«Մարդիկ հասկացան, որ պետք է փրկեն ոչ թե իրենք իրենց, այլ միմյանց»․ 90-ականների ճգնաժամը Վրաստանում
Էներգետիկ ճգնաժամը Վրաստանում 90-ական թականներին
Յոթ ամիս շարունակ Ուկրաինան դիմադրում է Ռուսաստանի ագրեսիային, իսկ Ռուսաստանը Արևմուտքի կոշտ պատժամիջոցների տակ է։ Եվրոպան մասնակիորեն հրաժարվել է ռուսական էներգակիրներից։ Ագրեսոր երկիրը ռմբակոծում է ուկրաինական էներգետիկ ենթակառուցվածքներն, ինչպես նաև սպառնում ամբողջությամբ դադարեցնել էլեկտրաէներգիայի և գազի մատակարարումներն Արևմուտքին։ Ռուսական քարոզչական լրատվամիջոցներն ապոկալիպտիկ պատկերներ են ներկայացնում, թե ինչ դաժան ձմեռ է սպասվում Եվրոպային։
Վրաստանը շատ լավ գիտի, թե ինչ է նշանակում ապրել առանց էլեկտրականության և գազի։ 90-ական թվականներին՝ ԽՍՀՄ փլուզումից հետո, երկիրը մեծագույն էներգետիկ ճգնաժամն է վերապրել, որին չէր բախվել երկար տարիներ։ Էլեկտրականության մեծ պակաս կար, անջատած էր բնական գազը, մարդիկ մնացել էին առանց ջեռուցման, հանրային տրանսպորտը խաթարումներով էր աշխատում, նույնիսկ սննդի հետ կապված խնդիրներ էին առաջանում․․․
Ավելի ուշ՝ 2006 թ-ին, ռուսական սաբոտաժի պատճառով Վրաստանը կրկին հայտնվել է էներգետիկ ճգնաժամի մեջ։ Բայց այս անգամ՝ կարճ ժամանակով և ավելի լավ պատրաստված լինելով։
Այս իրադարձությունները Վրաստանի բնակիչներին ստիպել են անտանելի պայմաններում ապրելու միջոցներ փնտրել։ JAMnews-ը պատմում է, թե ինչպես է Վրաստանը վերապրել ծանրագույն էներգետիկ ճգնաժամը։
«Հայրս տաքացնում էր մեր անկողինը»․ ինչպե՞ս էին մարդիկ պայքարում ցրտի դեմ
90-ականներին, երբ Վրաստանում սկսվել է առաջին էներգետիկ գնաժամը, Նինո Նատրոշվիլին դպրոցական է եղել։ Նա հիշում է, թե ինչպես է մի օր լույսը գնացել, ինչպես են անջատել գազը, և թբիլիսյան բազմահարկ շենքի իններորդ հարկի փոքր բնակարանում նրանք մնացել են մթի ու ցրտի մեջ․
«Մենք չգիտեինք, թե ինչ անել։ Տանը ոչինչ չունեինք, որ տաքանայինք։ Ցուրտ էր։ Գիշերը սառն անկողնում պառկելը դժոխք էր։ Հիշում եմ՝ ինչպես էր ամեն երեկո հայրս տաքացնում իմ ու քրոջս անկողինը, հետո նոր մենք էին պառկում։ Մի օր երեկոյան նա երկար ժամանակ մեզ հետ ձների միջով այնքան քայլեց, որ մի լավ տաքացանք, հետո միանգամից ուղարկեց քնելու»։
Երբ Թբիլիսիում «մութ» էր, ուսանողուհի Մանանա Իաձեն ուսանողական ավանի հանրակացարանում էր ապրում։
«Ես ապրում էի իններորդ հարկում, վերելակ չկար, ոտքով էինք բարձրանում։ Հետո արդեն անտանելի էր այնտեղ մնալը, և տեղափոխվեցի Լոտկին (Թբիլիսիի թաղամասերից մեկը)՝ մորաքրոջս տուն»։
