«Ադրբեջանը փորձում է ոչ թե լուծել, այլ փակել ԼՂ-ի հիմնախնդիրը»․ ՀՀ վարչապետ
Ադրբեջանը փորձում է Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի դեմ լայնամասշտաբ հարձակման լեգիտիմություն ձևավորել։ Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Կառավարության՝ մարտի 31-ի նիստի օրակարգին անցնելուց առաջ գործադիրի ղեկավարը հանդես է եկել ելույթով՝ անդրադառնալով Հայաստան-Ադրբեջան հարաբերություններին, Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակին և ոչ միայն։
JAMnews-ն առանձնացրել է վարչապետի ելույթի կարևոր թեզերը։
Ադրբեջանի կողմից նոր սադրանքների հավանականության մասին
Հղում անելով օրեր առաջ ՀՀ անվտանգության խորհրդի տարածած հայտարարությանը՝ գործադիրի ղեկավարը նշել է, որ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի ուղղությամբ նոր սադրանքներ և հարձակում ձեռնարկելու նպատակ ունի:
«Արձանագրել էինք, որ նման զարգացումների բավական մեծ հավանականություն կա նաև Հայաստան-Ադրբեջան սահմանին»,- շեշտել է Փաշինյանը։
Նրա խոսքով՝ ինչպես 44-օրյա պատերազմից առաջ, այնպես էլ պատերազմից հետո Ադրբեջանը վարում է Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի դեմ ռազմական հարձակումը հիմնավորող խոսույթի, բովանդակութան ձևավորման քաղաքականություն՝ ներկայացնելով թեզեր, առաջարկություններ կամ մեկնաբանություններ, ապա ՀՀ-ին մեղադրելով դրանց «չարձագանքելու, ապակառուցողական կերպով արձագանքելու կամ մերժելու մեջ»։
ՀՀ վարչապետի պնդմամբ՝ Ադրբեջանը Հայաստանին «վերագրում է ինչ-որ խոստումներ», այնուհետև դրանք չկատարելու մեղադրանքի հիման վրա կառուցում ագրեսիվ հռետորաբանություն, իրականացնում ագրեսիվ գործողություններ։
«Ակնհայտ է, որ Ադրբեջանը դրանով փորձում է Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի դեմ լայնամասշտաբ հարձակման լեգիտիմություն ձևավորել»,- շեշտել է Փաշինյանը։
Փառուխյան ճգնաժամի և խաղաղապահների պատասխանատվության մասին
Կառավարության ղեկավարի խոսքով՝ Փառուխի ճգնաժամը պայմանավորվածությունների խախտման արդյունք է․
«Տարածաշրջանում լարվող իրադրությունը թուլացնելու համար ձեռք էր բերվել պայմանավորվածություն՝ Փառուխ-Խրամորթ հատվածից մի շարք դիրքեր հայելային կերպով հանելու վերաբերյալ, և այս պայմանավորվածությունը պիտի երաշխավորեր ՌԴ խաղաղապահ զորախումբը: Հայկական մի քանի դիրքեր ետ են քաշվել, Ռուսաստանի խաղաղապահները տեղակայվել են նշված հատվածում, սակայն նրանց աչքի առաջ ադրբեջանցիները ներխուժել են խաղաղապահների պատասխանատվության գոտի»։
Փաշինյանի խոսքով՝ հայկական կողմն ակնկալում է, որ ՌԴ խաղաղապահ զորախումբը կոնկրետ քայլեր կձեռնարկի խաղաղապահների պատասխանատվության գոտուց ադրբեջանական ստորաբաժանումների դուրսբերումը ապահովելու և 2020 թ․-ի նոյեմբերի 9-ի հայտարարությամբ արձանագրված ստատուս քվոն վերականգնելու համար:
«Ակնկալում ենք նաև, որ ներխուժման ընթացքում և դրանից հետո խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչների գործողությունները, որոնց մասին նշեցի, կամ հնարավոր անգործությունը, արժանանան պատշաճ քննության»,- շեշտել է գործադիրի ղեկավարը։
Փաշինյանն արձանագրել է՝ բացի այն, որ Ադրբեջանի զինված ուժերը ներխուժել են ՌԴ խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտի, նրանք շարունակում են ԼՂ մի շարք գյուղերի բնակչությանն ահաբեկող ամենօրյա հայտարարություններ անել բարձրախոսներով․
«Սա նույնպես տեղի է ունենում խաղաղապահների աչքի առաջ: Իսկ բարձրախոսներով մարդկանցից պահանջում են լքել իրենց տները, հակառակ դեպքում սպառնալով ուժի գործադրմամբ նրանց հեռացնել այնտեղից: Սա էթնիկ զտումների ակնհայտ պահանջ է»։
- «Զորքերի էական հետքաշում տեղի չի ունեցել»․ ի՞նչ իրավիճակ է Քարագլուխում
- «Եռիշխանություն» Արցախի արևելքո՞ւմ։ Երեք չհամընկնող հաղորդագրություն նույն փաստի մասին
- «Անհրաժեշտ է հետաքննել ռուս խաղաղապահների գործողությունները»․ Փաշինյանը դիմել է Պուտինին
Բաքվի՝ ՊԲ դուրսբերման պահանջի մասին
Ըստ Փաշինյանի՝ Ադրբեջանի կողմից «Լեռնային Ղարաբաղն առանց հայերի» քաղաքականության իրականացման մասին են վկայում նաև նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կամայական մեկնաբանությունները, օրինակ՝ «Պաշտպանության բանակը Լեռնային Ղարաբաղից դուրս բերելու պարտավորության» մասին շարունակական պնդումները։
«Հենց Ադրբեջանի նախագահի ավելի վաղ արած հայտարարություններն են վկայում այն մասին, որ Ադրբեջանի առաջ քաշած այս դրույթը մտացածին է: 2021 թ․-ի նոյեմբերի 26-ին ՌԴ նախագահի միջնորդությամբ տեղի ունեցած եռակողմ հանդիպմանը նա ինքը հրապարակային հայտարարել է, թե 2020 թ․-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության բոլոր դրույթները գործնականում իրագործված են, բացառությամբ կոմունիկացիաների բացման կետի»։
Հայաստանի վարչապետի գնահատմամբ՝ Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի դուրսբերումը նշանակում է ԼՂ-ից հայերի դուրսբերում․
«Լեռնային Ղարաբաղի հայությունը պաշտպանվելու կարիք ունի, այլապես կդառնա ցեղասպանության զոհ»։
Ռազմականացված շփման գծի հարցը լուծելու և կոնֆլիկտային իրավիճակները նվազեցնելու կամ բացառելու համար Փաշինյանը ևս մեկ անգամ հնչեցրել է հայկական կողմի առաջարկն ու շեշտել, որ «երաշխիքների արդիականությունն ակնհայտ է հատկապես հիմա»․
«Առաջարկի էությունը հետևյալն է՝ արձանագրել, ֆիքսել շփման գիծը Լեռնային Ղարաբաղում, արձանագրել կողմերի պարտավորությունը՝ չհատել այդ շփման գիծը, գծի երկայնքով հանել բոլոր մարտական հենակետերը, ստեղծել դեմիլիտարիզացված գոտի և պայմանավորվածությունների կատարումն ամրացնել կոնկրետ երաշխիքներով»։
Խաղաղության պայմանագրի մասին
Հայաստանի վարչապետի գնահատմամբ՝ տարածաշրջանային էսկալացիա հարուցելու նպատակով Ադրբեջանի կողմից ամենաշատ շահարկված թեման Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրումն է։
Փաշինյանը ևս մեկ անգամ հերքել է ադրբեջանական կողմի այն պնդումները, թե ՀՀ-ն անարձագանք է թողել Ադրբեջանի 5 կետանոց առաջարկը։
«Այն մեզ է փոխանցել ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկիրը, մենք պատասխանը փոխանցել ենք ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրների միջոցով: Նաև հրապարակային հայտարարել ենք, որ Ադրբեջանի առաջարկներում մեզ համար անընդունելի ոչինչ չկա»,- շեշտել է ՀՀ վարչապետը։
«Մարտի 10-ին Ադրբեջանի կողմից փոխանցված առաջարկներում մեզ համար անընդունելի ոչինչ չկա: Այլ բան, որ այդ առաջարկները չեն հասցեագրում Հայաստան-Ադրբեջան համապարփակ խաղաղության օրակարգի բոլոր հարցերը: ԵԱՀԿ ՄԽ համանախագահությանը փոխանցված մեր պատասխանով լրացրել ենք օրակարգը և հետևաբար՝ այդ հենքի վրա պատրաստ ենք խաղաղության բանակցությունների մեկնարկին»,- մարտի 21-ին հայտարարել էր ՀՀ արտաքին գերատեսչության ղեկավար Արարատ Միրզոյանը։
Վարչապետի խոսքով՝ Հայաստանի պաշտոնական դիրքորոշումն Ադրբեջանը համարում է «արձագանքի բացակայություն», քանի որ Հայաստան-Ադրբեջան համապարփակ կարգավորման համատեքստում Երևանը խոսում է ԼՂ-ի հիմնախնդրի և ԼՂ-ի հայության իրավունքների մասին։
«Հասկանալով, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը առկա է և ավելի է արտահայտվելու միջազգային օրակարգում, Ադրբեջանը փորձում է ոչ թե լուծել այդ հարցը, այլ փակել այն»,- նշել է Նիկոլ Փաշինյանն ու հավելել, որ այս նպատակին են ուղղված նաև Բաքվի գործողությունները Փառուխ գյուղում։
Փաշինյանի դիտարկմամբ՝ Փառուխում մեկնարկածը «շարունակվելու ակնհայտ միտում ունի», քանի որ Ադրբեջանը փորձում է բոլոր հայերին տեղահանել ԼՂ-ից՝ այդպիսով հարցը փակված համարելու համար․
«Եթե սխալվում ենք, Ադրբեջանն ուրեմն թող Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների և անվտանգության երաշխիքների հարցերի քննարկման նկատմամբ կոնկրետ հետաքրքրություն ցուցաբերի: Խնդիր, որ առաջ է քաշում ոչ միայն Հայաստանը, այլև ողջ միջազգային հանրությունը»։
Գործադիրի ղեկավարը վերահաստատել է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու հայկական կողմի պատրաստակամությունը՝ վստահեցնելով, որ Հայաստանը պատրաստ է «խաղաղության բանակցությունների անհապաղ մեկնարկին»։
«Ապրիլի 6-ին Բրյուսելում նախատեսված է ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Ադրբեջանի նախագահի և իմ հանդիպումը: Ես հույս ունեմ այդ հանդիպման ժամանակ Ադրբեջանի նախագահի հետ քննարկել և համաձայնեցնել խաղաղության բանակցությունների մեկնարկի հետ կապված բոլոր հարցերը»,- հայտնել է ՀՀ վարչապետը։
Կոմունիկացիաների բացման և «միջանցքների» մասին
Փաշինյանի խոսքով՝ Ադրբեջանը խեղաթյուրում է նաև նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետը, որը վերաբերում էր տարածաշրջանի բոլոր տրանսպորտային և տնտեսական կապերի վերականգնմանը, այդ թվում՝ Ադրբեջանի արևմտյան շրջանները Նախիջևանին կապող ճանապարհի գործարկմանը։
Հայաստանն առաջարկում է վերակառուցել Երասխ-Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղին, վերաբացել կամ կառուցել ավտոմոբիլային ճանապարհ՝ սահմանային անցման կետերում իրականացնելով սահմանային, մաքսային և այլ հսկողություններ:
«Ադրբեջանը մեր այս դիրքորոշումը և ընդունում է, և չի ընդունում: Նրանք ասում են, որ համաձայն են այս ճանապարհի գործարկման ցանկացած իրավական ռեժիմի, բայց նույն ռեժիմը պետք է գործի նաև Լաչինի միջանցքում, և այս դիրքորոշումը հիմնավորելու համար հղում են անում նոյեմբերի 9-ի հայտարարությանը»,- նշել է Փաշինյանը։
Կառավարության ղեկավարը շեշտել է՝ եռակողմ հայտարարության մեջ Հայաստանի որևէ տարածքի և դրա հետ առնչություն ունեցող միջանցքի մասին հիշատակում չկա․
«Լեռնային Ղարաբաղի և Նախիջևանի զուգահեռները տարօրինակ են մի քանի պատճառներով: Նախ՝ Նախիջևանը Ադրբեջանի հետ ունի ցամաքային կապ Իրանի և Թուրքիայի տարածքով, օդային կապ՝ Իրանի, Թուրքիայի և Հայաստանի օդային տարածքով:
Լեռնային Ղարաբաղը Հայաստանի հետ ունի միայն ցամաքային կապ, միայն Լաչինի միջանցքով, և Լաչինի միջանցքն Ադրբեջանի կողմից որևէ կերպ վերահսկվող տարածք դարձնելը նշանակում է մեկ բան՝ Լեռնային Ղարաբաղի հայաթափում»։
ՀՀ վարչապետի գնահատմամբ՝ Լաչինի միջանցքի համեմատությունը Հայաստանի տարածքով բացվելիք ճանապարհի հետ անընդունելի է։
Ըստ Փաշինյանի՝ հայկական կողմը պատրաստ է իր առաջարկների շրջանակներում կառուցել ճանապարհը և երկաթուղին, բայց Ադրբեջանի հետ դե յուրե նշանակություն ունեցող համաձայնագրի ստորագրումը համարում է անհրաժեշտություն․
«Ինչո՞ւ, որովհետև մենք շատ կոնկրետ ռիսկ ենք տեսնում, երբ Հայաստանը կկառուցի և՛ ճանապարհը, և՛ երկաթուղին, իսկ Ադրբեջանը կհրաժարվի բացել սահմանը: Կստացվի, որ մի քանի հարյուր միլիոն դոլար ներդրում պահանջած ենթակառուցվածքներից չի կարողանա օգտվել ոչ Հայաստանը, ոչ Ադրբեջանը, ոչ երրորդ երկրները, և Հայաստանը պարզապես կկորցնի մի քանի հարյուր միլիոն դոլար»։
ՀՀ վարչապետն Ադրբեջանին առաջարկում է դե յուրե արձանագրել երկաթուղու վերագործարկման մասին 2021 թ. դեկտեմբերի 14-ին Բրյուսելում ձեռքբերված պայմանավորվածությունները, համաձայնեցնել երկաթուղու պարամետրերը և սկսել շինարարությունը:
Ըստ նրա՝ սա կարող է իրականացվել նաև մեկ փաթեթով՝ ներառելով ավտոմոբիլային ճանապարհը․
«Մենք պատրաստ ենք սա անել այն պահից, երբ Ադրբեջանը դրական արձագանք կտա մեր առաջարկներին»։
Սահմանագծման և սահմանազատման մասին
Հղում անելով 2021 թ․-ի նոյեմբերի 26-ին Սոչիում ընդունված հայտարարությանը՝ Փաշինյանը հիշեցրել է, որ կողմերը պայմանավորվել են «հայ-ադրբեջանական սահմանին կայունության և անվտանգության մակարդակը բարձրացնելուն ուղղված քայլեր ձեռնարկել և գործընթացը մղել Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի դելիմիտացիայի և դեմարկացիայի հարցերով երկկողմ հանձնաժողովի ստեղծման ուղղությամբ»։
Ասում է՝ այդ հայտարարությունից ակնհայտ է, որ սահմանագծման և սահմանազատման հարցերով հանձնաժողով ստեղծելուն պետք է նախորդեն «հայ-ադրբեջանական սահմանին կայունության և անվտանգության մակարդակը բարձրացնելուն ուղղված քայլեր»։
Հայաստանի վարչապետի փոխանցմամբ՝ Ադրբեջանը նման միջոցառումների վերաբերյալ ոչ մի առաջարկ չի արել, բայց չի էլ ընդունել հայկական կողմի՝ «զորքերի հետքաշման մի քանի բանաձևերից» որևէ մեկը․
«Ի՞նչ է սա նշանակում: Փաստացի նշանակում է, որ փորձում է սահմանին լարվածությունը և ռազմական գործողությունների վերսկսման հնարավորությունը պահել նաև սահմանագծման գործընթացի ժամանակ՝ Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջներ ձևակերպելու և այդ պահանջները չբավարարելու պարագայում ռազմական սադրանքների դիմելու համար: Սա անընդունելի մոտեցում է»,- նշել է գործադիրի ղեկավարը։
Փաշինյանը ևս մեկ անգամ ընդգծել է, որ սահմանային իրադրության միջազգային մոնիթորինգի մեխանիզմի գործարկումն անհրաժեշտություն է․
«Մենք այդպիսի մի քանի տարբերակներ ենք առաջարկել, այդ թվում և Ադրբեջանին, և մեզ համար ընդունելի կլինի այդ տարբերակներից ցանկացածը, որը կընդունի Ադրբեջանը»։
Միջազգային հանրության արձագանքի մասին
Հայաստանը միջազգային հանրությունից ակնկալում է Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի գործողությունների «պատշաճ քննութուն և հասցեական գնահատական»․
«Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությունը ամեն օր ահաբեկվում է, բառիս բուն իմաստով ամեն օր, ներառյալ՝ գազային ահաբեկչությունը, դրա նպատակը մարդկանց իրենց տներից ու հայրենիքից տեղահանելն է»։
Վարչապետ Փաշինյանը շեշտել է, որ Հայաստանը կոնկրետ և տրամաբանական լուծումներ է առաջարկում սահմանագծման և սահմանազատման, տարածաշրջանային կոմունիկացիաների բացման, ԼՂ-ում ռազմական էսկալացիան բացառելու առումով ու հավելել, որ հայկական կողմին «մերժողականության կամ պայմանավորվածությունները չկատարելու մեջ մեղադրելու որևէ հիմք կամ հիմնավորում չկա»։