Օրը հայտարարվել է․ արտահերթ ընտրությունները Հայաստանում կանցկացվեն հունիսի 20-ին
Արտահերթ խորհրդարանական ընտրությունները Հայաստանում կանցկացվեն հունիսի 20-ին։ Այս ամսաթիվը Facebook-ի իր էջում հաղորդել է վարչապետը։ Նիկոլ Փաշինյանը գրել է նաև, որ երկրի քաղաքական ուժերը համակարծիք են, որ սա լավագույն ելքն է ձգձգվող ճգնաժամից։
Այս հաղորդագրությանը նախորդել են քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի նախագահի, ինչպես նաև խորհրդարանում ներկայացված երկու ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդների հետ։
Մարտի 18-ին, մինչ ընտրությունների անցկացման օրը հաղորդելը, վարչապետը հանդիպել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ։ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հետ հանդիպումը կայացել էր մարտի 15-ին։ Դրանից հետո նա հայտարարել էր, որ իշխանությունների մոտ «ընտրությունների գնալու կամք» է տեսնում։
Հայաստանում ներքաղաքական ճգնաժամը սկսվել է Նիկոլ Փաշինյանի կողմից Արցախում հրադադարի հաստատման մասին հայկական կողմի համար անբարենպաստ փաստաթղթի ստորագրումից անմիջապես հետո։
Ընդդիմությունը սկսեց պահանջել նրա հրաժարականը, իսկ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ մտադիր չէ հեռանալ միայն ընդդիմության կողմնակիցների պահանջով։ Երկրի բոլոր բնակիչների կարծիքը պարզելու համար էլ նա առաջարկում է ընտրություններ անցկացնել։
- Անկայունություն, գործազրկություն, արցախյան հակամարտություն․ Հայաստանի երեք հիմնական խնդիրները
- Ինչպե՞ս են մարդիկ ապրում պատերազմից հետո․ սահմանամերձ հայկական գյուղի երիտասարդ համայնքապետի հարցազրույցը
Ծառուկյանի հետ վարչապետի հանդիպումը
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպմանը երկրում վաղուց էին սպասում, հետաձգման պատճառները չէին հաղորդվում։ Մարտի 18-ի առավոտից հայտնի է դարձել, որ օրվա ընթացքում այն, ի վերջո, կկայանա։
Կեսօրից հետո վարչապետը ֆեյսբուքյան իր էջում հաղորդել է, որ արդեն հանդիպել է Գագիկ Ծառուկյանի հետ։
«Հաշվի առնելով նաև նախագահի հետ, «Իմ քայլը» խմբակցության հետ, «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հետ իմ ունեցած քննարկումները՝ սույն թվականի հունիսի 20-ին Հայաստանի Հանրապետությունում կանցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ», — գրել է Փաշինյանը։
Իսկ «Բարգավաճ Հայաստան» ընդդիմադիր խմբակցության առաջնորդը վարչապետի հետ հանդիպումից հետո Facebook-ում գրել է, որ ժողովուրդը պետք է որոշի, թե ում վստահի իշխանությունը․
«Մի քանի օր առաջ ես հայտարարել էի, որ ստեղծված ծանրագույն վիճակից մեր հայրենիքը դուրս բերելու համար հնարավորինս սեղմ ժամկետներում պետք է երկրում ձևավորել նոր իշխանություն և նոր կառավարություն: Դրա միակ լեգիտիմ ճանապարհը արտահերթ խորհրդարանական ընտրություններն են»։
Ինչո՞ւ այդքան երկարեց ընտրությունների հարցը
Վարչապետն ավելի վաղ էլ էր առաջարկում քաղաքական ճգնաժամից դուրս գալու այդ տարբերակը։ Սակայն սկզբից նա ուզում էր խորհրդարանում ներկայացված ընդդիմադիր կուսակցությունների հետ հուշագիր ստորագրել։ Ակնկալվում էր, որ նրանք կհրաժարվեն վարչապետի թեկնածու առաջադրել կառավարության գործող ղեկավարի հրաժարականից հետո։
Բանն այն է, որ, ըստ երկրի Սահմանադրության, խորհրդարանը ցրելու և արտահերթ ընտրություններ անցկացնելու համար գործող վարչապետը պետք է հրաժարական տա, իսկ Ազգային ժողովը՝ երկու անգամ տապալի կառավարության նոր ղեկավարի ընտրությունը։
