«Ընդդիմադիրները պատերազմի կուսակցություններ են»․ Հայաստանի ԱԺ նախագահ
Ալեն Սիմոնյանը՝ պատերազմի կուսակցությունների մասին
Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի կարծիքով՝ պետք չէ «մարտավարական, քաղաքական» հնարք տեսնել այն բանում, որ վարչապետը հայտարարում է՝ եթե իշխող ուժն ընտրությունների արդյունքում սահմանադրական մեծամասնություն չստանա, պատերազմ է լինելու։
«2020 թ․-ին պատերազմ է տեղի ունեցել, որից հետո Հայաստանն ու Ադրբեջանը սահմանը վերարտադրել են։ Եթե դրանից հետո գալիս է մի ուժ, որն ասում է՝ ես այդ սահմանազատումը, սահմանագծումը չեմ ճանաչում, պետք է 29,743 քառ․ կմ-ից դուրս մտածեմ, բնական է՝ ես՝ որպես քաղաքական գործիչ և դուք՝ որպես քաղաքացի, կարող եք կանխատեսել, որ կարող է պատերազմ լինել»,- լրագրողների հետ զրույցում ընդգծել է Ալեն Սիմոնյանը։
Ըստ նրա՝ «երկրի վարչապետը՝ ունենալով ինֆորմացիա, տիրապետելով ամբողջ պրոցեսներին, կարող է նման կանխատեսում անել» և դրա իրավունքն ունի։
Ինքը՝ Սիմոնյանը, համակարծիք է վարչապետ Փաշինյանի հետ այն հարցում, որ հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների ժամանակ ժողովուրդն ընտրություն է կատարելու խաղաղության և հնարավոր պատերազմի միջև:
Վերջին շրջանում Փաշինյանը պարբերաբար է հայտարարում այն մասին, որ եթե իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ընտրությունների արդյունքում սահմանադրական մեծամասնություն չստանա, պատերազմ է լինելու։ Ուշագրավ է, որ կառավարության ղեկավարը մատնանշում է հնարավոր պատերազմի կոնկրետ ժամկետ՝ այս տարվա սեպտեմբերը։
Ընդդիմությունը պատերազմի մասին Փաշինյանի հայտարարությունները որակում է որպես շանտաժ և պնդում, որ իշխող ուժը «վերընտրվելու մի գործիք ունի՝ մարդկանց սպառնալ պատերազմով»։ Փաշինյանի թիմակիցների կարծիքով՝ գործ ունենք ոչ թե շանտաժի, այլ քաղաքական հայտարարությունների հետ։
- «ՌԴ-ն փորձում է տասնյակ հազարավոր ընտրողներ ուղարկել Հայաստան»․ քննարկումներ Երևանում
- Ֆիշինգային հարձակում Հայաստանի իշխող ուժի անվան օգտագործմամբ․ ի՞նչ է հայտնի
- ՔՊ-ն կհաղթի՞ 2026 թ․-ի ընտրություններում․ ArmES-ի հարցման արդյունքները
«Պետք է վախենալ խաղաղությունը ձեռքից բաց թողնելուց»․ Սիմոնյան
«Ես հասկանում եմ, որ այն ուժերին, որ հիմա դահլիճում են, այն ուժերին, որոնք ուզում են խորհրդարան մտնել, պատերազմ է պետք, պատերազմի մասին խոսակցություն է պետք, որպեսզի կարողանան դրա վրա քաղաքական բան կառուցել: Բայց հիմա պատերազմ չկա, խաղաղություն է»,- լրագրողների հետ զրույցում շեշտել է խորհրդարանի նախագահը։
Ալեն Սիմոնյանը նկատել է՝ արդեն 2 տարի է, ինչ հակառակորդի կրակոցից սահմաններին մարդ չի զոհվել և հարցրել՝ հիմա պատերա՞զմ է, թե՞ խաղաղություն։
«Խորհրդային միության փլուզումից այս կողմ չի եղել, որ Հայաստանն ու Ադրբեջանն առևտուր անեն, չի եղել, որ Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարները երկու կողմից խոսեն խաղաղության մասին»,- նկատել է նա։
ԱԺ նախագահի դիտարկմամբ՝ պետք է վախենալ այդ խաղաղությունը ձեռքից բաց թողնելուց․
«ՀՀ գործող իշխանությունը՝ «Քաղաքացիական պայմանագիր»-ը, խաղաղության կուսակցություն է, մնացածը՝ հիմնական ընդդիմադիր դերակատարները, պատերազմի կուսակցություններ են: Իրողությունը դա է: Եթե մարդիկ ասում են, որ պետք է պահանջ ներկայացնեն, էս քառակուսի կմ-ից պիտի դուրս գան, դա կոչվում է պատերազմ»։
Սիմոնյանը նաև պատմական ակնարկ է կատարել՝ նշելով, որ Խորհրդային միությունը փլուզվելուց հետո բոլոր տեղերում՝ Միջին Ասիայում, Ուկրաինայում, Հարավային Կովկասի տարածաշրջանում թողել է չլուծված սահմանային հարցեր:
«Մեզ էլ ասել է՝ դուք, որ ապրում եք Հայաստանում, միշտ երազեք, որ ձեր տունը միայն այստեղ չէ, այնտեղ էլ է, մենք էլ ձեզ տիրություն կանենք: Նպատակն է, որ մենք միշտ կախված լինենք նրանցից: Այո, կա պատերազմի կուսակցություն, և կա խաղաղության կուսակցություն: Եվ այո, 2026 թ․-ի ընտրությունը լինելու է խաղաղության և հնարավոր պատերազմի մասին»,- հայտարարել է նա։