Եվ ուսանողները, և դասախոսները դասախոսությունների ժամանակ վերարկուներով և ձեռնոցներով էին։ Եթե դասախոսներից որևէ մեկի տանը ջեռուցում էր լինում, նա ուսանողներին իր տուն էր հրավիրում։ Լինում էին նաև դեպքեր, երբ բոլորը հավաքվում էին ուսանողներից մեկի տանը։
«Սիգուայի կարկանդակը (խնձորով կարկանդակ՝ նվազագույն բաղադրիչներով, որն այդպես է կոչվել կառավարության այն ժամանակվա ղեկավար Թենգիզ Սիգուայի անունով) այն ժամանակ շատ տարածված էր։ Ընկերուհիս թխում էր դրանից, դասախոսը գալիս էր, ահա այդպիսի դասախոսություններ էին լինում», — հիշում է Ռոսուդան Կվարացխելիան։
Շուտով քաղաքային շուկաներում հայտնվեցին փայտի վառարաններ, իսկ Թբիլիսի սկսեցին վառելափայտ բերել և վաճառել բեռնատարներից։
«Հիշում եմ, թե ինչպես սկսեցին բազմաբնակարան շենքերում հանել պատուհանների ապակիները և փոխարենը մետաղական թիթեղներ տեղադրել, որպեսզի վառարանի խողովակը դուրս հանեն։ Ամբողջ քաղաքը ծխի մեջ թաղված էր», — հիշում է Ռուսուդան Կվարացխելիան։
Հնարք 1. Քաղաքային բնակարանում վառարան տեղադրելու համար պետք է ծխի խողովակը դուրս հանել թիթեղների մեջ արված կլոր անցքով։ Սովորաբար այդ նպատակով օդանցքում թիթեղի շերտ էր տեղադրվում։ Վառարանում ամենից լավ այրվում են տախտակները և լավ չորացրած փայտը։ Ամենադժվար այրվողները նոր կտրված կանաչ ծառերն են։ Վառարանի վրա աղյուսներ տաքացնելու դեպքում դրանք կարելի է օգտագործել անկողինը տաքացնելու համար։ Վառարանում կրակը ոչ մի դեպքում չի կարելի գիշերը թողնել․ միշտ անսպասելի կայծի հավանականություն կա։
«Այն ժամանակ մի տան մեջ ութ հոգով էինք ապրում՝ հայրս, մայրս, քույրս և ես ու ընտանիքս՝ կնոջս և երեք երեխաներիս հետ։ Դա սեփական տուն էր, փայտի վառարան ունեինք։ Տանը հինգ սենյակ կար, բայց մենք ապրում էինք մեկում։ Շատ զվարճալի էր, երբ վիճում էինք, թե ով է առաջինն անկողին մտնելու, որովհետև անկողինը սառն էր, և մեկը պետք է տաքացներ», — հիշում է լուսանկարիչ Գուրամ Ցիբախաշվիլին, որը լուսանկարներով վավերագրել է այն ժամանակները։
Այնուհետև աստիճանաբար շուկաներում հայտնվեցին այսպես կոչված նավթավառները, որոնք հիմնականում Թուրքիայից էին ներկրվում։ Թբիլիսիի փողոցներում թորած նավթի հերթեր էին։
«Հիշում եմ, թե ինչպես էր մայրս խինկալի պատրաստում այդ «նավթավառների» վրա։ Պատկերացնո՞ւմ եք, թե որքան ժամանակ էր ծախսվում։ Նա նույնիսկ տորթեր էր թխում մեզ համար։ Կարծում եմ՝ հենց այն ժամանակ էր նկատել, որ տորթի խմորը ավելի լավ է թխվում ցածր կրակի վրա։ Հետո՝ 2006 թ-ին, երբ կրկին գազն անջատեցին, մայրս ինչ-որ տեղից հանեց այդ կարմիր նավթավառը», — հիշում է Նինո Նատրոշվիլին։
Մրոտ լամպեր, մոմեր, «լևի» գծեր
«Վերջերս մի ներկայացման էի, երեխաներ էլ կային, երբ դահլիճում լույսը հանգեց, երեխաներից մեկը բղավեց․ «Մայրի՛կ, ի՜նչ լավ է»։ Ես հիշեցի մանկությունս, երբ նույն ձևով էինք արձագանքում, երբ լույսը տալիս էին», — ասում է ինձ Նինո Նատրոշվիլին։
Վերջին դպրոցական տարիները Նինոն անցկացրել է լամպի լույսի տակ՝ սպասելով, թե երբ են լույսը տալու։
«Մինչ օրս չեմ սիրում նավթի լամպերը, անգամ եթե ինչ-որ տեղ տեսնում եմ, նույնիսկ վինտաժային սրճարանում՝ որպես դեկորացիա, ինձ համար տհաճ է։ Հիշում եմ նաև նավթի հոտը, թե ինչպես էին դրանից աչքերս բորբոքվում։ Երբեմ ինձ թվում է, որ հենց այն ժամանակ եմ ձեռք բերել շնչառական հիվանդությունները, որոնց դեմ պայքարում եմ ամբողջ կայնքս»։
Նինոյի ընտանիքն արտոնյալ չէր, այդ պատճառով էլ նրանց տունը լուսավորվում էր կամ լամպով, կամ մոմերով։ Ովքեր լավ կապեր ունեին կամ ավելի հաջողակ էին, էլելկտրաէներգիա էին գողանում պետական օբյեկտներից։ Ռուսուդան Կվարացխելիան հիշում է, որ տներում մարդիկ հոսանք էին քաշում լուսացույցներից և նույնիսկ մետրոյից, «մետրոյի գծի վրա նստած եմ»՝ այս արտահայությունն այն ժամանակ ցույց էր տալիս արտոնյալ կարգավիճակ․
«Ամբողջ քաղաքը պարուրված էր «լևի» (գողացված, ապօրինի) գծերով։ Եթե մի շենքում լույս կար, իմանում էիր, որ այնտեղ կարևոր կամ ազդեցիկ մեկն է ապրում»։
Այդպիսի «գողացված» հոսանք է ունեցել նաև Մանանա Իաձեն, երբ ավարտել է ուսումն ու վերադարձել Վրաստանի հարավում գտնվող Ախալցխա քաղաք․
«Իմ տան հետևը ռազմական շտաբ էր։ Ես ծանոթ ունեի։ Գործերը դասավորեցի և մի գիծ քաշեցի։ Այն ժամանակ բրազիլական սերիալներ էին ցույց տալիս, և երեկոյան ինձ մոտ էր հավաքվում ամբողջ թաղամասը։ Տունս ակումբի պես էր»։
Պետական և ռազմավարական նշանակության հաստատությունների մեծ մասն էլեկտրականություն ուներ։ Բայց այլ իրավիճակ էր շրջաններում և գյուղերում։ Հաճախ հոսանք չէր լինում նույնիսկ հիվանդանոցներում։ Եվ ոչ միայն 90-ական թվականներին։
2006 թ-ի ձմռանը, երբ Ռուսաստանի տարածքում միաժամանակ պայթեցվել է գազատարն ու էլեկտրամատակարարման երկու գծերը, և Վրաստանն առանց էլեկտրականության է մնացել, 18-ամյա Քեթի Զուբաշվիլին ութամսական հղի է եղել։
