Ադրբեջանի իրավապաշտպանը Մերաբիշբիլիի մասին
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ, Ստրասբուրգի դատարան) հունիսի 14-ին իր որոշումն է հրապարակել, որում ասվում է, որ Վրաստանի նախկին վարչապետ Վանո Մերաբիշվիլիի հանդեպ խախտվել է Եվրոպական կոնվենցիայի 18-րդ հոդվածը:
Որոշումը վճիռ է պարունակում. Վրաստանի կառավարությունը նրան պետք է 12 հազար եվրո վճարի որպես բարոյական վնասի փոխհատուցում:
Նախագահ Սահակաշվիլիի աջ ձեռք, ներքին գործերի նախկին նախարար և նախկին վարչապետ Վանո Մերաբիշվիլին բանտում է արդեն 3 տարի: Նա 5 տարվա ազատազրկման է դատապարտվել իշխանության գտնվելու տարիների պաշտոնեական դիրքի չարաշահման համար:
Մերաբիշվիլիի փաստաբան Օթար Կախիձեն պնդում է, որ այս որոշմամբ Ստրասբուրգը փաստացի ընդունել է, որ Մերաբիշվիլին քաղբանտարկյալ է: Նա ընդգծում է, որ գոյություն ունի կոնվենցիայի 18-րդ հոդվածի խախտման ընդամենը մի քանի դեպք, որը ճանաչել է Եվրադատարանը:
Այդ թվում են ուկրաինացի քաղաքական գործիչներ Յուլյա Տիմոշենկոյի և Յուրի Լուցենկոյի գործերը: Կախիձեն զուգահեռներ է անցկացնում նաև ադրբեջանցի իրավապաշտպան Ռաուլ Ջաֆարովի և ադրբեջանցի բլոգեր Իլգարամ Մամադովի գործերի հետ:
«Երբ ՄԻԵԴ-ը «Ջաֆարովն Ադրբեջանի դեմ» գործում կոնվենցիայի 18-րդ հոդվածի խախտում արձանագրեց, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ազատ արձակեց բանտարկյալին վճռի հրապարակումից մի քանի ժամ անց», — հայտարարում է Կախիձեն:
Նշանակո՞ւմ է արդյոք, որ 18-րդ հոդվածի խախտումը բանտարկյալին մեխանիկորեն քաղաքականների շարքին է դասում, և արդյո՞ք իրոք նմանություն կա Ջաֆարովի, Մամադովի և Մերաբիշվիլիի գործերի միջև: Այս թեմայի շուրջ JAM-news-ը զրուցել է Ադրբեջանի իրավապաշտպանության կենտրոնի ղեկավար Էլդար Զեյնալովի հետ, ով երկար տարիներ զբաղվում է քաղբանտարկյալների գործերով, այդ թվում նաև՝ Եվրադատարանում:
Արդյո՞ք Ստրասբուրգի որոշման համաձայն, Մերաբիշվիլիին կարելի է քաղբանտարկյալ համարել
Քրեական գործում Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի (ՄԻԵԿ) 18 և 5 հոդվածներով խախտումների առկայությունը պարտադիր չէ, որ ազատազրկվածին քաղբանտարկյալ դարձնի: Դա ընդամենը նշանակում է, որ ազատազրկումը կիրառվել է «այլ նպատակներով», այսինքն, որ մարդը կամայական ձերբակալման զոհ է դարձել:
Սակայն այդ «այլ նպատակը» ՄԻԵԿ հիմնարար երաշխիքներից մեկի կամ դրան կից արձանագրությունների խախտում է, մասնավորապես, մտքի, խղճի և կրոնի, ինքնաարտահայտման, տեղեկատվության, հավաքների ու միավորումների ազատության, ապա Եվրադատարանի որոշումը կոնվենցիայի 18 և 5 հոդվածների խախտման վերաբերյալ «երկաթբետոնե» փաստարկ է լինելու, որ բանտարկյալը հենց քաղաքական է, ըստ այն սահմանման, որն արձանագրված է ԵԽԽՎ 1900 (2012) բանաձևում:
