«Չլսված պատմություններ․ կյանքը լռության ու պայքարի միջև»։ Ֆիլմ Հայաստանից
Հայաստանում շատերը կարծում են, թե խուլերը ոչ մի բանի ընդունակ չեն։ Այս կարծրատիպի պատճառով նրանց աշխատանքի չեն ընդունում, նրանց հետ նույնիսկ չեն շփվում։ Բայց երբ ծանոթանում ես նրանց հետ, պարզվում է, որ նրանք տաղանդավոր ու շատ սրտաբաց մարդիկ են։
Այս ֆիլմի հերոսներն ապացուցում են, որ շատ բանի են ընդունակ՝ նույնիսկ այս պայմաններում, երբ ոչ ոք նրանց ուժերին չի հավատում։
- «Ունես հաշմանդամություն, չունես իրավունք»․ հավասարության իրական պատկերը Հայաստանում
- Հայաստանում հաշմանդամություն ունեցող քաղաքացիներին անձնական օգնական կտրամադրեն
- Յուրաքանչյուր կյանք կարևոր է․ ինչպես են մարդիկ ու կենդանիները փրկում միմյանց Հայաստանում
Հայաստանում պաշտոնական տվյալներով ապրում է հաշմանդամության խումբ ունեցող շուրջ 3200 խուլ մարդ։ Թույլ լսողների թիվն ավելի շատ է։ Սակայն թվի մասին հստակ տվյալներ չկան։ Խուլերի միավորումում գրանցված է 600 անդամ։ Խուլ մարդիկ Հայաստանում հաշմանդամություն ունեցող ամենաանտեսված խումբն են․ նրանց բառացիորեն ոչ ոք չի լսում։
Խուլերը միմյանց հետ հաղորդակցվում են հայերեն ժեստերի լեզվով, որը մինչ օրս պաշտոնական լեզվի կարգավիճակ չունի։ Այն ուղղակի պայմանական ժեստերի խումբ է, որը գործածվում է խուլերի կողմից և խիստ մոտավորապես է արտահայտում այն օգտագործողի միտքը։
Հայաստանում ժեստերի լեզվի թարգմանիչների համար նախատեսված որևէ կրթական ծրագիր չկա։ Թարգմանիչ դառնում են, հիմնականում, խուլ ծնողների երեխաները։ Նրանց թիվը հասնում է 10–ի՝ ողջ Հայաստանի համար։ Նոտարական գործարքների թարգմանության լիցենզիա ունի միայն մեկ թարգմանիչ։
Խուլ երեխաները գրեթե զրկված են իրենց կրթական իրավունքն իրացնելու հնարավորությունից, որովհետև հանրակրթական դպրոցներում չկան թարգմանիչներ, իսկ միակ տեղը, որտեղ նրանք կարող են սովորել, Երևանի լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիրն է, որն, ըստ էության, գիշերօթիկ է։
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տվյալներով՝ Հայաստանում այս պահին ապրում է լսողական խնդիրներ ունեցող 415 երեխա և 412 խուլ երեխա։ Հատուկ կրթահամալիրում, մինչդեռ, սովորում են միայն 112-ը, ևս 337–ը կցված են տարբեր հանրակրթական հաստատությունների։
Այս մարդիկ, որ կարող են անել ցանկացած աշխատանք, յուրացնել ցանկացած մասնագիտություն, իրականում զրկված են շատ հիմնարար իրավունքներից՝ կրթության, աշխատանքի, սոցիալիզացիայի։ Խուլերի շուրջ 90 %–ը մշտական աշխատանք չունի։ Մեծ մասը փաստացի դուրս է մնում կրթությունից՝ հասարակական կարծրատիպերի և համակարգային անգործության պատճառով։
Մեր երեք հերոսներն ամեն օր ապացուցում են, որ իրենք կարող են։
Ֆիլմ խուլերի խնդիրների մասին