Փաշինյանը գուժում է «աղետաբեր պատերազմի» մասին
Մայրաքաղաքում անցկացրած քարոզչական հանդիպումների օրը վարչապետն ամփոփել էր ֆեյսբուքյան ուղիղ եթերով և հերթական անգամ պնդել՝ եթե իր ղեկավարած ուժն ընտրություններում չստանա սահմանադրական մեծամասնություն, պատերազմ է լինելու․
«Լինելու է պատերազմ սեպտեմբերին, ու աղետաբեր պատերազմ, եթե «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը սահմանադրական մեծամասնություն…. չեմ ասում՝ ընտրություններում հաղթի»։
Փաշինյանը, սակայն, հիմնավորումներ չի ներկայացրել։ Միայն նշել է, որ ինքը՝ որպես 7 տարվա վարչապետ, կարող է գնահատել իրավիճակը։
Ընտրություններից շատ չանցած՝ աշնանը պատերազմի հավանականության մասին երկրի ղեկավարը խոսել էր նաև մարտի 19-ին՝ լրագրողների հետ ճեպազրույցում։ Այդ ժամանակ Փաշինյանը պնդել էր՝ «խաղաղության ռևիզիայի» դիրքերից հանդես եկող ուժերի հաղթանակի դեպքում կլինեն ծանր հետևանքներ՝ ոչ միայն տարածքային, այլև ինքնիշխանության կորուստ։
Շեշտել էր՝ ընդդիմադիրները պատերազմից շահելու են հետևյալը՝ լինելու են ֆորպոստի, ոչ թե պետության կառավարիչ, ինչը նրանց համար ֆինանսապես ձեռնտու է։
«Խաղաղության վերանայման դիրքերից հանդես եկող 3 ուժերն էլ [նկատի ունի «Հայաստան» դաշինքը, «Ուժեղ Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունները] միլիարդների ունեցվածք ունեն Ռուսաստանում և Բելառուսում։ Իրենց ասվել է՝ ուզում եք այդ ունեցվածքը պահել, աշխատեք, քրտնեք, վազեք, ձգվեք, упор лежа 30 անգամ։ Չեն կարողանալու»,- արձանագրել էր նա։
Կառավարության ղեկավարը վստահ է՝ սահմանադրական մեծամասնություն ստանալը կօգնի «անշրջելի» դարձնել տարածաշրջանում հաստատված խաղաղությունը։
Ինչո՞ւ է ՔՊ-ին անհրաժեշտ սահմանադրական մեծամասնություն․ ԱԳ նախարարի պարզաբանումը
Արտգործնախարար Արարատ Միրզոյանը նախօրեին նկատել էր՝ վարչապետը պայմանական է նշել սեպտեմբեր ամիսը, իսկ պատերազմի հեռանկար միանշանակ կարող է լինել։
Միրզոյանը մատնանշել էր, մասնավորապես՝ այն հանգամանքը, որ խորհրդարանական և արտախորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչները գրեթե բոլոր հարևան երկրների նկատմամբ տարածքային հավակնություններ ունեն․
«Եթե իշխանության գան, անմիջապես խնդիր է առաջանալու հարևանների հետ։ Եվ հաշվի առնելով էս օրերում խնդիրները ինչ մեթոդաբանությամբ են փորձում լուծել, մեծ հավանականությամբ Հայաստանը անմիջապես կկանգնի պատերազմ առջև»։
Լրագրողները հետաքրքրվել էին՝ արդյո՞ք վարչապետի հայտարարությունն ինքնին շանտաժ չէ։
«Ես այդտեղ շանտաժի էլեմենտ տեսնո՞ւմ եմ՝ ոչ։ Ինչո՞ւ ենք անում՝ լավ ենք անում։ Դա մեր քաղաքական առաջարկն է։ Օրենք խախտո՞ւմ ենք՝ բոլորովին», — պատասխանել է նախարարը։
Ըստ նրա՝ ՔՊ-ն սահմանադրական մեծամասնության է ձգտում «ավելի վստահ իշխանության» համար։ «Ազատություն» ռադիոկայանը փորձել է պարզել՝ արդյո՞ք դա իշխող թիմին անհրաժեշտ է նոր Սահմանադրության ընդունման համար․
«Կարող է դրա հետ էլ է կապված, չեմ կարող ասել»,- պատասխանել է Միրզոյանը։
Նոր Սահմանադրության ընդունման նախագիծը հանրաքվեի դնելու համար խորհրդարանը պետք է ընդունի որոշման նախագիծ, ինչի համար անհրաժեշտ է ԱԺ պատգամավորների ձայների առնվազն երկու երրորդը: Ստացվում է՝ իշխանությունը չի կարողանա նախաձեռնել նոր Սահմանադրության ընդունում, եթե հունիսի 7-ին չստանա սահմանադրական մեծամասնություն:
Ադրբեջանը Հայաստանի մայր օրենքը համարում է ՀՀ հետ խաղաղության պայմանագրի կնքման միակ խոչընդոտ։ Բաքուն խնդրահարույց է համարում Սահմանադրության նախաբանում Անկախության հռչակագրին արված հղումը։ Հռչակագրում խոսվում է Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի վերամիավորման մասին։ Թեև փաստաթղթի շուրջ քննարկումները դեռ շարունակվում են, վարչապետ Նիկոլ Փաշինյանը բազմիցս կարծիք է հայտնել, որ նոր Սահմանադրության մեջ Անկախության հռչակագրին հղում չպետք է արվի։
Հետևեք մեզ — Facebook | Youtube
Ալեն Սիմոնյանը՝ պատերազմի կուսակցությունների մասին