«ՀՀ իշխանությունները հրաժարվում են ընտրություններից և մղում են ընդդիմությանը փողոց»
Հայաստանի իշխանություններն են հենց առաջարկել 2021 թ-ին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնել՝ երկիրը քաղաքական ճգնաժամից դուրս բերելու համար, և իրենք էլ հենց հրաժարվել են այդ գաղափարից։ Իշխող ուժն իր որոշումը բացատրել է նրանով, որ իր առաջարկը դրական արձագանք չի ստացել ո՛չ ընդդիմության, ո՛չ հասարակության կողմից։
Հայաստանում ճգնաժամ է սկսվել՝ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի առաջնորդների կողմից հրադադարի հաստատման մասին 2020թ․ նոյեմբերի 9-ի հայտարարության ստորագրումից հետո։ Ընդդիմությունը համարում է, որ Փաշինյանը հանցավոր պայմանավորվածության է գնացել՝ ինքնակամ հանձնելով տարածքները, և սկսել է պահանջել վարչապետի հրաժարականը։
Վարչապետն ի պատասխան հայտարարել է, որ այդ պաշտոնը ստանձնել է ժողովրդի կամքով և կհեռանա միայն ընտրութունների արդյունքում, այլ ոչ թե հասարակության որևէ մասի պահանջով։ Հենց այս առնչությամբ է Փաշինյանն առաջարկել արտահերթ ընտրություններ անցկացնել։
Հայ փորձագետների կարծիքն իշխանությունների որոշման դրդապատճառների՝ իրենց իսկ պլաններից հրաժարվելու և այն մասին, թե ինչ ընտրության առջև է կանգնած ընդդիմությունը, արդյո՞ք այն կարող է իրոք համախմբվել, ո՞վ կարող է այն գլխավորել, ո՞ւմ են սատարում արտաքին խաղացողները, մասնավորապես՝ Մոսկվան։
- «Հանրային պահանջ չկա»․ Հայաստանի իշխանությունները հրաժարվել են արտահերթ ընտրություններից
- Մոսկվա՞, թե՞ Բրյուսել։ Ինչո՞ւ են Հայաստանի վարչապետին արևմտամետ գործիչ համարում
- Հայաստանը տնտեսական լճացման եզրին․ ի՞նչ սպասել 2021 թ-ին
Բորիս Նավասարդյան, Երևանի մամուլի ակումբի նախագահ
«Արտահերթ ընտրություններ անցկացնելու՝ իշխող ուժի գաղափարը կարելի է գնահատել որպես տակտիկական քայլ։ Իշխանությունները հաշվարկել են, որ ընդդիմությունը հիացած չի լինելու այդ գաղափարից, եթե չլինի վարչապետի և կառավարության հրաժարականը։ Այդ պատճառով էլ նրանք պետք է հասարակությանը ցույց տային ընտրություններ անցկացնելու իրենց պատրաստակամությունը, միաժամանակ՝ դրանց անցկացման աննպատակահարմարությունը, քանի որ մրցակիցները, այսինքն՝ ընդդիմությունը, շահագրգրռվածություն չի ցուցաբերում։
Իրականում՝ հենց իրե՛նք շահագրգռված չեն այդ ընտրություններով, քանի որ դրա ելքը նվազ կանխատեսելի կլիներ։
Իսկ արտահերթ ընտրությունների անհրաժեշտություն կա, և իշխանությունները պետք է հրաժարական տային դեռևս նոյեմբերի 10-ին [հրադադարի մասին եռակողմ համաձայնագրի ստորագրումից անմիջապես հետո — JAMnews]։
Պետք է ձևավորվեր անցումային՝ անկուսակցական, չեզոք կառավարություն։ Այն պետք է մնար խորհրդարանական մեծամասնության պատասխանատվության ոլորտում, պետք է ներգրավվեին մարդիկ, որոնք ունակ են անմիջականորեն զբաղվելու ներքին և արտաքին քաղաքականությունում առկա շատ բարդ մարտահրավերներով, սոցիալ-տնտեսական խնդիրների լուծմամբ, այլ ոչ թե՝ արտահերթ ընտրություններից առաջ ինչ-որ քաղաքական դիվիդենդներ շահելով։
Այսպիսով՝ բոլոր քաղաքական ուժերը, ներառյալ «Իմ քայլը» խմբակցությունը, կարող էին նախապատրաստվել ընտրություններին՝ անկախ նրանից, թե ինչպես է օպերատիվ ռեժիմով կառավարվում երկիրը։
Սակայն, ցավոք, նման ազնիվ քայլը մեր քաղաքական էլիտայի համար չափից դուրս անհասանելի եղավ, այն չըմբռնեցին նաև ընդդիմադիր ուժերն ու իշխող քաղաքական թիմը։
Իշխանությունները չեն ուզում հրաժարական տալ։ Ինչպես պարզվեց, այդ մարդիկ արժանի չեն այն հեղափոխությանը, որը Հայաստանում տեղի է ունեցել 2018 թ-ին։ Նրանք հեղափոխությունն ընկալել են բացառապես որպես սեփական կյանքը դասավորելու, այլ ոչ թե երկիրը դինամիկ զարգացման տանելու միջոց։
Հաշվի առնելով, որ մեր հասարակությունն այժմ ապատիայի մեջ է, իսկ Հայաստանը՝ որպես պետություն, սովոր է ապրել մի կառավարության պայմաններում, որին չեն վստահում, և որը լեգիտիմության պակաս ունի, իշխանությունները հանգիստ կարող են ձգել մինչև 2023 թ-ի հերթական ընտրություններ։ Իսկ հետո ամեն ինչ կախված կլինի նրանից, թե ինչպես իրենց կդրսևորեն մյուս քաղաքական ուժերը։
Իշխանության պահպանման հարցում շատ կարևոր դեր է խաղում արտաքին ազդեցությունը։
Ինչպես տեսնում ենք, վերջին ամիսներին արտաքին խաղացողները չեն սատարում այլ քաղաքական առաջնորդներին։ Նրանց, մասնավորապես՝ Մոսկվայի, մոտեցումը պրագմատիկ է։ Ըստ ամենայնի, նրանք հասկանում են, որ երկրի ղեկավարի պաշտոնում ցանկացած այլընտրանքի ակնարկ անգամ՝ կենթադրի այդ մարդուն լուրջ բոնուսների տրամադրում։
Իսկ ներկայիս իշխանության պարագայում կարելի է ոչինչ չխոստանալ, ոչնչով առանձնապես չօգնել, քանի որ այն կշարունակի գործել՝ ի շահ Ռուսաստանի։
Օրինակ՝ որպեսզի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը կարողանա ճնշման միջոցով հասնել արտահերթ ընտրությունների, նրան լուրջ աջակցություն է պետք դրսից։
Նրանից և ընդդիմության մյուս ներկայացուցիչներից Ռուսաստանին ուղղված ազդակներ կան, սակայն այդ ազդակները դեռևս Մոսկվայի արձագանքին չեն արժանանում, համապատասխանաբար, հայ հասարակությունում նույնպես Քոչարյանի ակնկալած արձագանքին չեն արժանանում։
Քաղաքացիների աջակցության հույս մեր ընդդիմությունը, այդ թվում՝ Ռոբերտ Քոչարյանը, հազիվ թե կարող է ունենալ։ Սակայն կարող է օգտվել սոցիալ-տնտեսական առկա խնդիրների և կառավարության ընդհանուր քաղաքականության հանդեպ քաղաքացիների դժգոհությունից։
Իսկ այն հնարքներից, որոնք 2018-ի հեղափոխության ժամանակ կիրառել է Նիկոլ Փաշինյանը, ընդդիմությունը չի կարող օգտվել։ Փաշինյանին ու նրա թիմին՝ որպես պետական և քաղաքական գործիչներ, հասարակությունը չէր ճանաչում, նրանցից, ի տարբերություն ռևանշի ձգտող նախկին իշխանության, հիասթափություն չկար, փոխարենը՝ կային հույսեր և խոստումներ։
Այդ առումով Փաշինյանի ներկայիս քաղաքական ախոյանները նրան մեծապես զիջում են, քանի որ նրանցից արդեն մեկ կամ նույնիսկ մի քանի անգամ հիասթափվել են, նրանց հետ ոչ ոք առանձնապես հեռանկարներ չի կապում»։
Հակոբ Բադալյան, Lragir.am տեղեկատվական-վերլուծական պարբերականի քաղաքական մեկնաբան
«Արտահերթ ընտրությունների անցկացումը կարող է իմաստ ձեռք բերել այն դեպքում, եթե այդ գաղափարի շուրջ համախմբվեն բոլոր հիմնական ուժերն ու պայմանավորվեն բոլոր գործընթացները փողոցից ընտրական դաշտ բերել, եթե ընտրությունների արդյունքը ճանաչեն բոլորը, ստատուս քվո կձևավորվի, և կշարունակվի երկրի քաղաքական գործունեությունը։