Այդ տարի Թբիլիսիում խստաշունչ ձմեռ էր։ Ամուսնու ընտանիքը Քեթիին տարել է Աչաբեթի գյուղ, որը Հարավային Օսիայի Ցխինվալի քաղաքից ոչ հեռու գտնվող Դիդի Լիախվի դաշտավայրում էր (հիմա այդ գյուղն արդեն չկա)։
Հարուստ սկեսրայրը գյուղում փայտ և գեներատոր է ունեցել։ Քեթին գյուղում երկար է մնացել։
Փետրվարի 6-ի առավոտյան Քեթիի երկունքի ցավերը բռնել են։ Այն ժամանակ հնարավոր չէր Թբիլիսի մեկնել Հարավային Օսիայի մայրաքաղաք Ցխինվալիով քաղաքական լարվածության պատճառով։ Շրջանցող ճանապարհը, որով Քեթին գյուղ էր հասել, շատ երկար էր, ձյունն էլ շատ էր, և ծննդկանին այդ ճանապարհով տանելը ռիսկային էր։ 18-ամյա Քեթիին ծննդաբերելու են տարել Կուրտա գյուղի հիվանդանոց․
«Լույս չկար, գեներատորն էր աշխատում։ Թմրաբանը տեղում չէր, ստիպված կանչեցին Ցխինվալիից։ Դա ժամանակ էր պահանջում։ Եթե բնական ճանապարհով ունենայի երեխային, ինձ կօգնեին, իսկ եթե կեսարյան հատում պետք լիներ, ոչ ոք իր վրա պատասխանատվություն չէր վերցնի նրա համար, ինչ կլիներ։ Ծնողներս համաձայնություն ստորագրեցին։ Ցավերս արդեն սկսվել էին, ուրիշ ելք չկար»։
Քեթին բարեհաջող ծննդաբերել է որդուն։
«Երբ մեկ շաբաթից ինձ ու առաջին երեխայիս դուրս գրեցին ծննդատնից, մեզնից ծխի հոտ էր գալիս», — հիշում է Քեթին։
Հնարք 2. Տանը միշտ պետք է պահած մոմ լիներ կամ էլ լիցքավորված նավթային լամպեր։ Առավել ապահով ընտանիքները գեներատորներ էին գնում իրենց համար։ Սակայն ոչ մեծ գեներատորի հոսանքը հերիքում էր միայն մի քանի լամպի և հեռուստացույցի։ Այդ ընթացքում այն սարսափելի աղմկում էր և թանկարժեք վառելիք շատ էր օգտագործում։
Թունելում արգելափակվածներ, ոտքով անցած կիլոմետրեր, տրոլեյբուսից կախված մարդիկ
Թբիլիսիում 90-ականներին մեքենաները քիչ էին, ավտոբուսները հիմնականում հին էին, հաճախ էին փչանում, մետրոն հաճախ էր կանգնում հոսանքի բացակայության պատճառով, իսկ գնացքները մնում էին թունելում։ Ամենատարածված տրանսպորտը տրոլեյբուսն էր։ Նրանք, ովքեր չէին կարողանում տրոլեյբուս նստել, կախվում էին դռներից կամ բարձրանում էին դրա տանիքին։
Ճգնաժամից առաջ Գուրամ Ցբախիշվիլին որդուն հեծանիվ էր գնել։ Հետո քաղաքում ամեն ինչ կանգ առավ, նա հասկացավ, որ հեծանիվն իր համար տեղաշարժվելու լավագույն միջոցն է լինելու։
«1992-93 թթ-ին հեծանիվով ամբողջ քաղաքը շրջում էի, Ջիկիա փողոցում էի աշխատում, տունս էլ Կուկիա փողոցում էր՝ քաղաքի մյուս ծայրում։ Հեռախոսը չէր աշխատում, որ զանգահարեի և իմանայի՝ աշխատավայրում հոսանք կա, թե ոչ։ Այդ պատճառով էլ նստում էի հեծանիվս, գնում, եթե հոսանք չէր լինում և աշխատանք չէր լինում, հետ էի գալիս»։
Ուսանողուհի Ռուսուդան Կվարացխելիան, որն այն ժամանակ ընտանիքով ապրում էր Թբիլիսիի արվարձան Ծկնեթիում, երկու տարի Թբիլիսիի համալսարան է գնացել ավտոստոպով․
«Ծկնեթիից Թբիլիսի հին մաշված ավտոբուս էր գնում։ Ծկնեթիում շատ մարդ էր ապրում, և այդ ավտոբուսում երբեք տեղ չէր լինում։ Ես ստիպված էի լինում ժամերով փողոցում սպասել ավտոբուսին, բայց քիթս էլ չէի կարողանում ներս խցկել։ Հիշում եմ նաև օրերը, երբ ձյուն էր գալիս, ոչ ոք ճանապարհներին աղ չէր ցանում, մեքենաները չէին կարողանում երթևեկել, իսկ ես զառիթափ լանջով ոտքով էի գնում։ Կարճ ճանապարհով, հաստատ հիշում եմ, համալսարան էի հասնում 2 ժամ 20 րոպեում»։
Մանանա Իաձեն, որն այն ժամանակ արդեն ասպիրանտ էր և ուսանողական ավանից մորաքրոջ մոտ էր տեղափոխվել Լոտկին, ոտքով համալսարան էր հասնում 2,5 ժամում․
«Ես սառած քայլում էի, կապտում էի, հոգնում էի, նույնիսկ չէի ուզում դասախոսություն լսել, իսկ հետո նույն ճանապարհով ստիպված պետք է հետ գնայի։ Ոտքերիս մատները փայտանում էին»։
«Լողանալը շքեղություն էր։ Ամբողջ ընտանիքը նույն օրն էր լողանում։
Այն ժամանակ՝ 90-ականներին, Թբիլիսիի բնակելի թաղամասերում ջուրը նույնպես ժամով էին տալիս։
Շենքերի բարձր հարկերի բնակիչներն ամենաշատն էին տուժում․ հաճախ ջուրը 2-3-րդ հարկից ավելի չէր բարձրանում, այն էլ ժամով էր։
Երբ ջուրը տալիս էին, ընտանիքի բոլոր անդամները տարբեր չափի տարաներով ջրի հերթ էին կանգնում հարևան մուտքի մոտ։
«Մեր բաղնիքում պատուհան կար, և մենք կարողանում էինք ցերեկվա լույսի տակ լողանալ, բայց հարևաններ ունեինք, որոնք նույնիսկ ցերեկը մոմի լույսի տակ էին լողանում, որովհետև առանց պատուհանների բաղնիքներում մութ էր։ Մեր ընտանիքը լողանալու օրեր ուներ․ այդ օրն ընտանիքի բոլոր անդամները պետք է լողանային։Մայրս դույլերով ջուր էր տաքացնում տաքացուցիչով։ Ես միշտ վախենում էի այդ տաքացուցիչից։ Միշտ վիճում էինք, թե ով է վերջինը լողանալու, որովհետև բաղնիքը վերջում ամենատաքն էր»։
Հնարք 3. Երբ ջուրը պարբերաբար անջատում են, պետք է հնարավորինս շատ ջուր հավաքել։ Ընդ որում՝ տարբեր տարաների մեջ լցնել այն՝ դույլերի, որոնց մեջ կարելի է ջուրը տաքացնել, թասերի և այլն։ Այն ժամանակ ցնցուղ ընդունելը շքեղություն էր, ջուրը տաքացնում էին կամ սալօջախի վրա, կամ տաքացուցիչով, և լողանում էին՝ թասիկով ջուրը մարմնի վրա լցնելով։
Վառարաններ մուտքերում և ճաշ՝ հարևանների հետ
Ճգնաժամի մեկնարկից որոշ ժամանակ անց Թբիլիսիում հայտնվել են էլեկտրական ինքնաշեն պարույրավոր սալօջախները՝ որոնք օգտագործում էին սնունդ տաքացնելու և պատրաստելու համար։
