Սյունիքի նոր խնդիրները` մարդկանց պատմություններով։ Մաս երրորդ
Արցախից տեղահանվածների բնակապահովման խնդիրները
2020 թվականին տեղի ունեցած Արցախյան պատերազմն ու 2023-ի սեպտեմբերյան ռազմական գործողությունները փոխել են Հայաստանի հարավի՝ Սյունիքի մարզի կյանքի տրամաբանությունը, ներկան ու ապագան: Դա հատկապես վերաբերում է տնտեսական զարգացմանը, մարդկանց ապրուստի հայթայթմանն ու գոյատևմանը։
Հայաստանի հարավային շրջանում իրավիճակն առավել սրվեց 2021 թվականի մայիսից, երբ Ադրբեջանի զինված ուժերը ներխուժեցին արդեն Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածք։ Սյունիքը կորցրեց հեկտարներով հողատարածքներ։ Որոշակի հատվածն էլ գտնվում է ադրբեջանական զինվորականների անմիջական թիրախում։ Իսկ բնակչության հիմնական զբաղմունքն այստեղ հենց գյուղատնտեսությունն ու անասնապահությունն է։
Այստեղ են տեղափոխվել նաև շատ արցախցիներ, որոնց բնակավայրերն անցել են Ադրբեջանի վերահսկողության տակ 2020 թվականի պատերազմից հետո։ Այս տարվա սեպտեմբերի 19-ի ռազմական գործողությունից հետո էլ Լեռնային Ղարաբաղն ամբողջությամբ հայաթափվեց։ Արդյունքում՝ Սյունիքում ավելացան մարդիկ, որոնք ոչ միայն ապրուստի խնդիր պիտի լուծեն, այլև բնակության։
JAMnews-ը պատրաստել է հոդվածների շարք՝ երեք նյութ Սյունիքում ստեղծված իրավիճակի ու այստեղ բնակվող մարդկանց մասին։ Այս մեկը պատմում է Ներքին Խնձորեսկում հաստատված Բադալյանների բազմազավակ ընտանիքի մասին, որն այստեղ է տեղափոխվել ԼՂ-ի Քաշաթաղի շրջանից։
Մեծ ընտանիք՝ փոքր տնակում
Արդեն 3 տարի է, ինչ 53-ամյա Մարինեի ընտանիքն ապրում է Սյունիքի մարզի Ներքին Խնձորեսկ գյուղում։ Փոքրիկ տնակի միակ սենյակում ապրում են Մարինեն, որդին՝ 32–ամյա Արմենը՝ կնոջ և 5 երեխաների հետ, կատուն՝ 3 ձագերով։ Երեխաներից փոքրը՝ Կորյունը, ծնվել է հենց այս տնակում, 2022–ի սեպտեմբերին։
Բադալյանները մեկն են այն հազարավոր տեղահանված ընտանիքներից, որոնք 2020 թ․–ի 44–օրյա պատերազմի ժամանակ ստիպված են եղել թողնել ամեն ինչ ու տեղափոխվել Հայաստան։ Իսկ վերադառնալ չեն կարողացել, քանի որ իրենց բնակավայրերն անցել են Ադրբեջանի վերահսկողության տակ։
Մարինեն պատմում է, թե ինչպես է ժամանակին ընտանիքն Արթիկից տեղափոխվել Քաշաթաղ․
«1997 թ․–ին ամուսնուս և երկու որդիներիս հետ որոշեցինք տեղափոխվել Լեռնային Ղարաբաղ։ Արթիկում կյանքը շատ ծանր էր, ամուսինս հիվանդ էր, ավագ որդիս հաշմանդամություն ուներ։ Որդուս բուժման համար ստիպված էինք վաճառել տունը։ Քաշաթաղ տեղափոխվելիս կարծում էինք, որ մի քանի տարով է, շուտով հետ կվերադառնանք։ Բայց այնտեղ հասկացա, որ ես ճիշտ տեղում եմ, տանն եմ։ Էլ չվերադարձանք»։
