«ԵՄ-ն ուզում է հասկանալ ՀՀ առաջնահերթությունները»․ կարծիք Անջեյ Դուդայի այցի մասին
Անջեյ Դուդայի այցը Հայաստան
Երկօրյա այցով Հայաստանում էր Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի գլխավորած պատվիրակությունը։ Դուդան հանդիպել է մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանի հետ։ Վարչապետի աշխատակազմի փոխանցմամբ՝ հանդիպման ժամանակ անդրադարձ է կատարվել ինչպես երկկողմ, այնպես էլ Հայաստան-Եվրամիություն փոխգործակցությանը վերաբերող հարցերի:
«Լեհաստանի նախագահը հայտնել է իր երկրի աջակցությունը ԵՄ-ի հետ հարաբերություններն ընդլայնելու և Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների իրականացման ուղղությամբ, ինչպես նաև ողջունել ՀՀ-ի հետ վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը»,- ասված է հաղորդագրությունում։
Քաղաքական վերլուծաբան Բորիս Նավասարդյանի խոսքով՝ Անջեյ Դուդան ՀՀ է եկել հասկանալու համար, թե որոնք են Երևանի առաջնահերթությունները, ինչպես նաև ստանալու որոշ հարցերի պատասխաններ, որոնց վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումը միանշանակ չէ։ Կարծում է՝ եվրոպացի գործընկերների համար լրացուցիչ պարզաբանման ենթակա են Ռուսաստանի հետ ՀՀ առևտրային համագործակցությանը, ՀԱՊԿ ռազմական դաշինքում Հայաստանի անդամությանը առնչվող մի շարք հարցեր։
«Հարցն այն չէ, որ փորձում են մեզ վրա ճնշում գործադրել և բացառել մասնակցությունը նման ձևաչափերում։ Պարզապես, եթե խոսք է գնում ԵՄ հետ հարաբերությունների խորացման մասին, անհրաժեշտ է, որ լինի հնարավորինս համապարփակ տեղեկություն, թե ինչ ուղղությամբ է Հայաստանը զարգացնում իր հարաբերությունները տնտեսական, անվտանգային և մյուս ոլորտներում»,- ասել է վերլուծաբանը։
Լեհաստանի նախագահի այցի մանրամասները՝ հանդիպումներ, պարեկություն Երասխում, փորձագիտական կարծիք
«Հարաբերությունների զարգացման շատ մեծ պոտենցիալ կա»
«Շատ եմ կարևորում այս այցը Հայաստանի և Լեհաստանի միջև հարաբերությունների հետագա զարգացմանը խթանելու առումով և կարծում եմ, որ իրականում հարաբերությունների զարգացման շատ մեծ պոտենցիալ կա, որը ցավոք չեմ կարող ասել, որ մեծապես օգտագործված է»,- Անջեյ Դուդայի հետ հանդիպմանն արձանագրել է ՀՀ վարչապետը։
Իր խոսքում Լեհաստանի նախագահն ընդգծել է՝ երկու երկրների միջև «բարյացակամ և լավ հարաբերություններ» են ստեղծված, ինչը չի եղել իր նախագահությունից առաջ։
Հաղորդվում է, որ վարչապետ Փաշինյանն Անջեյ Դուդային է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումների վերջին զարգացումներն ու հայկական կողմի սկզբունքային դիրքորոշումները՝ ընդգծելով ՀՀ հավատարմությունը խաղաղության օրակարգին:
Բացի այդ, զրուցակիցները՝
- կարևորել են Հայաստանի և Լեհաստանի քաղաքական, տնտեսական, զբոսաշրջության, մշակութային և հումանիտար ոլորտներում համագործակցության շարունակական զարգացումն ու ընդլայնումը,
- ընդգծել են առևտրատնտեսական կապերի խթանման ուղղությամբ հետևողական քայլերի իրականացման անհրաժեշտությունը,
- առանցքային են համարել միջկառավարական համագործակցության ակտիվացումը, բարձր մակարդակի փոխայցելությունները:
