Facebook-ը «թրոլների ֆաբրիկա» է արգելափակել Ադրբեջանում
Հեռացվել է Ֆեյսբուքի 589 օգտահաշիվ, Ինստագրամի 7906 էջ և 447 օգտահաշիվ, որոնք ծառայել են Ադրբեջանի ղեկավարության քաղաքական նպատակներին և զբաղվել երկրում մարդու իրավունքների խախտումների հերքմամբ։ Ֆեյսբուքում այդ թրոլների գովազդի վրա ծախսվել է մոտ 6600 ԱՄՆ դոլար։
Facebook-ը հաշվետվություն է հրապարակել «համակարգված ոչ արժանահավատ պահվածքի հեռացում» վերտառությամբ։ Այդ հաշվետվությունում սոցցանցի ղեկավարությունը հաղորդում է որոշ երկրներում «թրոլների ֆաբրիկայի» օգտահաշիվների արգելափակման մասին։ «Այն ցանցերի կեսից ավելին, որոնցով մենք այսօր կիսվում ենք, ուղղված է երկրների ներքին լսարանին, և նրանցից շատերը կապված են եղել խմբերի և առանձին անձանց հետ, որոնք առնչություն ունեն ԱՄՆ-ում, Մյանմայում, Ռուսաստանում, Նիգերիայում, Ֆիլիպիններում և Ադրբեջանում քաղաքականապես ակտիվ կողմերի հետ», — ասված է հաշվետվությունում։
«Մենք ջնջել ենք Ֆեյսբուքի 589 օգտահաշիվ, Ինստագրամի 7906 էջ և 447 օգտահաշիվ, որոնք համակարգված ոչ արժանահավատ պահվածք են դրսևորել։ Այս ցանցը ստեղծվել է Ադրբեջանում և, առաջին հերթին, ուղղված է եղել ներքին լսարանին», — նշել է Facebook-ը հաշվետվության Ադրբեջանին վերաբերող մասում։

Ընդգծվում է, որ նշված ցանցը գործել է հիմնականում ադրբեջաներենով, ինչպես նաև՝ ռուսերենով և անգլերենով․ «Նրանց մեկնաբանությունները հաճախ վերաբերել են տեղական և տարածարջանային նորությունների և իրադարձությունների, ընդհանուր քաղաքականությանը, կառավարության քաղաքականությանը, Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածությանը, Հայաստանի գործողություններին՝ Լեռնային Ղարաբաղում նախորդ սրացման ժամանակ, նախագահ Իլհամ Ալիևի և «Նոր Ադրբեջան» կուսակցության գովերգմանը, ընդդիմադիր կուսակցությունների և առաջնորդների քննադատությանը, նրանց դավաճանության համար մեղադրելուն և Ադրբեջանում մարդու իրավունքների խախտման համար մեղադրանքների հերքմանը»։
Հաշվետվությունում ասվում է, որ մոտ 33 հազար օգտահաշիվ դարձել է Ֆեյսբուքի արդեն արգելափակված էջերից մեկի կամ մի քանիսի օգտատեր, և մոտ 242 500 օգտահաշիվ՝ Ինստագրամի այդ մեկ կամ մի քանի էջերի օգտատեր։ Այդ օգտահաշիվներով գովազդի վրա ծախսվել է մոտ 6 600 դոլար, գումարը վճարվել է հիմնականում ԱՄՆ դոլարով:
Հաշվետվությունում բերված են նաև մի քանի գրառումների սքրիններ, որոնցում հստակ երևում է ադրբեջանական «թրոլների ֆաբրիկայի» ներկյացուցիչների «ձեռագիրը»։