Կարոտե՞լ եք կինոն ու պոպկորնը։ Ֆոտոռեպորտաժ Թբիլիսիի կինոթատրոնից, որը փակ է արդեն մեկ տարի
Արդեն գրեթե մեկ տարի է, ինչ Թբիլիսիի «Ամիրանի» կինոթատրոնում լռություն է։ Փակ են դահլիճները, դատարկ են բարն ու դրամարկղը։ Պոպկորնի մի քանի հատիկ մնացել է չգործող ջեռոցներում ու չորացել։
Վրաստանում կինոթատրոններն առաջինն են փակվել, հենց պարզ է դարձել, որ կորոնավիրուսի դեպքերը եզակի չեն՝ 2020 թ-ի մարտին։ Այդ օրվանից դրանք ոչ մի օր բաց չեն եղել։ Աշխատակիցները երբեմն գալիս են միմյանց տեսնելու և հետևելու անգործության մատնված սարքավորումներին։
Նախորդ տարվա մարտի պաստառներն այդպես էլ կախված են մնացել կինոթատրոնի նախասրահում։ Շատ ֆիլմերի ցուցադրության մասին հայտարարվել է, սակայն դա տեղի չի ունեցել համավարակի պատճառով։
34-ամյա Քեթի Կերեսելիձեն արդեն 11 տարի է՝ աշխատում է «Ամիրանիի» դրամարկղում և բարում։ «Արդեն մեկ տարի է, ինչ աշխատանքի եմ գնում՝ միայն գործընկերներիս հետ հանդիպելու համար», — ասում է նա։
«Այնքան ենք կարոտել կինոփառատոնները, սարսափելի ծանրաբեռնված աշխատանքային օրերը», — ասում է Քեթին։
«Կինոթատրոնից պետք է պոպկորնի հոտ գա, այդ թվում՝ խանձված», — ասում է 36-ամյա կինոմեխանիկ Գուրամ Ադանայան։
Ահա այստեղ է նա նստում ֆիլմերի ցուցադրության ժամանակ։ Սակայն արդեն մեկ տարի է՝ նրա աշխատանքը վեց օրը մեկ պրոյեկտորները միացնելն է, որպեսզի դրանք շարքից դուրս չգան անգործությունից։ Նա մեծ էկրանին ցուցադրում է ֆիլմերի հին թրեյլերները, իսկ աշխատակիցները միակ հանդիսատեսն են։
Կինոթատրոնի ամենահին դահլիճում պահվում են 20-ամյա վաղեմության ազդագրերն ու ֆիլմերի տեսաերիզները։
«Ամենաշատը մարդկանց եմ կարոտում, շփումները, աշխատանքային անցուդարձը», — ասում է 47-ամյա Նինա Կրեպսը, որն այստեղ աշխատում է 2002 թ-ից՝ «Ամիրանիի» բացումից ի վեր։
Սկզբից Նինան փոքրիկ խանութ ուներ նախասրահում, ավելի ուշ նա իր վրա է վերցրել կինոթատրոնի ֆինանսավորումը, իսկ այսօր նա «Ամիրանիի» տնօրենն է։
«Ես այս նախասրահը նույնիսկ նախընտրում եմ իմ տնից», — ասում է Նինան։
«Ամիրանիի» աշխատակիցների մեծ մասն այստեղ աշխատում է ավելի քան տասը տարի, նրանք արդեն փոքր ընտանիք են։ Կինոթատրոնում ցուրտ է և դատարկ, նրանք հավաքվում են անվտանգության աշխատակիցների փոքր սենյակում, մի քանի տաքացուցիչ միացնում և նստում-զրուցում, հիշում այն ժամանակները, երբ ստիպված էին մինչև ուշ գիշեր աշխատել խիտ գրաֆիկի պատճառով։
54-ամյա Մայա Պարկայան պատասխանատու էր կինոթատրոնի մաքրության համար։ Նա համավարակի ընթացքում աշխատանք է գտել, բայց ասում է, որ վերադառնալու է այստեղ՝ հենց «Ամիրանին» կրկին բացվի։
Ռեժիսոր Ուտա Բերայայի «Բացասական թվեր» ֆիլմի պրեմիերան պետք է «Ամիրանիում» կայանար 2020 թ․ մարտի 16-ին։ Սակայն մարտի 16-ից կինոթատրոնը փակվեց։ Պրեմիերան չի կայացել մինչ օրս։
«Ես պարզապես երջանիկ կլինեմ այն օրը, երբ աշխատանքի դուրս գամ», — ասում է 36-ամյա Նանա Մեշվելիանին։ Նա առաջին անգամ այստեղ է եկել անցյալ տարվա մարտին՝ մեր նկարահանումներին մասնակցելու համար։ Նանան տնից գրեթե դուրս չի գալիս համավարակի պատճառով։
Կինոթատրոնի աշխատակիցները նույնպես երբեմն համատեղ կինոդիտում են կազմակերպում։ Կան հին ֆիլմեր, որոնք կարելի է դիտել։