Օրինակ, քաղաքական ակտիվիստ Իլգար Մամեդովի դեպքում ՄԻԵԴ-ը որոշեց, որ կալանավորումն իրականացվել է կարծիքի ազատության իրավունքի խախտմամբ, իսկ Ռասուլ Ջաֆարովի դեպքում՝ միավորումների ազատության իրավունքի: Եվ չնայած, որ այդ գործերով ՄԻԵԴ որոշումներում նրանք քաղբանտարկյալներ չեն անվանվել (դա չի ներառվում ՄԻԵԴ մանդատում), Ջաֆարովին ազատ են արձակել նույն օրը, երբ ՄԻԵԴ-ը հրապարակեց իր որոշումը, իսկ Մամեդովի ազատ արձակման շուրջ ինտենսիվ բանակցություններ են վարվում:
ԵԽԽՎ բանաձևի վերջին կետը Եվրախորհրդի երկրներին պարտավորեցնում է «վերանայել ցանկացած ենթադրյալ քաղբանտարկյալի գործ՝ հաշվի առնելով վերոնշյալ չափանիշներն ու ազատ արձակել կամ կրկին դատել ցանկացած նման բանտարկյալի, ում հանդեպ այդ ամենը կիրառելի է»: 2013թ-ին Վրաստանը ԵԽ միակ անդամ-երկիրն էր, որն այդ պահի դրությամբ կատարել էր այդ պահանջը: Սակայն այսօր մարդկանց բավականին մեծ ցուցակ կա, որոնց ձերբակալման վերաբերյալ նման հարցադրումներ են առաջանում, այդ թվում նաև՝ Վանո Մերաբիշվիլիի:
Ի՞նչ է գործնականում տալիս նրա գործով Եվրադատարանի որոշումը
Առաջին հերթին, ըստ ՄԻԵԴ ընթացակարգի, այն դեռ օրինական ուժի մեջ չի մտել և այդ պատճառով էլ հենց այս պահին կառավարությանը ոչինչ չի պարտադրում: 3 ամսվա ընթացքում կողմերից մեկը (ինքը հայցվորը և կառավարությունը) կարող են բողոքարկել որոշումը Մեծ պալատում: Որքանով ինձ է հայտնի, Վրաստանի կառավարությունն արդեն հայտարարել է, որ վիճարկելու է ՄԻԵԴ որոշումը:
Եվ այդ պարագայում որոշումը կարո՞ղ է փոխվել
Եթե 5 դատավորներից կազմված կոլեգիան այդ բողոքն ընդունելի համարի, ապա ՄԻԵԴ որոշման կատարումը կհետաձգվի, և վերջնական կհամարվի Մեծ պալատի որոշումը: Իհարկե, դա շատ հազվադեպ երևույթ է ՄԻԵԴ պրակտիկայում, իսկ նման բողոքներ ընդունվում են միայն այն դեպքում, երբ սովորական պալատի 7 դատավորների կարծիքները կտրուկ տարբերվել են (օրինակ 3:4 հարաբերակցությամբ): Սակայն սա Մերաբիշվիլիի դեպքը չէ, որտեղ որոշումը միաձայն է կայացվել, այդ պատճառով էլ Վրաստանի իշխանությունների բողոքը հազիվ թե ընդունվի:
Այսպիսով, դեռևս մինչև տարվա վերջ Մերաբիշվիլիի գործով որոշումն ըստ ամենայնի ուժի մեջ կմտնի: Վրաստանի Գերագույն դատարանը պարտավոր կլինի իրականացնել այն և չեղարկել բոլոր ազգային դատարանների որոշումներն այդ քրեական գործով, որոնք համապատասխանում են 18 և 5 հոդվածներին, այսինքն՝ և գործի էության վերաբերյալ որոշումները, և խափանման միջոցի ընտրությունը:
Այս փուլում նրա փաստաբանն արդեն կարող է վկայակոչել Բանաձև 1900(2012)-ը և պահանջել իր հաճախորդի ազատ արձակումը:
Սակայն եթե Մերաբիշվիլիի գործում իրոք ֆինանսական չարաշահումներ կան, իշխանությունները կարող են նաև այլ ճանապարհ ընտրել և նոր դատական գործ սկսել: Սակայն այդ պարագայում դատարանը ստիպված կլինի կրկին փաստարկներ ներկայացնել Մերաբիշվիլիին կալանաքի տակ առնելու անհրաժեշտության վերաբերյալ, ինչպես նաև հաշվի նստել այն բանի հետ, որ նոր վկայություններ ու փաստաթղթեր ի հայտ կգան, որոնք 3 տարի առաջ չեն եղել: Այդ պատճառով էլ իշխանությունների իմիջի համար ավելի հեշտ կլինի ազատ արձակել հայցվորին և փոխհատուցում վճարել նրան:
Հրապարակվել է 16.06.2016