Պարույրը հաճախ այրվում էր։ Նրանք, ովքեր քիչ թե շատ կարողանում էին սարքել, սարքում էին պարույրը՝ միացնելով երկու այրված ծայրերը։ Այդպես շարունակվում էր այնքան ժամանակ, մինչև որ պարույրից բան չէր մնում։
Նրանք, ովքեր տանը փայտի վառարան կամ սալօջախ չունեին, ստիպված էին սնունդ պատրաստել մուտքում դրված ընդհանուր վառարանների վրա։
Լեյլա Մերեբաշվիլին հիշում է, թե ինչպես են մի գեղեցիկ օր հարևաններն ընդհանուր փողով փայտի վառարան գնել։ Փոքր ոտքերով սև վառարանը դրել են ընդհանուր տարածքում՝ այսպես կոչված չորանոցում։
«Ժամացանկ կար, մենք գիտեինք, թե ով երբ պետք է ուտելիք պատրաստի։ Մենք այնտեղ տաքանում էինք և, իհարկե, գիտեինք, թե ով ինչ է ուտում։ Հիշում եմ՝ օրեր էին լինում, որ աչքս մնում էր հարևանի պատրաստած համեղ կերակուրի վրա։ Մեր տանը միս հազվադեպ էր լինում, փոխարենը մենք գյուղ ունեինք, և կարտոֆիլի ու լոբու պակաս չէր զգացվում»։
Նինո Նատրոշվիլին հիշում է, որ հարևանները հաճախ էին միասին հավաքվում՝ ուտելու բան պատրաստելու կամ էլ պարզապես ժամանակ անցկացնելու։
«Ով ինչ ուներ, այն էլ բերում էր։ Բնական է, որ դա կարագ չէր, միս էլ չէր, բայց ինչ-որ մեկը մուրաբա ուներ, մյուսը՝ կոմպոտ, մեկը բլիթներ էր թխում, կամ էլ մայրիկները հավաքում էին՝ ինչ կար և համատեղ ուժերով մեզ համար թխվածք էին թխում։ Մեր ընտանիքն ուտելիքի հետ կապված խնդիր չուներ, բայց ջեռուցման խնդիր կար, և որտեղ բոլորը հավաքվում էին, մենք էլ էինք այնտեղ»։
Ռուսուդան Կվարացխելիան հիշում է, թե ինչպես էին Վրաստանի Առաջին ալիքի աշխատակիցներն ընթրիք պատրաստում աշխատավայրում։ Այն ժամանակ Ռուսուդանն ուսմանը զուգահեռ աշխատում էր հեռուստատեսությունում։
«Այն ժամանակ հեռուստաընկերությունն իսկական դրախտ էր․ այնտեղ լուս կար, էլեկտրական սալօջախներ, տաք էր։ Աշխատակիցները սնունդ էին պատրաստում աշխատավայրում և տանում տուն»։
Ինչպե՞ս էին զվարճանում մութ ու ցուրտ Թբիլիսիում
Չնայած ծանր ճգնաժամին՝ Թբիլիսիում կյանքը շարունակվում էր։
«Ի՞նչը կարող էր կանգնեցնել մարդուն։ Թաղումներ և հարսանիքներ էին լինում, բայց դրանք ավելի համեստ և պակաս ուրախ էին լինում», — ասում է Գուրամ Ցիբախաշվիլին։
Թբիլիսիում այն ժամանակ երիտասարդներ կային, որոնք երաժշտությունով էին ապրում։ Նրանց թվում էր երաժիշտ և դերասան Լադո Բուրդուլին։ Նա իր տանը համերգներ և նորաձևության ցուցադրություններ էր կազմակերպում։ Լուսանկարիչ Գուրամ Ցիբախիշվիլին լուսանկարում էր այդ երեկոները․
