«Ադրբեջանի ընտրությունը վատի ու վատթարագույնի միջև էր»․ փորձագետները՝ եռակողմ հայտարարության մասին
Արցախյան երկրորդ պատերազմում վերջակետ դրած եռակողմ հայտարարության ստորագրումից մեկ տարի անց ադրբեջանցի փորձագետները խոսում են դրա դրական և բացասական կողմերից։ Նրանք նաև պատասխանել են տարածաշրջանում իրավիճակի հետագա զարգացման հեռանկարների մասին հարցերին։
Ուղիղ մեկ տարի անց՝ 2020 թ․ նոյեմբերի 10-ին, Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարները եռակողմ հայտարարություն են ստորագրել։ Այս փաստաթուղթը վերջակետ է դրել Արցախյան երկրորդ պատերազմում։ Հետպատերազմյան փուլում հետագա բոլոր իրադարձությունները հիմնված են եղել այս հայտարարության վրա։
Ադրբեջանցի փորձագետները՝ «Հանրապետական այլընտրանք» ընդդիմադիր կուսակցության առաջնորդներից Նաթիկ Ջաֆարլին և երկրի նախկին արտգործնախարար Թոֆիկ Զուլֆուգարովը, խոսել են եռակողմ հայտարարության ստորագրման դրական և բացասական հետևանքների մասին, ինչպես նաև՝ կիսվել տարածաշրջանում իրադարձությունների հետագա զարգացման վերաբերյալ իրենց կարծիքով։
- Ադրբեջանի հետ հրադադարի հաստատումից մեկ տարի անց․ Փաշինյանը՝ հետպատերազմյան իրավիճակի մասին
- Ինչո՞ւ է սահմանազատման հարցում Ռուսաստանն առաջարկում օգտագործել 1920-ականների քարտեզները․ մեկնաբանություն Բաքվից
- Արցախի կարգավիճակը․ ի՞նչ հեռանկարներ և տարբերակներ կան։ Հայացք Բաքվից
«Ադրբեջանի ընտրությունը վատի և վատթարագույնի միջև էր»
«2020 թ․ նոյեմբերի 10-ի գիշերն Ադրբեջանը ստիպված էր ընտրել վատի և վատթարագույնի միջև։ Բանն այն է, որ եռակողմ հայտարարության ստորագրումից հաշված ժամեր անց ռուս խաղաղապահները մտել են Ղարաբաղի տարածք։ Այլ կերպ ասած՝ նրանք արդեն սպասում էին դրան։
Ենթադրում եմ, որ եթե Ադրբեջանը չհամաձայներ ստորագրել փաստաթուղթը և շարունակեր հարձակումը, այդ ուժերը կհայտնվեին մեր տարածքում արդեն առանց մեր համաձայնության։
Սակայն կա նաև մի կարևոր պահ․ երկրի տարածքում ռուսական զորքերի ներկայությունը դեռևս վավերացված չէ Ադրբեջանի խոհրդարանի կողմից, ինչը թույլ չի տալիս դրանց ներկայությունը Ղարաբաղում՝ մեր երկրի միջազգայնորեն ճանաչված տարածքում, լեգիտիմ համարել»։
Արդյո՞ք Ռուսաստանը կհեռանա Արցախից
JAMnews-ի հարցին, թե արդյո՞ք Ռուսաստանը կհեռանա տարածաշրջանից չորս տարուց, որքանով է այս տարբերակը հավանական և ինչ է պետք դրա համար, քաղաքական գործիչը պատասխանել է․
«Տեսականորեն՝ Ադրբեջանը չորս տարուց կարող է չերկարաձգել ռուս խաղաղապահների մանդատը։ Սակայն, ինչպես արդեն նշել եմ, նրանք այդպիսի մանդատ չունեն։ Սա վերաբերում է տեսական մասին։
Իսկ գործնականում՝ տարածաշրջանից ռուսական ուժերը դուրս բերելու համար Ադրբեջանն ու Հայաստանը պետք է լուծեն իրենց բոլոր խնդիրները, խաղաղության պայմանագիր ստորագրեն։ Ադրբեջանը նաև պետք է Ղարաբաղում բնակվող հայերի՝ որպես Ադրբեջանի քաղաքացիների ինտեգրման հստակ ծրագիր առաջարկի։ Միայն դրանից հետո երկիրը կարող է Ռուսաստանից պահանջել դուրս բերել խաղաղապահներին։ Սակայն, անկեղծ ասած, այդ ամենը ես դժվարությամբ եմ պատկերացնում։
Պետք է նաև հաշվի առնել, որ Հայաստանն էլ շահագրգռված չէ, որ ռուսները հեռանան։ Իր վերջին հարցազրույցում Նիկոլ Փաշինյանը միանշանակ հայտարարեց, որ ռուսական ուժերը պետք է մշտապես մնան տարածաշրջանում։ Այդպիսով Հայաստանն ուզում է տարածաշրջանի համար ողջ պատասխանատվությունը դնել ՌԴ վրա»։
