Քաղաքականացված դատարան, ճնշում մեդիայի վրա, կոռուպցիա․ Վրաստանը՝ Freedom House-ի զեկույցում
Վրաստանում վատթարացել է ժողովրդավարության հետ կապված իրավիճակը
Freedom House միջազգային կազմակերպությունը հրապարակել է տարեկան հաշվետվությունը, որի համաձայն՝ 2021 թ-ին ժողովրդավարության մակարդակը Վրաստանում վատթարացել է, և նրա վարկանիշը 100%-ից նվազել է մինչև 36,31%։
Վրաստանը նաև հիշատակվում է որպես անցումային կամ հիբրիդային ռեժիմի երկիր, և 7-բալանոց սանդղակով վրացական ժողովրդավարությունը գնահատվում է 3,18 միավոր։
2020 թ-ի խորհրդարանական ընտրություններ
2020 թ-ի խորհրդարանական ընտրությունների մասին խոսելիս ընտրություններին հետևած դիտորդները հայտարարել են, որ մի շարք խնդիրներ են հայտնաբերել նախընտրական փուլում՝ ներառյալ ընտրողներին վախեցնելը, ընտրարշավի ձգձգումը և հարձակումները մեդիայի վրա։
«Բացի այդ, «Վրացական երազանք» իշխող կուսակցության կողմից վարչական ռեսուրսի օգտագործման դեպքեր են եղել, ինչը մեծացրել է կուսակցության և պետության միջև կապը։ Կառավարության նախաձեռնությամբ նախընտրական փուլում ընդլայնվել են սոցիալական նախագծերը, հաճախակի են դարձել վախեցնելու ենթադրյալ դեպքերն ու քաղաքական դրդապատճառներով աշխատանքից ազատելու դեպքերը»,- ասված է հաղորդագրությունում։
Դատարան
Դատական համակարգի և արդարադատության համակարգի մասին խոսելիս Freedom House-ն ընդգծում է, որ դատական գործընթացների դիտորդները մատնանշում են քաղաքական դրդապատճառներ կոնկրետ դեպքերում։
Հաշվետվությունում նաև հիշատակվում է «ազդեցիկ խումբը դատական համակարգում» և ասվում է, որ այդ փոքր խումբը վերահսկում է դատարանը Արդարադատության բարձրագույն խորհրդի միջոցով․
«2020 թ-ին նորությունների վերնագրերում գերիշխում էր չորս նմանատիպ դեպք։ Դրանց թվում էին Իրակլի Օկրուաշվիլիի («Հաղթանակած Վրաստան» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ), Նիկանոր Մելիայի (նախկին իշխող «Միասնական ազգային շարժման» առաջնորդ), Գիորգի Ռուրուայի («Մտավարի արխի» ընդդիմադիր հեռուստաալիքի հիմնադիր և 2019 թ-ի հունիսյան հանրահավաքների կազմակերպիչ) և Գիորգի Ուգուլավայի (Թբիլիսիի նախկին քաղաքապետը «Միասնական ազգային շարժումից») դեպքերը։ Բոլոր չորս գործերը քննվել են իրավաբանական թերություններով և խախտումներով։
Խոսակցություններ կային քաղաքական դրդապատճառների, ինչպես նաև փողերի լվացման համար մեղադրանքների մասին, որոնք առաջադրվել են քաղաքական և բիզնես-առաջնորդներ Մամուկա Խազարաձեին, Բադրի Ջափարիձեին և Ավթանդիլ Ծերեթելիին»։
Մեդիադաշտը
7-բալանոց սանդղակով՝ վրացական մեդիայի անկախությունը գնահատվում է 3,5 բալ։ Զեկույցում ասվում է, որ լրատվամիջոցների վրա ճնշումն ուժեղացել է ընտրություններից առաջ, ինչը բևեռացումը մամուլում առավել ցայտուն է դարձրել։
Զեկույցում նշվում է, որ իշխանությունը ճնշում է գործադրել մեդիայի վրա նախընտրական արշավի փուլում՝ նվաստացնող հայտարարություններ անելով այնպիսի անկախ կամ ընդդիմադիր հեռուստաալիքների վերաբերյալ, ինչպիսիք են «Մտավարի Արխին» «Ֆորմուլան» և «TV Պիրվելին», դրանք անվանելով «կեղծ լուրերի ալիքներ»։
Հաշվետվությունում քննադատական համատեքստում են հիշատակվում փոփոխությունները, որոնք արվել են հեռարձակման մասին օրենքում 2020 թ-ի հուլիսին, և խոսվում է որ այդպիսով Հաղորդակցությունների կարգավորման հանձնաժողովին իրավունք է վերապահվում միջամտելու մեդիայի գործունեությանը։
«Առաջարկվող փոփոխությունները կարող են հանձնաժողովին թույլ տալ միջամտել մեդիաընկերությունների վարչական և ֆինանսական գործերին, ինչպես նաև ինքնարտահայտման ազատությանը՝ այսպես կոչված հատուկ մենեջերների նշանակման եղանակով։ Փոփոխությունների նախագիծը քննարկվել է մեկ շաբաթ և հաստատվել հուլիսի 17-ին՝ շահագրգիռ կողմերի նվազագույն մասնակցությամբ»,- ասված է հաղորդագրությունում։
Կոռուպցիա
Freedom House-ի հաշվետվությունում ասվում է, որ կոռուպցիայի նշաններ են նկատվել համավարակի կառավարմանը և կուսակցությունների նախընտրական նվիրատվություններին հետևելիս։
«Կոռուպցիան շարունակում է խնդիր լինել Վրաստանում 2020 թ-ին։ Դա է՛լ ավելի է խորացել COVID-19-ի ճգնաժամային կառավարմամբ, ինչպես նաև խորհրդարանական ընտրությունների արշավով։ Ընտրությունների նախաշեմին, իշխող «Վրացական երազանքը» ավելի քան 22 մլն լարիի նվիրատվություն է հավաքել, ինչը զգալիորեն ավելի շատ է, քան ցանկացած այլ կուսակցության հավաքածը։ Քաղաքական նվիրատվությունները կոռուպցիայի ռիսկ են պարունակում, հետևաբար, դրանց հետևում են վերահսկող խմբերը»,— ասված է զեկույցում։