Քաշաթաղում անցան կյանքի ամենաերջանիկ օրերը։ Հարս բերեց, 4 թոռ ունեցավ, այգի հիմնեց, տուն սարքեց։ Ասում է՝ հարուստ չէին, բայց երջանիկ էին։ Թոռները ոչ մի բանի կարիք չունեին, տան մի սենյակը նրանց խաղալիքների պահոցն էր։ Իսկ հիմա խաղում են հարևանների նվիրած մի քանի խաղալիքներով, կատվի ձագերի ու հավի ճտերի հետ։
Մարինեն ասում է՝ Ներքին Խնձորեսկում մարդիկ լավն են։ Ընդունել են իրենց, օգնել՝ ինչով կարողացել են, տնակ ու մեկ հեկտար հող են տրամադրել անհատույց․
«Բայց միևնույն է՝ տունն այնտեղ է, որտեղ սիրտդ է, իսկ մեր սրտերը մնացին Քաշաթաղում։ Չէինք մտածում հեռանալու մասին։ Գյուղում մնացել էինք միայն ես, հարսս՝ թոռներիս հետ, և մի հարևան։ Դուրս եկանք՝ հետներս ոչինչ չվերցնելով։ Վերջին րոպեին, երբ մեր գյուղի մոտ ինքնաթիռ խփեցին»։
- «ՀՀ քաղաքացի՞, թե՞ փախստական»․ ԼՂ-ի հայերը՝ երկընտրանքի առաջ
- «Ամերիկյան մասնավոր ընկերության վստահել ՀՀ անվտանգությունը»․ հայ քաղաքագետ
- Ի՞նչ աջակցություն է Հայաստանը տրամադրում ԼՂ-ից բռնի տեղահանվածներին
«Կարևորը՝ երեխաները սոված չեն»
Ներքին Խնձորեսկ տեղափոխվելու որոշումը պատահական չէր․ հարսը՝ Լուսինեն, ծնունդով այս գյուղից է, իսկ Արմենն արդեն 10 տարի այստեղ հովվություն է անում։ Հենց այստեղ էլ հանդիպել են ու ամուսնացել։
7 հոգանոց ընտանիքը գոյատևում է Արմենի աշխատավարձով՝ շուրջ 100 հազար դրամ։ Եվս 70 հազար՝ երեխաների նպաստն է։
Մարինեի խոսքով՝ գումարի մի մասով վճարում են ապառիկ գնված լվացքի մեքենայի և ջրի տաքացուցիչի համար, վերադարձնում են նախորդ ամսվա ընթացքում գոյացած պարտքերը՝ ու նորից մնում դատարկ գրպանով։
«Անջաղ [հազիվ] գոյատևում ենք։ Կարևորը՝ երեխաները սոված չեն»,– ասում է Մարինեն։
Ըստ պաշտոնական տվյալների՝ 2020 թ․–ի պատերազմից հետո միայն ԼՂ-ի Քաշաթաղի շրջանից տեղահանվել է շուրջ 950 ընտանիք՝ 3600 մարդ։ Ընդհանուր առմամբ, Հայաստանում ժամանակավոր ապաստան էր գտել ավելի քան 90.000 մարդ։ Ռազմական գործողությունների ավարտից հետո 70%–ը վերադարձել է Արցախ, քանի որ Ռուսաստանն այստեղ տեղակայեց խաղաղապահ ուժեր, որոնց պարտավորությունների մեջ էր մտնում բնակչության անվտանգության ապահովումը։
Իսկ նրանց համար, ովքեր անտուն էին մնացել, քանի որ ԼՂ-ում իրենց բնակավայրերն անցել էին Ադրբեջանի վերահսկողության տակ, 2022 թ․–ին ՀՀ կառավարությունը հաստատեց աջակցության ծրագիր։ Ըստ դրա՝ մարդկանց հատկացվում է բնակարանի ձեռքբերման սերտիֆիկատ։
2022–ի դեկտեմբերի տվյալներով՝ ծրագրի շահառու է համարվել 3200 ընտանիք։ Նրանցից 2231–ին արդեն տրամադրվել է սերտիֆիկատը։ Թե նրանցից քանիսին է հաջողվել բնակարան ձեռք բերել, պարզ չէ։
Ինչպես է լուծվելու 2023 թ․–ի սեպտեմբերի 19–ից հետո Լեռնային Ղարաբաղից Հայաստան բռնագաղթված ավելի քան 100 հազար հայերի բնակարանային ապահովության խնդիրը, դեռևս պարզ չէ։
Սերտիֆիկատի գումարը չի բավարարում
Սերտիֆիկատը ձեռքին ոմանք չեն կարողանում բնակտարածք ձեռք բերել։ Խնդիրը դրանցով նախատեսված գումարի սահմանաչափն է։
Երևանում բնակարանի ձեռքբերման համար տրամադրվող գումարի առավելագույն շեմը 8 մլն դրամն է: Դա իրատեսական գումար չէ անգամ մայրաքաղաքի ծայրամասում 1 սենյականոց բնակարանի ձեռքբերման համար։ Երևանում անշարժ գույքի 1 քմ–ի կադաստրային արժեքը տատանվում է 206.000-796.000 դրամի սահմաններում։ Վերջին տարվա ընթացքում քաղաքի տարբեր հատվածներում գներն աճել են 4.1-16.6%-ով։
Մարզերում բնակտարածք ձեռք բերելու համար նախատեսվում է 10 մլն դրամ։ Այստեղ ևս բնակարանների գները զգալիորեն աճել են:
Մարզային քաղաքներից ամենաթանկը ավանդաբար մնում է Ծաղկաձորը։ Այստեղ բնակարանի 1 քմ–ը 2022–ի դեկտեմբերին վաճառվել է միջինը 394․000 դրամով: Երկրորդ տեղում Աբովյան քաղաքն է, որտեղ 1 քմ–ի արժեքը նույն ժամանակահատվածում 250․500 դրամ։ Երրորդը Վաղարշապատն է, որտեղ միջին գինը կազմել է 227․600 դրամ։
Կառավարությունը ամենից շատ գումար նախատեսել է այն ընտանիքների համար, որոնք բնակարան կգնեն սահմանամերձ բնակավայրերում՝ 14 մլն դրամ։ Բայց այստեղ ևս, որքան էլ զարմանալի է, անշարժ գույքի զգալի գնաճ է գրանցվել։ Սյունիքում բնակարանների գներն աճել են միջինը 14%–ով, Կապանում ու Սիսիանում` մինչև 19.3 %։ 1 քմ–ի արժեքն այստեղ կազմում է 161․500 դրամ։
Հետաքրքրական է, որ 2022-ի սեպտեմբերին Ադրբեջանի կողմից հարձակման ենթարկված Ջերմուկում բնակարանները նախորդ տարվա համեմատ թանկացել են 13.5 %-ով։ 1 քմ–ն արժե 117․000 դրամ։
Սահմանամերձ Տավուշում ևս 10-20% գների աճ է գրանցվել։ Ամենաթանկ բնակարանները Դիլիջանում են․ 1 քմ–ը` 166 000 դրամ, ամենաէժանը` Այրումում` 61 000 դրամ։
Սահմանամերձ Գեղարքունիքի մարզում գնաճը տատանվում է 7-25% սահմաններում։ 25 %-ով աճել են մարզկենտրոն Գավառի բնակարանների գները` 1 քմ–ի դիմաց 75 200 դրամ։
Բացի գնաճը, պատերազմի արհավիրքը վերապրած մարդիկ դժկամությամբ են համաձայնում բնակություն հաստատել սահմանամերձ համայնքներում՝ հնարավոր ռազմական ագրեսիայի անմիջական վտանգի պայմաններում։
Շատերն Արցախից եկել են առանց փաստաթղթերի