Անջեյ Դուդան հանդիպումներ է ունեցել նաև ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի և ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ։ Ալեն Սիմոնյանն ու Անջեյ Դուդան ի թիվս այլ հարցերի անդրադարձել են նաև Ադրբեջանում պահվող հայ գերիների խնդրին:
Հայաստանի և Լեհաստանի նախագահները մտքեր են փոխանակել ինչպես տարածաշրջանային, այնպես էլ գլոբալ իրադրության, առկա զարգացումների և մարտահրավերների մասին: Առանձնազրույցից հետո նախագահներն ընդլայնված կազմով հանդիպում են անցկացրել, այնուհետև հանդես եկել մամուլի ասուլիսով։
«Լեհաստանը պատրաստ է աջակցել հայ-ադրբեջանական կարգավորմանը»
Ասուլիսի ընթացքում Անջեյ Դուդան կարևորել է Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հաստատումը, նշել է, որ Լեհաստանը պատրաստ է աջակցել հայ-ադրբեջանական հակամարտության խաղաղ կարգավորմանը։ Հայտնել է՝ COP-29-ի շրջանակում կարգավորման հարցը քննարկել է նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ․
«Ուզում ենք, որ հայերը խաղաղ ապրեն իրենց հողի վրա՝ հստակ և կայուն սահմաններում։ Խաղաղությունը կարևոր է նաև, իհարկե, եվրոպական տարածաշրջանի համար, և մենք պատրաստ ենք օգնել, եթե դրա անհրաժեշտությունը լինի»։
Վիզաների հնարավոր ազատականացման վերաբերյալ հարցին նախագահը հպանցիկ է պատասխանել.
«Դա անմիջականորեն կապված է այն որոշումների հետ, որոնք կայացվում են ԵՄ մարմինների կողմից։ Եվ այդտեղ նույնպես Լեհաստանը որոշումներ կայացնելու հնարավորություն է ունենալու»։
Դուդան նաև հայտարարել է, որ Վարշավան ամեն ջանք կգործադրի ՀՀ-ին եվրոպական ընտանիք ներգրավվելու համար․
«Եթե հայկական կողմը մի փոքր հետաքրքրվածություն ցուցաբերի, ապա մենք պատրաստ ենք օգնել։ Որպես Լեհաստանի նախագահ՝ հայտարարում եմ, որ ցանկացած խնդրանքի դեպքում պատրաստ ենք աջակցություն ցուցաբերել Հայաստանին»։
ԵՄ դիտորդների հետ պարեկություն Երասխում
Այցի շրջանակներում Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան այսօր այցելել է Երասխ և պարեկություն իրականացրել ՀՀ-ում տեղակայված ԵՄ դիտորդների հետ։ Լեհաստանի նախագահի գրասենյակը X-ի միկրոբլոգում հայտնել է, որ Դուդան հանդիպել է առաքելության կազմում ընդգրկված լեհերի հետ։
Ուշագրավ է, որ համատեղ պարեկության համար ընտրվել է Երասխի տարածքը։ Նախորդ տարվա հունիսից այնտեղ մետալուրգիական գործարան էր կառուցվում։ Ադրբեջանը Հայաստանից պահանջում էր դադարեցնել շինաշխատանքները՝ պնդելով, թե գործարանը բնապահպանական խնդիրներ է առաջացնելու։
Բաքուն կրակի տակ էր պահում գործարանը, թույլ չէր տալիս ավարտին հասցնել աշխատանքները։ Գործարանի ուղղությամբ արձակված կրակոցների հետևանքով վիրավորում էին ստացել կառուցման աշխատանքներում ներգրավված Հնդկաստանի երկու քաղաքացիներ։ Ի վերջո, Ադրբեջանը հասավ նրան, որ գործարանը տեղափոխվեց Արարատ գյուղ։
Մեկնաբանություն
Քաղաքական վերլուծաբան Բորիս Նավասարդյանի կարծիքով՝ Լեհաստանը Եվրամիության անդամ կարևոր երկիր է։ Ընդ որում, 2025 թ․-ին այս երկիրը նախագահելու է ԵՄ խորհուրդը։ Եվ Լեհաստանը Ուկրաինայի անմիջական հարևանն է, որտեղ ԵՄ համար կարևոր շատ հարցեր են որոշվում։
