ՀԱՊԿ-ը գրավի՞չ է Ադրբեջանի համար. կարծիք Բաքվից
Ադրբեջանը կանդամակցի՞ ՀԱՊԿ-ին
Հունիսի 24-ին Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը հայտարարել է, որ այս կառույցի գործառույթներն ու կազմը կարող են ընդլայնվել։ Նրա խոսքով՝ զգալիորեն աճում է ռազմաքաղաքական դաշինքի պահանջարկը։ «Սա բնական է, և պատմությունը դա հաստատում է։ Ավելին, ՀԱՊԿ-ն առաջարկում է շատ բարենպաստ պայմաններ մասնակցության համար»,- ասել է Տասմագամբետովը։
Ռուսաստանն առաջատար դեր է խաղում ՀԱՊԿ-ում։ Դաշինքի կազմում են նաև Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Տաջիկստանը և Հայաստանը։ Սակայն վերջին շրջանում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոշտ քննադատության է ենթարկում ՀԱՊԿ-ի գործունեությունը և հայտարարում, որ իր երկրի մասնակցությունը կառույցում դե ֆակտո սառեցված է։
Այս ֆոնին կարծիքներ են հնչում, որ Ադրբեջանի անդամակցությունն այս կազմակերպությանը հնարավոր է։ Ժամանակ առ ժամանակ Ադրբեջանի պաշտոնյաները հայտարարում են, որ դրա անհրաժեշտությունը չկա։
- «Դուրս կգանք ՀԱՊԿ-ից, ուրիշ ճանապարհ չկա»․ Փաշինյան
- ՀՀ-ում քննարկում են Եվրամիությանն անդամակցելու հարցով հանրաքվեի հնարավորությունը
- Ադրբեջանի Միլի Մեջլիսը քննարկում է արտահերթ ընտրություններ անցկացնելու հարցը
Պատգամավոր. «ՀԱՊԿ-ին Ադրբեջանի անդամակցության հարցը ակտուալ չէ»

Միլլի Մեջլիսի պաշտպանության, անվտանգության և կոռուպցիայի դեմ պայքարի հանձնաժողովի փոխնախագահ Հիքմեթ Բաբաօղլուն Turan գործակալությանն ասել է, որ ներկայիս իրողություններում Ադրբեջանն ունի ուժ և կարողություն ինքնուրույն ստեղծելու անվտանգության նոր կենտրոն.
«Կասկած չկա, որ Ադրբեջանը դառնում է այն կենտրոններից մեկը, որն ունակ է ձևավորել անվտանգության նոր հովանոց։ Շուշայում [հայերը քաղաքն անվանում են Շուշի] կայացած միջազգային համաժողովում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը բարձրացրել է այս հարցը և հայտարարել, որ Ադրբեջանը Թյուրքական պետությունների կազմակերպության հետ միասին կարող է դառնալ ուժային նոր կենտրոններից մեկը միջազգային հարաբերությունների համակարգում։
Ուժային կենտրոնը ոչ միայն տնտեսական, քաղաքական, դիվանագիտական ուժն է, այլև ռազմական կարողությունը։ Ուստի Ադրբեջանի՝ ՀԱՊԿ-ին անդամակցելու հարցն ակտուալ չէ»։
Պատգամավորի կարծիքով՝ եթե ապագայում նոր աշխարհակարգում տեղի ունեցող իրադարձությունները արագ զարգանան, ապա երկու տարի հետո կարող են ի հայտ գալ բոլորովին այլ իրողություններ.
«Դա կախված է Արևելյան Եվրոպայում ընթացող պատերազմի արդյունքներից։ Կարող է ստեղծվել իրավիճակ, երբ Թյուրքական պետությունների կազմակերպությունը կկարողանա այս գործընթացներում իր համար անվտանգության հովանոց ձևավորել կամ ստեղծել հավաքական անվտանգության կազմակերպություն»։
Քաղաքագետ. «Խեղդվողն ուզում է իր հետ խեղդել ընկերներին»

«Ատլաս» հետազոտական կենտրոնի ղեկավար Էլխան Շահինօղլուն «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում հիշեցնում է, որ վերջերս Ալմաթիում ՀԱՊԿ արտգործնախարարների հանդիպման ժամանակ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հանդես եկավ առաջարկով.
«Ռուսաստանը պատերազմ է մղում Ուկրաինայում և ուզում է ուժեղացնել իր ռազմական դաշինքը, քանի որ հարաբերությունները փչացրել է շատ երկրների հետ: Այս առաջարկը ներկայացնում է Եվրասիայում անվտանգության նոր ճարտարապետություն: Այստեղ երկու տարբերակ կա՝ կա՛մ նկատի է առնվում ՀԱՊԿ-ի ընդլայնումը, կա՛մ խոսք է գնում նոր ռազմական դաշինքի մասին»։
Փորձագետի խոսքով՝ աշխատում են այդ ուղղությամբ.
«Ռուսաստանը դա է ուզում։ Ռուսաստանի իշխանությունները ցանկանում են, որ Ադրբեջանը մասնակցի Եվրասիայի և Կենտրոնական Ասիայի անվտանգության նոր ճարտարապետությանը։ Ռուսաստանը մեկուսացված է, և, ինչպես ասում են՝ խեղդվողն ուզում է ընկերոջն էլ խեղդել իր հետ։ Բայց ոչ մի երկիր չի գնա այդ քայլին, Ռուսաստանի պատճառով չի փչացնի հարաբերությունները Արևմուտքի հետ»։
Շահինօղլուն կարծում է, որ ՀԱՊԿ-ին անդամակցելը հակասում է Ադրբեջանի ազգային և անվտանգային շահերին.
«Պաշտոնական մակարդակով Ադրբեջանը դաշինքներին չի միանում։ Հենց դրա համար էլ մենք դարձանք Չմիավորման շարժման անդամ, որպեսզի չդառնանք ոչ ՆԱՏՕ-ի, ոչ ՀԱՊԿ-ի անդամ։ Ես չեմ հավատում, որ Ադրբեջանի կառավարությունը դրական կարձագանքի ՀԱՊԿ-ին անդամակցելու առաջարկին»: