«Ադրբեջանը «սողացող անեքսիայի» միջոցով սկսել է գրավել ՀՀ առանձին հատվածներ»․ ՀԿ-ներ
Հայաստանի արևելյան սահմանագոտում իրադրությունը շարունակում է ծայրահեղ լարված մնալ։ ՀՀ պաշտպանության նախարարության հաղորդմամբ՝ ընթանում են տեղային մարտեր, Ադրբեջանը կիրառում է հրետանային միջոցներ, զրահատեխնիկա և տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ։
Ադրբեջանական ագրեսիայի պայմաններում ՀՀ իշխանությունների գործողություններին են անդրադարձել մի շարք ՀԿ-ներ՝ տարածելով համատեղ հայտարարություն։
Ըստ հայտարարության՝ Ադրբեջանը ոչ միայն շահագրգռված չէ խաղաղություն հաստատմամբ, այլև ունի Հայաստանի տարածքը գրավելու կոնկրետ նկրտումներ:
Հայ-ադրբեջանական սահմանին այս ամսվա ընթացքում տեղի ունեցող իրադարձությունները ՀԿ-ները բնորոշել են որպես «էսկալացիայի հերթական փուլ»․
«Մինչ Հայաստանի իշխանությունները դանդաղում են միջազգային կառույցներին դիմելու և միջազգային չափանիշների հիման վրա սահմանազատման և սահմանանշման գործընթացներ նախաձեռնելու գործում, Ադրբեջանը «սողացող անեքսիայի» միջոցով սկսել է գրավել Հայաստանի սահմանային տարածքի առանձին հատվածներ»։
2021 թ. մայիսի 15-ից Ադրբեջանը մաքսային և սահմանային անցակետեր է տեղադրել Գորիս-Կապան և Կապան-Ճակատեն ճանապարհի հատվածներում: Սա, ըստ հայտարարության, Ադրբեջանի իշխանությունների կողմից իրականացվող ճանապարհների շրջափակման, Հայաստանի բնակավայրերի մեկուսացման ու բնակիչների ահաբեկման քաղաքականություն է։
Նշվում է, որ ՀՀ ինքնիշխան տարածքում մեկուսացվել է 9 գյուղ՝ Բարձրավան, Շուռնուխ, Որոտան, Ճակատեն, Սրաշեն, Շիկահող, Ներքին Հանդ, Ծավ և Շիշկերտ։
Հայտարարությունը ստորագրած ՀԿ-ներն ընդգծում են, որ Ադրբեջանը հարձակում է գործել Հայաստանի Հանրապետության և նրա քաղաքացիների դեմ։
«Ակնհայտ է, որ Ռուսաստանը նպատակահարմար չի համարում միջամտելը, իսկ ՀԱՊԿ գործընկերները առավել գերադասում են Ադրբեջանի հետ երկկողմ հարաբերությունների պահպանումը»,- ասված է հայտարարությունում։
Անդրադառնալով ստեղծված իրավիճակում ՀՀ իշխանությունների ձեռնարկած քայլերին՝ հայտարարության հեղինակները նշում են, որ որպես երկրի սահմանների և քաղաքացիների անվտանգության ապահովման անմիջական և առաջնային պատասխանատու՝ ՀՀ գործող իշխանությունները պարտավոր են գործել արագ և վճռական․
«Խաղաղությունը չի կարող լինել միակողմանի գործընթաց: Խաղաղության պահպանման պատրվակով արտաքին ագրեսիայի դեմ ՀՀ պետական մարմինների անգործությունը փաստացի հանգեցնում է Ադրբեջանի կողմից Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամբ շարունակական ոտնձգությունների ու ՀՀ քաղաքացիների իրավունքների խախտումների»։
Հայտարարությամբ՝ կազմակերպությունները Հայաստանի վարչապետից և արտաքին գերատեսչությունից պահանջում են անհապաղ ձեռնարկել հետևյալ գործողությունները.
- Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածքային ամբողջականության խախտման փորձերի և ագրեսիվ գործողությունների մասին ծանուցել ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին՝ դրանք քննելու և գնահատական տալու նպատակով,
- ծանուցել ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնաժողովին, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին, ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարին, Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությանը, Եվրոպայի խորհրդին, միջազգային այլ համապատասխան կառույցների և երկկողմ գործընկեր պետությունների,
- նշված բոլոր կառույցներում և միջազգային հնարավոր բոլոր հարթակներում հստակ ներկայացնել ադրբեջանական շարունակական ագրեսիայի, մասնավորապես՝ ճանապարհների շրջափակման, անցակետերի տեղադրման և Ադրբեջանի ԶՈՒ-ի՝ Հայաստանի բնակավայրերի հարևանությամբ տեղակայման ու պարբերաբար ներխուժման հետևանքները,
- միջազգային համապատասխան բոլոր կառույցներում ակտիվորեն առաջ մղել Հայաստանի և Արցախի շուրջ անվտանգության (ոչ ռազմականացված գոտու) ստեղծման անհրաժեշտության գաղափարը՝ ապահովելու ՀՀ սահմանների և սահմանամերձ բնակչության անվտանգությունը՝ մինչև միջազգային իրավունքի հիման վրա և միջազգային կազմակերպությունների, ինչպես օրինակ՝ ԵԱՀԿ-ի ներգրավմամբ սահմանազատման/սահմանանշման գործընթացի մեկնարկն ու բարեհաջող ավարտը։