Քսենյա Սոբչակը մտադիր է Ռուսաստանի նախագահի ընտրություններին իր թեկնածությունն առաջադրել
REUTERS/Սերգեյ Կարպուխին
35-ամյա հեռուստահաղորդավարուհի Քսենյա Սոբչակը հայտարարել է 2018թ-ի մարտին Ռուսաստանի նախագահի ընտրություններին իր թեկնածությունն առաջադրելու մտադրության մասին:
Քսենյա Սոբչակը հայտնի ռուս քաղաքական գործիչ, Սանկտ Պետերբուրգի առաջին քաղաքապետ Անատոլի Սոբչակի աղջիկն է: Անատոլի Սոբչակի կարիերան սկսվել է 1989թ-ին, երբ նա գլխավորել է Թբիլիսիում 1989թ-ի ապրիլի 9-ին տեղի ունեցած իրադարձությունների հետաքննման հանձնաժողովը: Քսենյա Սոբչակը մանկուց ծանոթ է Վլադիմիր Պուտինին, որն իր հոր մոտ է սովորել Լենինգրադի համալսարանում, իսկ հետագայում աշխատել է որպես նրա տեղակալ Սանկտ Պետերբուրգի քաղաքապետարանում: Ռուսաստանում Քսենյա Սոբչակը հայտնի է որպես «Տուն-2» սկանդալային հեռուստաշոուի հաղորդավար:
Քսենյա Սոբչակն իրեն գործող ռուսական իշխանության քննադատ է հայտարարել:
Սակայն փորձագետների և սոցցանցերի օգտատերերի մեծ մասը կարծիք է հայտնել, որ ընտրություններին նրա մասնակցության գլխավոր խնդիրը հանրության ուշադրության շեղումն է այն փաստից, որ դրանց չի մասնակցելու առաջատար ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնին: Նրան ռուսական իշխանությունները մտադիր են թույլ չտալ մասնակցել ընտրություններին դատվածության պատրվակով:
Ահա ռուս հեղինակավոր քաղաքագետ Կիրիլ Ռոգովի կարծիքը.
“Մասնակցելով ընտրություններին և կրկնելով Նավալնիի օրակարգի ավելի մեղմ տեսակը՝ Սոբչակը ցույց է տալու, որ ընդդիմադիր գործունեությունը Ռուսաստանում հնարավոր է… դրանով լեգիտիմացնելով այդ ընտրություններին Վլադիմիր Պուտինի ապագա հաղթանակը”: