Ադրբեջանում 2022 թ-ի հունվարին արժեզրկումն, ի տարբերություն 2021 թ-ի հունվարի, կազմել է 12,5 տոկոս։ Այս մասին հայտարարել են վիճակագրության պետական կոմիտեում։ Փորձագետները պնդում են, որ իրականում արժեզրկումը կրկնակի ավելին է և հասնում է 25 տոկոսի։
Ադրբեջանի վիճակագրության պետական կոմիտեն հրապարակել է 2022 թ-ի հունվարի հիմնական տնտեսական ցուցանիշները։ Այսպես, կառավարության պնդմամբ, 2021 թ-ի հունվարի համեմատ, նախորդ ամիս արժեզրկումն Ադրբեջանում կազմել է 12,5 տոկոս։ Այլ կերպ ասած՝ այն ապրանքներն ու ծառայությունները ձեռք բերելու համար, որոնք 2021 թ-ի հունվարին արժեցել են 100 մանաթ [մոտ $58,8], 2022 թ-ի հունվարին պահանջվել է 112,5 մանաթ [շուրջ $66,2]։
Վիճակագրական ծառայությունը հստակեցնում է, որ մեկ տարում սննդամթերքը, ըմպելիքներն ու ծխախոտային արտադրանքը թանկացել են 17,1 տոկոսով, ոչ պարենային ապրանքները՝ 5,9 տոկոսով, իսկ ծառայությունները՝ 11,1 տոկոսով։
Հաշվի առնելով տարեկան արժեզրկման մասին պաշտոնական տվյալները՝ վերջին վեց տարում, այսինքն՝ ազգային արժույթի վերջին արժեզրկման պահից, մանաթը կորցրել է իր գնողունակության 50 տոկոսը։
Անկախ փորձագետները պնդում են, որ իրականում արժեզրկումը պաշտոնական թվից կրկնակի բարձր է։
Փորձագետի մեկնաբանությունը
«Պաշտոնապես, հունվարին արժեզրկումը կազմել է 12,5 տոկոս, իսկ սննդամթերքի մասով՝ 17,1 տոկոս։ Եվ սա դեռ պաշտոնական թվերն են։
Գների աճը ճնշում է մարդկանց, երկրի յուրաքանչյուր բնակիչ դա իր կաշվի վրա զգում է։ Կառավարությունը պետք է մտահոգվի․ թանկացումներն ու արժեզրկումը մարդկանց կյանքն անտանելի են դարձնում», — վիճակագրական կոմիտեի հաղորդագրությունն է մեկնաբանում տնտեսագետ, «Հանրապետական այլընտրանք» ընդդիմադիր կուսակցության առաջնորդներից մեկը՝ Նաթիկ Ջաֆարլին։
«Այսպիսի բարձր արժեզրկումն ուրիշ կողմնակի ազդեցություններ էլ ունի։ Բանկերում քաղաքացիներից ավանդներն ընդունվում են տարեկան 8-10 տոկոս տոկոսադրույքով։ Իսկ արժեզրկումը հավասար է 12,5 տոկոսի։ Այլ կերպ ասած՝ սա ծաղր է երկրի քաղաքացիների նկատմամբ, կարծես նրանց գրպան մտնեն արդեն բանկային համակարգի միջոցով։
Եթե արժեզրկման աճը չկանգնեցվի, մարդիկ իրենց փողերը կվերցնեն բանկից և կսկսեն այլ ուղիներ փնտրել՝ առանց կորստի դրանք պահելու համար։ Դա կբերի Թուրքիայի և Վրաստանի անշարժ գույքի շուկայում ներդրումների աճին։
Անցյալ տարի Թուրքիայում անշարժ գույքի դոլարային գներն աճել են 5-6 տոկոսով։ Իսկ Ադրբեջանի քաղաքացիների համար ավելի շահեկան է գումարները բանկերից հանել, որոնք մանաթով առաջարկում են տարեկան ընդամենը 8-10 տոկոս եկամուտ (իսկ դա արժեզրկումից ցածր է), դոլար գնել և անշարժ գույք գնել Թուրքիայում։ Այդպես՝ նրանք կարող են իրենց փողերը զերծ պահել արժեզրկումից։
Երկրում արժեզրկման լուրջ աճը մարդկանց ոչ միայն ավելի աղքատ է դարձնում, այլև լուրջ սթրես է առաջացնում բանկային համակարգի համար», — նշել է փորձագետը։