Ադրբեջանական փոստային նամականիշը դատապարտվել է Հայաստանում
Արցախում հրադադարի հաստատումից հետո Ադրբեջանում շրջանառության մեջ է դրվել փոստային նամականիշ, որը նվիրված է նրա ռազմական հաղթանակին։ Այդ նամականիշի վրա պատկերված հատուկ արտահագուստով մարդն ախտահանում է Արցախի տարածքը։ Հայաստանում դրանում ֆաշիզմի դրսևորում են տեսնում, Ադրբեջանում այս փաստը չեն մեկնաբանում։
- Համավարակը՝ որպես ընդդիմության նկատմամբ հաշվեհարդարի առիթ․ HRW-ը՝ 2020 թ-ի Ադրբեջանի մասին
- Ոստիկանական բռնություն, արցախյան պատերազմ և կորոնավիրուսի համավարակ․ Human Rights Watch-ի գնահատականը 2020 թ-ի Հայաստանին
Ի՞նչ է տեղի ունեցել
2020 թ-ի դեկտեմբերին Ադրբեջանում «Ադրբեջան 2020» շարքի փոստային նամականիշներ են ստեղծվել։ Դրանք տպագրվել են Բելառուսում տեղակայված տպարանում։
Ադրբեջանի տրանսպորտի, կապի և բարձր տեխնոլոգիաների նախարարության տեղեկությունների համաձայն՝ այս շարքի փոստային նամականիշներում երկու կարևորագույն իրադարձություններ են արտացոլված, որոնք Ադրբեջանում տեղի են ունեցել 2020 թ-ին․ կորոնավիրուսի դեմ պայքար և արցախյան պատերազմ։
«Նամականիշների ստեղծման նպատակը համավարակի դեմ պայքարի և ղարաբաղյան երկրորդ պատերազմի հերոսների անուններն անմահացնելն է», — նշել է նախարարությունը։
Յուրաքանչյուր էջում երկու տեսակի նամականիշ կա։ Յուրաքանչյուր տեսակի տպաքանակը 50 հազար հատ է։
Ի՞նչն է առաջացրել Հայաստանի վրդովմունքը
«Ադրբեջան 2020» նամականիշների շարքի կատալոգում հատուկ արտահագուստով մարդ է պատկերված։ Այդպիսի արտահագուստ Ադրբեջանում կրում են տարածքների և փողոցների ախտահանման համար պատասխանատու անձինք։
Պատկերում ախտահանվում է Ադրբեջանի քարտեզի այն հատվածը, որը համապատասխանում է Արցախին։
Ադրբեջանում փոստային նամականիշներ տպագրող և տարածող «Ազերմարկա» պետական ընկերությունում հրաժարվել են մեկնաբանել գաղափարը, որն արտացոլված է պատկերում։
Հայաստանի արձագանքը
«Նամականիշում բժշկական արտահագուստով մարդը գործիքով քիմիական ախտահանման է ենթարկում Արցախը հայերից՝ բացահայտորեն այն ներկայացնելով որպես «կեղտ»», — նամականիշի հետ կապված իրավիճակն այսպես է մեկնաբանել Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։ Օմբուդսմենը համոզված է, որ այս անգամ ադրբեջանական իշխանությունները խորացնում են հայատյացությունը՝ նամականիշ տպելով և «պետական մակարդակով Արցախի հայերի ոչնչացում քարոզելով»։
«Հենց այդ թշնամանքի քարոզի ու կազմակերպված հայատյաց քաղաքականության հետևանք են այն դաժանություններն ու խոշտանգումները, որոնք կատարել են պատերազմի ընթացքում ադրբեջանական զինված ուժերի ծառայողները էթնիկ հայերի նկատմամբ։
Այս ամենը հիմնավորում են նաև այդ նամականիշներին վերաբերող մեկնաբանություններն ադրբեջանական սոցցանցերում, որոնք լի են հայատյացության կոչերով։
Հենց այս ամենն է, որ անհրաժեշտ է նկատի ունենալ Հայաստանի Հանրապետության սահմանների որոշման գործընթացի ժամանակ՝ երաշխավորելու համար հայերի կյանքի, ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիության իրավունքները», — նշել է Արման Թաթոյանը։
Ադրբեջանում «հայատյացություն քարոզող» նամականիշի թողարկումն անընդունելի է համարում նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ադրբեջանի իշխանություններն, ըստ նրա, «ֆաշիզմի քաղաքականություն են վարում»։
«Այդպիսի նամականիշներ կային միայն ֆաշիստական Գերմանիայում։ Սա շատ խոսուն փաստ է։ Կարծում եմ, որ Հայաստանի խորհրդարանն ու խորհրդարանական դիվանագիտությունը նույնպես պետք է այս խնդիրը ներկայացնի իր միջազգային գործընկերներին»։
Ի՞նչ են գրում սոցցանցերում
Ֆեյսբուքի հայկական տիրույթի օգտատերերն իրավիճակին բավականին սուր են արձագանքել։ Ընդ որում, քննադատությունն ուղղված է ոչ միայն Ադրբեջանի, այլև Հայաստանի իշխանություններին։
Ահա մի քանի մեկնաբանություն․
«Դե, այո։ Նրանք թող այսպիսի զզվելի նամականիշներ թողարկեն և հայատյացություն քարոզեն, իսկ մենք ուրախանանք ինչ-որ երկաթուղային ճանապարհի բացման համար։ Խայտառակություն»։
«Երբեք հայերը չեն կարող խաղաղ ապրել թուրքերի և ադրբեջանցիների հետ։ Այդպես եղել է և լինելու է։ Եվ այսօրվա քաղաքականությունը, որ վարում են Ադրբեջանի իշխանությունները, հերթական անգամ սա են ապացուցում»։
«Այս նամականիշով նամակ ուղարկեք Նիկոլ Փաշինյանին։ Միգուցե նա գոնե այդպես հասկանա, թե դեպի ինչ անդունդ է տանում ժողովրդին»։
«Ադրբեջանի ֆաշիստական քարոզչությունը պետք է բոլոր միջազգային կազմակերպությունների մեծ ուշադրության առարկա դառնա։ Մենք 30 տարի այս ուղղությամբ չենք աշխատել։ Մենք տեղեկատվական պատերազմ ենք պարտվել մեր հարևաններին»։