Այլընտրանքային «Լաչինի միջանցքի» մասին
«Եռակողմ հայտարարության վեցերորդ կետում նշված է այլընտրանքային ճանապարհի շինարարության մասին, որը կկապի Խանքենդին [Ստեփանակերտ — JAMnews] Հայաստանին։
Որքանով ինձ է հայտնի, այդ ճանապարհի տեխնիկական փաստաթղթերն արդեն պատրաստ են և համաձայնեցման փուլում են։
Իհարկե, այլընտրանքային «Լաչինի միջանցքի» շինարարության ֆինանսավորմանը կարող էր մասնակցել նաև Հայաստանը, սակայն չեմ կարծում, որ այդ երկիրը գումար տրամադրի այդ նախագծին։ Ադրբեջանն այդ ճանապարհը կառուցելու է իր տարածքում։
Այլընտրանքային ճանապարհն Ադրբեջանին հնարավորություն կտա ևս մեկ անվտանգ ճանապարհ ունենալ դեպի Շուշա [Շուշի — JAMnews]», — հայտարարել է Նաթիկ Ջաֆարլին։
«Ռուսաստանը չէր գնա Ադրբեջանի հետ ուղիղ բախման»
«2020 թ․ նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության ստորագրմամբ Ադրբեջանը Ղարաբաղի հայկական բնակչությանը հնարավորություն է տվել ապրելու այդ տարածքում և վերաինտեգրվելու այն երկրի հասարակությանը, որտեղ գտնվում են այդ հողերը։
Ես անլուրջ եմ համարում որոշ քաղաքագետների փաստարկները, թե հակառակ դեպքում, եթե Ադրբեջանը չստորագրեր այդ փաստաթուղթը, Ռուսաստանն ուղիղ բախման կգնար մեր երկրի հետ։ Դա անհնար կլիներ։
Այո, այնտեղ կարող էին ինչ-որ մարդիկ հայտնվել, ռազմական տեխնիկա, սակայն Ադրբեջանի հետ ուղիղ առճակատումը Ռուսաստանի համար կնշանակեր անմիջականորեն ռազմական գործողություններ Թուրքիայի դեմ», — հայտարարել է Ադրբեջանի նախկին արտգործնախարար Թոֆիկ Զուլֆուգարովը։
Ո՞ւմ շահերից է բխում տարածքային ամբողջականության ճանաչումը
Ադրբեջանի ԱԳՆ նախկին ղեկավարի կարծիքով՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումը շահեկան է, նախևառաջ, Հայաստանին․
«Եկեք այսպես նայենք․ Հայաստանը մինչ օրս չի ճանաչում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Սակայն, միաժամանակ, այդ երկրի վարչապետը հայտարարում է Ադրբեջանի կողմից Հայաստանի սահմանների խախտման մասին։ Կներեք, իսկ ի՞նչ սահմանի մասին է խոսքը։
Եթե Հայաստանը չի ճանաչում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, այսինքն՝ նրա սահմանները, ուրեմն ի՞նչ սահմաններ են խախտվում։
Այդ պատճառով էլ տարածքային ամբողջականության ճանաչումը շահեկան է, նախևառաջ, հենց Հայաստանին։ Հակառակ դեպքում, ինչո՞ւ պետք է Ադրբեջանը պահպանի խորհրդային ժամանակների ինչ-որ սահմաններ։ Բացի այդ, խորհրդային իշխանությունը Զանգեզուրը Հայաստանին է փոխանցել 1929 թ-ին։ Ի՞նչ սահմաններ և ո՞ր ժամանակահատվածի սահմաններ պետք է պահպանի Ադրբեջանը, որը ռազմական ուժով գերազանցում է Հայաստանին»։
Տարածաշրջանի ապագայի մասին
«Այստեղ այլընտրանք չկա։ Տարածաշրջանում խաղաղություն կլինի միայն այն դեպքում, երբ Հայաստանը սովորի խաղաղ ապրել իր հարևանների հետ։
Ներկա պահին Հայաստանը թշնամություն է անում իր հիմնական հարևանների՝ Ադրբեջանի և Թուրքիայի հետ։ Առաջինի բնակչությունը 10 մլն մարդ է, երկրորդինը՝ 80 միլիոնից ավելի։ Հայաստանն իր երկու միլիոն բնակչությամբ պետք է սովորի խաղաղ ապրել հարևանների հետ։
Մի բան է պետք իմանալ․ սա իմն է, սա իմը չէ, և չհավակնել նրան, ինչ «իմը չէ»։ Ահա և տարածաշրջանում խաղաղության ողջ գաղտնիքը», — ասել է Թոֆիկ Զուլֆուգարովը։