«Այդ համերգներն ու ցուցադրությունները հաճախ մոմերի լույսի տակ էին անցկացվում։ Նույնիսկ եթե լույս էր լինում, այն հանկարծակի գնում էր, և պետք էր պատրաստ լինել։ Ես լուսանկարում էի ֆոտոխցիկի լույսով, և, հնարավոր է, որ լուսանկարներում այնքան լավ չի երևում, թե որքան մութ է իրականում»։
Իր ծննդյան օրերը Նինո Նատրոշվիլին այսպես է հիշում․ մոմերի լույսերի ներքո, դաշնամուրի և կիթառի նվագակցությամբ․
«Մենք շատ լավ էինք զվարճանում, պարում էինք։ Այն ժամանակ բոլորն, ովքեր դաշնամուր կամ կիթառ էին նվագում, շատ պոպուլյար էին։ Հետո՝ որոշ ժամանակ անց, հայտնվեցին մարտկոցներով նվագարկիչները, մենք ձայներիզները մատիտով առաջ էինք տալիս, որպեսզի մարտկոցները չնստեն։ Գիտեինք, որ եթե մարտկոցը նստեց, այն կարելի է ճմլել, որպեսզի մի քիչ էլ աշխատի»։
Ինչպե՞ս է դա վերապրել Թբիլիսին
«Մարդիկ միշտ էլ փորձում են կենդանի մնալ, և դա բերել էր նրան, որ մենք բոլորս միասին կտրում էինք ծառերը, շատ բան ոչնչացվում էր, երկրի կեսն ամեն ինչ վաճառել էր, ինչ ուներ, որպեսզի ձմեռներն անցկացնի», — ասում է Գուրամ Ցիբախիշվիլին։
Նրա դիտարկմամբ՝ այն ժամանակ մարդիկ սովորել են օգնել միմյանց․
«Մարդիկ հասկացել են, որ պետք է ոչ միայն փրկվել, այլև միմյանց էլ փրկել։ Ես մի լուսանկար ունեմ․ Թբիլիսին է, բակում կրակ է վառվում, երեք կաթսա է դրված ինչ-որ բան է եփվում, երևի՝ կարտոֆիլ կամ լոբի։ Դա օրինակ է, թե երբ են բոլորը հասկացել, որ միայնակ չեն դիմանա»։
Այս նյութի մյուս հերոսները նույնպես այդպիսի աջակցության օրինակներ են հիշում։ Սակայն՝ առանց որևէ ռոմանտիկ գրավչության․
«Ինձ դուր չի գալիս, որ վերջում ինչ-որ ձևով սկսեցին ռոմանտիզացնել 90-ականները։ Դա ինձ համար շատ ցավոտ փորձ է։ Այո, մենք վերապրեցինք, սովորեցինք հաղթահարել, բայց դա շատ տրավմատիկ փորձ էր», — ասում է Ռուսուդան Կվարացխելիան, որը հիշում է, թե ինչպես էր լալիս 2004 թ-ին, երբ Ամանորին Ռուսաստանից Թբիլիսի էր վերադարձել և Ռուսթավելու վրա տեսել զարդարված երեք տոնածառ։
«1997 թ-ին ամուսնուս, որն այն ժամանակ աշխատում էր Associated Press-ում, Ռուսաստան տեսափոխեցին։ Ես էլ նրա հետ գնացի։ Երբ Ռուսաստան հասա, առաջին շոկը շլացնող փողոցային լուսավորությունն էր։ Հիշում եմ, որ լալիս էի։ Իսկ հետո երկրորդ անգամ արտասվեցի, երբ Վրաստան վերադարձա 2004 թ-ին և տեսա լույսերը, որոնք պարուրում էին չորս տոնածառերը Ռուսթավելու վրա։ Ես այնքան երջանիկ էի, որ փողոցում լույս կար»։
«Մեդիացանցի» աջակցությամբ