«Եթե ես կարողանայի վերադառնալ նախապատերազմյան անցյալ, ամեն ինչ այլ կլիներ»
Գրիգորը պատմում է Ղարաբաղից տեղահանվածի իր կյանքի և այն մասին, թե ինչպես իրադարձությունները կարող են այլ կերպ զարգանալ, եթե մտածես խաղաղության և անվտանգության մասին: «Դաժանություն, ցավ, անմեղ մարդկանց մահ: Եթե Աստված այս ամենը տեսներ երկնքից, նա կհիասթափվեր մեզանից»:
«Արցախի Հադրութի շրջանից եմ՝ Հայկավան գյուղից։ Արցախում աշխատել եմ ճանապարհաշինության ոլորտում, վերանորոգում էինք գյուղերի ճանապարհները։
Զուգահեռ աշխատանքիս, ընտանիքիս հետ գյուղատնտեսությամբ ու հողագործությամբ էինք զբաղվում։ Պատերազմից օրեր առաջ մեր ստեղծած տնտեսության մեջ մեծ ներդրում ունեցա․ ցավոք, ամեն ինչ կորսվեց։
Նոյեմբերի 13-ին եմ եկել Հայաստան, ընտանիքս՝ հոկտեմբերի 10-ին։ Մեր ընտանիքը վերջիններից էր, որ դուրս եկավ գյուղից։ Պատերազմի օրերին մնացի Արցախում՝ կամավորությամբ քաղաքացիներին աջակցելու։
Ընտանիքս մեծ է՝ 9 երեխա ենք, տղաներից ամենամեծն եմ, վեց անչափահաս երեխա կա մամայի հետ։ Հայրս Գյումրիից է, մայրս՝ Մարալիկից, 1994 թվականին վերաբնակեցման ծրագրով գնացել են Արցախ ու տուն հիմնել։ Այդ պատճառով Հայաստան գալիս եկանք Գյումրի։ Ի վիճակի չէինք հոգալ մեր կարիքները և ստիպված տեղավորվեցինք Գյումրիի հանրակացարաններից մեկում։
Այստեղ՝ Գյումրիում, չեմ կարողանում ընտանիքիս օգնել, աշխատանք չունեմ։ Նախորդ շաբաթ ընտանիքս հանրակացարանից տեղափոխվեց Վանաձոր։
Հանրակացարանում ապրեցի մոտ երեք ամիս։ Գյումրիում հանդիպեցի մի աղջկա, որին սիրահարվեցի։ Որոշեցինք ամուսնանալ։ Այդպես էլ արեցինք։ Հիմա տուն եմ վարձել Գյումրիում։ Ապրում ենք միասին։
Պատրաստվում եմ 12-ի ատեստատի համար քննություններ տալ։ 9-ի ատեստատ ունեի, այն էլ մնաց ադրբեջանցիներին։ Ատեստատը ստանալուց հետո կսովորեմ քոլեջում, որ կարողանամ դպրոցում աշխատել՝ պատմության կամ աշխարհագրության ուսուցիչ։ Այդ առարկաներից շատ լավ եմ, շատ եմ սիրում։
Նաև սովորելու եմ ծրագրավորում։ Գրանցվել եմ դասերի, արդեն կանչել են։ Այս ամենի հետ միասին պարապում եմ՝ ուզում եմ վարորդական վկայական ստանալ, որ կարողանամ տաքսի վարել ու գումար վաստակել՝ հոգալ մեր ներկայիս կարիքները։
Հիմա կյանքի այն փուլում եմ ոտք դրել, որ սրանից հետադարձ չկա, պիտի միայն առաջ գնամ։
Եթե կարողանայի ժամանակը հետ տալ մինչև պատերազմը, ամեն բան այլ կերպ կդասավորվեր։ Պատերազմն օգնեց վերարժևորել կյանքը, բայց դրա գինը շատ մեծ էր։ Պատերազմից հետո մարդիկ պիտի աչքերը բացեն և առերեսվեն իրականության հետ։
Հաճախ եմ հիշում Հադրութս։ Մեր գյուղի բնությունը՝ անտառները, կենդանիները, եղնիկները, հիասքանչ էին․․․ անձնական իրերիցս ոչ մի բան չկարողացա ինձ հետ բերել, թեկուզ՝ որպես հուշ։
Ամենաշատը կարոտում եմ մեր երկու տները, ընտանիքիս ստեղծած տնտեսությունն ու ձեռքբերումները, որոնք մնացին Հայկավանում։ Հարցը նյութականը չէ, այլ այն ժամանակը, քրտինքն ու տարիները, որոնք ծախսել ենք այդ ամենին հասնելու համար, այն հիշողությունները, որոնք կապում են մեզ Հադրութի հետ։
Վերջերս Յութուբում պատահաբար տեսա, թե ինչպես են այրում մեր տունը։ Շատ ցավոտ է այդ մասին խոսելը, պատկերները հիշելը, վերհիշելն ու վերապրելը։
Իմաստ չեմ տեսնում վերադառնալ Արցախ։ Ցավոք, չունենք անվտանգային երաշխիքներ, բայց ժամանակ առ ժամանակ գնալու եմ իմ հայրենի հողը։ Ամեն ինչ կտայի, որ գոնե մի անգամ հնարավորություն ունենայի տեսնել իմ տունը։
Օրեր են լինում, երբ գիշերը քնածս տեղից վեր եմ թռնում մղձավանջներից։ Կինս արթանացնում է, հարցնում՝ ի՞նչ երազ եմ տեսել։ Բանից պարզվում է՝ Հադրութում էի՝ Հայկավանում։ Մտքերումս անընդհատ անցյալն է եղել։
Հաճախ եմ նայում այս նկարը։ Էէէէհ՜ Հադրութ, «Պահանջո՛ւմ ենք Հադրութը», ինչքան էլ ուզում եք, պահանջե՛ք․․․․
Ինչ-որ մի պահի հասկացա, որ բավական է անցյալով ապրել։ Մահացածների հետևից չեն մահանում, պետք է միշտ առաջ նայել։ Ինչ կորցրել ենք, պիտի դրանից ավելի լավը ստեղծենք։
Այս ամենին զուգահեռ, պետք է մտածել նաև խաղաղության և անվտանգության մասին։ Խաղաղությունը բոլորի համար է լինում կամ առհասարակ չի լինում։ Ադրբեջանցին սովորական մարդ է, և եթե թշանամանք չունի, ինձ համար ևս թշնամի չէ։
Պատերազմը, դաժանությունը, ցավը, անմեղ մարդկանց կյանքերը խլելը․․․ Մտածում եմ՝ Աստված որ տեսներ վերևից, հաստատ կհիասթափվեր բոլորիցս»։
Այս պատմությունը «Հետագծեր» մեդիա նախագծի մասնիկն է: Այն պատմում է մարդկանց մասին, ում կյանքի վրա ազդեցություն են թողել Հարավային Կովկասի հակամարտությունները: Նախագծի մեջ ներգրավված են հեղինակներ և խմբագիրներ ողջ Հարավային Կովկասից, այն չի սատարում ոչ մի հակամարտության ոչ մի կողմի: Նախագիծն իրականացվում է GoGroup Media և International Alert կազմակերպությունների կողմից` Եվրամիության աջակցությամբ։