Առաջին անգամ գենդերային շարժման ակտիվիստը դառնում է ՏԻՄ անդամ․ Ադրբեջանում ընտրությունների նախնական արդյունքները
Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների վերջնական արդյունքները կհայտարարվեն դեկտեմբերի 29-ին։ Այս պահին հայտնի է, որ կանանց իրավունքների պաշտպան Վաֆա Նագին անցել է երկրի կենտրոնական մասում գտնվող Նեֆթաչալիի շրջանի Խոլ Գարագաշլիի գյուղապետարան։
Ընտրություններն անցկացվել են դեկտեմբերի 23-ին, և փորձագետների մեծ մասն այն կարծիքին է, որ դրանք Ադրբեջանում ամենաարտասովոր ՏԻՄ ընտրություններն էին։
Այս ընտրությունների յուրահատկությունը, նախևառաջ, այն է, որ առաջին անգամ է դրանց մասնակցում «բողոքող երիտասարդությունը»՝ նախկին քաղբանտարկյալները, երիտասարդ ընդդիմադիրներն ու ֆեմինիստները։ Նրանք ակտիվ արշավ էին վարում, իրենց շրջապատից անկախ դիտորդների էին ներգրավել և կարողացել հետաքրքրել հանրությանը, թեև Ադրբեջանում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները սովորաբար գրեթե աննկատ են անցնում։
Նախկին քաղբանտարկյալ Մեհման Հուսեյնովը, որն ընտրություններում չի հաղթել, դա համարում է զեղծարարության արդյունք։
• Ինչո՞վ էին հետաքրքիր և անսովոր 2019 թ-ի ՏԻՄ ընտրություններն Ադրբեջանում
• Ի՞նչ է փոխվում Ադրբեջանում՝ հասարակությո՞ւնը, կառավարությո՞ւնը, թե՞ ընդդիմությունը
Հաղթողներ և դժգոհներ
Վաֆա Նագին, նախևառաջ, հայտնի է նրանով, որ շրջաններից մեկում անկողնային սպիտակեղենի կարի սոցիալական բիզնես է հիմնել՝ այդպիսով աշխատանքի տեղավորելով տեղի մի քանի կանանց։ Ընտրություններից մի քանի օր առաջ Վաֆան ֆեյսբուքյան իր էջում պատմել էր ընտրական հանձնաժողովի անդամների կողմից սպառնալիքների և ճնշման մասին։
Բլոգեր Մեհման Հուսեյնովն իշխանություններին քննադատող սյուժեներ էր նկարահանում և երկու տարի բանտում անցկացրեց ոստիկանի հասցեին զրպարտության մեղադրանքով։ Դեկտեմբերի 23-ի երեկոյան՝ ընտրությունների ավարտից հետո և պաշտոնական արդյունքների հրապարակումից առաջ, Մեհմանի համախոհները սոցցանցերում հայտարարեցին ընտրություններում նրա հաղթանակի մասին։ Այժմ, երբ պարզվել է, որ Հուսեյնովը ՏԻՄ չի անցել, նա հանդես է գալիս ընտրական հանձնաժողովի կողմից քվեները կեղծելու մեղադրանքով։
Եվս մեկ անկախ թեկնածու, ֆեմինիստ Ռաբիա Մամեդովան պնդում է, որ իրենից գողացել են քվեատուփը, որի հետևանքով ինքն ընտրություններում չի հաղթել։ Այժմ Ռաբիան պլանավորում է մասնակցել արտահերթ խորհրդարանական ընտրություններին, որոնք կանցկացվեն 2020 թ-ի փետրվարի 9-ին։
Ընդհանուր առմամբ, ընտրությունների ընթացքում անկախ թեկնածուների դիտորդներն ու լրագրողները լուրջ խախտումների մի քանի դեպք են գրանցել։
Քաղաքական մեկնաբան
Շահին Ռզաև
Այս ընտրությունների առանձնահատկությունն այն է, որ դրանք ժամանակային առումով համընկան «բարեփոխումների» պատրանքի հետ, որոնք իբր իրականացվում են Ադրբեջանի վերևները։ Մի քանի զառամյալ և ակնհայտ ոչ պոպուլյար պաշտոնյաներին աշխատանքից ազատելը բնակչության շրջանում չարդարացված հույսեր էր առաջացրել, որ հնարավոր է՝ ժողովրդավարական բարեփոխումներ անցկացվեն, այդ թվում՝ ընտրական համակարգում։ Սակայն էյֆորիան արագ հօդս ցնդեց։ Զեղծարարությունների մեխանիզմն աշխատում էր նախկինի պես, թերևս մեթոդներն էին ավելի ժամանակակից, հնարամիտ։
Սակայն դրական պահ էլ կա։ Այն, որ ընտրությունները հիմնականում արդեն տրորված ճանապարհով անցան (ինչպես և կանխատեսում էինք), կարող է խնդիրներ ստեղծել ընտրական հանձնաժողովների համար շատ ավելի կարևոր խորհրդարանական ընտրությունների ժամանակ՝ 2020 թ-ի փետրվարի 9-ին։ Դրանց հետևելու են արդեն շատ ավելի ուշադիր, և ընտրողների քաղաքական ակտիվությունը շատ ավելի բարձր է լինելու։
This project is funded through the Democracy Commission Small Grants Program, U.S. Embassy Tbilisi. The contents of this publication are those of the Author(s) and do not necessarily represent the views of the Department of State.