Սակայն ընդդիմությունը, հայտարարելով փետրվարի 20-ին փողոցային ցույցերի վերսկսման մասին, ցույց տվեց, որ պատրաստ չէ զիջումների և շարունակելու է գործել կոշտ ճնշման մեթոդով։ Եվ իշխանությունները որոշեցին բարձրացնել խաղադրույքները․ «Եթե դուք չեք հրաժարվում փողոցային ցույցերից, մենք հրաժարվում ենք ընտրական մեխանիզմներից»։
Այս իրավիճակում պետք է հաշվի առնել նաև այն, որ միավորված ընդդիմադիր կուսակցությունները, որոնց ժողովուրդը նրանց թվով՝ կոչում է «17+», միասնական մոտեցում չունեն։ Օրինակ՝ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է, որ ընտրություններին կմասնակցի ցանկացած պարագայում, իսկ նախկին նախագահ Սերժ Սարգսյանը կտրուկ հրաժարվել է մասնակցել ընտրություններին, եթե Փաշինյանը հրաժարական չտա։
Իշխանությունները, օրակարգից հանելով արտահերթ ընտրությունները, փորձում են օգտվել ընդդիմադիր ուժերի միջև առկա հակասություններից։
Մեր ներքին քաղաքական կյանքը պտտվում է «Քոչարյան-Սարգսյան-Փաշինյան» եռանկյունու շուրջ։ Եվ Փաշինյանն, ընտրություններ անցկացնելուց հրաժարվելով, փորձում է օգտագործել Քոչարյան-Սարգսյան հակասությունները, որոնցից մեկն ուզում է մասնակցել, մյուսը՝ ոչ։
Նման պայմաններում ընդդիմության առաջնորդ է դառնում Ռոբերտ Քոչարյանը։ Սակայն այդ նույն ընդդիմությունում նրան, որպես առաջնորդ, ոչ բոլորն են ընդունում տարբեր պատճառներով՝ սկսած տնտեսական շահերից, ավարտած՝ նախորդ ժամանակներից ի վեր բազմաթիվ հակասություններով, երբ այդ մարդիկ իշխանական միևնույն համակարգում էին։
Եվ մենք արդեն տեսել ենք, թե ինչպես են Ռոբերտ Քոչարյանն ու նրա շրջապատը խոսել Սերժ Սարգսյանի և նրա համախոհների հետ, այդ թվում՝ մեդիառեսուրսների միջոցով։ Դա ամենակոշտ քննադատությունն էր՝ մեղադրանքների տեսքով։
Այնուամենայնիվ, իշխանության հասնելու համար ընդդիմությունը կարող է միավորվել, սակայն այն կիսելը շատ բարդ կլինի։ Նրանց մոտ արդեն հարց է առաջանում․ «Եթե հաղթենք իշխանությանը, ինչպե՞ս ենք հաղթահարելու միմյանց՝ իշխանության գալուց հետո»։
Թե՛ առաջնորդով, թե՛ առանց նրա՝ ընդդիմությունը փողոցում մեծ աջակցություն չունի, նրա ողջ հույսը Ռուսաստանն է։ Փաշինյանը սա գիտակցում է և, հրաժարվելով ընտրություններից, նրանց ուղարկում է փողոց, որտեղ մինչ օրս ներկայիս ընդդիմությունը հաջողություններ չի ունեցել։ Փողոցն ընդդիմության թույլ տեղն է, հեղափոխական Նիկոլ Փաշինյանի՝ ուժեղ կողմը։
Վերջին տարիներին Ռուսաստանը տարածաշրջանային աշխարհաքաղաքականության տեսանկյունից լուրջ խնդիրներ ունի և ստիպված է խաղալ ավելի շատ Ադրբեջանի և Թուրքիայի հետ։ Ռուսները շատ լավ հասկանում են, որ այս խաղը Հայաստանը ծայրահեղ բացասաբար է ընկալելու։ Այդ պատճառով էլ նրանց համար շահեկան չէ Հայաստանի իշխանությունում տեսնել մարդու, որն անմիջականորեն ասոցացվելու է Ռուսաստանի հետ, ինչպես, օրինակ, Քոչարյանը։
Դա կկապի նրա ձեռքերը, քանի որ կատարվածի ողջ պատասխանատվությունը Հայաստանի առաջնորդի վրա գցել, հայտարարելով, որ նա փչացրել է հայ-ռուսական հարաբերությունները, Ռուսաստանը չի կարող։ Այս տեսակետից Փաշինյանը հարմար է ռուսներին։
Ակնհայտ է, որ մինչև հունիս արտահերթ ընտրություններ չեն լինելու։ Սակայն տարբեր քաղաքական խաղացողներ են հայտնվում, իրավիճակը փոխվում է, ընդ որում՝ ոչ միայն Հայաստանում, այլև ողջ տարածաշրջանում։ Եվ չի բացառվում, որ հարմար առիթի դեպքում Փաշինյանն ասի՝ «ա՛յ հիմա կարող ենք ընտրություններ անցկացնել», քանի որ հասարակությունում նման պահանջ արդեն կա»։