագրումից հետո․
«Մենք միասնական ենք այն հարցում, որ հայտարարության ստորագրումը բոլոր անհրաժեշտ պայմանները ստեղծում է Ղարաբաղյան հակամարտության երկարաժամկետ կարգավորման համար, որը հիմնված կլինի արդարության վրա և կբխի հայ ու ադրբեջանցի ժողովուրդների, Հարավային Կովկասում իրավիճակի կայունացման շահերից»։
Ըստ Լավրովի՝ այժմ առաջին պլան է մղվում ենթակառուցվածքների և բնակարանային ֆոնդի վերականգնմանն ուղղված օգնության ցուցաբերումը, առողջապահական, տրանսպորտային միջանցքների և տնտեսական կապերի ապաարգելափակման հարցերը։ Ռուսաստանի արտգործնախարարը կարծում է, որ այս ամենը պետք է դրական դեր խաղա առօրյա բնականոն կյանքին վերադառնալու հարցում։
Այս առնչությամբ երկու երկրների նախարարները քննարկել են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի նախաձեռնությամբ Մարդասիրական արձագանքման կենտրոնի ստեղծման հարցը։ Մոսկվան առաջարկել է այն միջազգային դարձնել՝ ներառելով Հայաստանին և Ադրբեջանին։
«Այժմ քննարկվում են այդ նախաձեռնության գործնական հարցերը, դրա իրականացմանը մասնակցելու են ռուսական շատ նախարարություններ և գերատեսչություններ», — ասել է Սերգեյ Լավրովը։
Նա հայտարարել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները պետք է առանձնահատուկ ուշադրություն դարձնեն նաև Արցախի մշակութային և կրոնական օբյեկտների պահպանմանն ու պաշտպանությանը։