Սերտիֆիկատների հետ կապված մյուս կարևորագույն խնդիրը կապված է դրա վավերականության ժամկետի հետ՝ տրամադրման օրվանից հետո 90 օրացույցային օր միայն։ Այդ ընթացքում սերտիֆիկատ ստացած քաղաքացիները պետք է ոչ միայն հասցնեն լուծել բնակարանի առք ու վաճառքի հետ կապված տեխնիկական խնդիրները, այլև հավաքագրեն ու բանկ ներկայացնեն իրենցից պահանջվող բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը։
Սա մեծ խնդիր է դառնում նրանց համար, ով պատերազմի ընթացքում տները հարկադրաբար լքելու ժամանակ հնարավորություն չի ունեցել իր հետ վերցնել որևէ փաստաթուղթ, այդ թվում՝ անձը հաստատող։ Շատերը օրեր շարունակ ստիպված են եղել թաքնվել տարբեր ապաստարաններում, որտեղից անմիջապես տեղափոխվել են Հայաստան։ Ոմանք էլ փաստաթղթերը կորցրել են գաղթի ճանապարհին։
Դրանց վերականգնումը բարդանում է նաև տվյալների բազաների թվայնացման անավարտության կամ արխիվների ամբողջականության հետ կապված խնդիրների պատճառով։
Բադալյաններն էլ փաստաթղթերի խնդիր ունեն
Որպես փոխհատուցում՝ Բադալյանների ընտանիքը պետությունից ստացել է երկու սերտիֆիկատ։ Մեկը՝ Մարինեի համար, որ նա առանձին բնակվի, մյուսը՝ Արմենի բազմազավակ ընտանիքի համար։ Յուրաքանչյուր սերտիֆիկատով նախատեսվում է հնարավոր առավելագույն՝ 14 մլն դրամ գումար, քանի որ ընտանիքը մտադիր է հաստատվել սահմանամերձ Ներքին Խնձորեսկում։
Արմենն արդեն գյուղում երկու տուն է տեսել, մեկում նույնիսկ անասնագոմ կա, որտեղ հնարավոր է կենդանիներ պահել։ Տան արժեքը համարյա 16 մլն դրամ է, բայց դա նրան չի վախեցնում․ կաշխատի, կգտնի մի ելք։
Սերտիֆիկատները կան, տները կան, բայց ընտանիքը շարունակում է ապրել տնակում՝ որոշ փաստաթղթեր չեն կարողացել բերել իրենց հետ։
Արմենն ասում է՝ չնայած բոլոր դժվարություններին, բոլոր կորուստներին, ոչինչի համար սիրտը չի ցավում։ Փառք է տալիս Աստծուն, որ ընտանիքը ողջ–առողջ կարողացել է դուրս գալ գյուղից։
«Մեր կյանքն ենք բերել, քի՞չ է։ Քանի քանիսը դա էլ չբերեցին»,- ասում է նա։
Նայում է այն տներին, որ շուտով կարող են իրենը լինել, ու մտածում է, թե գործերից որն է անելու առաջին հերթին, որ կարողանա վճարել ողջ արժեքը։
Իսկ Մարինեն հույսը կտրել է։ Փաստաթղթերի հարցը չի լուծվում, սերտիֆիկատով սահմանված ժամկետն էլ մոտենում է ավարտին։
Նյութը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ։ Դրա բովանդակության համար պատասխանատու է բացառապես EU4IM-ի շահառու «Մեդիագետ» կազմակերպությունը։ Հրապարակման մեջ տեղ գտած մտքերը պարտադիր չէ համընկնեն Եվրոպական Միության տեսակետների հետ:
Հետևեք մեզ — Facebook | Youtube | Telegram
Արցախից տեղահանվածների բնակապահովման խնդիրները