«Ասուլիսները բաց և թափանցիկ անցկացնել». Freedom House-ի հորդորը Հայաստանի վարչապետին
Freedom House-ի հորդորը Հայաստանի վարչապետին
Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունն անդրադարձել է Հայաստանի լրագրողական շրջանակներում հաճախ քննարկվող երկու թեմաների՝ «Ծանր վիրավորանքի» մասին հոդվածին և վարչապետ Նիկոլ Փաշինյանի ասուլիսների առցանց ձևաչափին:
Twitter-ի իր միկրոբլոգում կառույցը ողջունել է Հայաստանում «ծանր վիրավորանքի» ապաքրեականացումը, իսկ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հորդորել լուրջ վերաբերվել ուղիղ շփումների վերականգնման վերաբերյալ ԶԼՄ-ների մտահոգություններին:
«Ազգերն անցումային շրջանում» տարեկան զեկույցում Freedom House-ը նշել էր, որ Հայաստանը դեռևս հեռու է ժողովրդավարական լինելուց, թեև «քայլեր է ձեռնարկել ժողովրդավարության ամրապնդման ուղղությամբ»։ 2021 թ.-ին Հայաստանում անցկացված արտահերթ խորհրդարանական ընտրությունները կազմակերպությունը բնորոշել էր որպես ազատ և անկախ, բայց նաև ընդգծել, որ խոսքի ազատության ոլորտում երկիրը նահանջել է:
«Օգտագործել ուղիղ հաղորդակցության ուղիները»
Freedom House-ը Նիկոլ Փաշինյանին հորդորել է լրջորեն վերաբերվել ԶԼՄ-ների մտահոգություններին: Կազմակերպության համոզմամբ՝ առողջ ու գործուն ժողովրդավարություն ապահովման համար պետք է օգտագործել ուղիղ հաղորդակցության ուղիները, այդ թվում՝ բաց և թափանցիկ մամուլի ասուլիսները:
Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո Հայաստանի վարչապետը չորս մամուլի ասուլիս է ունեցել, չորսն էլ առցանց: Սկզբում կառավարությունը սա բացատրում էր COVID-19-ի հետ կապված համաճարակային իրավիճակով: Վարակի տեմպերի նվազումից հետո, սակայն, ասուլիսները շարունակում են անցկացվել նույն կերպ:
Սա հայկական մեդիայի ներկայացուցիչների մոտ վրդովմունք է առաջացրել: Նրանք ստիպված են հարցերն ուղարկել նախօրոք, չունեն հարցի պատասխանին արձագանքելու հնարավորություն, բացի այդ՝ հարցերը կարող են չընթերցվել կամ խմբավորվել ու խմբագրվել: Հենց այս պատճառով մի շարք լրատվամիջոցներ բոյկոտեցին վերջին՝ հունիսի 27-ի ասուլիսն ու հրաժարվեցին հարցեր ուղարկելուց:
ԶԼՄ-ները հանդես էին եկել հայտարարությամբ՝ նշելով, որ ասուլիսի անցկացման ձևաչափը համարում են «խտրական, ոչ արդյունավետ և խոսքի ազատության և ժողովրդավարության առանցքային՝ թափանցիկության և հաշվետվողականության սկզբունքներին հակասող»։
Ասուլիսի ընթացքում Հայաստանի վարչապետն անդրադարձել էր հայտարարությանը՝ ընդգծելով, որ ընտրված ձևաչափը հնարավորություն է, ոչ թե պարտադրանք, իսկ «բոյկոտելու պատճառ միշտ էլ կգտնվի»։
«Freedom House-ը ողջունում է Հայաստանում «ծանր վիրավորանքի» ապաքրեականացումը»
«Ծանր վիրավորանքի» մասին հոդվածը քրեական նոր օրենսգրքում ընդգրկելու որոշումը Հայաստանի խորհրդարանը կայացրել էր 2021 թ.-ի հուլիսի 30-ին: Քվեարկությանը մասնակցել էին միայն իշխող ուժի պատգամավորները:
Հանրային գործունեություն ծավալող անձին ծանր վիրավորանք հասցնելը քրեականացնելու վերաբերյալ օրենքի նախագիծը ենթադրում էր, որ անգամ հեռավար պայմաններում (օնլայն) արված վիրավորանքը (հայհոյելը կամ անձի արժանապատվությունն այլ ծայրահեղ անպարկեշտ եղանակով վիրավորելը) առաջացնում էր պատիժ՝ տուգանքից մինչև կալանք (1-3 ամիս):
Հանրային գործունեություն էր որակվում անձի կողմից լրագրողական, հրապարակախոսական գործունեության, ծառայողական պարտականությունների կատարման, հանրային ծառայության կամ հանրային պաշտոն զբաղեցնելու, հասարակական կամ քաղաքական գործունեության հետ կապված վարքագիծը:
Բոլորովին վերջերս Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը տեղեկացրեց, որ օրենքի այդ դրույթը հուլիսի 1-ից չի գործելու: «Ազատ խոսքը չարաշահողների» համար պահպանվելու են միայն քաղաքացիական պատասխանատվության գործող կարգավորումները՝ փոխհատուցում մինչև 3 մլն դրամի չափով:
Հայաստանցի փորձագետները կարծում են, որ այս որոշման համար հիմք են հանդիսացել իրավապաշտպանների, ինչպես նաև միջազգային կառույցների, այդ թվում՝ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի հնչեցրած քննադատությունները:
Freedom House-ը «ծանր վիրավորանքն» ապաքրեականացնելու կոչով Հայաստանի իշխանություններին էր դիմել դեռևս նախորդ տարվա օգոստոսին:
Կազմակերպությունը շեշտել էր, որ օրենքի դրույթը վտանգում է ժողովրդավարության ու իրավունքի ոլորտներում Հայաստանի գրանցած ձեռքբերումները:
2022 թ.-ի փետրվարին կառույցը նույն կոչով դիմել էր երկրի խորհրդարանին:
Որոշման հանրայնացումից գրեթե մեկ ամիս անց իրավապաշտպան կառույցը ողջունել է «ծանր վիրավորանքի» ապաքրեականացումը, ինչպես նաև ԶԼՄ օրենսդրության շուրջ լայն շրջանակների հետ խորհրդակցություններ անցկացնելու կառավարության հանձնառությունը:
Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ մինչ օրս «Ծանր վիրավորանքի» հոդվածով ավելի քան 800 քրեական գործ է հարուցվել: Ավելի քան 50 գործեր արդեն դատարանում են։ 6 գործով արդեն իսկ կա ուժի մեջ մտած դատավճիռ։ Արդարադատության նախարարությունը դեռևս չի պարզաբանել՝ ինչ է լինելու մեղադրյալների հետ:
Freedom House-ի հորդորը Հայաստանի վարչապետին