Եթե ընդդիմությունը թեկնածուներ առաջադրեր, և խորհրդարանը նոր վարչապետ ընտրեր, ապա ընտրություններն էլ չէին կայանա։ Սակայն իշխող ուժը մեծամասնություն է կազմում խորհրդարանում, և նման մտավախություններն, ըստ փորձագետների գնահատականի, լուրջ հիմքեր չունեին։
Արտախորհրդարանական ընդդիմության դիրքորոշումը
Հայաստանի միավորված ընդդիմադիր կուսակցությունները, որոնք ներկայացված չեն խորհրդարանում, 2020 թ-ի աշնանից ակտիվ փողոցային պայքար են մղում և պահանջում վարչապետի և ողջ կառավարության հրաժարականը։ Նրանք կարծում են, որ ներկայիս իշխանությունների գլխավորությամբ արտահերթ ընտրությունների անցկացումը հղի է դրանց արդյունքների կեղծմամբ։
Այդ պատճառով էլ նրանք պահանջում են սկզբից պաշտոնանկ անել կառավարությունն ու նորը ձևավորել՝ վարչապետի իրենց թեկնածուի առաջնորդությամբ, այնուհետև ընտրություններ անցկացնել։
Ընդդիմադիր «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը հայտարարել է, որ գործող կառավարության գլխավորությամբ անցկացվելիք ընտրությունները «կարող են վնաս հասցնել Հայաստանին»․
«Այս քաոսի, արտաքին սպառնալիքի պայմաններում ընտրությունների անցկացումն աբսուրդ է։ Եվ մեր երկիրն այս իրավիճակից դուրս բերելու փոխարեն՝ դա էլ ավելի կխորացնի այն։ Խնդիրը պետության ոչնչացման կանխումն է՝ ինչը պահանջում է ներկայիս իշխանության հեռացում»։
Ինչ են գրում սոցցանցերում
Ֆեյսբուքի հայկական տիրույթի օգտատերերի կարծիքները կիսվել են։ Ոմանք ողջունել են ամռանն ընտրություններ անցկացնելու վարչապետի որոշումը, մյուսները վրդովված են, որ կառավարության ղեկավարը մինչ օրս չի հայտարարել իր հրաժարականի մասին։
Ահա մի քանի մեկանաբանություն․
«Ինչ հետաքրքիր բան է կյանքը։ 2018 թ-ին առաջին անգամ այնպիսի ոգևորությամբ ընտրությունների գնացի և ձայնս տվեցի ձեզ [խոսում է «Իմ քայլը» քաղաքական ուժի մասին, որի առաջնորդը Նիկոլ Փաշինյանն է — JAMnews]՝ նույնիսկ չնայելով մյուս թեկնածուների անուններին։ Այսօր նույնպես անհամբեր սպասում եմ այդ օրվան, որ տեսնեմ, թե ովքեր են մյուս թեկնածուները, որ ձեզ չընտրեմ»։
«Նա, ով քվեարկելու է Փաշինյանի և նրա թիմի օգտին, իր ձայնը տալու է Ալիևին և Էրդողանին՝ թեև նրանց անունները քվեաթերթիկում չեն նշվի»։
«Հետաքրքիր քաղաքական գործիչներ են այս ընդդիմադիրները։ Բոլորն ընտրություններ են ուզում ներկայիս վարչապետի հրաժարականից հետո։ Ինչո՞ւ։ Երևի Նիկոլը նրանց զգուշացրել է, որ թույլ չի տա ընտրակաշառք բաժանել։ Այդ դեպքում ընտրվելու նրանց հնարավորությունը չնչին է»։
««Հայրենիքի փրկության շարժման» թեկնածու Վազգեն Մանուկյանն արդեն եղել է վարչապետի պաշտոնում և ապացուցել, որ մի բան չէ։ Նա այն մարդն է, որը թույլ է տվել վաճառել երկրի ողջ գույքը՝ գործարաններն ու ֆաբրիկաները, որոնք մնացել էին Սովետից հետո։ Հանուն արդարության նշեմ, որ նա պետության առաջ վաստակ ունի։ Սակայն այն, ինչ նա իր թիմով արել է հետո, ջնջել է ամեն լավ բան, որ ես նրա մասին գիտեի»։
«Սա սխալ քայլ է։ Հսկայական գումար եք ծախսելու ապարդյուն։ Դուք լեգիտիմ վարչապետն եք ու վերջ։ Իսկ այսպես կոչված ընդդիմությանը պետք էր ամենաքիչը բանտ նստեցնել»։
«Փաշինյանը պետք է հրաժարականի դիմում ներկայացնի, ոչ թե ընտրություններ նշանակի։ Ինչպե՞ս կարելի է հավատալ, որ նա կհրաժարվի վարչապետի իր աթոռից»։