Ասում է՝ ԵՄ անվտանգային համակարգն այսօր լուրջ փոփոխությունների է ենթարկվում։ Իսկ այդ համակարգում մեծ դեր ունի հենց Լեհաստանը, քանի որ հասանելի տվյալների համաձայն՝ «ունի երկրորդ ամենամեծ ցամաքային ուժերը ԵՄ անդամ երկրների շարքում»։ Հավանական է համարում, որ Անջեյ Դուդայի այցը Հայաստան միջոցառում է, որն իրականացնում է միությունը՝ հասկանալու համար, թե ինչպիսի համագործակցություն կարող է լինել Երևանի հետ։
«Շատ լավ հասկանում ենք, որ կան առանցքային հարցեր ՀՀ-ԵՄ երկկողմ հարաբերություններում։ Դա Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրականացումն է, ինչպես նաև գործընկերության նոր օրակարգը, Հայաստանում ԵՄ դիտորդների առկայությունը, վիզաների ազատականացման գործընթացը և ոչ միայն»,- 1inTV-ի եթերում հիշեցրել է նա։
Անդրադառնալով ԵՄ քաղաքացիական առաքելությանը՝ Նավասարդյանը նկատել է՝ ակտիվորեն ներգրավված է նաև Լեհաստանը։ Շեշտել է՝ մանդատի հաստատումը կախված է անդամ երկրների որոշումից, եթե, իհարկե, «ՀՀ-ն կողմնորոշվել է և հստակ առաջարկներ է ձևակերպել ԵՄ համար»․
«Որքան գիտենք՝ դա դեռ տեղի չի ունեցել, շատ քիչ ժամանակ է մնում։ Իսկ երբ եվրոպական բյուրոկրատիայի համար քիչ ժամանակ է մնում, նշանակում է՝ արագ որոշում կայացնելու համար անհրաժեշտ է հնարավորինս համապարփակ տեղեկություններ իմանալ»։
Վերլուծաբանի գնահատմամբ՝ Հայաստանի պաշտոնյաների հայտարարությունների բազմազանությունը եվրոպական գործընկերներին թույլ չի տալիս հասկանալ՝ որոնք են ՀՀ առաջնահերթությունները։
Օրինակ է բերում տնտեսության ոլորտը։ Շեշտում է՝ առևտրային համագործակցությունն ընդարձակվում է, առաջին հերթին, Ռուսաստանի ուղղությամբ։ Այս հանգամանքն, ըստ նրա, չի կարող հարցեր չառաջացնել Եվրամիությունում, քանի որ ԵՄ ընդլայնումը «բացի անվտանգային, քաղաքական հարցերից ունի նաև տնտեսական կայունություն ապահովելու և շուկաների միջև համագործակցության բաղադրիչ»․
«Լրացուցիչ պարզաբանումների կարիք ունեն Ռուսաստանի հետ առևտրային համագործակցությունը, ՀԱՊԿ թեման։ Կարող են լինել նաև նման այլ խնդիրներ, որոնց վերաբերյալ հստակեցումներ կհայցեն մեր եվրոպացի գործընկերները»։
Նավասարդյանի փոխանցմամբ՝ թեև Հայաստանը սառեցրել է իր անդամակցությունը ՀԱՊԿ ռազմական դաշինքում, սակայն շարունակում է ակտիվորեն մասնակցել ԱՊՀ մասնակից երկրների՝ գլխավոր դատախազների, քննչական կոմիտեների ղեկավարների մակարդակով հանդիպումների։ Ընդգծում է՝ այս ամենն «անմիջական կապ» ունի անվտանգային համակարգի հետ։
Քաղաքական վերլուծաբանի դիտարկմամբ՝ ՌԴ հետ տարբեր երկրների հարաբերությունների համատեքստը հետաքրքիր է Լեհաստանի համար։ Պատճառն այն է, որ Լեհաստանը մոտ է Ռուսաստանին, և եթե խոսք գնա առճակատման խորացման մասին, երկիրը կարող է դառնալ «նոր ագրեսիվ գործողությունների առաջին թիրախներից մեկը»։ Չի բացառում, որ Վարշավան փորձում է լուծել Երևանից տեղեկություններ ստանալ և դրանց հիման վրա քաղաքականություն մշակելու խնդիր։
«Հուսով եմ՝ Անջեյ Դուդայի այցը մեր պաշտոնյաներին հնարավորություն կտա ավելի հստակ դիրքորոշումներ հայտնել և դրանով ճանապարհ բացել ՀՀ եվրաինտեգրման գործընթացի համար»,- ամփոփել է Նավասարդյանը։
Հետևեք մեզ — Facebook | Youtube | Telegram
Անջեյ Դուդայի այցը Հայաստան